HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես պատերազմի տղան եմ ու 20-րդ դարունը. Նիկողոս Սարաֆեան (մաս 2)

սկիզբը

Եվ կրկին սպանության մասին. հետաքննական մարմինների հաղորդագրություններից

Փարիզյան  թերթերի սյունակներից չէին իջնում ատամնաբույժ Սեդրակ Սասունիի առեղծվածային և ողբերգական սպանության հետաքննության մանրամասները: Ուշադրության կիզակետում հայկական սփյուռքի 2 ճանաչված անձինք էին՝ ցեղասպանությունից փրկվածի և տարագրվածի ընդհանրական ճակատագրով: Մի կողմից ՝ բժիշկը, մյուս կողմից գրող Նիկողոս Սարաֆեանը՝ իր ընտանիքով:  

Տիկին Բրաբիոն Սարաֆեանի դուստրը՝ Անահիտ Փաստրմաճեանը քննիչներին ցուցմունք տվեց իր հետ կատարվածի մասին: Նախ արձանագրվեց, որ դոկտորը իրենց ընտանեկան ատամնաբույժն էր, և Նիկողոսի միջոցով էին ծանոթացել նրա հետ: Ավելին՝ Սարաֆեանները իրենց ծանոթներին միշտ ուղղորդել էին դեպի Սեդրակ Սասունիի ատամնաբուժարանը: Դեպքից 2 ամիս առաջ 19-ամյա Անահիտ Փաստրմաճեանը այցելում է բժշկին: «Ակռաներս նայելէ յետոյ, խոշոր գաւաթ մը հեղուկ տըւաւ ինծի, կոկորդս ցօղուելու համար եւ թմրեցայ: Զիս տարաւ յարակից սենեակը, բազմոցի մը վրայ եւ ուրիշ յաճախորդ կնոջ մը հետ զբաղելէ վերջ վերադարձաւ: Գրեթէ մարած էի: Այս կացութենէն օգտուեցաւ իր գիտցածին պէս»,- հարցաքննության ժամանակ դեպքը ներկայացնում է օրիորդ Փաստրմաճեանը: Անահիտը տուն վերադառնալով՝ ոչինչ  չի պատմում մորը, կամ խորթ հորը՝ Նիկողոսին: Միայն դառնում է ավելի ինքնամփոփ, չի ուտում, չի խմում, գնալով  նվաղում է:

«Քանի մը անգամ ատամնաբոյժին քով գացած էի, երեսին տալու համար իր արարքը եւ յայտնելու թէ ինչ վիճակի մէջ կը գտնուէի: Ան պատասխանեց չոր շեշտով մը. «Ցաւալի է, բայց բան մը չեմ կրնար ընել»: Եվ մի օր էլ, երբ այլևս անկարելի է լինում լռել, և մայրն էլ տանը չի լինում, ամեն բան պատմում է Նիկողոսին՝ հավելելով թե «մայր պիտի ըլլամ....»: Եվ սկսվում է  ընտանեկան մղձավանջը, որն ավարտվում է սպանությամբ: Բուն սպանության մանրամասները կպատմենք հետո՝ հընթացս փարիզյան մամուլի հրապարակումների:

 Օ՜, Ֆրանսա, աղուոր կիներու երկիր եւ աղուոր գինիի երկիր: Ֆրանսա հայուն երկրորդ հայրենիքը...  

«Փախաւ, սահեց մեր հայրենիքը մեր ոտքերուն տակէն ծովին տալով մեզ: Բայց լաւագոյն առիթն է աս՝ լողալ սորվելու համար»: Նիկողոսը սկսեց գրաշարություն անել տպարանում: Շատ դեպքերում տպագրության պատրաստվող իր գործերն ինքն էր տառ-տառ հավաքում տողաշար հաստոցի վրա: Օրական 10  ժամ աշխատում էր: Հետո իրեն գցում էր կաբարե կամ մի հրապարակ, որտեղ քրտինքի հոտերը խառնված են «parfum-ներու»  բույրերին, որտեղ ճերմակ, բարձր օձիքներով խաբշիկներ են՝  «սիկառը ակռաներու» արանքը... Մուլեն Ռուժը «...որուն լուսաւոր հսկայ թեւերը» արդեն կախարդել էին իրեն, բայց «դեռ որքա՜ն ջահելներ պիտի կախարդեն»:...Այստեղ «կիները լուսնկայի կտորներ են», այստեղ «թէ՛ փափագ կայ, թէ՛ զզուանք, թէ՛ տառապանք, թե՛ խաղաղութիւն: ...Փարի՛զ: Ահաւասիկ հրապարակը ուր աշխարհի բոլոր կողմերէն մարդիկ կը հոսին ինչպէս գինին...»:

Գրեց իր սիրելի ուսուցչին իր զգացողությունների և «այս դարու» մասին, «որուն անունն է sex appeal» (Սեռայնություն,սեքսուալություն). 

«Սիրել, գրկել, համբուրել քիչ է, սիրելի Օշական: Կ’ուզեմ թափանցել: Կամ կ’ուզեմ զանոնք խրել կուրծքիս խորը: Աւելի մարմնական եմ եղած անոնց հետ քան թէ հոգեկան: Սիրել չգիտցայ միշտ: Սէրիկներ միայն, մէկ օրուայ մէջ ծնող եւ մեռնող միջատներու պէս: Անոնց մէջն չգտայ խունկեր, աստուածուհիներ ու պաշտամունքի խորաններ: Այսպէս է կինը հոս: Փողոցներուն մէջ կը համբուրուին հոս ...Միսի երկիր է Փարիզը: Մարմնացած հոգիի աշխարհը որուն վրայ կարեցկութիւն կ’իյնայ երբեմն: Կարելի չէ չտխրիլ կիներու այս գործարանին առջեւ: Կարելի չէ չմեղքնալ հագուստի, արդուզարդի համար միայն աշխատող 14-էն սկսեալ աղջիկները: ...շատ աղջիկներու հետ ապրեցայ: Բայց անոնց ո՛չ մէկին վրայ հաւատք ու համակրանք ունիմ: Ես կը սիրեմ հագուստի փարթամութիւնը, գոյներու կրակը, ձեւերու ու գիծերու խաղը: Բայց կը սիրեմ  նմանապէս անոնց տակ գտնել երազող աղջիկը որ կը պակսի: ...դիւրին է բացատրել կոպտութիւնս անոնց հանդէպ: Չէի կրնար խորհիլ, երբ պզտիկ էի, թէ կին մը ծեծելու չափ, ծաղիկ մը կոտրելու չափ անխիղճ պիտի ըլլայի»: Սյուզանին, Գոլեթին ու Պիգալի մյուս աղջիկներին նա իսկապես խղճում էր, թեև, շատերի պես, ինքն էլ օգտվում էր նրանց  ազատությունից և ՛՛sex appeal՛՛-ից: «Իմ երկրիս անազատ կիները շատ աւելի բախտաւոր էին, քան դուք»:   

Արկածախնդրութեան դարն է... Յառաջադիմութիւնը կը քալէ դէպի նենգութիւն...

Ապրելու ուրիշ բանաձև ունեին ֆրանսացիները՝ «...չմտածել շատ կեանքին վրայ: Ձգել որ ընթանայ ան՝ ինքն իրեն: Ձգել որ սահի հոգին դէպի մահը՝ առանց հոս ու հոն կառչելու»: Եվ որքան տարբեր է այս մտայնությունը ճակատագրապաշտ արեւելքցիների պատկերացումներից: Կյանքը արագ էր ընթանում, ժամանակ չկար և բոլորը  զբաղված էին. մեկը շտապ պետք է վեպը ավարտի, մյուսը՝ կտավը, երրորդը՝ արձանը: «Կը յիշեմ միշտ Սաատին որ 30 տարի դրած է կարդալու, 30 ուրիշներ ճամբորդելու եւ 30 վերջինները միայն՝ գրելու». հանդարտ Արևելքի և խելակորույս Արևմուտքի տարբերությունը:

Սարաֆեանը կնոջ՝ Բրաբիոնի և աղջկա՝ Անահիտի հետ

Նիկողոսը ուզում էր դուրս պրծնել մեծ քաոսից, հեռանալ Երուսաղեմի վանք, ճգնավորի նման փակվել, «գիրք ու թուղթ ունենամ  և բոլորովին մինակ ըլլամ»: Եվ դա անվանում էր վայրի հաճույք:

  Պատուհան չբանաս նէ՝ տունը կը հոտի...   

Փարիզը՝ այս նոր աշխարհը, մի մեծ մարտահրավեր էր վտարանդի երիտասարդների համար: Գաղթականների գրական շրջանակը՝ «Մենք»ի անդամները՝ Վ. Շուշանեան, Շ.Նարդունի, Շ. Շահնուր, Զ. Որբունի, Ն. Պեշիկթաշլեան, Հ. Ֆրենկեան, Ն.Սարաֆեան և ուրիշներ, որոնումների մեջ էին: Սփյուռքյան գրականության բովանդակության և ձևի առումով տարակարծությունները ավելի շատ էին, քան ընդհանրությունները: Բայց, այդուհանդերձ, նրանք ստեղծում էին  այդ  գրականությունը՝ քարկոծելով և քարկոծվելով,  թշնամանալով  միմյանց հետ: Նիկողոսի և իր պես մտածողների ճակատին դրվելու էր «ազգը այլասերման տանելու մեղքը», երբ ասում էր, թե «պէտք չէ ետ դառնալ, չքարանալու համար Ղովտի կնկան պէս...»: Նա գրականության առաքելության իր պատկերացումն ուներ, որը չէր տեղավորվում նրանց պատկերացումների մեջ, ովքեր գրականությունը քաղաքականության գերին էին դիտում, կամ, ովքեր գրականության փորձ անելով, մոռանում էին նայելու իրենց ազգային խորքի մեջ: Մոռանում էին, որ «համաշխարհային համբաւի հասնողներուն մեծագոյն մասը եղած է ազգայնական»: Այնպես որ, անարմատ միջազգային գրականություն ստեղծելու ջատագովները պիտի  ձախողեին, վստահ էր Նիկողոսը, «ինչպէս ձախողած է էսփէրանթօն»: «Որքան ալ դժգոհ ըլլանք իրաւունք չունինք մանաւանդ հեռանալու մեր հայութենէն: Ընդհակառակն այս օրերուն է որ աւելի ու աւելի պիտի կառչած մնանք մեր ժողովուրդին եւ անոր մշակոյթին»: Նիկողոս Սարաֆեանը գիտեր, թե որն է լինելու իր ճանապարհը՝ «Ճանաչել ու ճանչցնել ինքզինքնիս»: Որսալ ժամանակի հրամայականը, առաջ շարժվել՝ իր հետ  տանելով իր խոր ու երկար ազգային արմատները: «Պատուհան չբանաս նէ՝ տունը կը հոտի...»:Օգտվել բացուած օտար հարուստ հորիզոններից և  միևնույն ժամանակ մնալ հայ ողնահարով: «Իմ փնտռածս՝ ձեւի միջազգայանցումն էր: Իմ փնտռածս մանաւանդ՝ օտար հսկայական քաղաքակրթութիւն մը ներմուծել, աւելցնել մեր ունեցածին»: Օտարության մեջ, որտեղ «հողն ու հաւաքական կեանքը կը պակսին» սա էր միակ փրկօղակը: Բայց հողից կտրված և օտարության մեջ հայտնված գրողի համար, մարտահրավերները միայն արտաքին չէին, այլև՝ ներքին՝ հայ ընթերցողը. «Մեր ժողովուրդը ամէնէն մեծ բռնակալն է մեր գրողներու  գլխուն, պահանջելով անոնցմէ իր մտաւոր խեղճութեան հաւասար ու հաճելի գրականութիւն»: Բայց նման պայմաններում պահանջարկը չէ, որ պետք է ձևավորի առաջարկը, այլ՝ առաջարկը պետք է նոր պահանջարկ առաջացնի: Նիկողոսը գիտեր, որ գրականության հեղափոխություն է պետք, բայց ոչ հեղափոխության գրականություն: «Ոգեկան գեղեցկութիւններն են որ կ’ապրեցնեն մեզ առաւելապէս»:

Կասկածը՝ մեր իմաստնութեան աչքը...

Կասկածը մի յուրատեսակ հավատամք էր Նիկողոսի համար: Կասկածում էր սովորածին, կասկածում էր, թե ճշմարտությունները ճշմարիտ չեն, արժեքները խաբուսիկ են շատ անգամ: Բայց  երբեմն այն վեր էր ածվում  հիվանդագին կասկածամտության: Մտածում էր, թե սուրճի համար վճարելուց և սրճարանից հեռանալուց հետո, սպասավորը պիտի հետապնդի իրեն և դրամը պահանջի ու ոստիկանը վրա հասնի: Թեև ասում էր, թե «կասկածը կը թուի ինծի առաքինութիւն մը», բայց գիտակցում էր, թե ինչ ծանր բան է կասկածով մոտենալ բարեկամին: « Կ’աղտոտին բոլոր սրբութիւնները, կը տգեղնան բոլոր ազնուական գեղեցկութիւնները: Ու այս բոլորէն այրուող սիրտը կը դառնայ իմաստուն»: Լավ կլիներ, որ սնափառ և հավակնոտ գրողները երբեմն վերապահում ունենան իրենց ստեղծածի նկատմամբ, մտածում էր Սարաֆեանը, քաջություն ունենան «կասկածին առաքինութեան հասնելու, որպէսզի յաղթանակէն իրական արուեստի յաղթանակով մը: Ե՞րբ պիտի լռեն ճառացողները, յիշելով  յաղթական ճառերուն սնանկութիւնը...»: 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter