
Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում:
Կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար պետությունը որոշել էր ստեղծել ներդումային ֆոնդ, որը պետք է մասնավոր կապիտալի ներհոսք խթաներ դեպի ՀՀ տնտեսություն եւ այդպես ապահովեր կապիտալի երկարաժամկետ ու կայուն աճ:
Այս նպատակով 2019-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը հիմնադրել է դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Սա էլ իր հերթին, որպես կառավարիչ, ՀՀ կենտրոնական բանկում գրանցել է տվել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:
«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային են այն ֆոնդերը, որոնց թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի: Փակ են համարվում այն ֆոնդերը, որոնք պարտավորություն չունեն հետ գնել իրենց թողարկած եւ ֆոնդի մասնակցին պատկանող փայերը վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պայմանագրային ֆոնդ ասելով՝ պետք է հասկանալ ակտիվների համախումբ, որը ձեւավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա: Իսկ մասնագիտացված ֆոնդը ֆոնդի տեսակ է, որի ակտիվներն ամբողջությամբ կամ առնվազն 30 տոկոսով ենթակա են ներդրման կոնկրետ տեսակի ակտիվներում:
Այսպիսով՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ է «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում են տարբեր ընկերություններում:
Սահմանվել է, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու է 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր են դառնալու, բացի դրանից՝ ֆոնդը պետք է ներկայացուցիչ ունենա այն ընկերության խորհրդի կազմում, որում ներդրում է կատարում:
Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ է՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:
Ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերությունն ի սկզբանե այլ նպատակ ուներ
Ինչպես ասվեց, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թ. դեկտեմբերին ԱՆԻՖ-ի կողմից: Ընդ որում՝ այն սկզբնապես կոչվում էր «Իմ տուն» ՓԲԸ:
«Հետքը» գրել է ԱՆԻՖ-ի կողմից 2019-2020 թթ. շրջանառված «Իմ տուն» ծրագրի մասին, որի շրջանակներում պետք է տներ կառուցվեին սահմանամերձ որոշ հատվածներում, այդ թվում՝ զինվորականների համար: Սակայն 2020 թ. պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել էին, եւ սա դարձել էր կոմերցիոն ծրագիր: Այդուհանդերձ, հետագայում այն այդպես էլ իրականություն չդարձավ՝ մնալով թղթի վրա:
2020-ի ապրիլին «Իմ տուն» ընկերությունը վերանվանվել է ներկայիս անունով: Դրա փոփոխված կանոնադրության մեջ ամրագրվել է, որ այն իրականացնում է ներդրումային ֆոնդի կառավարում:
Մինչեւ անվանափոխությունը «Իմ տուն» ՓԲԸ-ի տնօրենը եղել է Դավիթ Խաչատրյանը, որին 2020-ի ապրիլին փոխարինել է ԱՆԻՖ-ի փոխտնօրեն, վերջինիս մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, որը, սակայն, մեկ շաբաթ է մնացել ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Նրան փոխարինել է Բելլա Մանուկյանը, որը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերությունը ղեկավարել է մինչեւ 2024 թ. մարտ ամիսը: Բ. Մանուկյանն իրավաբան Հովհաննես Մանուկյանի դուստրն է, որը 2001-2005 թթ. ՀՀ տնտեսական դատարանի նախագահն էր, 2005-2008 թթ.՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, 2011-2014 թթ.՝ Վրաստանում ՀՀ դեսպանը, իսկ 2014-2015 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարը:
2024 թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին ՓԲԸ-ն ղեկավարել է բանկային ոլորտի մասնագետ Օնիկ Գաբրիելյանը, որին փոխարինել է ֆինանսիստ Մանուկ Խուդոյանը:
Ֆոնդը 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում
2021-2023 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 6.649.718.618 դրամ, որը ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով շուրջ 17 մլն դոլար է:
Ներկայացնենք ներդրումների մասին ամփոփ տվյալները՝ ըստ ժամանակային հաջորդականության: Տեղեկությունները տրամադրել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն:
«Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ (Seed to Farm, թարգմանաբար՝ սերմից ֆերմա)
Ներդրման չափը՝ 265.925.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 16.03.2021 թ․
Նպատակը՝ անասնակերի արտադրության համար հողատարածքի, սարքավորումների ձեռքբերում եւ այլ գործառնական ծախսերի իրականացում:
Ֆոնդը 2023 թ. վաճառել է իր 49 % բաժնետոմսերը եւ դուրս եկել ընկերությունից։
«Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ
Ներդրման չափը՝ 83.300.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 13.08.2021 թ․
Նպատակը՝ կոշիկի գործող արտադրամասի համար նոր սարքավորումների ձեռքբերում եւ արտադրական հզորությունների ընդլայնում:
