HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճարեք 20 մլն դրամ եւ ծառայեք մեկ ամիս. փոփոխությունների առաջարկ զինծառայության մասին օրենքում

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել է 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ Զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն:

Մինչև 16 տարին լրանալը, զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ: Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման: Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ: Հավելեմ նաև, որ նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին է, և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նախարարական կոմիտեով: Ըստ այդմ՝ ձևակերպվել է հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում 18 մլն դրամ:

Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:

Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանն, ըստ էության, համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովում: Հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է և անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»,-Կառավարության մայիսի 22-ի նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում Կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի, որը նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման, շատ զգայուն և էական փոփոխությունների պարագայում:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ, մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը:

Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին Կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասն առկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված: Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո, կստանա նաև 5 մլն դրամ պարգևավճար: Եվ այստեղից էլ այս թվերը. խոսքը վերաբերում է 18 և 24 մլն դրամ Կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 մլն դրամ պարգևավճարը, որն ստանձնել է Կառավարությունը:

Բայց ինչպես նշեցիք՝ ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը դեռ պիտի սահմանի Կառավարությունը: Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից: Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»:

Տիգրան Խաչատրյանը հավելել է. «Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես Դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են տարկետման այդպիսի իրավունքներ: Եվ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջությամբ մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ և այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու Ձեր կողմից նշված ձևաչափերով»:

Լուսանկարում՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը/gov.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter