HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների հաշվին է 5.2% տնտեսական աճ գրանցվել առաջին եռամսյակում

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է շուրջ 2 տրլն 118 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՆԱ-ի հավելածը կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը, 5.2% է։

Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ առևտուրը, ծառայություններն ու շինարարությունը աճում են համեմատաբար բարձր տեմպերով։ Աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։ Իսկ արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել։

Մասնավորապես, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 14%:

Առևտրի ու ծառայությունների ծավալն աճել է 9.3%-ով, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 8.1%-ով։

Արդյունաբերության ոլորտում առաջին եռամսյակում 12.4% անկում է գրանցվել։ Այս անկումը հիմնականում բացատրվում է հիմնական մետաղների արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ։

Հայաստանից ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանման համատեքստում 2023-2024 թվականի կեսերին Ռուսաստանից Հայաստան ներմուծվող և հետագայում հիմնականում ԱՄԷ վերաարտահանվող ոսկերչական իրերի մի մասը արտացոլվում էին Հայաստանի արդյունաբերության մեջ՝ որպես Հայաստանում որոշակի մշակման ենթարկվող ապրանքներ։

Երբ վերաարտահանումները կտրուկ կրճատվեցին, Հայաստանի արդյունաբերության ոլորտում անկում արձանագրվեց։

Կրճատվել է նաև խմիչքների արտադրությունը, հանքարդյունաբերությունը և այլն։

Աճին նպաստում են առևտուրն ու ծառայությունները

Վիճակագրական կոմիտեն եռամսյակային կտրվածքով ներկայացնում է նաև, թե գրանցված  տնտեսական աճին ոլորտներից յուրաքանչյուրը որքանով է նպաստել։

Այսպես, առևտուրն ու ծառայությունները 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 5.2% հավելաճին նպաստել են 6.42 տոկոսային կետով։

Այսինքն՝ միայն առևտրի ու ծառայությունների հաշվին տնտեսական աճն ավելի մեծ կլիներ, եթե չլինեին աճը զսպող ոլորտներ։ Այս դեպքում արդյունաբերությունն է, որն առաջին եռամսյակում 2.2 տոկոսային կետով զսպել է տնտեսական աճը, այլ կերպ ասած՝ բացասաբար է ազդել։

Շինարարության նպաստման չափը տնտեսական աճին կազմել է 0.52 տոկոսային կետ, իսկ գյուղատնտեսությանը՝ 0.28 տոկոսային կետ:

ՀՆԱ-ի հաշվարկներում ներառվում են նաև արտադրանքի հարկերը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter