HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիների» վկայականի գործողությունը կասեցվել է

Քաղավիացիայի կոմիտեն մայիսի 6-ին կասեցրել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը:

ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն փոխադրումներ կատարել:

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր:

Ինչպես արդեն գրել ենք, «Հայկական ավիաուղիները» մինչեւ վերջերս ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:

EK-AAD-ն Հայաստան էր տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում, սակայն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է դրա նոր շահագործողը՝ թուրքական Southwind Airlines-ը: Վերջինիս ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: 

Ինչ վերաբերում է EK-AAB-ին, ապա այն 2023-ի ապրիլին էր Հայաստան տեղափոխվել ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ինքնաթիռը, սակայն, այս տարվա հունվարից կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից էլ մարտի 25-ին թռել է Ստամբուլ, ապա գրանցվել վերոնշյալ Southwind Airlines-ի շարժակազմում որպես TC-GRG:

Հիմնվելով այն փաստի վրա, որ ներկա պահին «Հայկական ավիաուղիները» չունի թռիչքների համար պիտանի թեկուզ մեկ օդանավ կամ դրա վարձակալության (ենթավարձակալության) մասին պայմանագիր կամ գոնե մտադրությունների հուշագիր՝ Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) մայիսի 6-ին կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը 6 ամսով՝ մինչեւ նոյեմբերի 6-ը (գործող օրենսդրությամբ՝ 6 ամիսը կասեցման համար առավելագույն ժամկետն է):

Այս ընթացքում հայկական փոխադրողը պետք է բավարարի նշված պահանջը՝ կա՛մ որեւէ կերպ օդանավ ձեռք բերի, կա՛մ գոնե այդ մասին մտադրությունների հուշագիր ստորագրի: Հակառակ պարագայում 6 ամիս անց՝ նոյեմբերին, ՔԱԿ-ը նրան կզրկի ՕՇՎ-ից: Նկատենք, որ «Հայկական ավիաուղիների» ներկա ՕՇՎ-ն վավերական է մինչեւ 2040 թ. հոկտեմբերի 2-ը:  

Հիշեցնենք նաեւ, որ ընկերությունը մարտի 17-ին հայտարարել էր, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները: Առայժմ նոր օդանավերի եւ թռիչքների վերականգնման մասին հրապարակային ինֆորմացիա չկա: 

Լուսանկարում՝ EK-AAD-ն՝ Բելգրադում, 19.12.2024, հեղ.՝ Դեյան Միլինկովիչ, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter