
Շաքարային դիաբետ ունեցող երեխաների պետպատվերով դեղը փոխվել է․ առաջանում են ալերգիկ ռեակցիաներ
Պաշտոնական տվյալներով 2024թ. դրությամբ Հայաստանում հաշվառված է 0-18 տարեկան 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող 904 երեխա: Գերակշռում են 10-14 տարեկանները: Համեմատության համար նշենք, որ հանրապետությունում 0-14 տարեկան 623 հիվանդ է հաշվառվել, իսկ 15-18 տարեկան՝ 281 հիվանդ: Շաքարային դիաբետ ունեցող երեխաների թվով առաջին տեղում Երևանն է, իսկ մարզերից՝ Կոտայքը:
Կառավարության որոշմամբ՝ շաքարային դիաբետն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: Դեղերը հատկացնում է Առողջապահության նախարարությունը` եռամսյակային կտրվածքով՝ հիմք ընդունելով բժշկական հաստատությունների՝ նախարարությանը ներկայացրած եռամսյակային հաշվետվությունները:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողները պարբերաբար դժգոհություններ են հայտնում, որ պետության կողմից տրամադրվող արյան մեջ շաքարի մակարդակը չափող սարքերի թեստ-երիզները և դեղորայքը ժամանակին չեն տրվում կամ էլ բավարար քանակությամբ չեն լինում: Երբեմն էլ դրանց որակից են դժգոհում:
Շաքարային դիաբետ ունեցողի ծնող Ալինա Աղաջանյանն ասում է, որ այժմ երեխաները պետպատվերով նորմալ քանակությամբ են ստանում ինսուլին, սակայն, այդ դեղորայքին այլընտրանք չի առաջարկվում, և երեխաների մոտ ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում այդ տեսակը։
«Ինչ վերաբերում է արյան մեջ շաքարի մակարդակը չափող երիզներին, ապա ճիշտ է, դրանք տալիս են, թիվն ավելացրել են, բայց նախարարությունն աշխատում է քանակի վրա, այլ ոչ որակի։ Լավ կլինի, որ որակի վրա էլ աշխատեին, ճիշտ ցուցանիշներ ցույց չեն տալիս»,- ասում է Ալինա Աղաջանյանը։
Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2025թ. երկրորդ եռամսյակում հաշվառված, 0-18 տարիքային խմբի շուրջ 900-ից ավելի ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակի բարձրացման, ինչպես նաև բուժման արդյունավետության և նրանց առողջական վիճակի բարելավման նպատակով անվճար տրամադրվում են 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ինսուլինային ներարկիչներ` ըստ պահանջարկի:
Ծրագրի շրջանակներում 0-ից մինչև 18 տարեկան բուժառուներին նախարարությունը տրամադրում է արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ: 2025թ․ ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 600 հատ` նախկին 300 հատի փոխարեն:
Ըստ նախարարության ներկայացուցչի՝ ըստ պահանջարկի, անվճար տրամադրվում են «ասեղ-գրիչ ներարկիչների» ասեղներ: «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում անվճար տրամադրվում են դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության արտադրության ինսուլինային անալոգները: Ինչպես նաև Առողջապահության նախարարությունը 0-18 տարեկան բուժառուներին անվճար հատկացնում է «Գլյուկագոն» 1մգ դեղը: 2025թ. երկրորդ կիսամյակից տրամադրվող դեղի քանակները կավելացվեն:
Շաքարային դիաբետ ունեցող բուժառուները, որոնք ունեն որևէ սոցիալական կարգավիճակ, կարող են սպասարկող պոլիկլինիկայից անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալ նաև այլ դեղեր` հիմնական դեղերի ցանկին համապատասխան:
Ալինա Աղաջանյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ հաշմանդամության խումբ տրվում է գնահատելով անձի ֆունկցիոնալությունը։ Շատերը հաշմանդամ չեն ճանաչվել հենց այդ պատճառով։ Մինչդեռ, նույնիսկ 18 տարեկանը լրացած անձինք, եթե ունեն «բարձր շաքար», ստիպված են լինում տարվա ընթացքում մի քանի անգամ ստացիոնար բուժում ստանալ, ինչը վճարովի է և թանկ։
«Հատկապես, եթե երեխայի օրգանիզմն ացետոն է արտադրում, պարտադիր պետք է ստացիոնար բուժում ստանա։ Մինչդեռ ամեն անգամ պառկելը 200 հազ․ դրամից ավելի արժե, ոչ բոլոր ծնողները կարող են նման ծախսեր կատարել»,- ասում է Ալինա Աղաջանյանը։
Նախարարությունից հայտնում են նաև, որ շաքարային դիաբետով պացիենտները օգտվում են մարդասիրական օգնությամբ ստացված դեղերից: Առողջապահության նախարարությունը 2025թ. փետրվարի 19-ին ստացել է դանիական արտադրության դեղ, որը բաշխվել է քաղաքացիներին փետրվարի 21-ին` ըստ բժշկական ցուցումների:
2023թ.-ին ձեռք են բերվել «Ուլտրակարճ ազդեցության ինսուլինների անալոգներ (Հումալոգ), քանակը` 65 հազ. 600 հատ, ինչպես նաև երկարատև ազդեցության ինսուլինների անալոգներ (Աբասագլար), քանակը` 50 հազ. 200 հատ, արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և «Ջի Մեյթ» թեսթ-երիզներ՝ 822 հազ. 300 հատ, գլյուկոմետր` 1000 հատ: Ծրագրի ընդհանուր գումարը 2023թ. կազմել է 644 մլն դրամ: 2024թ.-ին նույն ապրանքները (այլ քանակությամբ և որոշ դեպքերում այլ արտադրության), ինչպես նաև հիպոգլիկեմիկ կոմաների համար ձեռք բերված «Գլյուկագոն» դեղը ձեռք են բերվել մոտ 658 մլն դրամով, իսկ 2025թ.-ին՝ 832 մլն դրամով:
2023-2025թթ. դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՄԼՆ Ֆարմ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր: Իսկ արյան փորձանմուշի վերցման նշտարները (թեստ-երիզներ՝ «Ջի Մեյթ») 2024թ․-ին ձեռք են բերվել «Կոնցեռն–Էներգոմաշ» ՓԲԸ-ից, 2025թ.-ին՝ «ՄԼՆ Ֆարմ» ՍՊԸ-ից:
Քաղաքացիներին անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաները տրամադրում են մրցույթում հաղթած դեղերը:
Անդրադառնալով որակական ցուցանիշներին՝ Մարինե Հարությունյանը ասում է, որ ներմուծման ժամանակ ներմուծող կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հետազոտվող դեղագործական արտադրանքի յուրաքանչյուր սերիայի որակի հավաստագիրը, փորձաքննության եզրակացությունը` ներմուծվող խմբաքանակի սերիայի, արտադրության և պիտանիության ժամկետների պարտադիր նշումով, տեղափոխման ընթացքի ջերմային ցուցիչի տվյալները՝ պահպանման ջերմային հատուկ պայմաններ պահանջող դեղերի համար, փաթեթավորման ցանկը (packing list)՝ սերիայի և քանակի պարտադիր նշումով:
Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը նշում է, թե Դանիայի Թագավորությունը Եվրամիության և դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմայի (PIC/S) անդամ երկիր է: ԵՄ անդամ բոլոր երկրների համար գործում են միասնական պատշաճ արտադրական գործունեության (GMP) համապատասխանության կանոններ: Բացի այդ, հաստատված է դեղերի ցանկ, այդ թվում՝ հակաշաքարախտային դեղերը, որոնց համար պարտադիր է կենտրոնացված գրանցումը Եվրոպայի դեղերի գործակալության կողմից՝ ապահովելով այդ դեղերի վերաբերյալ բոլոր տվյալների հրապարակայնությունը: ԵՄ-ում գոյություն ունեն ներեվրոպական կառույցներ, որոնք գնահատում են անդամ երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցների գործունեության որակի կառավարման համակարգը: Միաժամանակ, PIC/S-ն է պարբերաբար աուդիտի ենթարկում անդամ պետությունների իրավասու մարմինների գործունեությունը:
Ներմուծող կազմակերպությունը նախարարությանը տրամադրում է նաև ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված ներմուծվող դեղի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձաքննության եզրակացությունը:
Հասմիկ Մանուկյանի դուստրը շաքարային դիաբետ ունի։ Հասմիկը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունը մոտ մեկ ամիս է, ինչ թեստ-երիզներ է տրամադրում, դրանից առաջ՝ հունվարից, ընդհանրապես չեն ստացել։
Օրվա ընթացքում երբեմն 10 անգամից ավելի չափում են երեխայի արյան մեջ շաքարի մակարդակը։ Նորման ամեն անգամ ուտելուց առաջ չափելն է, սակայն լինում են դեպքեր, երբ երեխայի ինքնազգացողությունը վատ է, չափում են ավելի հաճախ։
