
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Ստամբուլում ավարտվել են ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները։ Այդ մասին հայտնում են TACC-ը և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
РИА Новости-ն էլ գրում է, որ հանդիպումը տևել է գրեթե երկու ժամ։
Միևնույն ժամանակ Интерфакс-ի աղբյուրն էլ հաղորդում է, որ կողմերը բանակցություններում միայն «դադար» են վերցրել։
Բանակցությունների մանրամասները դեռևս հայտնի չեն։ Reuters գործակալությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտական իր աղբյուրին, գրել էր, որ Ռուսաստանն առաջ է քաշում անիրատեսական պահանջներ, որոնք հեռու են այն ամենից, ինչ քննարկվել էր ավելի վաղ։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի տվյալներով՝ ռուսական կողմը հրադադարի դիմաց պահանջում է Ուկրաինայի որոշ շրջաններից ուկրաինական զորքերը դուրսբերել։ Խոսքը գնում է ուկրաինական այն տարածքների մասին, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում են ՌԴ զորքերի վերահսկողության ներքո։ Ավելի ուշ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հավելել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ-ն հրաժարվել է 30-օրյա հրադադարի առաջարկից։
Ռուս-ուկրաինական այս ուղիղ բանակցություններն առաջինն էին 2022 թվականի գարնանից ի վեր։ Դրա առաջարկն արել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ռուսական պատվիրակության ղեկավար էր նշանակել իր օգնական Վլադիմիր Մեդինսկիին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ պահանջում էր, որ ստամբուլյան բանակցություններին անձամբ մասնակցի Պուտինը։ Արդյունքում, ուկրաինական պատվիրակությունը ղեկավարեց պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ի սկզբանե նշվում էր, որ բանակցությունները կկայանան եռակողմ ձևաչափով՝ Թուրքիայի նախագահությամբ, սակայն ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ թուրքական կողմը կլքի բանակցությունների սրահը՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ողջույնի խոսքից հետո։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ այս կետը վերջին պահին է մտցվել օրակարգ, ինչն ուկրաինական կողմը գնահատել է որպես «խաղաղության գործընթացի տապալման փորձ»։ Ուկրաինացիները հավելել են, որ ի սկզբանե ռուսական կողմը դեմ է եղել բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը։
Մինչ այս պահն այդպես էլ հայտնի չէ, թե արդյոք թուրքական կողմը մասնակցել է բանակցություններին, թե դրանք եղել են ռուս-ուկրաինական երկկողմ բանակցություններ։
Լուսանկարը՝ Arda Kucukkaya/Anadolu/Getty Images
Մեկնաբանել