
Ozempik-ը կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցմամբ. Արմեն Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով Ozempik դեղամիջոցի օգտագործման ռիսկերին։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Ozempik-ը պետք է օգտագործվի միայն բժշկական հսկողության ներքո` կողմնակի ազդեցությունները վերացնելու և հիվանդության ընթացքը վերահսկելու համար:
Եթե քաշի նվազման համար մտածում եք Ozempic-ի օգտագործման մասին, խորհրդակցեք ձեր բժշկի հետ` ձեր առողջության համար դրա պիտանիությունը գնահատելու և հնարավոր ռիսկերը քննարկելու համար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC) տվյալների համաձայն`ամերիկացի մեծահասակների մոտ 42%-ն ավելորդ քաշի ունի: Տարիների ընթացքում մարդիկ փորձել են բոլոր հնարավոր մեթոդներն ու դեղամիջոցները՝ փնտրելով քաշի կորստի իդեալական լուծում:
Ճարպակալումը հանրային առողջության ամենալուրջ խնդիրներից մեկն է, որի հետ բախվում ենք մեր օրերում: Այսօր դեղարդյունաբերության սրընթաց զարգացումը օրեցօր ստեղծում է տարբեր դյուրին միջոցներ խնդրի լուծման նպատակով: «Հերացի» վերլուծականի այս անդրադարձը թելադրված է մոդայիկ «հրաշք դեղամիջոցի» գնալով անվերահսկելի կիրառմամբ և նպատակ ունի բացահայտել դրա հնարավոր ռիսկերը և կանխել բարդությունները` ինքնուրույն կիրառման պարագայում: Ozempic-ի նման նոր դեղամիջոցները նոր հնարավորություններ են բացում, բայց նաև առաջացնում բարոյական, տնտեսական և առողջական խնդիրներ:
Օզեմպիկ դեղամիջոցը, որը հաճախ գովազդվում է որպես «հրաշք դեղամիջոց», մշակվել է Բագսվերդում տեղակայված միջազգային Novo Nordisk ընկերության կողմից՝ շաքարային դիաբետի բուժման համար: Դրա ակտիվ բաղադրիչ սեմագլուտիդը, ինչպես ինսուլինը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Կողմնակի ազդեցությունը, որն արագորեն գայթակղել է շատերին, այն է, որ այն առաջացնում է ախորժակի կորուստ և երկարացնում է հագեցվածության զգացումը: Պացիենտները երկար ժամանակ քաղց չեն զգում. արդյունքում նրանք ավելի քիչ են ուտում և կորցնում մարմնի քաշը:
Ավելորդ քաշը կորցնելը միայն կյանքի որակի բարելավում չի նշանակում։ Ճարպակալումը ոչ միայն քննադատողական վերաբերմունք է առաջացնում, այլև ունի լուրջ առողջական հետևանքներ: Պրոֆեսոր Հուսենսը բացատրում է, որ գիրության հետևանքները շատ լուրջ են: «Ճարպակալումը պատասխանատու է բազմաթիվ բարդությունների և քրոնիկ հիվանդությունների համար, ներառյալ երիկամների, լյարդի, շնչուղիների և սրտանոթային համակարգի հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, արթրիտը, քաղցկեղը, ինչպես նաև դեմենցիան»: Այն նաև կապված է հոգեկան խնդիրերի հետ, ինչպիսիք են դեպրեսիան:
ԱՄՆ-ում այս դեղամիջոցը, որի ձեռքբերման ծախսերը փոխհատուցվում են ապահովագրական ընկերությունների կողմից, արդեն իսկ քանակական առումով խնդիրներ է առաջացրել իրականում շաքարային դիաբետի բուժման կարիք ունեցող պացիենտների համար` դրանք ձեռք բերելու հետ կապված:
Հատկանշական է, որ տվյալ դեղորայքի հանդեպ ուշադրությունն ավելացել է որոշ հայտնի մարդկանց` դրա օգտագործումը վերագրելուց հետո (Իլոն Մասկ, Քիմ Քարդաշյան), իսկ դանիական Novo Nordisk ընկերությունը 2023թ.-ի դեկտեմբերից դադարեցրել էր դեղամիջոցի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: Միայն 2022թ.-ին Ռուսաստանի դեղատնային սեգմենտում վաճառքի ծավալները գերազանցել են 2 միլիարդ ռուբլին, իսկ դա այն դեպքում, երբ ՌԴ-ում հաշվառված շաքարային դիբետ ունեցող 5 միլիոն մարդուց միայն 25.000-ն է այս դեղամիջոցը ստանում բուժման նպատակով:
Քաշի կորստի համար Ozempic-ի օգտագործման առավելությունները`
1. Ախորժակի ճնշում: Ozempic-ը նվազեցնում է քաղցը, ինչը հեշտացնում է ավելի քիչ կալորիաների ընդունումը:
2. Քաշի զգալի կորստի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ շարունակական օգտագործման դեպքում այն նվազեցնում է մարմնի քաշը 10-15%-ով:
3. Բարելավում է նյութափոխանակությունը:
• Բարելավվում է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը:
• Խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի իջեցմանն է նպաստում:
4. Ախորժակի բացակայությունը` ըստ շատ օգտվողների կարծիքների` բարձր կալորիականությամբ կամ քաղցր սննդի նկատմամբ ցանկությունը նվազումն է:
5. Երկարաժամկետ ազդեցություն. ապրելակերպի փոփոխություններով, քաշի կորստի հետևանքները կարող են պահպանվել:
Ռիսկերը և կողմնակի ազդեցությունները
1. Ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ:
• Սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն:
• Ստամոքսում անհանգստության զգացում:
2. Ենթաստամոքսային գեղձի բորբոքման հավանական ռիսկ կա, հատկապես պանկրեատիտի պատմություն ունեցող անձանց մոտ:
3. Որոշ պացիենտների մոտ դա կարող է մեծացնել վահանաձև գեղձի ուռուցքների զարգացման ռիսկը (ինչպես նկատվել է կենդանիների վրա ուսումնասիրություններում):
4. Հիպոգլիկեմիա: Ռիսկը մեծանում է, երբ զուգորդվում է շաքարային դիաբետի այլ դեղամիջոցների հետ:
5. Քաշի կորուստ: Քաշի արագ կորուստը կարող է հանգեցնել ճարպի հետ միասին մկանային հյուսվածքի նվազմանը:
6. Երկարատև ապահովություն: Ozempic-ի երկարաժամկետ ազդեցությունը քաշի կորստի վրա այն մարդկանց մոտ, ովքեր չունեն շաքարային դիաբետ, դեռ ուսումնասիրվում են և հաստատված չէ, որ այն կիրառելուց և դադարեցնելուց հետո պացիենտը նորից ավելորդ քաշ չի հավաքի:
Ո՞վ պետք է ընդունի Ozempik-ը նիհարելու համար:
Ozempic-ը հաստատված է որոշակի պայմաններում նիհարելու համար:
• Մարմնի զանգվածի ինդեքս (BMI) ≥27 քաշի հետ կապված առողջական խնդիրների համար (օրինակ՝ հիպերտոնիա, բարձր խոլեստերին):
• Մարմնի զանգվածի ինդեքս (BMI)≥30 առանց առողջության հետ կապված այլ խնդիրների:
Խորհուրդ չի տրվում:
• Հղի կամ կրծքով կերակրող կանանց:
• Նրանք, ովքեր անամնեզում ունեն քաղցկեղի որոշ տեսակների պատմություն (օրինակ՝ վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ):
• Ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսին է գաստրոպարեզը»:
Մեկնաբանել