
Մազմանյանի հուշերը աքսորից. ճարտարապետի օրագիրը
Արևային Երևանից բևեռային Նորիլսկ աքսորված ճարտարապետ Միքայել Մազմանյանը համարվում է 20-րդ դարի հայկական ճարտարապետության նորարարական դպրոցի հիմնադիրներից։ Նրա կյանքը բուռն վերելքների և ծանր վայրէջքների պատմություն է։ Քսանականների ստեղծագործ, առաջադիմական հաջողությունների շրջանից մինչև երեսունականների բռնաճնշում և աքսոր դեպի բևեռային Նորիլսկ, տասնութ տարի աքսորից հետո էլ վերադարձ ստեղծագործական բուռն աշխատանքի։
1930-ական թթ․ ստալինյան ռեպրեսիաների շրջանն էր, հազարավոր մարդիկ, առաջավոր մտավորականներ կեղծ մեղադրանքներով աքսորվում էին կամ մահապատժի էին ենթարկվում։
1937թ.-ին ձերբակալված ճարտարապետ Միքայել Մազմանյանը ոչ միայն դիմակայել է ծանր ֆիզիկական և հոգեկան պայմաններին, այլև աքսորի ընթացքում ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։
Աքսորում Մազմանյանը գրում էր ոչ միայն նամակներ՝ կարոտով սպասող ընտանիքին, այլև բանաստեղծություններ և պատմվածքներ։ Դրանք արժեքավոր գրական վկայություններ են, որոնք ամենադիպուկն են արտահայտում ծանր պայմաններում ստեղծագործ մարդու դիմակայելու կամքը, կարոտը և լավատեսությունը։
Դուրսը փչում է պուրգան,
Ես երգում եմ ջան գյուլում,
Բուք է, ձյուն է, ուրագան,
Ես երգում եմ ջան գյուլում:
Մութը պատել է դեմս,
Բայց հեռացած օրերս
Ասում եմ՝ նորից կգան
Ու երգում եմ ջան գյուլում։
1939թ․ Նորիլսկ
Մազմանյանը, ինչպես իր գծանկարներում, այնպես էլ տեքստերում պատմում է այնքան իրական ու կենդանի, որ ընթերցողին տալիս է ներկայության զգացողություն։
Ներկայացնում ենք ճարտարապետի «Ժամկետից շուտ» պատմվածքը, որը գրել է աքսորի տարիներին։
ժամկետից շուտ
«Արկտիկայի անսովոր օրերից մեկն էր, աղջամուղջ: Ձյունը ծուլորեն իջնում էր պահակատան կտուրին, փշալարերի վրա:
Հեռվում հազիվ էր նշմարվում աշտարակը, ուր արթուն հսկում էր ճամբարի պահակը: Ամեն ինչ ձուլվել էր իրար, երկինքն ու
երկիրը կարելի էր գլխի վրա շուռ տալ և նույնը կլիներ արտաքուստ, կապտագույն, սառած:
Լուսասյուները անհույզ շարունակվում էին ուղղահայաց դեպի վեր:
Ճամբարի դարպասների առջև ներսից կանգնած էր սահնակը բեռնված փայտացած դիակներով: Ցցվել էին ոտքեր ձգված
մատներով, գլուխ երկու օտար ոտքերի միջև սեղմված: Սահնակը ասես անտառից նոր էր վերադարձել կարծրացած փայտերի
կույտով:
Ձյունը անտարբեր նստում էր սրված քթերին, վզին, ոտքերին, որոնք դուրս էին ցցվում բրեզենտի տակից, ասես վերջին
հայացք նետելու ճամբարի վրա:
Պահակը մի կողմ քաշեց բրեզենտը ու սկսեց համարել ննջեցյալներին իբրև պահեստից դուրս գրվող իրերի: Մեկը
պակասում էր: Չի՞ փախել արդյոք: Նորից հաշվեցին սահնակապանի հետ միասին յուրաքանչյուրի անունը, հայրանունը և
ազգանունը մի առ մի հիշատակելով, նաև ծննդյան թիվը: Կին, տղամարդ, անհույզ իրար կողքի պառկած:
Ոտքով հրեց մեկի գլուխը, որ կպչելով հարևանի ոտքին անախորժ ճթաց: Տակից դուրս եկավ 16 տարեկան մի աղջիկ:
Ձևակերպվեց հանձնման ակտը, երկուսի ստորագրություններով վավերացվեց: Դարպասները բացվեցին: Հարվածեցին
ձիերին ու սահնակը ճռնչալով շարժվեց առաջ: Իննը հոգի ազատվեցին ժամկետից շուտ: Առանց ազգի, սեռի, կաշվի գույնի
խտրության:
Օրեկան մեռնում էին այլևայն պատճառներից 12-15 մարդ: Նորմաների համաձայն համարվում էր ընդունելի և ճամբարի
պետը հատուկ ընդգծում էր դա իր ելույթներում: Ամեն առավոտ բանտարկյալներին աշխատանքի ուղարկելուց հետո
կատարվում էր այդ օպերացիան»:
Առաջիկայում «Հետքը» կներկայացնի Միքայել Մազմանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։
Կարդացեք նաև՝
- Թորամանյանը՝ Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը
- Թումանյանը՝ Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը
- Չարենցը՝ Միքայել Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը
Արխիվային նյութերը տրամադրել է
Մազմանյանի թոռնուհին՝ Լիլիթ Տեր-Մինասյանը։
Մեկնաբանել