
Հայաստանի առաջին արբանյակի շուրջ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում
Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում, իսկ արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը շահագործման են հանձնվել առանց հանրայնացման:
2022 թ. մայիսի 25-ին տիեզերք արձակված Հայաստանի առաջին արբանյակի՝ ARMSAT-1-ի մասին տեղեկություններն ավելի շատ գաղտնիք են պարունակում, քան հանրությանը հասանելի տվյալներ:
2024-ի աշնանը մամուլը գրեց, որ արբանյակի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որով նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում: Սակայն Գլխավոր դատախազությունը թեմայի շուրջ լրագրողների հարցումներին չի պատասխանում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:
Քրեական վարույթի նյութերը պետական գաղտնիք են պարունակում
Դատախազությունը միայն հաստատում է, որ կա քրեական վարույթ, իսկ մնացածի մասին լռում է:
Այդուհանդերձ, իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրը փոխանցել է, որ վարույթի նյութերի վրա դրվել է «Գաղտնի» դրոշմագիրը, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ շահերին:
Համադրելով սուղ տեղեկությունները՝ ստացվում է հետեւյալ պատկերը: Կա պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայով քրեական վարույթ, որը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) տիրույթում:
2024 թ. Կառավարության որոշման համաձայն՝ ՀԿԿ-ն իրավունք ունի տնօրինել, գաղտնագրել ու գաղտնազերծել հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական ոլորտի մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների եւ արդյունքների, ինչպես նաեւ այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները:
7 մլն դոլար՝ արբանյակին ու վերապատրաստումներին, 368 հազ. դոլար՝ կառավարման կենտրոնին եւ ընդունիչ կայանին
Քրեական վարույթի շրջանակներում մամուլը շրջանառել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունը, որը 2021-2022 թթ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարն էր: Ու չնայած 2022-ի մարտին Խաչատուրյանը դարձել էր նախագահ, իսկ ARMSAT-1-ը տիեզերք էր արձակվել դրանից 2 ամիս անց՝ մայիսին, մամուլի տեղեկություններով՝ հենց նրա օրոք էր սկսվել արբանյակի ձեռքբերման ու արձակման գործընթացը:
Մասնավորապես «Հրապարակ» օրաթերթը 2024-ի աշնանը գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե ARMSAT-1-ի վրա մոտ 8 մլն դոլար է մսխվել, ինչից հետո նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը (2019-2021 թթ. ԲՏԱ նախարարն էր) դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, բայց Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրեական վարույթ կա։
«Ես սովորություն չունեմ կուսակցական փակ ֆորմատի քննարկումների բովանդակությունը հրապարակային դարձնելու: Այն, ինչ ներթիմային քննարկման համար է, ներթիմային քննարկման համար է,- մամուլում հայտնված արտահոսքից օրեր անց՝ 2024 թ. նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել էր Մ. Հայրապետյանը,- ես նման գնահատական տալ չեմ կարող, որ ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել… Ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած, սրանք լրջագույն մանիպուլյացիաներ են, եւ անհրաժեշտ է սրա հետեւից գնալ»:
Անդրադառնալով քրեական վարույթի առկայությանը՝ Հայրապետյանը նշել էր. «Թե ինչու է հարուցված, որ մարմինն է հարուցել, եւ արդյոք դա վերաբերում է արբանյակի պարամետրերին, թե միլիարդավոր դոլարների մսխումներին, ինչպես ներկայացված էր հոդվածում կամ հոդվածներից մեկում, ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:
Նկատենք, որ 2022-ի ապրիլի 15-ին՝ արբանյակի արձակումից մոտ 1 ամիս առաջ, Կառավարությունը որոշել էր հայկական «Գեոկոսմոս» պետական ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել 3.320.000.000 դրամով, ինչը ՀՀ կենտրոնական բանկի այդ օրվա փոխարժեքով հավասար էր շուրջ 7 մլն դոլարի («Գեոկոսմոսն» այն ընկերությունն է, որն ավելի ուշ ամբողջությամբ ստանձնեց արբանյակի կառավարումը. ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնված է ԲՏԱՆ-ին): Թե կոնկրետ ինչի համար էր գործադիրն այսքան գումար հատկացնում տիեզերական գործունեություն իրականացնող ընկերությանը, որոշման հիմնավորման մեջ չի նշվել, սակայն տրամաբանական էր, որ այն նախատեսվել է արբանյակի համար: Եվ ահա 2024-ի նոյեմբերին կայացած ճեպազրույցում նախարար Հայրապետյանը հայտնել է, որ այն ներառում է ոչ միայն արբանյակի ձեռքբերման գումարը, այլեւ մի շարք ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ հայ մասնագետների համար վերապատրաստումներ են կազմակերպվել Իսպանիայում:
Վերջերս գրավոր հարցմամբ ԲՏԱ նախարարին խնդրել էինք մանրամասնել, թե ինչ ծառայությունների մասին է խոսքը: Հարցմանը պատասխանած ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը հայտնել է, որ այդ տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն նույն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք:
«Բացի իրավական հիմքերից՝ տվյալների սահմանափակումը նաեւ բխում է ՀՀ ռազմավարական եւ ազգային շահերից, քանի որ հրապարակվող տեղեկատվության որոշակի տեսակներ կարող են անուղղակիորեն մատնանշել ծրագրի նշանակությունը, ուղղվածությունը կամ հնարավոր կիրառման ոլորտները»,- հավելել է Դ. Գասպարյանը:
2022-ի դեկտեմբերի 22-ին Կառավարությունը հերթական անգամ ավելացրել է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Այս անգամ ընկերությանը հատկացվել է 145.130.000 դրամ, ինչը ԿԲ այդ օրվա փոխարժեքով հավասար էր 368 հազ. դոլարի: Թե՛ գործադիրի որոշման հիմնավորումից, թե՛ ԲՏԱՆ-ից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ կապիտալի ավելացումն արվել է արբանյակի երկրային կառավարման կենտրոնի եւ ընդունիչ կայանի ստեղծման նպատակով:
Հայաստանի առաջին արբանյակը տիեզերք արձակվեց 3 տարի առաջ
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին արբանյակի արձակման մասին հայտնի դարձավ 2022 թ. մայիսի 26-ին, երբ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:
Փաշինյանը նաեւ հայտնեց, որ մինչեւ արձակումը գործընթացը գաղտնի է պահվել. «ՀՀ առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, եւ այս է պատճառը, որ նախնական որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով»:
Այդուհանդերձ, վարչապետն իրազեկել էր, որ արբանյակն արձակվել է պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում:
ARMSAT-1 արբանյակը
Ավելի ուշ ԲՏԱՆ-ից «Հետքին» փոխանցել էին, որ հայկական կողմը Satlantis-ից ձեռք է բերել արբանյակը, իսկ ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից, եւ գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում:
Ընդ որում՝ Satlantis-ն իր հերթին նախապես հայտնել էր, որ տիեզերք է ուղարկել Urdaneta անունով փոքր արբանյակ (CubeSat)՝ չնշելով Հայաստանի հետ համագործակցության մասին: Ըստ այդմ՝ Urdaneta-ն առաջին բասկյան արբանյակն է: Նկատենք, որ Բասկերի երկիրը կամ Բասկոնիան ինքնավարություն է Իսպանիայի կազմում, իսկ արբանյակն անվանակոչվել է ի պատիվ բասկ ծովագնաց Անդրես դե Ուրդանետայի։
Բայց երբ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ արբանյակը Հայաստանինն է, Satlantis-ը խմբագրել էր հաղորդագրությունը՝ արբանյակի անունը դարձնելով Urdaneta-ARMSAT-1 եւ հավելելով, որ այն հայկական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագրի առարկա է դարձել (ավելի ուշ իսպանական կողմը հայտարարել էր. «Հպարտ ենք մեր Urdaneta արբանյակը փոխակերպել ARSMAT-1-ի՝ հայկական ռազմավարության առաջին արբանյակի»):
Satlantis-ը նաեւ նշել էր, որ արբանյակը Երկրի շուրջ պտտվելու է 530 կմ բարձրության վրա, եւ դրա iSIM-90 տեսախցիկն ունակ է 1,8 մ լուծաչափի (resolution) մուլտիսպեկտրալ (RGB+NIR) լուսանկարներ անել: Սա նշանակում է, որ լուսանկարի մեջ 1 պիքսելը գետնի վրա հավասար է 1,8 մետր բարձրություն եւ լայնություն ունեցող քառակուսու: Մյուս կողմից՝ տեսախցիկը որսում է մարդու աչքին տեսանելի էլեկտրամագնիսական սպեկտրը, որը մենք ընկալում ենք գույներով (Red-Green-Blue (RGB)՝ կարմիր-կանաչ-կապույտ), սրան գումարած՝ մերձինֆրակարմիր (Near-Infrared, NIR) սպեկտրը, որը մենք չենք տեսնում։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ուղարկված հարցմամբ խնդրել էինք տրամադրել ARMSAT-1-ի կողմից արված մի քանի լուսանկար հնարավորինս բարձր լուծաչափով, առանց մշակման: Սրան ի պատասխան՝ գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը ներկայացրել է 2024-ի նոյեմբերին Հայրապետյանի կողմից սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարները, որոնցում պատկերներ են Հայաստանից, այդ թվում՝ Երեւանից ու Սեւանա լճից:
Our beautiful homeland #Armenia in different seasons, as captured by #ARMSAT-1 from orbit. pic.twitter.com/roTAss7rMu
— Mkhitar Hayrapetyan (@Hayrapetyan_M) November 21, 2024
Արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը լուռ են շահագործման հանձնվել
2022 թ. մայիսի 26-ի Կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ մինչեւ 2023-ի տարեվերջ Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի շուրջ ձեւավորվելու է մասնագետների գիտագործնական թիմ:
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը եւ տիեզերալուսանկարների ստացումը։ Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման եւ փոխանցման ծառայություններ կմատուցի նաեւ արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի արած լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»,- հայտնել էր վարչապետը։
Փաշինյանի այս հայտարարությունից հետո ԲՏԱՆ-ը «Հետքին» փոխանցել էր. «Մինչեւ կառավարման կենտրոնի եւ ընդունիչ կայանի ստեղծումն արբանյակի կառավարումն իրականացվելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի հրահանգների համաձայն՝ Satlantis ընկերության կողմից։ Տվյալները փոխանցվելու են գործընկեր երկրային կայանների միջոցով, իսկ դրանց մշակումը կատարելու է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն»։
ARMSAT-1-ը՝ բացված վիճակում
ԲՏԱՆ-ից վերջերս հետաքրքրվել էինք, թե ինչպես են ստացվել տվյալներն, ու որ երկրների կայաններն են օգտագործվել/օգտագործվում դրա համար: Գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը միայն հայտնել է, որ տվյալները ստացվում են մեկից ավելի երկրներում տեղակայված ընդունիչ կայանների միջոցով, իսկ մնացած մասով պաշտոնյան կրկին հղում է կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի սահմանափակումներին:
Քանի որ պաշտոնապես այդպես էլ չհայտարարվեց ARMSAT-1 արբանյակի կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի բացման մասին, ԲՏԱՆ-ին հարցրել էինք, թե երբ են դրանք շահագործման հանձնվել, եւ ինչու պաշտոնական բացում չի արվել:
Դավիթ Գասպարյանը պատասխանել է, որ շահագործման մեկնարկը տեղի է ունեցել 2023 թ.: «Հաշվի առնելով երկրային կառավարման կենտրոնի եւ ընդունիչ կայանի ռազմավարական նշանակությունն ու դրանց կարեւորությունն ազգային անվտանգության համատեքստում՝ բոլոր աշխատանքներն իրականացվել են փակ ռեժիմով՝ խստորեն պահելով միջազգային եւ ազգային անվտանգության գործող չափանիշները,- հայտնել է նախարարության ներկայացուցիչն ու հավելել,- կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը ներկայումս իրականացնում են ARMSAT-1 արբանյակի հեռակառավարման, տվյալների ընդունման եւ մշտադիտարկման հետ կապված հիմնական գործառույթները՝ ապահովելով վերջինիս անընդհատ եւ կայուն գործունեությունը»:
Իսկ հարցին, թե արդյոք Satlantis-ը որեւէ կերպ մասնակցել է արբանյակի կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի ստեղծմանը, ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը հայտնել է հետեւյալը. «Երկրային կառավարման կենտրոնի եւ ընդունիչ կայանի ստեղծման շրջանակում Satlantis ընկերությունը սերտ համագործակցել է հայկական կողմի հետ՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն եւ շարունական աջակցություն, ինչն էականորեն նպաստել է կենտրոնի արդյունավետ գործառնական գործունեությանը»:
Նոյեմբերից արբանյակը կառավարում է բացառապես հայկական կողմը
2024 թ. նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր. «Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են ARMSAT-1 արբանյակի կառավարումը»:
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ԲՏԱՆ-ից հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ 2024 թ. նոյեմբերից սկսած՝ ARMSAT-1 արբանյակի կառավարումն ամբողջությամբ իրականացվում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Ըստ այդմ՝ արբանյակի մոնիթորինգը եւ վերահսկումը կազմակերպվում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող տեխնիկական միջոցներով եւ մասնագիտական ներուժով:
ARMSAT-1-ի դերը՝ ըստ ԲՏԱ նախարարի
2022-ի մայիսին ARMSAT-1-ի արձակումից հետո Satlantis-ը հայտարարել էր, որ արբանյակը կիրառելի տվյալներ կփոխանցի Երկիր առնվազն հետագա 4 տարիներին։ Այսինքն՝ դրա շահագործման ժամկետը նվազագույնը մինչեւ 2026 թ. է:
Այս տարվա ապրիլին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանի առաջին արբանյակի՝ ARMSAT-1-ի դերը հայ մասնագետների համար չափազանց կարեւոր է ընդհանրապես արբանյակի կառավարման, դրա օգտագործումից ստացված պրոդուկտների հետ աշխատելու տեսանկյունից, ինչը հող է նախապատրաստում՝ հետագա ավելի մեծ ու ամբիցիոզ ծրագրերն իրականացնելու կարողություններ ձեւավորելու համար: Անդրադառնալով լուսանկարների 1,8 մ լուծաչափին ու դրանցից ստացած գործնական օգուտին՝ նախարարն ընդգծել է, որ այդ որակի լուսանկարները հնարավորություն չեն տալիս բոլոր տեսակի խնդիրները լուծել, բայց դրա գիտակցումը, ըստ նրա, եղել է ի սկզբանե. «Այդ մեկ արբանյակով ստանալ աշխարհի ամենաորակյալ լուսանկարները եւ դրանք օգտագործել տարբեր գերատեսչությունների համար՝ այս պնդումը, բնականաբար, ես չեմ կարող անել»:
«Այս փուլում գրեթե վերջնականացնում ենք տիեզերական ոլորտի ռազմավարության փաստաթուղթը: Եվ որոշակի փակագծեր բացելով՝ կարող եմ ասել, որ այն ենթադրում է ԲՏԱՆ-ի՝ ոլորտի քաղաքականության պատասխանատուի կողմից առաջարկ Կառավարությանը՝ ունենալ թե՛ տեսալուսանկարահանող արբանյակներ, թե՛ ապագայում նաեւ կապի արբանյակներ եւ այսպես շարունակ»,- հայտնել է Մ. Հայրապետյանը:
Մեկնաբանել