HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան

Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։

Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։

Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում:

Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։

7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։

Սակայն 2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բացառությամբ մայիսի 13-ին նշանակվածը։

Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նիստը հետաձգվել է մեղադրյալներից Մարիաննա Հակոբջանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Նա պետք է հարցաքննվեր այդ օրը, սակայն 28 շաբաթական հղի է և Երևանում է գտնվում։

Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով իր անչափահաս երեխաներին բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ Նաիրի Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2016թ.), Նարե Դավիթի Ղալումյանին (ծնված 2014թ.), Նարեկ Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2011թ.), Նիկ Էդգարի Անտոնյանին (ծնված՝ 2018թ.) և եղբոր անչափահաս որդիների՝ հանգուցյալ Սերգեյ Հակոբջանյանի (ծնված 2014թ․), Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանի (ծնված՝ 2016թ․) մարմնի տարբեր մասերին։

Սամվել Հակոբջանյանն արգելանքի տակ է եղել 4 ամիս, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մարիաննա Հակոբջանյանը արգելանքի տակ է գտնվել 10 ամիս, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տավուշի դատարանից տեղեկացնում են, որ Սամվել Հակոբջանյանն առողջական խնդիրներ ունի և շատ հաճախ չի ներկայանում դատական նիստերին։ Դատաքննությունը տեղի է ունենում Դիլիջանի դատարանում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց մասնակցությունը, բայց միշտ չէ, որ հաջողվում է։ 

Այսինքն, 2,2 տարի դատաքննություն է ընթանում, բայց մեղադրյալներին դեռևս չեն հարցաքննել։ Շուտով նաև Մ․ Հակոբջանյանի ծննդաբերելը դատական նիստերին չներկայանալու պատճառ կդառնա։ 

Մեղադրյալ Սամվել Հակոբջանյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանը, լրագրողներին հայտնել էր, որ Ս․ Հակոբջանյանը 1972թ․-ից հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։

Դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, նույնպես հոգեկան առողջության խնդիրներ ունի, նա իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվել է ծնողների տանը։ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը մեր նախորդ հրապարակման առիթով տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննության փուլում, ըստ անհրաժեշտության, նրան ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց կնախաձեռնվի։

Հիշեցնենք, որ չնայած մայրն ու երեխաները հոգեկան առողջության խնդիրներ ունեն, սակայն Աշխատանքի և սոցիալական ապահովության (ԱՍՀ) նախարարությունում երեխաները կենտրոնացված հաշվառման էին վերցվել միայն ողբերգական դեպքից հետո՝ 2020թ․ սեպտեմբերի 2-ին։ ԱՍՀ նախարարության միջնորդությամբ երեխաները հիվանդանոցից տեղափոխվեցին մանկան խնամքի հաստատություններ։ Մ․ Հակոբջանյանի երեխաներից երեքը՝ Ղալումյան ազգանունը կրող 2 տղան և աղջիկը, տեղափոխվեցին «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։

Քանի որ այստեղ երեք տարեկանից բարձր երեխաների խնամքն է կազմակերպվում, երկու փոքրերին տեղավորել էին «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում։ Այնուհետև ՊՈԱԿ-ը երկու երեխաներին հանձնել էր Սյունիքի մարզում բնակվող խնամատար ընտանիքի, սակայն կարճ ժամանակ հետո խնամատար ընտանիքը դադարեցրել էր խնամքը։ Անտոնյան եղբայրները նույնպես տեղափոխվել էին «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։

Ահա այս իրավիճակում, երբ Մ․ Հակոբջանյանի 5 երեխաները հանձնված են «ՍՈՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի խնամքին, նա շուտով նորին է լույս աշխարհ բերելու։

Այդ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան զեկույցում վերլուծվել են ողբերգական դեպքի մանրամասները և դրան հանգեցնող պատճառները։ «Բոլոր փաստարկները խոսում են այն մասին, որ Հակոբջանյանների ընտանիքը պետք է համայնքապետարանի և մարզպետարանի հատուկ հոգածության և ուշադրություն ներքո գտնվեր, քանի որ այդ ընտանիքում 7 անչափահաս երեխա կար»,- ասվում է զեկույցում։ 

Զեկույցում արձանագրվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինները, այդ թվում՝ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները (ԽՀՄ), յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, պարտավոր են իրականացնել ուսումնասիրություններ և ձեռնարկել շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաների իրավունքների հնարավոր խախտումները բացառելու, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հայտնաբերելու և նրանց մշտապես պատշաճ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Լուսանկարը՝ էկրանակադր «Ազատության» տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter