
Արարատյան ջրավազանային էկոհամակարգային ծառայությունները գնահատվել են 105 մլրդ դրամ
Արարատյան ջրավազանի ջուրն ազգային տնտեսությանը տալիս է տարեկան ավելի քան 105 միլիարդ դրամի (273 միլիոն ԱՄՆ դոլար) օգուտ։
Անտառներն ու պահպանվող տարածքները կարևոր են Արարատյան ջրավազանի հիմնական հոսքի պահպանման համար, և առանց ռազմավարական ներդրումների՝ Հայաստանի որոշ հատվածներում դարի վերջին ջրի ելքը կարող է նվազել 18%-ով։
Այս եզրահանգումներն են արել Սթենֆորդի համալսարանի և հայ գիտնականները, որոնք անցյալ տարի համատեղ ուսումնասիրություն են անցկացրել և գնահատել Արարատյան ջրավազանային էկոհամակարգային ծառայությունների արժեքները։
«Բնական կապիտալ» նախագծի պիլոտային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Ասիական զարգացման բանկը, նրանք դրամական արտահայտություն են տվել Արարատյան ջրավազանային էկոհամակարգային ծառայություններին՝ ըստ 3 հիմնական ոլորտների՝ ձկնատնտեսական գործունեության, հիդրոէներգետիկայի արտադրության և գյուղատնտեսության (բուսաբուծության ոլորտ)։
«Արարատյան ավազանում իրականացվող փորձնական ծրագրի միջոցով մենք մշակեցինք նորարարական ջրային արժեքի ցուցանիշ (ՋՎՑ), որը հաշվարկում է, թե որքան ջուր են սպառում տարբեր էկոհամակարգերը, կամ որ տնտեսական ոլորտներն են ամենաշատն օգտվում դրանից, և ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել այդ դինամիկայի վրա»,- «Հետքին» հայտնել է Սթենֆորդի համալսարանի «Բնական կապիտալ» նախագծի հաղորդակցության տնօրեն Էլանա Քիմբրելը (Elana Kimbrel)։
Գնահատման համար օգտագործվել է Շրջակա միջավայրի նախարարության ջրօգտագործման թույլտվությունների տվյալների բազան:
Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են անցկացվել ջրային տարբեր ոլորտների շահառուների հետ: Հարցազրույցները ներառել են տվյալ ոլորտի ջրի արժեքի, որակի և քանակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ջրի սակավության նկատմամբ տնտեսական գործունեության զգայունությունը:
Իրականացվել է տնտեսական գնահատում՝ հաշվարկելու այն տնտեսական արժեքը, որը գոյանում է շուրջ 114 շահառուի համար 3 ոլորտում՝ ձկնաբուծարան, գյուղատնտեսություն և հիդրոէներգետիկա: Վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ ջրօգտագործողը ու նաև եկամուտն ապահովողը գյուղատնտնեսությունն է՝ շուրջ 93 մլրդ դրամ, երկրորդ տեղում ձկնաբուծությունն է՝ 6,9 մլրդ դրամ, վերջում հիդրոէներգետիկան՝ 5,6 մլրդ դրամ։
Արդյունքներն արդեն իսկ մշակվել են և ներկայացվել Հայաստանի կառավարությանը, որ այն ընդգրկվի Արարատյան գետավազանային կառավարման պլանում՝ որպես լրացուցիչ գլուխ։
Ասիական զարգացման բանկի կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնում է, որ այս ծրագրով փորձ է արվել հարստացնել Արարատյան ջրավազանային կառավարման պլանը․ ուսումնասիրվել է, թե ինչպիսի էկոհամակարգային ծառայություններ են մատուցվում այդ ջրավազանի կառավարման տարածքում, որ էկոհամակարգային ծառայություններն են ռիսկի տակ, եթե անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն։
«Մենք փորձեցինք առաջին խումբ էկոհամակարգային ծառայություններն ուսումնասիրել, և Արարատյան դաշտում առանձնացվեցին 3 հիմնական ամենաակնառու էկոհամակարգային ծառայությունները։ Փորձեցինք անել տնտեսական հաշվարկ՝ հասկանալու համար, թե Արարատյան դաշտում օգտագործվող ջուրը որքան տնտեսական արդյունք է ապահովում։ Այսինքն՝ կոնկրետ գետավազանային կառավարման տարածքում տարեկան գնահատական է տրվել՝ դրամային արտահայտությամբ»,- պատմում է Վարդան Կարապետյանը։
Պիլոտային այս ծրագիրը, ըստ Վարդան Կարապետյանի, երկու կարևոր նշանակություն ունի․ նախ՝ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել գնահատել էկոհամակարգային ծառայությունները կոնկրետ կառավարման պլանի շրջանակներում, որի արդյունքում կազմվել է մեթոդական ուղեցույց և ներկայացվել ՇՄՆ-ին, որպեսզի կառավարման բոլոր պլանները պարտադիր ներառեն էկոհամակարգային ծառայությունների գնահատումը՝ որպես առանձին գլուխ։
Երկրորդ՝ սա դուռ է բացել, որպեսզի դիտարկվեն ավելի մեծ կապիտալի տարրերը․ պիլոտային այս ծրագրից ոգեշնչված՝ նոր ծրագրի մեկնարկ է տրվել արդեն Սևանա լճի համար։ Այս պահին ընթանում է Սևանա լճի էկոհամակարգային ծառայությունների գնահատումը (կանդրադառնանք առաջիկայում)։
«Մեզ համար առանձնակի կարևոր էր, որ Ստենֆորդի գիտական պոտենցիալը հնարավորինս փոխանցվի նաև մեր գիտական շերտերին։ Այդ իմաստով մենք՝ (ԱԶԲ-ն, հեղ․) պնդեցինք, որ հիմնական խորհրդատու հանդես գա ԳԱԱ Ա․Լ․ Թարխանյանի անվան բուսաբանության ինստիտուտը, որը հավաքեց տարբեր ոլորտներից տեղի փորձագետների, և Սթենֆորդի գիտնականների հետ ամենշաբաթյա զանգերն ապահովեցին փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը»,- պատմեց Վ․ Կարապետյանը։
Վ․ Կարապետյանն ասում է, որ ծրագրի նպատակն էր հասկանալ, որ ջրի օգտագործումը պետք է անպայման զուգակցվի ջրի որակական ասպեկտներով, պետք է ստեղծել մաքրման կարողություններ։ Անհրաժեշտ էր գնահատել նաև տնտեսական բաղադրիչը, որ հասկանալի դառնար՝ արդյոք ջուրը տնտեսապես արդյունավե՞տ է օգտագործվում, թե՞ ոչ, որովհետև հնարավոր է լինեն տնտեսության շատ ճյուղեր, որտեղ մեծ ծավալի ջուր է օգտագործվում, բայց դրա օգուտը շատ ավելի քիչ է, և դրա հատույցը հնարավոր լինի ուղղորդել այլ սեկտորներ։
Վ․ Կարապետյանն ասում է, որ այս ուսումնասիրության եզրահանգումներից է նաև այն, որ տարածական պլանավորումը կարևոր է՝ հասկանալու համար, թե որտեղ և ինչ տեսակ գործունեություն պետք է իրականացվի կամ արգելվի։
Գիտնականների հաջորդ խորհուրդն այն է, որ ջուրը պետք է օգտագործել խելացի, և անհրաժեշտ են ներդրումներ՝ ոռոգման համակարգն արդիականացնելու համար։
Բացի դրանից, անհրաժեշտ է գյուղատնտեսությունում ներդնել կլիմայադիմացկուն մշակաբույսեր, ինչին պետք է նպաստի նաև Կառավարությունը։
«Շահառուների հետ տարբեր քննարկումներին մարդիկ փաստում են, որ իրենք 30 տարի մի տեղ մի մշակաբույս աճեցրել են ինչ-որ ցիկլով, էսինչ ամսին ցանել են, էսինչ ամսին՝ ոռոգել, հիմա այդ բերքը չի աճում։ Դա խոսում է այն մասին, որ մի մարդու կյանքի ընթացքում կատարվել են տեսանելի փոփոխություններ, որը բերում է ադապտացիայի անհրաժեշտության»,- նշում է Վ․ Կարապետյանը։
Նախագիծն իրականացնողներն ընդգծում են նաև թվայնացման անհրաժեշտությունը։ Աշխարհում արդեն ֆերմերներն իրենց բջջային հավելվածով ստանում են կոնկրետ մշակաբույսի խնամելու հրահանգներ՝ կոնկրետ օրացույցով՝ կախված եղանակային և այլ պայմաններից, դա ևս պետք է ներդրվի հայկական գյուղատնտեսական համակարգում։
Ինչ են պատմել շահառուները
Ծրագրի շրջանակներում անցկացրած հարցազրույցները վկայում են, որ Արարատի և Վայոց ձորի մարզերում իրավիճակը շատ տարբեր է ջրի որակի և հասանելիության առումով և նման՝ ջրի օգտագործման անարդյունավետության առումով:
Արարատի մարզում հարցման գրեթե բոլոր մասնակիցները գանգատվել են ջրի որակից, մասնավորապես՝ կոշտ թափոններով, կենցաղային կեղտաջրերով և անասնաբուծությունից (խոզաբուծություն, անասնապահություն և թռչնաբուծություն) առաջացած կեղտաջրերով աղտոտվածությունից և լրջորեն անհանգստացած են ապագայում ջրի հասանելիությամբ: Մինչդեռ Վայոց ձորի մարզում հարցման մասնակիցները հիմնականում գոհ են ջրի որակից և ջրի պոտենցիալ պակասի մասին անհանգստանալու պատճառ չեն տեսնում:
