
Կպարզեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ընթացակարգերը
Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։ Ըստ այդմ,
- ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն,
- ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը,
- սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում,
- ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով,
- անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում,
- փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները,
- հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի միաժամանակյա մեկնարկը տրվել է հուլիսի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, իրացվել է ավելի քան 309-ը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցությանը և նշել. «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց այս քննարկումները նաև առիթ դարձան, որ այն որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց: Հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ: Հիմա աջակցության շահառուներն անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: Այսինքն՝ հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունն անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»:
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել