HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես պատերազմի տղան եմ ու 20-րդ դարունը. Նիկողոս Սարաֆեան (մաս 1)

Երկայնահասակ տիկին Բրաբիոնը

1936-ի Դեկտեմբեր 9-ից սկսած, Ֆրանսիայում տպագրվող թերթերը, այդ թվում հայկական, լուր տարածեցին մի արտառոց սպանության մասին, որ տեղի էր ունեցել Փարիզի Վոժիռար փողոցի 16 հասցեում, երկուշաբթի՝ Դեկտեմբեր 7-ի գիշերը:

Թերթերը հաղորդեցին քննիչերի և ոստիկանների առաջին 3 վարկածների մասին. 1-ին՝ նախկին կնոջ եղբայրների վրեժը, 2-րդ՝ սպասուհին, որը սպանված տղամարդուն սպառնում էր գլխին փորձանք բերել, եթե չամուսնանա իր հետ և 3-րդ՝ սպանություն քաղաքական գետնի վրա: Բայց խոստովանական ցուցմունքով ոստիկանություն ներկայացած կինը, շատ դյուրացրեց քննիչների գործը, և շուտով նրանք հանգիստ շունչ քաշեցին՝ մարդասպանին գտնելու գլխացավանքից այդքան արագ ազատված լինելու համար: Ինչևէ, 1936 Դեկտեմբեր 10-ին փարիզյան մամուլը գրեց.

«Սեդրակ Սասունիին սպաննողն է հայ կին մը...» վերտառությամբ ոստիկանությունից ստացված տեղեկությունը.

«Երեքշաբթի... Կէսօրէն վերջը լուր առնուեցաւ թէ սպաննողը կին մըն է եւ անձնատուր եղած: Արդարեւ, ժամը 1ին հարցաքննիչ դատաւոր Պռիւի կը ներկայանար երկայնահասակ Տիկին մը, իր փաստաբանին՝ Պ. Լէվի Ուլմանի հետ, անձնատուր ըլլալու համար: Ինքն էր Սասունիի սպանիչը: Անունը Տիկին Բրաբիոն Սարաֆեան (նախկին Փաստրմաճեան), ծնեալ Սուքիասեան (այժմ կինը երիտասարդ գրող Նիկողոս Սարաֆեանի):

Ո՞վ էր Սեդրան Սասունին, և ինչ կապ կար նրա և տիկին Բրաբիոնի միջև:

Եվ այսպես՝ Սեդրակ Սասունին Փարիզում հայտնի ատամնաբույժ էր, քաղաքական և հասարակական գործիչ, դաշնակցության անդամ: Նա եղբայրն էր Հայաստանի 1-ին Հանրապետության տարիներին Ալեքսանդրապոլի նահանգապետ, Փետրվարյան ապստամբության կազմակերպիչներից՝ Կարո Սասունիի:

Ատամնաբույժին սպանած կինը, ինչպես հայտնի է դառնում ոստիկանական հաղորդագրությունից, օրիորդական ազգանունով Սուքիասեան, առաջին ամուսնությամբ ՝ Փաստրմաճեան, իսկ երկրորդ ամուսնությամբ՝ Բրաբիոն Սարաֆեանն էր: Տիկնոջ առաջին ամուսինը, որը ազգային մեծ գործիչ, Բանկ Օտոմանի գրավման կազմակերպիչներից, Վանի ինքնապաշտպանության խիզախ մարտիկներից, «Նեմեսիս» մաքրագործման կազմակերպիչներից, Վաշինգթոնում Հայաստանի 1-ին դեսպան Գարեգին Փաստրմաճեանի՝ Արմեն Գարոյի ազգականն էր, սպանվել էր 1917-ին, այդպես էլ գուրգուրանք չտալով իր նորածին և միակ զավակին՝ Անահիտին, որի դաստիարակության ամբողջ պատասխանատվությունը ընկնել էր տիկնոջ՝ Բրաբիոնի ուսերին: Իսկ ամբաստանյալ Բրաբիոնի երկրորդ ամուսինը՝ Նիկողոս Սարաֆեանը, Փարիզի տղաքէն մէկն էր, որ իր մեծ տաղանդով ձև և բովանդակություն էր տալիս գրական նոր մի երևույթի, որ կոչվում էր Սփյուռքյան գրականություն: Միևնույն ժամանակ, հայրական գորովով լցված, սեփական զավակի պես, մեծացնում էր Անահիտին, որ այդպես էլ մնաց Նիկողոսի միակ երեխան: Նա զավակ չունեցավ՝ մարելով իր բացառիկ տաղանդը և գրական ճաշակը երբևէ նորեն վերընձյուղելու հեռանկարը: Թե ի՛նչ պատմեց տիկին Սարաֆեանը գործը հետաքննողներին և ինչպես բացատրեց իր արարքի դրդապատճառը, կանդրադառնանք ավելի ուշ:

Կը փնտռեմ միշտ ծովը... Ալիքներուն արձագանքը կուգար մինչև օրորոցս, մոր մը կանչին պես

Հիմակուհիմա այս դեպքից 34 տարի և 8 ամիս ետ գնանք այն օրը, երբ 1902թ. Մարտ 30-ին, Կոստանդնուպոլսից Վառնա մեկնող նավի վրա մի երեխա ծնվեց: Անունը դրեցին Նիկողոս: Տղան դառնալու էր արտակարգ տաղանդավոր, բանաստեղծական նուրբ ճաշակի տեր մի մտավորական, որի մասին, սակայն մոռանալու էին խոսել, զլանալու էին ընթերցել և, ամենակարևորը՝ հասկանալ: Երեխայի ծնողները Ակնի Լիճք գյուղից էին: Համիդյան կոտորածների ժամանակ՝ 1896-ին փախել էին ծննդավայրից և մի կերպ հասել, իբրև թե ավելի ապահով տեղ՝ Պոլիս: Բայց, չփարատվող վտանգի զգացումը, նրանց ստիպել էր 1902-ի գարնանը հեռանալ նաև Պոլսից: Նրանք բռնել էին դեպի Վառնա ծովային ճամփան: Հենց այդ տարագրության ժամանակ էլ, Մարտ 30-ին, նոր տոմարով Ապրիլ 14 –ին՝ ճիշտ Զատկվա օրը, նավի վրա ծնվեց ակնեցի ամուսինների վերջին զավակը:

Հաղթահարվեց Տաճկաստանի և Բուլղարիայի միջև ընկած ծովային այս անջրպետը: Մի բառ, իմացական եզրույթ,հասկացություն, փիլիսոփայական բնութագրում, վիճակ, որ հետագային բազմաթիվ անգամներ հայտնվելու էր Նիկողոսի հրաշալի գրականության մեջ՝ Անջրպետ: Եվ սա իր առաջին անջրպետն էր, որ ոչ միայն ծովի տարածական, այլև մայրական ապահով աշխարհից այլ աշխարհ, որ կոչվում է լույս աշխարհ, գալու անջրպետի հաղթահարումն էր: «Ալիքներուն արձագանքը կուգար մինչև օրորոցս, մոր մը կանչին պես»: Վառնան դարձավ Նիկողոսի մանկության և պատանության օրրանը, այստեղի Ճիէրճեան և Ազգային վարժարանները, հետո էլ Ֆրանսական երկրորդական վարժարանը՝ կրթական առաջին հաստատությունները:

Էժանագին շինելի թանկարժեք գաղտնիքը

Երբ Բալկանյան պատերազմի ժամանակ ավագ եղբոր հետ հայտնվեց Բուխարեստում, ընդամենը 12 տարեկան էր: Գոյատևելու համար ստիպված եղավ ամենատարբեր գործերն անել: 2 տարի վատնեց կոշկակարություն սովորելու համար: Շղթայական պատերազմների ժամանակշրջան էր: Բալկանյան պատերազմից հետո սկսվեց 1-ին աշխարհամարտը և Նիկողոսը ստիպված Բուխարեստից անցավ Դանուբի գետաբերանին գտնվող Գալատի քաղաք և հանգամանքների բերումով հայտնվեց Օդեսայում, Նովոռոսիյսկում, Դոնի Ռոստովում: Այստեղ էժան գնով մի ռուս զինվորից շինել գնեց և սահմանագլխին մի մեծ պատմության մեջ ընկավ ու ձերբակալվեց, բայց կարճ ժամանակ անց, բարեբախտաբար, ազատ արձակվեց: Զինվորական վերնահագուստը շատ էր հավանել, քանի որ այն իրեն տաքացնում էր, ավելի գեր էր ցույց տալիս, այն դեպքում, երբ իր մարմինը «հալել էր արդեն օրերու անօթութենէն եւ ճամբաներու թշուառութենէն»: Իսկ այդ շինելի մեջ կարած 100 ռուբլիանոցը, որին անընդհատ բնազդաբար տանում էր ձեռքը համոզվելու համար, թե չի կորցրել, ավելի «Տաք կը պահէր... զիս»,-գրում է Նիկողոսը: Մարդկային խելագարությունները շարունակվում էին: Ռուսաստանը հեղաշրջվում էր 1917թ.: Նիկողոսը մի կերպ հասնում է Վառնա՝ կարոտած ծնողներին: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, 1919-ին, Սարաֆեանների ընտանիքը որոշում է վերադառնալ Պոլիս: Այստեղ՝ հանրահայտ Կեդրոնական վարժարանում նա շարունակում է ուսումը և ամենակարևորը՝ Վահան Թէքէեանի և Յակոբ Օշականի նման աննման ուսուցիչներ ունենում:

Պոլիս-Վառնա-Բուխարեստ-Փարիզ.նորից դեգերումներ

1926-ի Սեպտեմբերին , երբ արդեն Փարիզ էր, գրեց Օշականին.
«Գէշ աշակերտ մը եղած եմ միշտ սիրելի Օշական: Բայց բարեբախտաբար վարպետ ուսուցիչի մը ձեռքը ինկայ: Ուրիշներ նաւ ու կամուրջներ կը հրամցնէին ինծի: Դուն կռնակիս զարկիր եւ ծովը նետեցիր զիս: Գովելի ճարպկութիւն: Քեզ կ’օրհնեմ, քեզ կ’օրհնեմ, սիրելի Օշական: 25 տարեկան պիտի ըլլամ շուտով: Բան մը չեմ ըրած տակաւին: Բայց բանաստեղծ եմ արդէն ու ամենէն դիմացողներէն: Օշական-Սարաֆեան փոխադարձ նամակագրությունը երբեմնի աշակերտի համար գրական վերլուծարանի նման մի բան դարձավ: «Նամակները մարդը կը գծեն»,- գրում է Օշականին՝ Ֆլոբերին հիշելով, որի գրական գործերը պիտի նսեմանային, եթե չլինեին նրա նամակները: «Նամակ եւ գործ պէտք է ըլլան Աստուած եւ Ս. Հոգին»: Ֆիլիպեից, Նիկոսիայից, Երուսաղեմից Փարիզ և հակառակ ուղղությամբ գնացող ծրարները բարձր գրականություն ստեղծելու գաղտնիքների մասին էին: «Երկու ոտանաւորներդ դարձեալ չեն յաջողած: Առաջինը աղքատ էր խորքով: Երկրորդը կը կաղայ տողերով...»: Ուսուցչի անկեղծ, երբեմն աննրբանկատ թվացող, քննադատությունները հղկեցին Նիկողոսի գրիչը: «Թէքէեանը ներողամիտ է. Ան իր խորհելու եղանակն ունի ...Ես ուրիշ կերպ կը մտածեմ ու ես ալ ունիմ իմ իրաւունքս: Յետոյ ասանկ բաներ գրելու ժամանակն ալ չէ: ...Թօթուէ դուն քեզի ու գլխիկոր մտիր հոսանքին մէջ: Հասնելիքդ կամ եզերք մըն է կամ անդունդ մը: Բայց անգործ մի մնար»: Օշականը ասում էր, թե ինչ գործ էլ, որ գտնի, պիտի համաձայնի: Գիտեր, որ գրականությամբ դրամ գրեթե անկարելի է շահել: «Եթէ քերթուածով փոր կը կշտանայ, ինծի ալ սորվեցուցէք ատի»:

Սարաֆեանների ընտանիքը՝ ծնողները, եղբայրները և քույրը. Նիկողոսը՝ հոր ծնկներին

Փարիզը, ուր Մարսելի վրայով հասել էր 18 տարեկանում, մեծ ազդեցություն գործեց Նիկողոսի վրա, ինչպես բոլոր տարագրյալների, ովքեր արվեստն էին ընտրել իրենց ճանապարհը: Իսկ մինչ կհայտնվեր Փարիզում, 1922-ին ընտանիքի հետ նորից հեռացել էր Պոլսից՝ անցնելով հարազատ դարձած Բուլղարիա, հետո՝ Ռումինիա:

Մոգական է Վէնսէնի անտառը...