Ներդրումն իրականացվել է մասնակի, քանի որ առաջին տրանշի վճարումից հետո համագործակցությունը դադարեցվել է։
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում եղել է 49 %:
«Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ
Ներդրման չափը՝ 63.000.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 17.09.2021 թ․ (7.854.500 դրամ), 14.10.2021թ․ (55.145.500 դրամ)
Նպատակը՝ կլինիկայի համար նոր շինության կառուցում։
Ֆոնդը 2022 թ. վաճառել է իր 49,3 % բաժնետոմսերը եւ դուրս եկել ընկերությունից։
«Դոմ Արենա» ՓԲԸ
Ներդրման չափը՝ 277.203.077 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 30.11.2021 թ․ (60.000.000 դրամ), 18.01.2022 թ․ (58.000.000 դրամ), 09.02.2022 թ․ (49.080.000 դրամ), 01.04.2022 թ․ (110.123.077 դրամ)
Նպատակը՝ Hard Rock Cafe ցանցի զբոսաշրջային-ժամանցային ռեստորանի բացում։
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 48 % է:
«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ
Ներդրման չափը՝ 796.250.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 04.03.2022 թ․
Նպատակը՝ Ենոքավան գյուղում «Յելլ Էքսթրիմ Պարկի» նոր՝ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի եւ 500 մ երկարությամբ ռոլերլայնի կառուցում, «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի, մասնավորապես՝ 80-100 համարով նախատեսված հյուրանոցի նոր շենքի հարակից տարածքի ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակում եւ հյուրանոցի գլխավոր մասնաշենքի, 3 քոթեջների, կառուցվող ադմինիստրատիվ-ռեստորանային մասնաշենքի, որը ներառում է ընդունարան, վարչական մաս, ռեստորան եւ խոհանոց, շինարարություն, վերակառուցում, ներքին հարդարում՝ ներառյալ կահավորումը եւ խոհանոցային սարքավորումները։
Ֆոնդն ընկերությունում 250.000 հատ արտոնյալ բաժնետոմսի սեփականատեր է:
Այս ընկերության մյուս բաժնետերերի ու ներդրում կատարած ֆոնդի կառավարչի միջեւ առկա հակասությունների մասին «Հետքը» գրել է:
«Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ (Global Connect, թարգմանաբար՝ գլոբալ կապ/հաղորդակցություն)
Ներդրման չափը՝ 700.000.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 18.03.2022 թ․ (350.000.000 դրամ), 20.04.2022 թ․ (300.000.000 դրամ), 02.06.2022 թ․ (50.000.000 դրամ)
Նպատակը՝ ձեռք բերել 18 բեռնատարներ իրենց կիսակցորդիչներով (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչներով), ինչը հնարավորություն կտա սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին:
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 49 % է:
«ԷյԷմՍի» ՓԲԸ (AMC)
Ներդրման չափը՝ 287.460.568 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 08.12.2022 թ․
Նպատակը՝ սնկի արտադրության համար անհրաժեշտ կոմպոստի արտադրության ստեղծում։
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 32,12 % է:
«Բերրիմաունթ» ՓԲԸ (Berrymount, թարգմանաբար՝ հատապտղի սար)
Ներդրման չափը՝ 960.000.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 25.01.2023 թ․ (700.000.000 դրամ), 20.04.2023 թ․ (260.000.000 դրամ)
Նպատակը՝ 3 հա հողատարածքով, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով ջերմոցի կառուցում ու շահագործում։
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 31 % է:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է այս ընկերության համահիմնադրի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի 2019-2023 թթ. նախագահ Տիգրան Ավինյանի ընկերական կապի մասին:
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ (CFW)
Ներդրման չափը՝ 1.539.580.000 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 04.05.2023 թ․
Նպատակը՝ ՀՀ-ում ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ու կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական եւ օտարերկրյա շահառու ընկերությունների։
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 49 % է:
«Հետքը» գրել է այս ընկերության ղեկավարի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի 2019-2023 թթ. նախագահ Տիգրան Ավինյանի առնչության մասին:
«Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ (Universal Closures, թարգմանաբար՝ ունիվերսալ կափարիչներ)
Ներդրման չափը՝ 1.676.999.973 դրամ
Ներդրման փաստացի ամսաթիվը՝ 09.06.2023 թ․
Նպատակը՝ շշերի կափարիչների գործող արտադրության արտադրական հաստոցի արդիականացում, նոր կափարիչների արտադրության հոսքագծի ձեռքբերում եւ արտադրամասի վերանորոգում:
Ֆոնդի մասնակցությունն ընկերությունում 49 % է:
Պետական ֆոնդը նաեւ ներդրումներ է կատարում մեկ այլ ֆոնդում
