
Զեղծարարների զոհերի վարկերը «սառեցնելու» մասին ԿԲ նախագահն ու քաղաքացիները հակասական հայտարարություններ են անում
«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, այն մարդիկ, ովքեր վարկային պրոդուկտների խնդիր են ունեցել, որ պետք է վճարեն ու զեղծարարությունների զոհ են դարձել, այդ մարդկանց վարկերը սառեցված են։ Տարբեր բանկերում սառեցվել են տարբեր ժամկետներով՝ կախված նրանից, թե քրեական գործերը ինչ ընթացք կունենան»,- «Հետք»-ի հարցին ի պատասխան այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանում հարյուրավոր քաղաքացիներ զեղծարարների զոհ են դարձել՝ նրանց անունով օնլայն վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները։ Արդյունքում քաղաքացին այդ գումարը չի տեսել, չի ծախսել, սակայն բանկերը ստիպում են վճարել այդ վարկերը՝ պնդելով, որ դրանք քաղաքացու անուշադրության հետևանքով են ձևակերպվել. քաղաքացին բանկից ստացված կոդերը փոխանցել է զեղծարարներին։
«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Մհեր Կարագոզյանի հետ վարկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները պարբերաբար ցույցեր են կազմակերպում բանկերի, իրավապահ մարմինների շենքերի, Կենտրոնական բանկի առջև։ Ըստ Մհեր Կարագոզյանի՝ իրենց դիմած տուժած քաղաքացիները թիվը հատել է 300-ը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ գլխավոր դրամատունը, որը բանկերի վերահսկող մարմինն է, համակարգային լուծում առաջարկելու համար դիտարկում է բոլոր տուժածների դեպքերը։
«Մենք հանձնառել ենք նայել բոլոր էպիզոդները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում, որովհետև ամեն դեպք յուրահատուկ է։ Դրանք կարող են նաև որոշակի նմանություն ունենալ։ Մենք պետք է դեպքերը նայենք, համախմբենք և հասկանանք՝ եթե խնդիրը պրոդուկտի մեջ է, արձագանքենք դրան, եթե կարգավորման մեջ է՝ արձագանքենք դրան։ Եթե խնդիրը մարդու կողմից անփության հետևանքն է, մենք այդտեղ այդքան էլ զորեղ չենք»,- ասում է Մարտին Գալստյանը։
Վարկային զեղծարարությունները նոր երևույթ չեն Հայաստանում։ Վերջին երկու-երեք տարում դրանք հաճախակիացել են օնլայն վարկային ծրագրերի տարածմանը զուգահեռ։
Ըստ ԿԲ նախագահի՝ ԿԲ մասնագետներն առանձին բանկերում իրականացնում են խորքային ուսումնասիրություն։ Մարտին Գալստյանը, առանց անուններ նշելու, ասաց, որ խոսքը 3-4 բանկի մասին։
Մհեր Կարագոզյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ևս շեշտել է, որ վարկային զեղծարարությունների զոհ են դարձել հիմնականում երեք բանկի հաճախորդներ։
«Կան դեպքեր, որ քաղաքացիները տվյալներ են տալիս։ Բայց այդտեղ էլ կա բանկի մեղավորությունը։ Ես ինչքան էլ իմ անձնական տվյալները տամ, դուք պետք է կարողանաք անձին նույնականացնել։ Ինչպես է ստացվել, որ երկրում 15 բանկ կարողանում է պատշաճ նույնականացնել, և քաղաքացիները չեն հայտնվում ծուղակներում, իսկ երեք բանկերի դեպքում խնդիրը կա՝ «Ինեկոբանկ»-ի, «ԱյԴի բանկ»-ի և «Արդշինբանկ»-ի»,- ասում է իրավապաշտպանը։
ԿԲ նախագահը նաև նշում է, որ ԿԲ-ն բանկերին ուղղորդել ու հորդորել է գտնել լուծման ճանապարհներ։ Ներկա լուծումն այն է, որ սառեցվում են այն վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվում են նման դեպքերում։
ԿԲ-ում նաև արձանագրել են, որ կան դեպքեր, երբ դժվար է տարբերակել՝ բա՞նկն է իր անվտանգության համակարգով մեղավոր, որ քաղաքացուն կարողացել են մոլորեցնել, թե՞ քաղաքացին է անփույթ գտնվել։
ԿԲ-ում նաև քննարկվում է նոր ստանդարտների ներդրման հարցը, որին պետք է համապատասխանեն բոլոր բանկերը։ «Ստանդարտներից մեկն այն է, որ քեզ կապում են սարքի հետ, և գործառնությունը իրականացվում է միայն այն դեպքում, երբ նույնականացումն արվում է տվյալ սարքով։ Պետք է որոշենք, թե որ ճանապարհով գնանք։ Այս խնդիրն այն խորության, բարդության և կարևորության է, որ մենք պետք է ադեկվատ արձագանք տանք»,- ասում է Մարտին Գալստյանը։
ԿԲ-ն հակված չէ հարցին ծայրահեղ լուծումներ տալ, ինչպիսին է բոլոր գործարքների ժամանակ քաղաքացու բանկ այցելելու պահանջ սահմանելը։ Ըստ ԿԲ նախագահի՝ կունենանք ծայրահեղ վատ ելքեր։
Թեև զեղածարարների կողմից գրանցված և հափշտակված վարկերի կշիռը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում 0.1% է, սակայն ըստ Մարտին Գալստյանի, ԿԲ-ն դիտարկում է ոչ թե ընդհանուր պորտֆելում նման վարկերի կշիռը, այլ յուրաքանչյուր դեպքն առանձին. «Ամեն մի դեպքը մի ընտանիքի ճակատագիր է»։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ. «Պնդումը, թե նման վարկերն արդեն իսկ սառեցվել են, այս պահին չի համապատասխանում իրականությանը»
Մեկնաբանել