Այնքան ժլատ են Նիկողոսի կյանքի դրվագները, այնքան քիչ բան կա հայտնի նրա անձնական կյանքի մասին: Զարմանալիորեն ամեն տեղեկություն թաքնված է իր ստեղծագործությունների և մի քանի նամակների տողերի տակ: Դրանցից որոշները ինքնակենսագրական հմայքներ ունեն: Որոշներն էլ խտցումներն են իր կենսափիլիսոփայության և մտածումների: Դրանցից չքնաղագույնը «Վէնսէնի անտառը»ն է: Գրիչով թուղթի վրա արված շարադրանք, որ թվում է, թե ոչ թե բառերից է կազմված, այլ երբեմն Impressionnisme-ի, երբեմն էլ գերիրապաշտական ոճերով արված կտավ է, երբեմն էլ, պարզապես, ամենից տաղանդավոր կոմպոզիտորի երաժշտության պարտիտուրան է, որ չափ է տալիս Նիկողոս Սարաֆեանը՝ ամեն անգամ այդ խորհրդավոր անտառը մտնելով: «Առասպել մըն է կեանքը հոս...», տեսիլքներ, հեքիաթ պատմող ծառեր, շարական երգող ծառեր, «ջարդուող եւ աքսորուող ժողովուրդ մըն են երբեմն ծառերը, երբ ամրան կայծակներն կը շողան անոնց վրայ»:

Վենսենը, որի հարևանությամբ էլ, ի դեպ, բնակվում էր Նիկողոսը, կարծես կախարդական մի մեքենա լիներ: Այստեղ տարածությունը և ժամանակը այլ բնույթ ունեին: Սա մի վայր էր, որտեղ սաստկանում էին հիշողությունները: Վենսենի անտառում՝ ինչպես հիպնոսում՝ երազի և իրականության, վերգիտակցականի և գիտակցականի մի համադարություն և միաժամանակյա գոյություն կար: Այստեղ է, որ «...ամէն առաւօտ՝ ներկաս կը քալէ զուգահեռական մանկութեանս հետ»:

Վենսենով զբոսանքները Նիկողոսին տեղափոխում են Վառնայի իրենց գեղեցիկ տուն և մեզ էլ հնարավորություն են տալիս փոքրիկ դրվագներ պեղելու իր կյանքից. երբ գետնին քսվող ավելի ձայնից արթնանում էր դպրոց գնալու համար: Պարտեզը մաքրելով, մայրը գալիս էր Նիկողոսի պատուհանի տակ. «կը մաքրէր նաեւ հոգիս ամրան ամէն լուսաբացին: ... Վէնսէնի անտառը կը տանի զիս մինչեւ ծայրագոյն վերացում...»:

Աշնանային Վենսենի անտառի օդում Նիկողոսը երբեմն առնում էր մանկությունից մնացած կտրած ձմերուկի անմոռանալի բույրը՝ «...անցեալէս եկող բան մը...»:

Իսկ ձմռանը ծառերի ձյունը «...շաքարի փոշի մըն է անոնց վրայ»: Սառած լճակը նմանվում էր Կաղանդի անուշապուրի, «ու ...ձիւնը, երբ առատ է, վերջալոյսին տակ, սառած ջուրերուն անուշապուրին քով, կ’արտացոլայ տղայութեանս կաղանդներուն լոյսով»: Ի՜նչ սիրուն պատկերներ, հեքիաթային վերհուշ... Ընտանեկան թանկ հուշերն արթնանում են ծառերի, լույսի ու մութի, տարվա ամեն եղանակներին հետ: Տեսնում է հորը՝ Սուրբ գրքի վրա հակված, որին նմանեցնում էր Մալարմեին՝ բարություն, վեհություն և արիություն ճառագող մարդուն. «Զորն ասեմ, կամ զո՞րն խոստովանիմ. Զի անթիւ են ցաւք իմ եւ անբուժելի են վէրք իմ...»: Աստուծով տարված հայրը, կյանքի վերջին շրջանին, հեռացավ մարդկանցից: Բարձրանում էր՝ մոտենալու Աստծուն «որուն կը ձգտէր սրտով եւ մտքով»: Հոր պատգամը երբեք չմոռացավ Նիկողոսը. «Վար գացածին մի՛ նայէր, այլ վէր ելածին...»: Վէնսէնի անտառում «..հոգիս կը մնայ կիսուած՝ տղուն ու տարիքոտ մարդուն միջեւ»:

Գլխավոր լուսանկարում՝ աջից՝  Նիկողոս Սարաֆեանը Բրաբիոնի և Խաչիկ Թաշճեանի հետ

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter