
Ճարտարապետությունը` որպես մարդու երրորդ մաշկ. Ֆրիդենսրայխ Հունդերտվասեր
Դասական երաժշտության հայրենիք Վիեննայում ճարտարապետության մեջ էլ դասականն է իշխում։ Անցնելով գոթական տաճարներով, բարոկկո շենքերով` ենթարկվում ես նրանց ռիթմին, տեմպին, զգում հարմոնիան, մինչև որ հասնում ես Կեգելգասսե փողոցի վրա գտնվող Hundertwasserhaus: Շենքը կարծես կենդանի բողոքի ակցիա լինի բացարձակ համաչափությանն ու հաշվարկներին, բնությունից կտրված լինելու դեմ։ Այստեղ ամեն ինչ անհարթ ու թեք է։ Պատուհաններից ոչ մեկը մյուսին հավասար չէ, ու ներկված են կարծես մանկական գունավոր մատիտներով։ Տանիքներից և պատուհաններից դուրս եկող ծառերը և թփերը ջունգլիներ են հիշեցնում։ Այն ունի 52 բնակարան, որի բնակիչները վաղուց սովոր են հիացական դեմքերով տուրիստների ներկայությանը շքամուտքում։
«Եթե ճարտարապետությունը չի արտահայտում մարդու ազատությունը, այն բռնություն է»,- այսպես էր ասում 1985 թ.-ին կառուցված շենքի հեղինակ, նկարիչ, ճարտարապետ, բնապահպան Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը։
Հունդերտվասերը կարծում էր, որ ուղիղ գծերն ու համաչափությունը խաթարում են մարդու ու բնության ներդաշնակությունը: Նա պայքարում էր գորշ քաղաքային կառուցապատման դեմ՝ պնդելով, որ շենքերը պետք է լինեն «կենդանի»՝ ծառերով, բույսերով և անհատական ձևերով։ Երբ սկսում ենք ապրել ստանդարտներով, հոգին կորչում է։ Մարդը չի կարող լինել մարդ, եթե չունի հնարավորություն` ձևավորելու իր միջավայրը։ Հունդերտվասերի մահից հետո (2000թ.) այս շենքը նրա անունն է կրում` Hundertwasserhaus (Հունդերտվասերի տուն)։
Մյունխենում 1968 թվականին` արվեստի սիմպոզիումի ժամանակ, Հունդերտվասերն առաջին անգամ ներկայացրեց իր «Երեք մաշկի» գաղափարը։ Ելույթը կոչվում էր «Մարդու իրավունքներն իր երրորդ մաշկի նկատմամբ» (Die rechte des Menschen auf die dritte Haut)։
Ըստ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի` մարդն ունի երեք «մաշկ», որոնց միջոցով նա ապրում, շփվում ու զարգանում է։ Առաջին մաշկը մարդու իրական մաշկն է (մարմինը), ամենամոտ շփումն է աշխարհի հետ։ Երկրորդ մաշկը հագուստն է` մարդու սոցիալական ինքնարտահայտման ձևը, դիմակը։ Երրորդը ճարտարապետությունն է։ Ելույթի ամենահետաքրքիր ու հեղափոխական մասը. Հունդերտվասերի կարծիքով՝ մեր տունը կամ բնակարանը մեր երրորդ մաշկն են: Այն տարածք է, որտեղ մարդը պետք է իրավունք ունենա ստեղծագործելու, փոխելու, ձևավորելու, ինչպես իր մարմինը կամ հագուստը։ Եթե մարդուն զրկում են իրավունքից՝ ընտրելու իր տան ձևը կամ միջավայրը, դա համարժեք է նրան մաշկից զրկելուն։ Էքսցենտրիկ Հունդերտվասերը, որպես բողոքի ակցիա, սիմպոզիումին ներկայացել է միայն իր առաջին «մաշկով»՝ մերկ։
Մեկնաբանել