
Ելի՛ր դուրս ստուերէն, ելի՛ր վեր յուսալքումէն, ելի՛ր… Շահան Շահնուր (մաս 4)
Չարաճճի Մայեթը
Շահնուրի վերջին մեղքը՝ 19-ամյա անպիտան աղջիկը, Թուրնե գյուղից: 1945թ. Մայեթը եկել էր հիվանդապահության դասեր առնելու այն նույն առողջարանում, որտեղ անդամալույծ պառկած էր Շահնուրը: Իր երկարատև հիվանդության ժամանակ երկրորդ անգամ էր, որ ծնվում էր առողջանալու մեծ հույսը: Առաջինը՝ պենիցիլինի սրվակների հայտնվելն էր: Վրավրա ներարկումներն իսկապես փոխեցին Շահնուրի թարախային վերքերի պատկերը. «Խեղճ յետոյքս վերածուած է իսկական քամոցի»: Բայց դեղը միայն ժամանակավոր բարելավում բերեց և շուտով հին ցավերին ավելացան նորերը՝ սրտի, թոքերի, ատամների, շագանակագեղձի, ստամոքսի, լյարդի…: Մի խոսքով, պենիցիլինով լցված ներարկիչների մեջ տեսած հույսը շուտով վերածվեց ոչնչի, մեծ դատարկության: Հիմա ավելի զորավոր հույս էր արթնացել նրա հոգում՝ վերագրված երիտասարդ աղջկան, բայց ոչ թե հույս՝ ստացված երիտասարդ աղջկանից: Շահնուրը շատերի պես չզանազանեց տարբերությունը: Մայեթը նրա համար եղավ իր «պաշտելի աղջիկը, մէկ հատիկը, աստուածային, բոլոր հրաշքներու ծնունդը: ...Ան գեղեցիկ է շնչահատ դարձնելու աստիճան, շատ վայելուչ, անհունօրէն շնորհալի, սիրալիր և զգայուն: ...Կը պաշտեմ իմ շողշողուն աղջիկս, որ իրերէն վեր է, էակներէ վեր, աստուածներէ վեր: Իմ սիրեցեալ զաւակս, առասպելական փոքրիկ իշխանուհիս»: Մինչ այդ, ասում էր, թե միակ շարժումը, որ կա իր մարմնի մեջ՝ «շնչառութիւնս է»: Մայեթի հայտնվելը նոր շարժում, խլրտում բերեց Շահնուրի քայքայված մարմնին: Սիրվելու և սիրելու պահանջ զգաց: Ընդ որում՝ անկառավարելի: Մայեթ Դընաժիսքարի նկատմամբ սերը նույնքան հիվանդագին էր, որքան ինքն էր հիվանդ: Մեկ տարի անց Մայեթը ամուսնացավ Շահնուրի բուժող բժշկի՝ Ռընե Սարիքի հետ: Դա իսկական աղետ էր: Մադլենին ուղարկած նամակում գրեց. «Աղջիկս դաւաճանած է ինծի և սխալ գործած է՝ ամուսնանալով բժշկին հետ՝ մարդուն միակ տեսակը որուն հետ պէտք չէ ամուսնանալ»: 1946-ի Դեկտեմբեր 28-ին տեր և տիկին Սարիքները այցի եկան հիվանդանոց: Շահնուրը նրանց ընդունեց դժկամորեն և չափազանց սառը: Նա երբեք չներեց Մայեթին: Զգացմունքների ուժգնությունը պահելով նույնը, փոխեց դրանց բևեռները: Սերը դարձավ ատելություն, կարոտը՝ զզվանք, գեղեցկությունը՝ տգեղություն՝ «Տգեղ էր ան և անբարեձեւ»,- վստահեցնում էր ինքն իրեն: Բայց ոչ տասը, ոչ տասնհինգ տարի անց Շահնուրը չհանգստացավ: Ժամանակ առ ժամանակ Մայեթ կոչվող նոպան կամ հիվանդությունը պաշարում էր նրան, և նա կորցնում էր գլուխը: Այդ կնոջ պատճառով ունեցած հերթական հոգեկան ապրումների ժամանակ, իր ընկերներից մեկին ուղարկեց Սարիքների տուն՝ 15 տարի առաջ Մայեթին ուղարկած իր նամակները բերելու: Մայեթը չտվեց, Շահնուրն էլ ձեռք չքաշեց այդ մտքից: Հիվանդանոցային երկարատև բուժումից հետո նրան մի որոշ ժամանակով դուրս էին գրել: Որոշեց անձամբ գնալ և ետ ստանալ իր նամակները: Մի կերպ քայլելով, ավելի ճիշտ սողալով, հասավ Սարիքների դռանը: Հիսունինը կիլոգրամից էլ պակաս, հյուծված, ծռված, գազազած՝ նա կանգնել էր իր երբեմնի փոքրիկ սիրելիի առջև: Մայեթը կրկին մերժեց: Նամակները, բացառությամբ մեկի, որ Մայեթը հասցրել էր թաքցնել, ի վերջո, Շահնուրի փոխարեն անցան ամուսնու՝ Ռընեի ձեռքը և ոչնչացվեցին: Դա իսկապես դրամատիկ պատմություն էր: Այս եռանկյան մեջ ամեն մեկն ուներ դրամատիզմի իր բաժինը և նրանցից յուրաքանչյուրին թվում էր, թե իր բաժինը ամենից մեծն էր:
Նշանավոր հիվանդը
«Ամէն ինչ չափի և կշռի հարց է: Եւ չափը այնպիսի բան մըն է, որ չափ չունի: Ըսել կ’ուզեմ թէ, գիտնալ և սորվիլ տարբեր բաներ են: Բաներ կան, զոր կարելի է սորվիլ, կան ալ բաներ, զոր մարդ պե'տք է գիտնայ: Չափը այս վերջիններէն է»,-գրեց Բեյրութի «Նոր սերունդ» մշակութային միության երիտասարդներին ուղղած իր նամակում՝ թվագրված 25 Դեկտեմբեր, 1963թվական: Սա իր փիլիսոփայումն էր կյանքի ընդհանրական երևույթների մասին, այդ թվում՝ արվեստի, գրականության, նաև մարդկային հարաբերությունների:
Երիտասարդները սիրում էին Շահնուրին: Նրա հիվանդության մասին լուրին անհաղորդ չէին սփյուռքի տարբեր գաղթօջախները: «Երրորդ անգամ է, որ ծրարներ կը ստանամ համեստ անձերու կողմէ ուղարկուած, հայեր, որոնք բոլորովին անծանօթ են ինծի: Բայց զրկանքի կ’ենթարկեն իրենք զիրենք ըսելով, թէ չեն կրնար ուտել, երբ իրենց նշանաւոր հիւանդը անօթի է»: Լիբանանում, Սիրիայում, և անշուշտ Եգիպտոսում կազմակերպվում էին հանգանակություններ: Բարեգործական ընդհանուր միությունը Շահնուրի համար ամսական թոշակ սահմանեց, արժանացրեց Ուզունյան մրցանակին և այլն: Երկար, շատ երկար առողջարանային դեգերումներից հետո, ինչ-որ չափով կայունացնելով առողջությունը, Շահնուրը դուրս գրվեց Սան Ռաֆայելի բուժհաստատությունից և տեղափոխվեց Նիցցայի ծերանոց, որ քնքշորեն կոչվում էր «Հայ տուն»: Թեպետ այնտեղ ապրում էին ոչ միայն հայ, այլև ռուս վտարանդի ծերուկներ:
… սէրը նուազած է մեր մէջ, բայց չէ անհետացած. յոյսը նուազացած է մեր մէջ, բայց չէ ցամքած
Այստեղ Շահնուրը վերադարձավ իր պատանեկության շրջանին ամենից շատ նախընտրած գործին՝ նկարչությանը: Հիշեց, որ առաջին ստեղծագործությունները, որոնց տակ ստորագրել էր, ոչ թե գրական գործեր էին, այլ ծաղրանկարներ, որ տպագրվում էին հայկական պարբերականներում: Պարզապես հիմա իր նկարչության նյութը էապես տարբերվում էր նախորդից: Ծերանոցում մնում էր միայն նկարել շիրիմներ և տապանաքարեր: Մինչ Շահնուրը հանգրվանում էր հիվանդանոցներում և ծերանոցում, բարեկամուհին՝ Մադլենը, ջանում էր կառավարությունից հպատակության արտոնություն ստանալ իր համար: Բայց գործը գլուխ չէր գալիս: Մինչ նա «Հայ Տուն» կոչվող հաստատությունում մեռնող ծերուկների համար շիրմաքարեր էր նախագծում, Կոստանդնուպոլսի, Սկյուտար թաղամասի, Ենի Մահալլե թաղի Քապրիսթան փողոցի թիվ 23 հասցեից նամակ է ստացվում. Քույրը՝ Հերմինեն, որ տարիներ առաջ ամուսնացել էր ոմն Զենոպ Լիմոնճյանի հետ,մահացել է: Շահնուրը դառնում է միակ ժառանգը Սկյուտարի իրենց տան և միակը և վերջինը Քերեսթեճյաններից: Նա անմիջապես հօգուտ քեռայրի՝ քրոջ ամուսնու , հրաժարվում է տան ժառանգական իրավուքից: Բայց դեռ շարունակում է Քերեսթեճյանների ցեղը պահելու պարտավորությունը: Կդիմանա մինչև 1974 թվականը: Այդ թվին Ֆրանսիայի հարավից գալիս է Փարիզ: Դա իր վերջին ճամփորդությունն էր երկրի վրա:
Մահ բեր
Մի քանի հասցե ուներ, որ այցելում էր վերստին Փարիզ գալով՝ Ժան Գուժոն 15 փողոցի հայկական եկեղեցին, որտեղ պարտադիր մասնակցում էր ժամերգություններին և պատարագներին: «Յառաջ»-ի խմբագրությունը և Անդրանիկի շիրիմը` Պեր Լաշեզում: Երեք շաբաթ մնաց Ա. Միսաքյանի տանը: Սկսեց Սոլժենիցին ուսումնասիրել: Օգոստոսի վեցին կաթված ստացավ և տեղափոխվեց Ֆրեժյուս հիվանդանոց: Իր հավատարիմ և լավ բարեկամ Արփիկը կողքին էր: Այս անգամ կաթվածահար էին եղել նաև ձեռքերը, գրել չէր կարողանում: Զարմանալի բան էր կատարվում հետը , մոտ քառասուն տարի է հիվանդ էր, որից քսանը ընդհանուր հաշվով անցկացրել էր հիվանդանոցներում, տարել էր աներևակայելի ցավեր, միշտ երազել էր մահվան մասին իբրև միակ ազատում տառապանքներից, իսկ հիմա, որ արդեն ժամանակն էր մեռնելու, ուզում էր ապրել: «Ըսելիք ունիմ, գրելիք ունիմ»,- խեղճացած ասում էր Արփիկին և լաց էր լինում Պոլսի, Սկյուտարի, անհետացած հայ մտավորականության համար: Գրելիքը «Բացիկներ» վերնագրով 4 պատմություն պետք է լիներ, որ այդպես էլ չհասցրեց անգամ սկսել: Արփիկը փորձում էր թեթևացնել և հուսադրել Շահնուրին.«Աժան ազատած ես, ուրիշ կաթուածահարները խօսիլ չեն կրնար»: «Ես ատանք ապուշութիւն կ’ընէի՞»,- չես հասկանում հումորով, թե` միանգամայն լուրջ, վրա է բերում Շահնուրը: «Վաղը, ի՞նչ բերեմ քեզի»,-հարցնում է Արփիկը: «Մա՛հ բեր»:
Շ.Շահնուրը Արփիկ Միսաքեանի հետ «Յառաջ»ի խմբագրությունում, Փարիզ
Օգոստոս 19-ի գիշերը երկրորդ կաթվածն է ստանում: 71 տարեկան էր: Մահաքունը տևում է մինչև հաջորդ օրը Օգոստոսի քսանի կեսօրից վերջ ժամը երեքը: Օրը երեքշաբթի էր: Կողքին կրկին Արփիկ Միսաքյանն էր: Մարմինը տեղափոխում են Պեր Լաշեզ: Արփիկի հոր՝ Շավարշ Միսաքյանի դամբարան: «Անոր թերթին մէջ է, որ Շահնուր սկսած էր իր գրական ճամբան, անոր թերթին մէջ էր, որ վերջ գտած էր այդ ճամբան: Կրկին ու այս անգամ վերջապէս զիրար կը գտնէին, փոսի մը մէջ, բայց` սիրտ սրտի»:
Մայեթ Դընաժիսքարը՝ ամուսնացյալ Մայեթ Սարիքը, Շահնուրի մահվան մասին իմացավ երեք տարի անց՝ 1977-ին: Ամենախորը զգացումը, որ ապրեց՝ զղջումն էր: Զղջումն էր Շահնուրի հանդեպ այդքան թեթևամիտ լինելու համար: Նա իսկապես չէր պատկերացրել , թե մեծագույն ցավ է պատճառել մարդուն, չէր հասկացել, թե Շահնուրը սիրել է իրեն խենթի պես: Շատ էր երիտասարդ այն ժամանակ: Հիմա, հետահայաց նետելով իր և Շահնուրի կարճատև մտերմությանը, Մայեթը, կյանքի փորձ ձեռք բերած կնոջ զգացողությամբ, հաստատում է. «Փոխադարձ սքանչացում էր երկու հոգիների, որոնք խորունկ գուրգուրանքով կը միանային իրար»: Եվ իրեն այլևս մնում է մեկ բան անելու՝ այցելել շիրմատուն և հուսալ, թե Շահնուրի հոգին կընդունի իր զղջումը:
Գլխավոր լուսանկարում՝ Շահնուրը գրող Հարութ Կոստանդեանի հետ:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել