HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Էմիլ Օրդուխանյանը

Մայիսի 27-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին։ Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից։

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով։ Այնուհետև, նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ «Քաղաքագիտություն՝ ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ:  2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Իշխանության և ընդդիմության քաղաքական խոսույթի վերլուծություն (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2009-2014թթ. աշխատել է ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես գիտական քարտուղար՝ 2010-2011թթ. լինելով նաև ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիա և քաղաքագիտություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար: 2014թ-ից եղել է ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2022թ-ից  ինստիտուտի տնօրենն է։

Էմիլ Օրդուխանյանը 9 մենագրության (6-ը՝ համահեղինակությամբ), 1 բառարանի, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի (1-ը՝ համահեղինակությամբ), ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներով տպագրվել են ՀՀ և արտասահմանյան գիտական հանդեսներում և պարբերականներում (որոնցից 8-ը ՄԳՇ-ում՝ որպես առաջին հեղինակ): 

 

2016թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի գիտական կոչում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: 2007թ-ից դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի  ֆրանսերենի ամբիոնում, 2012թ-ից նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում, 2023թ-ից՝ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնում: 2012-2022թթ. դասավանդել է Մխիթարյան Միաբանության երևանյան կրթահամալիրում, 2009-2010, 2011-2013, 2015-2016թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, ապա սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում։ 2019թ-ից Էմիլ Օրդուխանյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ է, սոցիալական գիտությունների և սերվիսի ֆալուկտետի խորհրդի, գիտական խորհրդի անդամ: 2012-2020թթ-ին նա դասախոսել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2012-2022թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ քաղաքագիտության, ապա միջազգային հարաբերությունների ամբիոններում:

Էմիլ Օրդուխանյանը 2015թ-ից ամերիկյան MPSA (Midwest Political Science Association) քաղաքագիտական ասոցիացիայի անդամ է, 2016-2021թթ. եղել է Միջազգային քաղաքագիտական ասոցիացիայի (IPSA) անդամ: 2017թ-ից Եվրոպական քաղաքացիական կրթության ցանցի (Networking European Citizenship Education) փորձագետ է, (Eastern European Network for Citizenship Education) Քաղաքացիական կրթության արևելաեվրոպական ցանցի անդամ։

2022թ-ին նա ընտրվել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդի անդամ: 2023թ-ից «The Politnomos: Journal of Political and Legal Studies» ակադեմիական անգլալեզու գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է: 

Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Նախատեսվում է աջակցման և խրախուսման մեխանիզմների ներդրում ՄԳՇ-ում ներառված միջազգային գիտական հանդեսներում տպագրությունների համար (WOS և Scopus), օժանդակման մեխանիզմների մշակում միջազգային գիտաժողովներին մասնակցության համար, արտասահմանում գործող հայազգի հասարակագետների տվյալների շտեմարանի կազմում, միջազգային անհատական և միջինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում: Նրա խոսքով՝ կարևոր է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Սփյուռքի գիտական ներուժի բացահայտումն ու ներգրավումը՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն: Նախատեսվում է ինստիտուտի ենթակառուցվածքային արդիականացում, նաև բրենդավորում՝ ինստիտուտի ձեռքբերումները հանրայնացնելու, հանրային ճանաչելիությունն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter