
Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի պաշտպանության նախարարի կեղծ պնդումները Հայաստանի մասին
Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը չի արձագանքել «Հետքի» հարցմանը, որով խնդրել էինք մեկնաբանել այդ երկրի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի (Robert Kaliňák) վերջին կեղծ պնդումները Հայաստանի մասին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Կալինյակը, նկատի ունենալով Արցախը, հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ փաստացի մեր երկիրը ներկայացնելով որպես օկուպանտ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, այս ուղղությամբ որեւէ պատասխան քայլ չի ձեռնարկել՝ Սլովակիայից պարզաբանում, բացատրություն չի պահանջվել, Հայաստանում այդ երկրի դեսպանը ԱԳՆ չի կանչվել, նրան բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացվել:
ՀՀ ներկա իշխանությունների նման պասիվ, վախվորած ու հարմարվող արտաքին քաղաքականությունը զայրացրել է Սլովակիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչը «Հետքին» փոխանցել է, որ հայկական կողմի այդպիսի պահվածքի հետեւանքով Ռ. Կալինյակը շարունակում է պրոադրբեջանական կեղծ թեզեր տարածել տեղական մեդիայով:
Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն տվել է լղոզված մեկնաբանություն՝ կոնկրետ ոչինչ չասելով սլովակ պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունների մասին:
Մենք թեմայի վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաեւ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Յուրայ Բլանարին (Juraj Blanár):
Միրզոյան-Բլանար հանդիպում Մալթայում, 05.12.2024, աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ
Հաշվի առնելով, որ Սլովակիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցմանը պատասխանելու համար սահմանված է 8 աշխատանքային օր, որն արդեն անցել է, եւ որեւէ արձագանք չենք ստացել, հրապարակում ենք այն հարցերը, որոնց վերաբերյալ Սլովակիայի կառավարության արտաքին գերատեսչությունը դիվանագիտական լռություն է պահպանել՝ միաժամանակ անտեսելով սեփական օրենսդրության պահանջները:
Հարց 1. Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը վերջերս առնվազն երկու անգամ հայտարարել է, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Հաշվի առնելով, որ սա չի կարող պատահականություն կամ շփոթության արդյունք լինել՝ կխնդրեի պարզաբանել՝ արդյոք պարոն Կալինյակի հայտարարությունը Սլովակիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն է։ Այսինքն՝ արդյոք Սլովակիան պաշտոնապես համարում է, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը։
Հարց 2. Եթե սա Սլովակիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ, ապա արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի պաշտպանության նախարարի հայտարարությունները։
Հարց 3. Արդյո՞ք Սլովակիայի կառավարությունը կիսում է այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն իրականում ծագել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը։
Հարց 4. Արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարությունը մտահոգված չէ՞, որ նման հայտարարությունները ստվեր կգցեն հայ-սլովակական հարաբերությունների վրա։
Հարց 5. Արդյոք Հայաստանի ժողովուրդը եւ Սլովակիայի հայ համայնքը պետք է սպասեն նման հայտարարությունների կրկնություն պարոն Կալինյակի կամ Սլովակիայի կառավարության այլ ներկայացուցիչների կողմից:
Հարց 6. 2018 թ. Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը քննադատել էր Սլովակիայի կառավարությանը՝ Ադրբեջանին անուղղակիորեն (Իսրայելի միջոցով) Dana ինքնագնաց հաուբիցներ եւ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու համար։
Անկախ աղբյուրները հաստատել են, որ դրանք հետագայում կիրառվել են, մասնավորապես, 2020 թ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում։ Սլովակիայի կառավարությունը հերքել է Ադրբեջանին զենք վաճառելը։ Այո, ուղղակի վաճառք չի եղել, բայց սլովակական MSM ընկերության մահաբեր զինտեխնիկան հայտնվել է Ադրբեջանում, իսկ հետո օգտագործվել քրիստոնյա հայերի դեմ։ Պարոն Բլանար, որպես Սլովակիայի գլխավոր դիվանագետ եւ Smer-SD կուսակցության անդամ, որը քրիստոնեական արժեքներ է դավանում, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հայ քրիստոնյաների սպանությունների ժամանակ օգտագործվել է սլովակական զենք։
Հարց 7. 2023 թ. սեպտեմբերին, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը, Ադրբեջանը հարձակվեց ավելի քան 9 ամիս իր կողմից ամբողջությամբ շրջափակված Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Ռազմական ագրեսիան հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ բնակվող հայերի (120 հազար մարդ) բռնի տեղահանմանը։ Հայերը ստիպված եղան լքել իրենց հայրենիքը՝ չցանկանալով եւ վախենալով ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը տարիներ շարունակ պետական ամենաբարձր մակարդակով հայերի դեմ ռասայական եւ ազգայնական ատելություն է տարածում։ Սա փաստագրվել է նաեւ երրորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղը զրկվել է իր քրիստոնյա, էթնիկ հայ բնակչությունից։ Ո՞րն է Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը 2023 թ. Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման եւ այնտեղ վերադառնալու իրավունքի վերականգնման վերաբերյալ։
Հարց 8. Արդյո՞ք Սլովակիայի կառավարությունը տեղյակ է, որ 2020 թ. պատերազմից հետո եւ հատկապես 2023 թ. Լեռնային Ղարաբաղի վրա լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը ոչնչացրել է հայկական պատմամշակութային հուշարձանները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ, եւ հիմնովին ավերել է հայկական գյուղերը։ Այժմ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծ մասը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Պարոն Բլանար, ո՞րն է Ձեր կառավարության պաշտոնական դիրքորոշումը այլ երկրներում կամ տարածաշրջաններում ամենաբարձր մակարդակով տարածվող այլատյացության վերաբերյալ: Չմոռանանք, որ Սլովակիան մի երկիր է, որը 2004 թ. պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Հարց 9. 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եւ հատկապես 2020 թ. ի վեր Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քկմ: Այս մասին տարբեր առիթներով պաշտոնապես հայտարարել է Հայաստանի կառավարությունը։ Սլովակիայի կառավարությունը տեղյա՞կ է այս օկուպացիայի մասին: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը: Նշենք, որ Սլովակիան ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) տեղակայման գործում, եւ այդ առաքելությունը, ըստ էության, առաջին հերթին ուղղված է Հայաստանի տարածքի դեմ հնարավոր հետագա ռազմական ագրեսիան կանխելուն։
Առաջին լուսանկարում՝ Միրզոյան-Բլանար հանդիպում Բրյուսելում, 11.12.2023, աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ
Մեկնաբանել