
«Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում
Մայիսի 10, 2025 թ․, Լոս Անջելես, Կալիֆորնիա․ Մայիսի 6-7-ը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում տեղի ունեցան Մարդասիրության թեմայով կոնֆերանսը եւ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը։ «Ավրորայի» 10-ամյակի միջոցառումների շրջանակում երկօրյա այս հավաքի ընթացքում մասնակիցները՝ մերօրյա հերոսները, մարդու իրավունքների պաշտպանները, փորձագետները, ընդգծեցին համընդհանուր համերաշխության խիստ անհրաժեշտությունը՝ համարձակ եւ համատեղ քայլեր ձեռնարկելու` ամենահրատապ մարտահրավերները հաղթահարելու համար։
«Մենք ապրում ենք «բազմակի ճգնաժամերի» դարաշրջանում, մի աշխարհում, որը խիստ բաժանված է ցանկացած հարցում՝ մատակարարման շղթաներից մինչեւ տնտեսություն եւ քաղաքականություն»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Հարցն այն է, թե պատրա՞ստ ենք այլ կերպ մտածելու այն դարաշրջանի մասին, որում ապրում ենք։ Պատրա՞ստ ենք ստեղծելու նոր չափանիշներ, որտեղ մենք առաջնահերթություն կտանք մարդկայնությանը, ինչպես ամեն օր անում են «Ավրորայի» հերոսները»:
Մարդասիրության թեմայով կոնֆերանսը միավորեց աշխարհի տարբեր անկյուններից եկած ավելի քան 50 մերօրյա հերոսների՝ քննարկելու, թե ինչպես հաղթահարել ամենօրյա մարտահրավերները, որոնց բախվում են իրենց համայնքներում գործունեություն ծավալելիս։ 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն էր, անցկացվեց «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրով։ Մասնակիցներ էին ժամանել ավելի քան 30 երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Պակիստանից, Կոլումբիայից, Նիգերիայից, Իրաքից, Ֆրանսիայից, Հարավային Աֆրիկայից, Մավրիտանիայից եւ Արգենտինայից: Այս միջոցառումներն իրական հարթակ դարձան մարդկային արժանապատվությունը, արդարությունը եւ կայուն խաղաղությունը խթանելու համար։
«Կարծում եմ՝ աշխարհում գոյություն ունեցող տառապանքը կարող է մշտապես հուսախաբ անել, եթե թույլ տանք»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը։ «Դուք բոլորդ անհատապես ներկայացնում եք տարբեր գործեր եւ նախաձեռնություններ՝ կատարելով նշանակալից աշխատանք առանց որեւէ իրական ճանաչման։ Մեր ծափահարությունները ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար։ Դուք ոգեշնչում եք ինձ»։
Կոնֆերանսը եւ ֆորումը նպաստեցին գործնական, միջոլորտային ռազմավարությունների մշակմանը՝ կապելով մարդասիրական հրատապ արձագանքը մարդու իրավունքների, կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության եւ երկարաժամկետ պարտավորությունների հետ, միաժամանակ համախմբելով նաեւ երիտասարդ սերնդի ակտիվիստներին:
Հարցին, թե ինչպես է արձագանքում արտաքին օգնության ոլորտում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Լեյմա Գբովեն պատասխանեց. «Այս իրավիճակն իմ իրականությունն է։ Միշտ էլ քաոս է տիրում։ Երբեք ֆինանսական կայունություն չի եղել։ 30 տարվա ընթացքում մի պայքարը հաջորդել է մյուսին։ Միակ բանը, որ ինձ օգնել է շարունակել առաջ շարժվել, իմ համայնքն է»։
Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քոմֆորթ Էրոն ներկայացրեց դիմադրության սուդանցի մարտիկների մի խմբի օրինակ, որոնք որոշել էին շտապ օգնության բաժանմունքի վերածվել դաժանության եւ մարդասիրական շրջափակման պայմաններում։
«Այն, որ այսչափ բռնության, սարսափի եւ ցավի պայմաններում մարդիկ կարողանում են վերափոխվել եւ համագործակցել տարբեր ոլորտներում... դա է ինձ հույս ներշնչում, որ մարդկությունն ունակ է լինել նորարար անգամ այն պահին, երբ պատին են դեմ տվել»,- ասաց Քամֆորթ Էրոն։
Ֆորումի շրջանակում հանդես եկան բազմաթիվ հեղինակավոր բանախոսներ՝ անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվում են մարդասիրական ոլորտի ներկայացուցիչներն այսօր։ Մարդասիրության թեմայով կոնֆերանսը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն անցկացվեցին «Ավրորայի» 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Որպես շարունակություն՝ սեպտեմբերին Նյու Յորքում կհայտարարվեն 2025 թ․ «Ավրորայի» հերոսների անունները, իսկ նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կկայանա՝ «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը։
Մեկնաբանել