HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է «ՊՎԾ մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրեց ապրիլի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը մինչ այդ արժանացել էր Կառավարության, ապա նաև՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը: Այս մասին հաղորդում է Պետական վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը։

«Ծառայության ղեկավարն իր խոսքում ընդգծեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքի շուրջ 7 տարիների կիրարկման ընթացքում ի հայտ եկած բազմաբնույթ գործառնական և ընթացակարգային խնդիրների վերացման և վերահսկողական գործիքակազմերի հստակեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև՝ ՊՎԾ-ին վերապահված վերահսկողական լիազորություններն առավել արդյունավետ և համակարգված իրացնելու հրամայականով: 

Նախագծերի փաթեթը հիմնականում առնչվում է ներքոհիշյալ մի քանի առանցքային փոփոխություններին.

  1. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը Նախագծով փոխանցվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը. արդյունքում այդ լիազորությունն այսուհետ վերապահվելու է ՊՎԾ-ին: Ծառայության կազմում այդ նպատակով ձևավորվելու է մասնագիտացված նոր ստորաբաժանում, որը կկոչվի «Ֆինանսաբյուջետային հսկողության վարչություն»:
  2. Նախագծով առավել հստակեցվել են Ծառայությանը վերապահված երկու հիմնական վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը: Մասնավորապես՝ գործող Օրենքով մշտադիտարկումն ուսումնասիրության հետ փոխկապակցված միջանկյալ ինստիտուտ է, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կսահմանվի որպես առանձին վերահսկողական լիազորություն: Նախագծով հստակ տրված են վերահսկողության իրականացման՝ այս երկու գործիքակազմերի հստակ տարանջատումները, հասկացություններն ու բնորոշումները, ինչպես նաև Նախագծով սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները:
  3. Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Հետայսու ևս Ծառայության համար վերահսկողության օբյեկտ են շարունակելու հանդիսանալ պետական կառավարման համակարգի մարմինները և դրանց ենթակա հիմնարկները, իսկ Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված ինքնավար պետական այլ մարմիններն այլևս վերահսկողության օբյեկտ չեն հանդիսանալու: Նախագծով որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել նաև Վարչապետի աշխատակազմը (բացառապես պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության մասով), ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերը՝ պետական միջոցների կառավարման թե՛ արդյունավետության, և թե՛ օրինականության վերահսկողության առումով: Հատկանշական է, որ սույն Նախագծով Ծառայության վերահսկողության օբյեկտ են դարձել նաև Տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման՝ բացառապես օրինականության վերահսկողության նպատակով:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն իր ելույթում հատկապես կարեւորեց Ծառայության կողմից Տեղական ինքնակառավարման մարմիններում հետայսու վերահսկողություն իրականացնելու դրույթը։ Նա նշեց, որ թե՛ լիագումար նիստում, թե՛ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների ընթացքում հնչեցված հիմնական հարցադրումներից մեկն առնչվում էր համայնքների տրամադրվող դոտացիաների՝ ՊՎԾ վերահսկողությունից դուրս բերելու նպատակահարմարությանը՝ ի տարբերություն համայնքներին տրամադրվող պետական այլ միջոցների՝ սուբվենցիաների և սուբսիդիաների։ Ըստ զեկուցողի՝ նախագծում ներկայացված ձևակերպումներն ու սահմանումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ այս կարգավորումները չեն խաթարում ՏԻՄ-երի ինքնավարությունն ու անկախությունը։ Համայնքները շարունակելու են լիարժեք կերպով իրականացնել իրենց քաղաքական առաջնահերթությունների իրացումը, ինչպես նաև ֆինանսական միջոցների պլանավորումը և ծախսումը՝ համայնքի ղեկավարի և ավագանու հայեցողությամբ։

Օրենսդրական կարգավորումն ունի հստակ, իրավաչափ նպատակ, այն է՝ պետության կողմից ՏԻՄ-երին հատկացվող բոլոր ֆինանսական միջոցների կառավարման օրինականության ապահովում։ Սա միտված է՝ կանխարգելել այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են լատենտ կոռուպցիոն երևույթները, խտրականությունը հանրային գնումներում և ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսումները, որոնք վնասում են համայնքների ու պետության շահերին։ Ինչ վերաբերվում է տրամադրված ֆինանսական միջոցների շարժերի վերահսկողությանը, ապա այն գործնականում իրականացվելու է՝ հաշվի առնելով դրանց ծավալի մեծությունը և ֆինանսական հոսքերի՝ գանձապետական և բանկային հաշիվներից գործառնությունների հետագծելիությունը: 

Հատկանշական է նաև, որ թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Տեղական ինքնակառավարման եվրոպական Խարտիայի համաձայն և թե՛ ՏԻՄ մասին գործող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են գործադիր իշխանության լիազոր մարմնի որոշակի հսկողական գործառույթներ ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ, ինչի վերաբերյալ մանրամասն անդրադարձ է կատարվել ԱԺ նախորդ նիստում՝ առաջին ընթերցման ընթացքում: Ըստ այդմ՝ ՊՎԾ կողմից սահմանվող վերահսկողության գործառույթը ՏԻՄ-երում ուղղակիորեն փոխկապակցված է լիազոր մարմնի կողմից (այն է՝ ՏԿԵ նախարարությունը) Տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության գործառույթի հետ, ուստի այն աներկբայորեն ունի Սահմանադրական հիմք և որևէ կերպ չի հակասում Եվրոպական խարտիայի դրույթներին: Տվյալ դեպքում գործադիր իշխանությանը տրված է ՏԻՄ-երում հսկողություն իրականացնելու հստակ գործառույթ, որի հիման վրա էլ նախատեսվում է իրականացնել նաև պետական վերահսկողություն:  

Ծառայության ղեկավարը վստահություն հայտնեց, որ նախագծերի փաթեթի ընդունումը էականորեն կլավարկի այս ոլորտի իրավակարգավորումները, կնպաստի հանրային միջոցների պաշտպանվածությանն ու տրամադրվող պետական միջոցներից կատարվող ծախսերի արդյունավետության բարձրացմանը՝ ի շահ հանրության և մեր պետության։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Ռոմանոս Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter