HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթէ կրնաս...վանէ ամպերդ, որ արեւդ չխափանեն... Հակոբ Մնձուրի (մաս 1)

Հայելու մեջ նայելով

Հայրը Հակոբին տարավ Ղալաթիա, հանել տվեց Պոլիս գալու կապակցությամբ մեծ մոր  և մայրիկի կարած  կապույտ կտավից նոր տաբատը և սալթան՝ բաճկոնը, ոտքից գլուխ ճեփճերմակ հագցրեց նրան: Ասաց՝ գոտի էլ չկապես, «Ըստանպուլի մէջ գօտի չի կապուիր...»: Որդին դպրոց պետք է գնար:  Մինչ Պոլիս մեկնող նավը նստելը, տրեխներն արդեն նետել էր ծովը՝  փոխարինելով վեր ցցված քթով ոտնամանով, որ շատ էր հավանել: Արմտանցի Տեմիրճեան գերդաստանի մի քանի տղամարդկանցով  Պեշիկթաշում փուռ էին բացել: Օրական 2000 հաց էին թխում, «Ստամպուլցիները կը կշտացնէինք»: Այս փռի խմորատանը առաջին անգամ Հակոբն ինքն իրեն, ամբողջ հասակով մեկ, տեսավ ոսկեզօծ շրջանակով հայելու մեջ: Իրենց գյուղի, կամ, ինչպես սովորաբար ասում էին, երկրի տանը, դրանից չկար: Չնայած չարչիների մոտ տեսել էր 10 փարայով փոքրիկ հայելիներ: Իսկ այս մեկն ուրիշ էր: Ենի Մահալլեի հրդեհի ժամանակ՝ ինչ-որ մի տնից, խմոր հունցող տղաներից մեկն էր թռցրել, բայց ասում էր, թե՝ իբր իրեն նվիրել են՝ կահկարասին կրակներից դուրս բերելուն օգնելու համար: Սո՛ւտ: Նայեց ինքն իրեն և «Հաւատալս չեկաւ: Աս ե՞ս էի: Ի՞նչ սեւ, ի՞նչ սեւ տեսայ ես զիս: Մանրակազմ ալ ըլլալով սատանայի ձագի կը նմանէի»: Ինչպե՞ս հասցրեց «սատանայի ձագ» դառնալ. Արմտանի արևի՞ց էր, գուցե՝ փռապան հոր թխած հացերը առաքելու համար Պոլսի թաղերը չափչփելո՞ւց: Մխիթարվեց, թե՝ հագուստի ճերմակությունն էր պատճառը, որ այդքան սև կերևար: Բայց, ինչքան էլ խափշիկի մորթի գույն ստացած լիներ, վստահ էր՝  ծնողները իր համար սիրուն աղջիկ կընտրեն: Ի դեպ՝ սևուկ աչքունքով մեկին արդեն աչքի առաջ ունեին, բայց Հակոբն անտեղյակ էր, փոխարենը տեղյակ էր, որ Պոլսեցի աղջիկ-մաղջիկ չպետք է առնի: Դա՝ «թեկուզ հայ աղջիկա մը սիրահարվելը», կրոնափոխ լինելու պես մի բան էր ընկալվում: «Մեր մայրերը մազերնին կը փետտէին, եթէ մենք Իսթանպուլի մէջ ամուսնանայինք»: Այնպես որ, բացառվում էր, միայն Արմտանից՝ որտեղ իր արմատներն են և, ըստ լեզվաբան Գ.Ջահուկյանի, գյուղի անվանումը հե՛նց արմատ, տոհմ էլ ստուգաբանվում է: Այդպես էլ եղավ, բայց թող մի քիչ էլ մեծանա Հակոբը: 

 Պիտի չապրի, պիտի մեռնի...

Գործը Հակոբի մեծանալուն, անգամ  ծնվելուն չէր հասնի, եթե մինչև 1886թ. Հոկտեմբեր 16-ը 2 անգամ Աստված երեսին նայած չլիներ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, Սեպտեմբեր ամսին, երբ մայրը՝ Նանիկը,  իրենով հղի, բարձրացավ սարը, օճառին փոխարինող կավ բերելու: Եվ սարը փլվեց: Բարեբախտաբար համագյուղացիները դա նկատեցին, և փլատակների տակ հայտնված Նանիկի ստույգ տեղը շուտով  հայտնի եղավ՝ հազիվ երևացող հագուստի փեշից: Արագ-արագ կնոջը հանեցին փլվածքի տակից: Հրաշք էր կատարվել, Նանիկը ողջ էր, փոքրիկն էլ չէր վնասվել և 25 օր հետո  որոշեց ծնվել, բայց շատ անպատեհ մի վայրում: 1886-ի Հոկտեմբեր 16 -ն էր:  Նանիկը, սովորականի պես, գնացել էր սարեր, ձորեր խոտ հավաքելու, երբ երեխան ճամփա ելավ... Մենակ, մոլորված, վախեցած՝ չգիտեր ինչ անել այդ փոքրիկ մարդուկին: Անգամ հարմար լաթի կտոր էլ չուներ երեխային փաթաթելու համար: «Պիտի չապրի, պիտի մեռնի»,- մտքին միայն սա էր: Հիշեց սփռոցը, որի մեջ  մի քիչ հաց, ընկույզ կար փաթաթված՝օրվա ընթացքում ճաշակելու համար:

Իր անդրանիկ  ձագուկին փաթաթեց դրանով: Այնպես որ, Հակոբ Մնձուրու առաջին «հանդերձանքը» հացի բույր ուներ, էլ չասած դրա բնազանցական խորհուրդը: 

 Արմտանցի  «Տաքթըր օֆ ֆիլոզոֆի»-ն

Այսպես՝ արկածով լույս աշխարհ եկած հացաբույր տղան, որին Հակոբ կոչեցին, 15-16 տարեկան էր և, ինչպես հասկացանք, Պոլիս էր, երբ Օրթագյուղում բնակություն հաստատեց Զապել Եսայեանը, որ  ամուսնու հետ Փարիզից նոր էր տեղափոխվել այս քաղաք: Հացը իրենք էին մատակարարում: Գրքերը՝ տիկին Զապելը: Հակոբը կարդում և զմայլվում էր Զապելի գործերով, հատկապես նոր ժամանակների գործունյա կանանց կերպարներով: «Իր ստեղծագործութիւնները, իր աղջիկները հմայեցին զիս: Իմ խառնուածքին շատ մօտ եկան»: Մի օր էլ Հակոբը իր առաջին, ինչպես ինքն է ասում, մրոտումները տարավ Զապելին ցույց տալու: «Շատ երիտասարդ էր, գեղանի էր: Աչքերս իրեն չսեւեռեցի, գրեթէ միշտ գետին նայեցայ, գաւառացի, գիւղացի, ասիացի տղու մը ամաչկոտութիւնովը, չխորհիլ տալու համար թէ իրեն կը ցանկամ: 17 տարեկան էի»:Հակոբի խնդրանքով Զապելը պատմում էր Փարիզի մասին՝ «Պոհէմները, քաֆէները, Քառթիէ Լաթէնը, Սէնը, Ռիվ Կօլը, Սորպոնը, Քոլէժ Տը Ֆրանսը, Էքոլ Նորմալը....»: Զապելը ծանոթացրեց Ֆլոբերի գործերին՝ «Իմ գրական դաստիարակութեանս անոր կը պարտիմ: Իրմէ ես ես եղայ»,-Ֆլոբերի մասին ասում էր Հակոբը:

Ընդհանրապես համաշխարհային և հայ գրականության, այդ թվում արևելահայ գրականության հետ ծանոթությունը հենց այդ տարիքից սկսվեց: Հրաշալի տիրապետում էր ֆրանսերենի, որ սովորել էր դպրոցում, շատ լավ գիտեր նաև անգլերեն: Պոլսի գրքի հնավաճառների հասցեները ամենասիրելիներն էին: Փոշոտ փողոցների հենց մայթերին լցված գրքերի կույտերից գոհարներ էր հայտնաբերում և կարդում: «Այն թուականներուն Թիւնէլի, Եիւքսէք Գալտըրմի հին գրքեր ծախողներու խանութներուն մէջ ու սալայատակներուն վրայ իմ ուզած գրքերէս շատ կային: Սէնբոլիսթներուն, նաթիւրալիսթներուն օրերն էին: Անոնցմէ շատերը մեռած էին, բայց իրենց անունները չէին դեռ բաժնուած մեր մոլորակէն: Ես ալ կախարդուած էի ֆրանսական գրականութենէն: Ինչքա՞ն գիրք, հանդէս կը գտնէի ու կը գնէի հոնկէ, եւ ի՞նչ աժան, վաթսուն փարա, երկու ղուրուշի, ու կը տանէի, կը կարդայի»: «Իմ շրջանակներուս մէջ տղաքը տաքթըր, տաքթըր օֆ ֆիլոզոֆի, փիլիսոփայութեան տօքթօր կը կանչէին ինծի»:

Բայց միևնույն է, ուղնուծուծով մնում էր Արմտանցի: Եվ դա էր նրա հմայքի գաղտնիքը: «Իմ գիւղիս արտերը, այգիները, գետափները միտքս որ իյնան, աչքիս բան չերեւար, կը խենթեցնեն զիս:  ...Կիւսթավ Լը Պոնը իր Ամբոխներու հոգեբանութեան մէջ կը պատմէ թէ ինչպէս հնդիկ ուսանողներ Օքսֆօրտէն, Քէմպրիճէն դուրս կուգան առանց փոխուելու: Հնդիկի, ասիացիի մտածողութիւնը կ’ապրի իրենց հետ: Բայց իմ գիւղացիի ճաշակներս իմ  էվուլիւսիոնս չեն կեցներ: Հակառակը, կ’օգնեն անոր, իմ անհատականութիւնս դնելով անոր վրայ»: Արմտանից հեռու՝ Պոլսում մի համերկրացի կամ հարևան գյուղից մեկին տեսնելը Հակոբի համար իսկական  տոն էր: Մի օր Պէրպէրեան վարժարանի դիմաց ծանոթացրին մի տղայի. «Մեծարենցն է, -ըսին: Անունը լսած էի, մականունէն գիտէի թէ հայրենակիցս էր, բայց չէի տեսած զինքը: -Արմտաններէն եմ, պզտիկէն,-ըսի անմիջապէս: -Քու գյուղդ Եփրատի աջին է, իմս` ձախին: Հայրենակիցներ ենք չէ՞»:   

 Եվ գրականությունը ջնջում է սահմանները

Այնքան շատ էր կարդում ֆրանսական գրականություն, որ, իրեն թվում էր, թե գոց գիտեր Փարիզը իր սրճարաններով, պողոտաներով և, եթե հանկարծ հայտնվեր այնտեղ, օտարություն պիտի  չզգար: Երբ Արմտան՝ տուն, վերադառնալու ժամանակը եկավ, միակ ունեցվածքը, ըստ էության, 2 պարկ գրքերն էի: Նա վերցնում էր դրանք և գնում իր ծննդավայրի դաշտերը, բարձրանում բլուրներն ու սարերը և Արմտանի շրջակայքը հաղորդակից էր դարձնում  գրական մեծ ձեռբերումներին: Այսպես  կապում էր իր երկիրն աշխարհին, Փարիզը բերում էր իր Արմտան, Եփրատի ջրերը հոսեցնում Սենայի հունով, կամ՝ հակառակը, գուցե ողջույններ էր  հղում Ֆրանսիայի լեռներին իր ծննդավայրի Մնձուրի լեռների խանձված լանջերից: Հակոբը գրող էր դառնում՝ ստորագրելով իբրև Փափազեան, հետո Տեմիրճեան, մինչև որ գրող Օննիկ Չիֆթե Սարաֆը Հակոբ Տեմիրճեանին առաջարկեց Մնձուրի գրական կեղծանունը: Բառի բոլոր իմաստները այնքան դիպուկ բնութագրեցին իր ճակատագիրը՝ ածխափոշուց մինչև խլյակ՝ բեկոր և  ցեղից միակ ողջ մնացածը:

Տեղերը ուր ես եղէր եմ...

Հակոբի մտապատկերում արձանագրվել էր իր պատանության  տարիների խայտաբղետ թաղերով, ազգություններով, մշակույթներով Կոստանդնուպոլիսը: Տարիներ անց, նա վերադառնալու էր իր ծննդավայր՝ ընդմիշտ այնտեղ ապրելու և ծառայելու: Բայց հանգամանքները այլ կերպ դասավորվեցին: Առաջին աշխարհամարտի տարիներն էին: Առողջական  խնդրով նա  կրկին եկավ Պոլիս, ու, այլևս  անկարող եղավ երկիր դառնալու: Պոլսում  ամեն բան փոխված էր, մթնոլորտը բոլորովին այլ էր: Եվ ահռելի ողբերգության միջով անցնելուց հետո, Հակոբը սկսեց իր մտապատկերում եղած պատանության պոլսական հուշերը վերակենդանացնել և նուրբ հումորով  շարադրել  «Մարմարա»-ի էջերին, դրվագներ՝ պատահած մինչև այն չարաբաստիկ 1915 թվականը.

Ինչպես էին բաղնիքից  դուրս գալիս շոգիից կարմրած և  ընդարմացած մարմիններով, անուշաբույր ճերմակ փրփուների փոխարեն ոտքից գլուխ սև հագված հարեմի կանայք, ինչպես էին դիմացի սրճարանում հատուկ այդ ելքին անթաքույց խանդավառությամբ և աղտոտ մտքերով սպասում և  հետևում վավաշոտ թուրքերը: Հակոբը վերհիշում էր հարեմների համար առանձնացված ծովեզերքները, որտեղ տղամարդու ոտք և աչք  չպիտի դիպչեր: «Մեր ամենօրեայ գործը կիներուն հետ էր: Դուռը կը բանային, որչափ կարելի է նեղ արանքով մը, կամ պատուհանի վանդակը կը վերցնէին, թեւ մը դուրս հանելու չափ. Անոնք մեզ կը տեսնէին, մենք զանոնք չէինք տեսներ, հացերը կ’առնէին, թեւն ալ  չէր երեւնար: Հաց առնողին ձեռքէն պիտի հետեւցնէինք թէ երիտասա՞րդ , միջի՞ն, կամ  ծե՞ր էր կամ ճերմա՞կ, թո՞ւխ, սեւամո՞րթ էր...»:

Հակոբը (տեսնես որտեղից) գիտեր, թե ինչ էին անում վանդակապատ պատուհանների ետեւում  հարեմները.  «...գիշերազգեստովը ման կուգային տան մէջ, կը նստէին կամ աւելի շատ կ’ընկողմանէին...» ամուսնուց ազատ ժամերին, և վերջ, ուրիշ անելիք չունեին: Իսկ մահեդականների տներում՝ հատակին փռված գեղեցիկ փսիաթները, որքան գեղեցիկ էին: Ոսկեղջյուրով և Բոսֆորով  ինչ խիտ էր տարբեր դրոշներով նավերի ընթացքը, դրանց մեջ  «հայազգի Մանթաշոֆին յիսնեակ մը քարիւղատար նաւակները...»: Իսկ ինչ հետաքրքիր էին մարդիկ. օրինակ՝ փուռի իրենց տարօրինակ դրացիներից ուստա Եորկին, որ ճաշարանի պես մի բան ուներ, պատրաստած էլ միայն տժվժիկ էր. լյարդը մանր  կտրատում էր, ալրոտում, մեծ սև թավայի մեջ տապակում ձեթով: Ալրոտ մատներով մանրեցնում էր ազատքեղը, արագ-արագ կտրատում սոխը՝ մի կաթիլ արցունք չթափելով, մինչդեռ, ընթացքին ականատես, Հակոբի աչքերից դրանք հորդում էին ակամա: Իսկ ծխախոտը, որ միշտ ատամների արանքում էր: Մոխիրը  թափվում էր սոխերի կամ տապակվող լյարդի վրա: Պետքը չէր: «Գործիդ նայէ, Ակոբ, կ’սէր, ի՞նչ կայ, տապակն ալ սեւ, լեարդներն ալ սեւ, թող խառնուին մէջը, աղտո՞տ բան մըն է մոխիրը»: Ուստա Եորկին ամանները չէր լվանում: Նույն պնակի մեջ լցնում էր հաջորդ հաճախորդի բաժինը: «Ինչո՞ւ մաքրեր: Իրմէ առաջի նստողը ադ մաքրութիւնը ըրէր էր: Հացին փափուկովը երկու, երեք, չորս անգամ սրբած էր...»: Պոլսական այս մանրապատումները ի՜նչ լավն են: Իսկ  ինչ հրաշալի են գյուղական կյանքի պատմությունները, որքան Մնձուրին արձանագրեց, երբ այլևս չկար աշխարհի այդ անկյունը իր հայկական բովանդակությամբ և հմայքով:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter