HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Կանաչ աճ և էներգետիկ անվտանգություն․ տեղի ունեցավ «Հայաստան․ երկրի կլիմայի և զարգացման զեկույցի» շնորհանդեսը

Հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մշակված «Հայաստան․ երկրի կլիմայի և զարգացման զեկույցի» (Country Climate and Development Report - CCDR) պաշտոնական շնորհանդեսը։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանի առջև ծառացած կլիմայական մարտահրավերները, դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա և առաջարկում է միջոցառումների համապարփակ փաթեթ՝ տնտեսության ապաածխայնացման և կլիմայական դիմադրողականության բարձրացման համար:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի պետական կառույցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ։

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսն ընդգծեց, որ Հայաստանը կանգնած է տնտեսական աճը կլիմայական դիմադրողականության բարձրացման հետ համադրելու անհրաժեշտության առաջ։   Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի բաժնի տնօրեն Ինես Ռոշան ներկայացրեց մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները՝ շեշտադրելով կանաչ ֆինանսավորման կարևորությունը և ներդրումային նոր ուղղությունները:

3.jpg (1.34 MB)

Զեկույցի համահեղինակներ՝ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետներ Ջուլի Ռոզենբերգն ու Լեա Հակիմը ներկայացրին զեկույցի առանցքային եզրակացությունները՝ անդրադառնալով հատկապես կլիմայական խոցելիության բարձր մակարդակին, որը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունության վրա։ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի կայուն զարգացման տնօրեն Սամեհ Վահբան անդրադարձավ միջազգային փորձին՝ ընդգծելով, որ այլ երկրների հաջողված օրինակները կարող են ուղենիշ լինել Հայաստանի համար:

Պանելային քննարկում՝ բնական ռեսուրսների և պարենային անվտանգության մասին

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև պանելային քննարկում՝ «Բնական ռեսուրսների կառավարում և խելամիտ գյուղատնտեսություն կլիմայական հարմարվողականության և պարենային անվտանգության համար Հայաստանում» թեմայով։

2.jpg (1.33 MB)

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Դրազդան Հակոբյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Երեմյան Փրոջեքթսի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և Սամեհ Վահբան։

Մասնակիցները ներկայացրին ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները, կլիմայական խելամիտ գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները և պարենային անվտանգության ապահովման ուղիները։ Քննարկվեց նաև մասնավոր հատվածի դերը տնտեսական աճի կարևորության մեջ։

Զեկույցում նշվում է, որ տեղական մատակարարման շղթաների ամրապնդումը, ենթակառուցվածքների արդիականացումը՝ կանաչ չափանիշներին համապատասխանեցնելու համար, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ընդլայնումը կարող են Հայաստանի համար մրցակցային առավելություն ստեղծել գլոբալ կանաչ տնտեսությունում։

4.jpg (1.78 MB)

Զեկույցում վերլուծված սցենարների համաձայն՝ կլիմայական փոփոխությունները կարող են 2050 թվականին նվազեցնել Հայաստանի գյուղատնտեսական արտադրողականությունը մինչև 37 տոկոսով։ Սա կարող է հանգեցնել ավելի քան 363 միլիոն դոլարի արտադրական կորստի։ Ջրային և գյուղատնտեսական ոլորտների վրա ազդեցությունը միասին կարող են 2060 թվականին ՀՆԱ-ն նվազեցնել մինչև 3 տոկոսով, իսկ 2030 թվականին աղքատության մակարդակը բարձրացնել մոտ 2,7 տոկոսային կետով։

Նշվում է, որ ապաածխայնացման և կլիմայական դիմադրողականության ապահովման համար Հայաստանը կարող է պահանջել մոտ 8 միլիարդ դոլարի ներդրումներ մինչև 2060 թվականը։ Այդ ներդրումները կարող են բերել երկարաժամկետ շահույթներ՝ էներգետիկ ծախսերի կրճատումից մինչև առողջապահական ծախսերի նվազում մաքուր օդի շնորհիվ, ինչպես նաև արտադրողականության աճ։ Հաշվարկների համաձայն՝ կլիմայական հարմարվողականության և մակրոպետական քաղաքականությունների արդյունավետ իրականացման դեպքում ՀՆԱ-ն մինչև 2060 թվականը կարող է տարեկան ավելանալ 1,5 տոկոսով։

Առաջարկվող ուղղությունները

Զեկույցը ներկայացնում է մի քանի ոլորտներում գործառնական առաջարկություններ.

  • Կանաչ աճի խթանում. կանաչ արտադրանքի և ծառայությունների արտահանման նոր ուղղությունների զարգացում, էներգետիկ աուդիտների ընդլայնում, աշխատուժի հարմարվողականության բարելավում կանաչ տնտեսության պահանջներին։
  • Էներգետիկ անցում և վերականգնվող էներգիա. էլեկտրականության ազգային փոխանցման ցանցի արդիականացում՝ մինչև 2030 թվականը՝ ապահովելով 1 ԳՎտ, իսկ 2040 թվականին՝ 4 ԳՎտ վերականգնվող էներգիայի ինտեգրում, մարտկոցային պահեստավորման համակարգերի ընդլայնում մինչև 1,8 ԳՎտ հզորությամբ։
  • Ջրային ռեսուրսների կառավարում. ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում 50,000 հեկտար հողերի համար, ինչպես նաև ջրային նոր պահեստավորման ներդրումային ծրագրերի մշակում։
  • Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն. կաթիլային ոռոգման համակարգերի լայն կիրառում, գյուղատնտեսության վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում։
  • Ենթակառուցվածքային դիմադրողականություն. բնական աղետների ռիսկերի տակ գտնվող ենթակառուցվածքների գնահատում և պաշտպանական ռազմավարությունների մշակում։

Զեկույցի ներկայացման ընթացքում հնչած կարծիքները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ կլիմայական փոփոխությունները Հայաստանի համար միայն բնապահպանական խնդիր չեն։ Դրանք ազդում են գյուղատնտեսական արտադրության վրա, սպառնում են պարենային անվտանգությանը, մեծացնում սոցիալական ռիսկերը և երկրի էներգետիկ կախվածությունը դարձնում խոցելի։ Սակայն, զուգահեռաբար բացվում են նաև նոր հնարավորություններ՝ տնտեսական վերակառուցման, նորարարական տեխնոլոգիաների ներգրավման, կանաչ ներդրումների և աշխատաշուկայի արդիականացման համար։ Առջևում կայացվելիք որոշումներից է կախված՝ կկարողանա արդյոք Հայաստանը ձևավորել դիմադրող և կայուն տնտեսական համակարգ, որը կհամապատասխանի արդեն փոխվող կլիմայի պայմաններին։


Լուսանկարները՝  հեղինակի և Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր