HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վերաքննիչ դատարանը մերժել է միմյանց դատի տված «Օրրանին» ու հարեւան կառուցապատողին

«Օրրան» բարեգործական ՀԿ-ն եւ Երեւանի կենտրոնում գտնվող դրա շենքի հարեւանությամբ կառուցապատում իրականացրած քաղաքացի Արգամ Հովհաննիսյանը պարտվել են միմյանց դեմ դատական գործընթացները: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ Հովհաննիսյանը շահել է այս վեճում, քանի որ ամեն ինչ սկսվել էր «Օրրանի» դատական հայցերից:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը միանգամից երկու դատական ատյաններում բողոքում էր, որ Ա. Հովհաննիսյանը շենք է կառուցում իր հարեւանությամբ՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված 6 մ հեռավորությունը: Նոր կառույցը գտնվում է «Օրրանի» շենքից ընդամենը 1,6 մ-ի վրա: Կազմակերպությունը պնդում է, որ հարեւան նորակառույցը փակում է իր շենքի մի քանի սենյակների բնական լուսավորությունը, ինչպես նաեւ չի պահպանում հրդեհային անվտանգության նորմերը: Ընդ որում՝ «Օրրանն» իր շենքը կառուցել է 2000-ականների սկզբին:

Ա. Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել է 2022 թ. դեկտեմբերին, սակայն շինաշխատանքները, ըստ «Օրրանի», սկսել է 2023-ի օգոստոս-սեպտեմբերին: Կազմակերպության ղեկավարությունը, տեսնելով, որ նոր կառույցը իրենց շենքին բավական մոտ է, փորձաքննություն է պատվիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ չեն պահպանվել հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ հատակագծման ու կառուցապատման նորմերը:

2023-ի նոյեմբերին «Օրրանը» դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ շինթույլտվությունը հատկացրած քաղաքապետարանի, իսկ Ա. Հովհաննիսյանը ճանաչվել էր երրորդ անձ: Դատարանը, բավարարելով «Օրրանի» միջնորդությունը, կասեցրել էր շինթույլտվության կատարումն այնքան ժամանակով, մինչեւ դատական ակտն օրինական ուժի մեջ կմտներ: Այդ ակտը պետք է հրապարակվեր 2024 թ. հուլիսին (գործը քննվելու էր գրավոր ընթացակարգով):

Սակայն քաղաքապետարանն ու Հովհաննիսյանը մինչ այդ դիմել էին Վերաքննիչ վարչական դատարան, որը, բավարարելով նրանց բողոքները, գտել էր, որ «Օրրանը» վարչական ակտը՝ 2022-ի դեկտեմբերին տրված շինթույլտվությունը, կարող էր վիճարկել 2-ամսյա ժամկետում, այնինչ բաց է թողել այդ ժամկետը, իսկ Վարչական դատարանն օրենքի խախտումով է հարգելի համարել այդ ժամկետը բաց թողնելու պատճառները եւ հայցադիմումն ընդունել վարույթ: «Օրրանը» վերաքննիչ ատյանի այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, սակայն վերջինս բողոքը վարույթ չէր ընդունել: Այս պայմաններում Վարչական դատարանը ստիպված էր կարճել վարույթը, քանի որ կար վերաքննիչ ատյանի որոշում:

Վարչական դատարան դիմելուց բացի՝ «Օրրանը» 2023-ի դեկտեմբերին հայց էր ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքացիական դատարան, այս անգամ՝ հենց Արգամ Հովհաննիսյանի դեմ, իսկ քաղաքապետարանը ճանաչվել էր երրորդ անձ: Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել «Օրրանի» դեմ: Երկու կողմերն էլ պնդում էին, որ միմյանց շենքերը կառուցվել են խախտումներով՝ չպահպանելով քաղաքաշինական նորմերը: «Օրրանը» պահանջել է, որ դատարանը Արգամ Հովհաննիսյանին պարտավորեցնի պահպանել 6 մ հեռավորությունը (այսինքն՝ Հովհաննիսյանի շենքի՝ «Օրրանին» հարող պատը պետք է քանդվեր), իսկ Հովհաննիսյանը պահանջել է, որ դատարանը քանդել տա 2000-ականներին կառուցված «Օրրանի» շենքը:

Ի վերջո, 2024 թ. դեկտեմբերին դատարանը մերժել էր թե՛ «Օրրանի» հայցը, թե՛ Արգամ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը:

Ըստ դատավոր Նաիրա Ավետիսյանի՝ թե՛ ՀԿ-ի, թե՛ կառուցապատողի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կհաստատվեն, որ մյուս կողմի իրականացրած գործողություններն անօրինական են: Չնայած երկու կողմերն էլ միմյանց կատարած շինաշխատանքներում հակաօրինական գործողություններ մատնացույց անելու համար դիմել են փորձագետների ու ստացել համապատասխան եզրակացություններ, դատարանը գտել է, որ այդ եզրակացություններով չի հիմնավորվում ո՛չ այն թույլտվությունների անօրինական լինելը, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակին տվել են «Օրրանին» ու Ա. Հովհաննիսյանին, ո՛չ այդ թույլտվությունների հիման վրա կատարված շինաշխատանքների անօրինական լինելը: Ըստ դատավոր Ավետիսյանի՝ անօրինական լինելը կարող էր հաստատվել միայն շինաշխատանքների համար հիմք հանդիսացող վարչական ակտի (շինթույլտվության) վիճարկման արդյունքում կայացված դատական ակտերով:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ սա տարօրինակ եզրակացություն է դատարանի կողմից, քանի որ պարտադիր չէ, որ շինաշխատանքների անօրինական լինելու համար դրանց հիմքում ընկած շինթույլտվությունը եւս անօրինական լինի: Օրինակ՝ չի բացառվում, որ կառուցապատողը շեղվի իրեն հատկացված օրինական շինթույլտվության պայմաններից:

Այս փաստարկը վերաքննիչ բողոքի մեջ ընդգծել է նաեւ «Օրրանը»: Այսպես՝ թե՛ վարչական, թե՛ քաղաքացիական ատյանում կազմակերպությունը պնդել է, որ 2022-ի դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը գործող օրենսդրության խախտումով թույլատրել է Արգամ Հովհաննիսյանին ՀԿ-ի շենքից ոչ թե 6 մ հեռավորության վրա շենք կառուցել, այլ ընդամենը 2,1-2,2 մետրի վրա, բայց կառուցապատողը նույնիսկ այդ չափը չի պահպանել եւ շենքն սկսել է կառուցել 1,6 մ-ի վրա (այսինքն՝ ըստ «Օրրանի»՝ գործող օրենսդրությանը հակասում են թե՛ շինթույլտվությունը, թե՛, առավել եւս, շինարարությունը): Մյուս կողմից՝ «Օրրանի» ներկայացուցիչը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հովհաննիսյանն իր հերթին առաջ է քաշել «Օրրանի» կողմից 2000-ականների սկզբին շենք կառուցելիս իբր օրենքի խախտումով 60 սմ առաջ գալու փաստարկն այն տրամաբանությամբ, որ 60 սմ-ն հենց այն տարբերությունն է, որ կա իր ստացած շինթույլտվության 2,2 մ-ի ու փաստացի եղած 1,6 մ-ի միջեւ:

Առաջին ատյանի վճիռը բողոքարկելով վերաքննիչ ատյանում՝ «Օրրանը» նշել է, որ ստորադաս ատյանը գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ չի գնահատել, ինչի հետեւանքով եկել է սխալ եզրահանգման այն մասին, թե չի ապացուցվել Ա. Հովհաննիսյանի գործողությունների հակաիրավական բնույթը, ինչն էլ հանգեցրել է իր հայցի մերժմանը։ Հովհաննիսյանն էլ իր վերաքննիչ բողոքով նմանապես հայտնել է, որ Երեւանի քաղաքացիական դատարանը բավարար անդրադարձ, հիշատակում եւ մեկնաբանություն չի կատարել «Օրրանի» կողմից 2000-ականներին թույլ տրված գործողությունների անօրինականության հարցին, ինչի հետեւանքով կայացրել է առնվազն թերի հիմնավորումներով եւ պատճառաբանություններով դատական ակտ։

Այդուհանդերձ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025-ի հունիսի 16-ին երկու կողմին էլ մերժել է՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը:

Վերաքննիչ ատյան. 50 սմ-ի պատճառով շենքը քանդե՞նք

«Օրրանի» վերաքննիչ բողոքի մասով դատարանը նախ կրկնել է առաջին ատյանի այն միտքը, որ Արգամ Հովհաննիսյանի գործողությունների անօրինական լինելը կարող էր հաստատվել միայն դրանց համար հիմք հանդիսացող վարչական մարմնի ակտի (այս դեպքում՝ քաղաքապետարանի տված շինթույլտվության) վիճարկման արդյունքում կայացվելիք դատական ակտերով (ինչպես վերեւում նշեցինք, «Օրրանն» այս հարցով դիմել էր Վարչական դատարան, բայց վերջնարդյունքում վարույթը կարճվել էր):

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անդրադարձել է նաեւ «Օրրանի» այն պնդմանը, որ, անկախ շինթույլտվության անօրինական լինել-չլինելուց, ստորադաս ատյանը պետք է  հաշվի առներ այն փաստը, որ Հովհաննիսյանի կողմից իրականացվող կառուցապատման ժամանակ շինթույլտվության պահանջները չեն պահպանվել, այն է՝ 2,1-2,2 մետրի փոխարեն շենքը փաստացի կառուցվել է 1,6 մ հեռավորության վրա: Վերաքննիչ դատարանն այս առումով նշել է, որ գործում չկա Հովհաննիսյանի եւ քաղաքապետարանի միջեւ համաձայնեցված աշխատանքային նախագծի ճարտարապետական մասը, իսկ գործում առկա փաստաթղթի պատճենը, ըստ երեւույթին, դրա ընդամենը մի մասն է, ընդ որում՝ անընթեռնելի։ Ըստ այդմ՝ դատարանը գտել է, թե հնարավոր չէ գնահատել «Օրրանի» ներկայացրած փորձագիտական երկու եզրակացությունների արժանահավատությունը, քանի որ դա կարելի էր անել միայն քաղաքապետարանի հետ համաձայնեցված աշխատանքային նախագծի ճարտարապետական մասի հետ համադրելով։ 

Վերաքննիչը նաեւ նշել է, որ նույնիսկ եթե պայմանականորեն ընդունվի, որ Հովհաննիսյանի կառուցած շինության հեռավորությունը «Օրրանի» շենքից ընդամենը 1,6 մետրի վրա է, այսինքն՝ քաղաքապետարանի շինթույլտվության մեջ նշվածից 0,5 մ շեղում է եղել (2,1-1,6=0,5), ապա ինչքանո՞վ է այդ ենթադրյալ խախտումը համաչափ Հովհաննիսյանի շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջին։ «Այդպիսի համաչափության վերաբերյալ քաղաքացիական գործում փաստական տվյալներ եւ հիմնավորումներ չկան»,- գտել է Վերաքննիչ դատարանը։

Ինչ վերաբերում է Արգամ Հովհաննիսյանի բողոքին, ապա դատարանը նշել է, որ նա, 2022 թ. ապրիլին գնելով «Օրրանի» շենքի հարեւան հողամասը, պետք է քաջատեղյակ լիներ հողամասի տեղադիրքի, այդ թվում՝ հարեւանությամբ կառուցված շենքի մասին: «Հետեւաբար, եթե Արգամ Հովհաննիսյանը իսկապես գտնում էր, թե սկզբնական հայցվորի («Օրրանի» - հեղ.) շենքը իր հողամասի մեջ մտած պատ ունի, կարող էր ձեռնպահ մնալ այդ հողամասը գնելուց կամ գնելուց անմիջապես հետո վարչական դատավարության կարգով վիճարկեր այդ շենքի կառուցման համար հիմք հանդիսացած վարչական ակտերը։ Մինչդեռ Արգամ Հովհաննիսյանի կողմից սկզբնական հայցվորին պատկանող շենքի կառուցման համար հիմք հանդիսացած վարչական ակտերի վիճարկման մասին քաղաքացիական գործում տվյալներ չկան, որպիսի պայմաններում վերջինիս կողմից ներկայացված պահանջը որեւէ պարագայում չի կարող բավարարվել»,- եզրակացրել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանը։

Այսպիսով՝ քաղաքացիական գործի շրջանակներում միմյանց դատի տված «Օրրանի» ու Արգամ Հովհաննիսյանի հայցերը թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ ատյանների կողմից մերժվել են, սակայն եթե ընդունենք, որ ամբողջ վեճը սկսվել էր Հովհաննիսյանի կողմից իրականացվող կառուցապատման շուրջ, ապա կարող ենք արձանագրել, որ հիմնական պարտվողը հենց «Օրրան» բարեգործական ՀԿ-ն է:  

Առաջին լուսանկարը՝ Արգամ Հովհաննիսյանի եւ «Օրրանի» շենքերը 2025 թ. հունվարին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter