
Քաղաքացին հայտնում է, որ ԶՊՄԿ-ի վթարը միլիոնավոր դրամների վնաս է հասցրել իր ավազահանքին
Հունիսի 4-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վրա վթար է տեղի ունեցել: Դրա հետեւանքով վնաս է կրել «Մանիսա» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ավազի հանքավայրը: Վերջինիս սեփականատեր ու տնօրեն Սպարտակ Հայրապետյանը «Հետքին» հայտնել է, որ հասցված վնասի չափը 163.200.000 դրամ է:
Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասը գտնվում է Ողջի գետի ողողահունում՝ Կապան-Քաջարան մայրուղու անմիջական հարեւանությամբ՝ Կապանի Շղարշիկ եւ Համլետավան թաղամասերի միջեւ: Ս. Հայրապետյանի ընկերությունը 2022-ի մայիսին 20 տարով ստացել է այս տեղամասը շահագործելու իրավունք:
Մեր հեռախոսազրույցում Հայրապետյանը նշել է, որ հունիսի 4-ի առավոտյան գնացել է հանքավայր ու տեսել, որ ԶՊՄԿ-ի պոչանքները լցվել են իր տարածք: Ըստ նրա՝ պոչանքները նախ Ողջի գետ են թափվել, այդտեղից էլ եկել են հանքավայր:
Սպարտակ Հայրապետյանն ասում է, որ գետի այդ հատվածը թանի գույն էր ստացել: Ձեռներեցն ավազն ուղարկել է լաբորատոր փորձաքննության ու ստացել պատասխանն այն մասին, որ այն ամբողջությամբ կեղտոտված է ու ենթակա չէ շինարարության համար։ «Պոչանքները նստած են ավազի շերտի վրա, եթե փորձեմ հանեմ, ապա նորից ջրի մեջ խառնվում են ավազին, չեմ կարողանում որեւէ պրոցես կատարել»,- «Հետքին» փոխանցել է գործարարը։
Վթարի օրը Ս. Հայրապետյանը զանգել է 911, ահազանգը փոխանցել են նաեւ Ոստիկանությանը։ Վերջինս էլ նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: ՔԿ-ից «Հետքին» հայտնել են, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել դիտավորության հիմքերի բացակայության պատճառով:
«Մանիսա» ընկերության ղեկավարը պատրաստվում է հանդիպել ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին ու քննարկել տեղի ունեցածը:
ԶՊՄԿ. ըստ նախնական գնահատականի՝ վթարի հետեւանքով ջրային ռեսուրսներին վնաս չի հասցվել
Տեղի ունեցածի վերաբերյալ «Հետքը» հարցեր է ուղղել ԶՊՄԿ-ին: Կոմբինատից փոխանցել են, թե, ըստ նախնական տվյալների, վթարի հետեւանքով ջրային ռեսուրսներին վնաս չի հասցվել:
ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը հայտնել է հետեւյալը. «Ընկերությունն իրականացնում է արտադրական ենթակառուցվածքների արդիականացման լայնածավալ գործընթաց, որը նպատակ ունի կանխելու երկարամյա մաշվածության հետեւանքով երբեմն արձանագրվող արտադրական խնդիրները։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ մինչ ընթացքի մեջ է արդիականացման գործընթացը, նման հազվադեպ խնդիրների դեպքում առավել կարեւոր է պատշաճ արձագանքումը եւ վթարի հետեւանքների շուտափույթ կանխումը։
2025 թ. հունիսի 4-ին Արծվանիկի պոչամբարային տնտեսությանը պատկանող պոչատարից տեղի է ունեցել արտադրական բնույթի փոքր վթար, որը պայմանավորված է եղել պոչատար հանգույցի խցանումով։ Անմիջապես արձանագրվել է միջադեպը, եւ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ։
Օրենքով սահմանված կարգով դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) տարածքային ստորաբաժանումը։
Ըստ ընկերության իրականացրած նախնական գնահատականի՝ վթարի հետեւանքով վնաս չի պատճառվել շրջակա ջրային ռեսուրսներին։ Այդ մասին են վկայում ընկերության կողմից իրականացված մշտադիտարկման եւ վերահսկման միջոցառումները։ Վթարի հետեւանքով վնասվել է սպասարկման ճանապարհի փոքր հատված, ինչպես նաեւ մասնակիորեն տուժել է հարակից մի քանի հողակտոր։ Նշված տարածքները ենթարկվել են անհապաղ մաքրման եւ հաշված ժամերի ընթացքում բերվել են ելակետային վիճակի։
Վթարի տեխնիկական պատճառների վերլուծության արդյունքում պարզվել է, որ խցանումը պայմանավորված է եղել պոչատարային հանգույցում հայտնված շինարարական աղբով։ Այժմ իրականացվում են նախագծային աշխատանքներ՝ պոչատարային համակարգի տեխնիկական հուսալիության բարձրացման եւ նմանատիպ դեպքերի բացառման նպատակով։
Ընկերությունը համագործակցում է ԲԸՏՄ-ի հետ՝ դեպքի առթիվ իրականացվող քննության շրջանակում տրամադրելով բոլոր անհրաժեշտ նյութերն ու տեղեկությունները։ Արդյոք տվյալ քաղաքացու հողակտորը իսկապես վնասվել է եւ որքան՝ կպարզի քննությունը։ Քննության արդյունքների հիման վրա ընկերությունը կիրացնի օրենքով սահմանված իր բոլոր իրավունքներն ու կկատարի պարտականությունները։
Հավատարիմ մնալով պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին՝ ԶՊՄԿ-ն շարունակաբար իրականացնում է արտադրական ենթակառուցվածքների բարելավում եւ արդիականացում՝ նմանատիպ վթարները բացառելու համար»:
«Հետքը» գրավոր հարցեր է ուղարկել նաեւ ԲԸՏՄ: Առայժմ սպասում ենք պատասխանին:
Լուսանկարում՝ Քաջարան քաղաքը, ԶՊՄԿ-ն եւ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը
Մեկնաբանել