2021-ի հուլիսին ՀՀ կառավարությունը որոշել է ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում ներդնել ընդհանուր 3 մլն դոլարին համարժեք դրամ՝ այդ ֆոնդում փայեր ձեռք բերելու համար: Ավելի ուշ ԱՆԻՖ-ը հայտարարել է, որ կկատարվի 4 մլն դոլարի ներդրում: Ֆոնդում ներդրվող գումարը հետագայում օգտագործվում է՝ Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններում ներդրումներ անելու համար։
ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում փայեր ձեռք բերողը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդն է: 4 մլն դոլարը ներդրվում է փուլերով՝ ըստ անհրաժեշտության, եւ ըստ այդմ ՓՄՁ ֆոնդին ներկայացվում է ընկերություններում ներդրում կատարելու պահանջ։ Այս տարվա փետրվարի դրությամբ իրականացվել է 2,34 մլն դոլարի ներդրում։
ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի կառավարիչը «Ամբեր Կապիտալ Արմենիա» ՓԲԸ-ն է: Բացի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից՝ ՓՄՁ ֆոնդի մասնակիցների թվում են ԵՄ-ն, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO):
Ֆոնդի կառավարիչը միայն մեկ անգամ է շահույթ ունեցել, բայց բաժնետիրոջը շահաբաժին չի փոխանցել
2020-ի մայիսին ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի սպասվող եկամտաբերությունը տարեկան առնվազն 8 % է: Ներդրումային ֆոնդերի կառավարիչները իրենց կատարած աշխատանքի դիմաց ստանում են պարգեւավճարներ: Եվ ահա նշված պետական ֆոնդի պարագայում Կառավարությունը սահմանել է, որ դրա կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, պետք է ստանա տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (8 %) գերազանցող մասի 10 %-ի չափով պարգեւավճար, որը վճարվելու է փայերի մարման (հետգնման) ժամանակահատվածում:
Պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ), որը ներկայում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է, տեղեկացել ենք, որ ընկերությունը հիմնադրումից՝ 2019-ի դեկտեմբերից մինչ օրս տարեկան կտրվածքով շահույթ ունեցել է միայն 2022-ին, որը կազմել է 7.146.000 դրամ: Սրա հիման վրա ընկերությունը պետբյուջե է վճարել շուրջ 1 մլն դրամի շահութահարկ: Բայց ահա իր բաժնետիրոջը, որն այն ժամանակ ԱՆԻՖ-ն էր, շահաբաժին չի փոխանցել: Այսպես՝ ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը 2023-ի հունիսին ԱՆԻՖ-ին առաջարկել է չբաշխել վերջինիս շահաբաժինը, ինչին ԱՆԻՖ-ը համաձայնել է եւ շահաբաժին չի ստացել:
«Հետքը» ՊԳԿԿ-ից հետաքրքրվել էր, թե «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն մինչ օրս որքան հարկ եւ պարտադիր այլ վճարներ է մուծել պետբյուջե (կառավարչի ստացած եկամուտներն ու վճարած հարկերը պետք չէ շփոթել ֆոնդի ստացած եկամուտների ու վճարած հարկերի հետ): Ահա ՊԳԿԿ-ից ստացված տվյալները.
2020 – 40.809 դրամ
2021 – 860.687 դրամ
2022 – 2.686.521 դրամ
2023 – 24.439.252 դրամ
2024 – 21.238.484 դրամ
2025 – 3.071.293 դրամ
Կառավարիչ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են ՊԳԿԿ-ին. դրանց ապագան հստակ չէ
2019-2024 թթ. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը ԱՆԻՖ-ն էր: Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, այդ ընկերությունը հիմնած Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Այդ ընկերությունների թվում էր «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Այս որոշման հիման վրա ԱՆԻՖ-ը 2024-ի սեպտեմբերին ՓԲԸ-ում ունեցած իր բաժնետոմսերը նվիրատվության պայմանագրով հանձնել է Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ):
Վերջինիս նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվել էինք, թե Կառավարությունը կամ ՊԳԿԿ-ն ինչ ծրագրեր ունեն պետական ֆոնդի կառավարիչ ընկերության բաժնետոմսերի ապագայի վերաբերյալ, եւ արդյոք կա դրանց օտարման մտադրություն:
Կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը հայտնել է, որ ՓԲԸ-ի 100 % բաժնեմասի կառավարման վերաբերյալ ներկայում քննարկումներ են ընթանում, սակայն օտարման մասին որոշում չկա: Հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆիննախը մշակել է «Պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մասին» հայեցակարգը, բացի դրանից՝ Ասիական զարգացման բանկի «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» 3-րդ ենթածրագրով սահմանված է, որ պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական թափանցիկության բարելավման, կենտրոնացված հարկաբյուջետային մոնիտորինգի եւ վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման եւ գործառնական արդյունավետության հաստատման նպատակով կընդունվի ՀՀ կառավարության որոշում, որոնց դրույթները հաշվի են առնվելու «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հետագա կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս:
Լուսանկարները՝ ԱՆԻՖ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել