
Ավագանու անդամները շարունակում են խախտել օրենքն ու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնել
Նարինե Իսկանդարյանն Արմավիր համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ․ դեկտեմբերին։ Նա միաժամանակ Նոր Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ 2024թ․ օրենսդրական փոփոխությունից հետո ավագանու և դպրոցի տնօրենի պաշտոններն անհամատեղելի են, սակայն, անտեսելով այդ պահանջը, համայնքներում շարունակում են համատեղել։
Նարինե Իսկանդարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց՝ որքանով տեղյակ է, այդ պահանջն իրեն չի վերաբերում, քանի որ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ավելի վաղ, բացի այդ, դպրոցը, որտեղ տնօրենի պաշտոն է զբաղեցնում, իր խոսքով, այլ համայնքի տարածքում է գտնվում, Արմավիր համայնքի տարածքում չէ։ «Դա էլ կարող եք արձանագրել, որ օրենքի կետը ճիշտ պահել ենք։
Հուլիսի 25-ին դադարում է իմ լիազորությունները՝ որպես դպրոցի տնօրեն, ժամկետը լրանում է։ Այս պահի դրությամբ պահպանում եմ ավագանու մանդատը։ Իսկ հետո կընտրվեմ, Երևանի դպրոցում տնօրեն կընտրվեմ, այս դպրոցում կընտրվեմ, ուրիշ դպրոցում կընտրվեմ, ինչ կլինի, որտեղ կհայտնվեմ, արդեն հետագայի հարց է»,- ասում է Նարինե Իսկանդարյանը։
Նարինե Իսկանդարյանը հանրապետությունում միակը չէ, որ այլ մեկնաբանություն է տալիս օրենքին։ Պարզվում է՝ տարընկալումներ կան գրեթե բոլոր մարզերում և համայնքներում։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում 2024թ. մայիսի 22-ին փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպություններում, աշխատել համայնքի աշխատակազմում, զբաղեցնել հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ՝ բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնների, ինչպես նաև զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը։
Անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Այդ դեպքում համայնքի ղեկավարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Օրենքի փոփոխությունն անցումային դրույթներ ունի, ըստ որի՝ սահմանափակումները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ: Այդ անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:
Սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել, որ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնը հանրային կամ հանրային ծառայության պաշտոն չէ, հետևաբար անցումային դրույթները կիրառելի չեն վերջինիս նկատմամբ։
Հանձնաժողովը հայտնել է, որ համայնքի ավագանու անդամի պաշտոնի և ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տվյալ դեպքում՝ տնօրենի) պաշտոնի համատեղումը անհամատեղելիության պահանջների (այլ պաշտոն զբաղեցնելու արգելքի) խախտում է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ) հարցում էինք ուղարկել, որպեսզի հասկանանք, թե օրենքի փոփոխությունից հետո ավագանու քանի անգամ է անհամատեղելի պաշտոն զբաղեցնում, և ինչ քայլեր են ձեռնարկվում:
Նախարարությունը «Հետքի» գրավոր հարցման վերաբերյալ քննարկումներ է անցկացրել մարզպետների և Երևանի քաղաքապետի աշխատակազմերի հետ: ՏԿԵՆ-ը դրանց արդյունքում հավաքագրած տեղեկատվությունը տրամադրել է մեզ: Դրանից պարզ է դառնում, որ համայնքներում խախտվում է օրենքի պահանջը: Ավագանու անդամները շարունակում են անհամատեղելի պաշտոն զբաղեցնել:
Արարատի մարզ
Օրենքի նշված փոփոխությունից հետո Արարատի մարզում ավագանու 4 անդամի դեպքում առաջացել է անհամատեղելիություն: Մասնավորապես՝ Արտաշատում՝ 2, Վեդիում և Մասիսում մեկական ավագանու անդամ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում: Սակայն, նրանց լիազորությունները չեն դադարեցվել:
Արարատի մարզպետարանի դիրքորոշումն այն է, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելը մարզպետի աշխատակազմի գործառույթը չէ և կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Այլ կերպ ասած՝ հարցի լուծումը թողել են համայնքապետարաններին:
Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարար Դավիթ Հարությունյանին գրավոր հայտնել է, որ համայնքի ավագանու անդամի պաշտոնի անհամատեղելիության պահանջի վերաբերյալ «Հետքի» հարցումը քննարկվել է մարզի համայնքների ղեկավարների հետ:
Մարզի միայն Վարդենիս համայնքում ավագանու անդամի անհամատեղելիության հարց չի առաջացել, մյուս 4 համայնքում ավագանու 6 անդամ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում: Մասնավորապես՝ Գավառ և Մարտունի համայնքներում 2-ական ավագանու անդամ, իսկ Ճամբարակում և Սևանում մեկական անդամ անհամատեղելի պաշտոն են զբաղեցնում:
Մարզպետը, հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածին, նշել է, որ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:
Մինչդեռ, օրինակ, Սևանի համայնքապետարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Սարգիս Մուրադյան» դաշինքի ցուցակով ավագանու անդամ ընտրված Արսեն Ավետիսյանը «Սևանի Ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Իսկ Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Տարոն Արշակյանը զբաղեցնում է «Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և այլն: Այսինքն՝ այդ անձինք չեն զբաղեցնում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն, հետևաբար նրանց նկատմամբ կիրառելի չէ վերապահումը:
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մանուկյանը զբաղեցնում է ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն՝ Սարալանջի հիմնական դպրոցի տնօրենն է: Ք. Մանուկյանը ավագանու լիազորությունները ստանձնել է 2021թ. դեկտեմբերի 16-ին:
Աբովյան համայնքի ավագանու 27 անդամից 2-ի մոտ առաջացել է անհամատեղելիության պահանջ` որպես ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեններ։ Սակայն, համայնքապետարանից նախարարին տեղեկացրել են, որ նրանց լիազորությունները չեն դադարեցվել, քանի որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Գրեթե նույնատիպ պատասխան է տվել նաև Ջրվեժի համայնքապետարանը: Այստեղ էլ ավագանու մեկ անդամ է անհամատեղելի պաշտոն զբաղեցնում:
«Մինչև տվյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելը պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը եղել է ավագանու անդամ, ուստի տվյալ պարագայում վերջինիս լիազորությունները չեն կարող վաղաժամ դադարեցվել, քանի որ դրանով հնարավոր է վատթարանա անձի իրավան վիճակը: Այդուհանդերձ տեղեկացնում ենք, որ օրենսդրական հստակ մեկնաբանությունների ու համապատասխան կարգաբերումների և հանձնարարականի պարագայում պատրաստակամ ենք ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել»,- նշված է պատասխանում:
Դրան զուգահեռ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմը 2025թ. փետրվարին ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Բաբայանին տեղեկացրել է անահամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին: Նա սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ պահպանելով ավագանու մանդատը։
Արզնի համայնքի ավագանին էլ, հիմք ընդունելով ավագանու անդամ Սուրեն Միխայլովի դիմումը, 2025թ. մարտի 14-ին վաղաժամկետ դադարեցրել է լիազորությունները, քանի որ նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել:
Լոռու մարզպետարան
Լոռու մարզում անհամատեղելիության պահանջ առաջացել է միայն Թումանյան համայնքի ավագանու մեկ անդամի դեպքում: Ինչպես հայտնել են մարզպետարանից՝ օրենքի փոփոխությունից հետո նրա լիազորությունները դադարեցվել են:
Սյունիքի մարզ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում 2024թ. մայիսի 22-ին կատարված փոփոխությունից և դրա ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու անդամի և պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնների անհամատեղելիության խնդիր է առաջացել Սիսիան համայնքում, որտեղ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը ստանձնել է նաև ավագանու անդամի պաշտոնը։ Սակայն, ավագանու անդամի լիազորությունը դեռևս չի դադարեցվել:
«Սյունիքի մարզպետի գրությամբ տեղեկացվել է պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի տնօրենին պաշտոնների անհամատեղելիության պահանջի և օրենքով սահմանված ընթացակարգերի մասին»,- հայտնում է Սյունիքի մարզպետը:
Նշենք, որ «Հետքը» դեռևս 2025թ. ապրիլի 23-ին գրել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում է թույլ տվել: Սակայն ո՛չ նրանք են հրաժարականի դիմում ներկայացնում, ո՛չ համայնքի ղեկավարն է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն կազմում և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Մարզպետը նշել է միայն Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Գևորգյանի մասին, մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնել էր, որ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում նաև Անգեղակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը: Նրա լիազորությունները ևս դադարեցված չեն:
Արմավիրի մարզ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը խուսափել է տեղեկություններ հայտնել, թե ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի քանի ավագանու անդամ կա մարզում: Մարզպետը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ չի ցանկացել անուններ հայտնել:
«Արմավիրի մարզում ավագանու անդամ հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձանց խնդիրը գտնվում է կարգավորման փուլում, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է Արգիշտի Մեխակյանը:
Օրինակ, դժվար թե մարզպետը չիմանար, որ Արմավիր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարինե Իսկանդարյանը մարզպետարանի ենթակայությամբ գործող Նոր Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Նա դեռ շարունակում է պահպանել և՛ դպրոցի տնօրենի պաշտոնը, և՛ ավագանու մանդատը:
Շիրակի և Տավուշի մարզեր
Խուսափողական պատասխան է տվել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Նա էլ որևէ տվյալ չի հայտնել, թե ավագանու քանի անդամ է անհամատեղելի պաշտոն զբաղեցնում: Մարզպետը օրենքներից մեջբերումներ է արել՝ նշելով միայն կարգավորումների մասին, ըստ որի՝ կարող են շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչև նորընտիր ավագանու նիստի գումարման օրը: Սակայն, ինչպես արդեն նշել ենք, այդ կարգավորումները չեն վերաբերում ՊՈԱԿ-ների տնօրեններին, բայց քանի որ մարզպետը հստակ տեղեկություններ չի փոխանցել, հայտնի չէ, թե մարզում ավագանու քանի անդամ է անհամատեղելի պաշտոն զբաղեցնում:
Նմանատիպ պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղարկել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Այս մարզի վերաբերյալ թվային տվյալներ ևս չկան:
Արագածոտնի և Վայոց ձորի մարզեր
Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ օրենքի փոփոխությունից հետո մարզի համայնքների ավագանու անդամներից որևէ մեկը ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն չի զբաղեցրել։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանն էլ հայտնել է, որ օրենքի փոփոխության արդյունքում մարզի համայնքներում ավագանու անդամների անհամատեղելիության դեպքեր չեն եղել։
Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս հիշատակել է օրենքի կարգավորումների ու բացառությունների մասին: Միաժամանակ նշել է, որ քաղաքապետարանի աշխատակազմը Երևան քաղաքի ավագանու անդամի համար սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման որևէ դեպքի առկայության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում:
Գրություններից պարզ է դառնում, որ համայնքներում անհամատեղելի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամները շարունակում են համատեղել՝ խախտելով օրենքի պահանջները: Մարզպետարաններն ու համայնքապետարանները տարբեր կերպ են մեկնաբանում օրենքները, իսկ որոշ դեպքերում՝ ակնկալում, որ իրենց ուղղորդեն: Թե օրենքի պահանջը որքան ժամանակ պետք է անտեսվի՝ հայտնի չէ:
Մեկնաբանել