Արարատի մարզում հարցման որոշ մասնակիցներ նշել են, որ ոռոգման սեզոնի սկզբում ջուրը ստանալու առաջին ժամերին այն ունենում է մուգ գույն և շատ տհաճ հոտ։ Տեղացիներն այն անվանում են «սև ջուր»:
Ձկնաբուծության հետ կապված իրավիճակն էականորեն տարբեր է Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքներում (ՋԿՏ): Հրազդանի ՋԿՏ-ում օգտագործվում է հիմնականում բարձրարժեք ձկնատեսակների՝ իշխանի և թառափի արտադրության համար, իսկ Արարատյան ՋԿՏ-ում՝ ցածրարժեք ձկնատեսակների համար, ինչպիսին է տարբեր ցեղատեսակների կարպը:
Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ մեկ խորանարդ մետր ջրում ձկան առատությունն Արարատյան ՋԿՏ-ում ավելի ցածր է, քան Հրազդան ՋԿՏ-ում:
Հարցումները վկայում են ձկնաբուծության և հողագործության մեջ ներգրավված ֆերմերների միջև շահերի բախման առկայության մասին: Հողագործության մեջ ներգրավված ֆերմերները դժգոհում են ձկնաբուծարանների գործունեության պատճառով ոչ միայն ջրի հասանելի քանակի նվազումից, այլև ջրի որակի վատթարացումից: Հարցման մասնակիցները գտնում են, որ ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող ջուրը հագեցվում է ձկան կերի մանրէներով և բակտերիաներով, ինչի հետևանքով ոռոգման ենթակառուցվածքը մամռակալում և տիղմակալում է։ Բացի դրանից՝ ֆերմերները գտնում են, որ ձկնաբուծարաններում օգտագործված ջրով հողերի ոռոգումը հանգեցնում է հողերի աղակալման։ Ըստ հարցման մասնակիցների՝ որոշ դեպքերում ձկնաբուծարաններում օգտագործված ջուրն ունենում է ձկնաբուծարաններին բնորոշ հոտ, ինչը զգալի բացասական ազդեցություն է ունենում գյուղմթերքի, հատկապես՝ բանջարեղենի որակի վրա։
Վայոց ձորի մարզում տարբեր շահագրգիռ կողմերի հետ անցկացված հարցազրույցները ցույց են տալիս, որ չնայած նրան, որ հէկերն ունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացություն և աշխատելու թույլտվություն, իրականում հէկերի գործունեությունը շատ լուրջ բացասական ազդեցություն է թողնում մարզի ջրային էկոհամակարգերի վրա:
Ինչ ազդեցություն կունենա կլիմայի փոփոխությունը
Ուսումնասիրությունն արձանագրել է, որ կլիմայի փոփոխությունն Արարատյան ՋԿՏ-ում ջրի ելքի համար սպառնալիք է, ընդ որում՝ որոշ տարածքներում, մասնավորապես՝ վերին ավազանում՝ դարավերջին (2070-2100 թթ.) դիտվելու է մինչև 18 % նվազում: Միջին հաշվով ջրի ելքը նվազելու է 5 %-ով: Այն շրջաններում, որոնք ներկայում մատակարարում են ջրի ծավալի մեծ մասը, հատկապես հյուսիսային լեռնային շրջաններում, կդիտվեն ամենամեծ կրճատումները: Չնայած վերլուծությունը կենտրոնանում է հիմնական հոսքի վրա՝ մակերևութային արտահոսքի լրացուցիչ գնահատումը ցույց է տալիս արագ հոսքի աճ՝ հիմնական հոսքի համեմատ: Այս տեղաշարժը ենթադրում է ոչ միայն ջրի հասանելիության կրճատում, այլև բնական սպառնալիքների պոտենցիալ աճ, քանի որ արագ հոսքի ավելացումը կարող է մեծացնել ջրհեղեղի ռիսկը:
Ջրի արժեքների և հիդրոլոգիական փոփոխությունների վերլուծությունը ցույց է տալիս պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի և ապագա հիդրոտնտեսական ռիսկերի միջև կապը: Ջրի արժեքի ամենամեծ փոփոխություններն առկա են Վեդի և Ազատ գետերում, քանի որ այս տարածքներն ունեն ջրի արժեքի ամենաբարձր ցուցանիշները և միաժամանակ առավել խոցելի են՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված:
«Ջրավազանային պայմանների բարելավումը, օրինակ՝ հողի էրոզիայի նվազեցումը և բնական էկոհամակարգերի վերականգնումը, կարող են օգնել մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունները: Այս տարածքներում հիդրոլոգիական պայմանների պահպանումը կամ բարելավումը կարող է ինտեգրվել գոյություն ունեցող կամ նոր պահպանվող տարածքների և անտառային հողերի կառավարման գործընթացում, հատկապես ջրի արժեքի ամենամեծ կորուստը գրանցած շրջաններում»,- նշվում է ուսումնասիրության մեջ:
Հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի և գրադարանի վարիչ Ալեքսանդր Առաքելյանը, ով ևս մասնակցել է այս ուսումնասիրությանը, ասում է, որ այս ծրագիրը բնության արժևորման բաղադրիչ ունի։ Այն ուսումնասիրել և բացահայտել է 1 խմ ջրի ստեղծած արժեքը։ Ավելի կոնկրետ՝ որքանով է արդարացված ջրօգտագործումը ներկայիս սոցիալ-տնտեսական տեսակետից և որքանով արդարացված կլինի հեետագայում՝ կախված կլիմայի փոփոխությունից։
«Առաջին հերթին գյուղատնտեսական երկիր ենք, և գյուղատնտեսությունը շատ խոցելի է բնակլիմայական փոփոխություններից և ինֆրաստրուկտուրայի իրավիճակից, ինչպես նաև կառավարման ձևից, այսինքն՝ շատ տեղերում հարցումների հիման վրա բացահայտեցինք, որ շատ ջրօգտագործողներ ունեն սահմանափակումներ, կապված այն բանի հետ, որ վերին հոսանքներում ջրօգտագործողները երբեմն կարող են գերօգտագործել ջուրը, և ստորին հոսանքներ չհասնի։ Նույնը կարելի է եզրակացնել նաև ձկնաբուծական տնտեսությունների պարագայում, և մենք ակնհայտ տեսնում ենք ոռոգման ջրի պակասը»,- նկատում է Ալեքսանդր Առաքելյանը։
Վերին հոսանքներում նկատելի գերշահագործումը, ըստ Ալեքսանդր Առաքելյանի, ոչ միտումնավոր է։ Հիդրոլոգն ասում է, որ մինչև ներքին ցանցը չբարելավվի և ակոսային համակարգով ոռոգումը չկարգավորվի, գերշահագործումը նույնպես չի կարգավորվի։
Այս ոլորտում որտեղ է մեր թույլ կողմը հարցին, Ալեքսանդր Առաքելյանն ասում է, որ վերահսկողությունն է, որը պետք է բացահայտի և ռեալ գրանցի, իսկ ջրօգտագործող ընկերությունները պետք է տեսնեն թույլ օղակները և ուժեղացնեն դրանք։ Հիդրոլոգն ասում է, որ Ջրային կոմիտեն այնքան ծանրաբեռնված է տարբեր խնդիրներով, որ չունի բավարար ռեսուրսներ դրանք լուծելու համար։ Բացի դրանից, կառավարման համար հստակ տեղեկատվությունն է բացակայում, GIS համակարգն ու օնլայն մոնիթորինգի համակարգը պետք է շատ լավ ինտեգրվեն իրենց կառավարման համակարգում, բայց ցավոք, դա ամենաթույլ կողմն է։
«Վերջին 20 տարվա մեջ բազմաթիվ ծրագրեր են արվել, տարբեր ենթակառուցվածքների քարտեզագրման, գույքագրման և խնդրահարույց տեղերի բացահայտման ուղղությամբ, բայց երբ ուզում ես այդ շերտերը քարտեզով տեսնել, որպեսզի ջրակորուստների ավելի ճշգրիտ հաշվարկ անես, պարզվում է, որ չկա»,- ասում է Ալեքսանդր Առաքելյանը։
Մինչդեռ եթե այդ տեղեկատվությունը հստակ լինի, ջրային կորուստները կառավարելն ավելի հեշտ կլինի։
Հիդրոլոգն արձանագրում է, որ շատ մեծ տարբերություններ կան նաև ջրթույլտվությունների և փաստացի ջրօգտագործման ծավալների միջև։ Եթե ձկնաբուծարաններում ջրաչափական համակարգեր են տեղադրվել, ապա կան շատ այլ ջրօգտագործողներ, որոնք չունեն այդ համակարգերը, և տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող է բացահայտվել կամ չբացահայտվել նրանց գերօգտագործումը։
Ալեքսանդր Առաքելյանը կարևորում է կենսաբազմազանության տեսանկյունից էկոհամակարգի գնահատման գաղափարը։ Շեշտում է, որ «եթե այդ էկոհամակարգը կորցնենք, ապա բնապահպանական խնդիրների առաջ կկանգնեք, և դա իր հերթին բերելու է տնտեսական և սոցիալական ճգնաժամի»։
Գլխավոր լուսանկարը՝ Ռիմա Գրիգորյանի։
Քարտեզն ու աղյուսակը՝ ուսումնասիրությունից։
Մեկնաբանել