Հասմիկ Մանուկյանը նշեց, որ նախարարության տրամադրած թեստ-երիզներով տատանումները շատ են լինում։ Օրինակ՝ այլ ֆիրմային արտադրանքներով իրար մոտ թվեր են ստացվում, իսկ պետպատվերով ստացածի դեպքում՝ էականորեն տարբեր։
«Ցանկացած թվի տատանում երեխաների համար կարող է ճակատագրական լինել։ Եվ նորմայից շատ բարձր և ցածր թվերը կարող են երեխայի կյանքի համար սպառնալիք լինել, ու լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ՝ ինչ կարող է լինել մեր երեխաների հետ»,- ասում է Հ․ Մանուկյանը։
Հասմիկը նշեց, որ դեղորայքը հաշվարկում է բժիշկը և պետպատվերի շրջանակում հատկացնում է եռամսյակային կտրվածքով։ Հասմիկի դուստրն ամեն օր ստանում է 5 միավոր դեղորայք, սակայն եթե ցուցանիշը բարձր է, դրանից ավելի է ստանում, որպեսզի կարգավորվի։
«Նախարարությունը թող մեր երեխաների կարիքները նորմալ հոգա, նոր հայտարարի, որ խնդիր չունեն։ Մեր երեխաների դեղերը փոխել են, երեխաների մի մասի մոտ ալերգիկ ռեակցիաներ են առաջանում, օրգանիզմը չի ընդունում, այլ եղանակներով կամ դեղերով կարգավորում ենք։ Երեխաները դրանից ավելի վատ են զգում, ագրեսիվ են դառնում։ Պատկերացրեք՝ օրը 5-6 անգամ ներարկում անեն ու այդքան էլ չափումներ։ Երեխաների մատներն ուղղակի ցանց են դարձել, ահավոր վիճակ է»,- ասում է Հասմիկ Մանուկյանը։
Ծնողի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունը գումար ծախսում է, սակայն չի խորհրդակցում ծնողների հետ, չեն պատկերացնում, թե իրականում ինչ է պետք շաքարային դիաբետ ունեցող երեխային։ Օրինակ՝ գումար ծախսում, գնում է ինսուլին, սակայն գնումն իրականացվում է մեկ ֆիրմայից, որի արտադրանքը շատ երեխաների օրգանիզմ չի ընդունում, իսկ այլընտրանք չկա։
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը «Հետքի» հետ զրուցում ասաց, որ այժմ Հայաստանում հաշվառված է «Տիպ 1» շաքարային դիաբետ ունեցող մոտ 950 երեխա, որից Շիրակի դիսպանսերում՝ 80, Արաբկիրում՝ 20, Հանրապետական դիսպանսերում (Մուրացան)՝ 850 (թվերը մոտավոր են): Նշում է մոտավոր թվեր, քանի որ օր օրի երեխաների թիվն աճում է, իսկ տարիքային շեմը՝ նվազում:
Տարբեր ծրագրերի շրջանակում «Կաթիլ» բարեգործական հիմնադրամն աշխատում է Հայաստանի «Տիպ 1» դիաբետ ունեցող բոլոր երեխաների և նրանց ընտանիքների հետ:
«Շահառուների հետ շփումն ամենօրյա գրաֆիկով է, ուստի նրանց կարիքի գնահատման մեր տեղեկացվածությունը և իրազեկվածությունը բարձր են»,- ասում է Կարինե Մխիթարյանը:
Անդրադառնալով պետպատվերով տրամադրվող թեստ-երիզներին և դեղորայքին՝ Կ. Մխիթարյանը նշեց, որ 2025թ. հունվարից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերը չի ստացել, հետևաբար և չի տրամադրել արյան մեջ գլյուկոզայի չափման թեստ-երիզներ՝ նախատեսված 0-18 տարեկան «Տիպ 1» դիաբետ ունեցող երեխաների համար: Իսկ դեղորայքը՝ ինսուլինը, տրամադրվել է քիչ քանակությամբ՝ ոչ եռամսյակային չափաբաժնով:
«Ապրիլի 28-ից տրամադրվում է «Ջի Մեյթ» թեստ-երիզներ, ոչ «Ակկու-Չեկ»: Տարիներ շարունակ թեստ-երիզներ օգտագործող երեխաների ծնողները պարբերաբար Առողջապահության նախարարություն ուղարկել են «Ջի Մեյթ» թեստ-երիզների որակի հետ կապված դժգոհություններ: Որոշ ծնողներ դժգոհում են նաև «ՆովոՆորդիսկի» ինսուլինի որակից: Շահառուների բոլոր դժգոհություններից տեղյակ են նաև բուժող բժիշկները՝ մանկական էնդոկրինոլոգները»,- ասում է Կարինե Մխիթարյանը:
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրենի փոխանցմամբ՝ 2025թ. հունվարից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի «Տիպ 1» դիաբետ ունեցող երեխաները չեն ստացել գլյուկագոն:
Նշենք, որ «Հետքը» շաքարային դիաբետ ունեցող երեխաների դեղորայքի և թեստ- երիզների որակին անդրադարձել էր նաև 2021թ․-ին: Այն ժամանակ ևս դժգոհություն էր առաջացել «Ջի Մեյթ» թեստ-երիզների որակից: 4 տարի անց իրավիճակը, կարծես թե, նույնն է։
Մեկնաբանել