
«Փայտե ձի». հիպոթերապիա՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար
Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Փայտե ձի» բարեգործական կենտրոնը երեխաների համար հիպոթերապիայի անվճար կուրսեր է կազմակերպում: Կենտրոնը բացվել է 2018 թվականին։ Աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ և զարգացման այլ խնդիրներ ունեցող 600-ից ավելի 3-14 տարեկան երեխա այս պահին հաճախում է թերապիայի, բուժում ստանում ձիերի միջոցով:
«Հիպոթերապիան դրական ազդեցություն է ունենում երեխաների վրա։ Կենտրոնում 30 և ավելի երեխա առաջին անգամ, առաջին խոսքն են արտաբերել»,- ասում է կենտրոնի հիմնադիր Նորիկ Բեգլարյանը։ Աուտիզմ ունեցող երեխաները, ըստ նրա, երբ նստում են ձիու վրա, ստանում են ջերմային մերսում, որն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը՝ դրանով իսկ բարելավելով նրանց վարքը: Երեխայի և ձիու միջև ստեղծվում է հոգեբանական կապ, որը նպաստում է նրա սոցիալական զարգացմանը:
Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների դեպքում ձիու քայլքի ժամանակ նրանց մարմինն աշխատում է եռաչափ շարժումներով՝ վերև, ներքև, ձախ, աջ, առաջ և հետ։ Այս ընթացքում տեղի ունեցող ջերմային մերսումը նպաստում է մկանների զարգացմանը։ Այն մկանները, որոնք պատասխանատու են երեխայի քայլքի համար, ակտիվանում են և ամրապնդվում:
Բացի այդ, կենտրոնում իրականացվում են ֆիզիոթերապիայի լրացուցիչ վարժություններ ձիու վրա, որոնք բարելավում են հավասարակշռության զգացողությունը և շարժումների կոորդինացիան:
Բարեգործական նախաձեռնության հիմնադիր Նորիկ Բեգլարյանի խոսքով՝ «Փայտե ձի»-ն ստեղծվել է, որպեսզի ծնողները տեսնեն իրենց երեխաների ժպիտը, ուրախանան նրանց առաջընթացով, և նրանց հոգսերը փոքր-ինչ թեթևանան։
Հիպոթերապիան Հայաստանում համարվում է ոչ ավանդական բուժման մեթոդ, ինչի հետևանքով մասնագետների պատրաստման ողջ գործընթացն իրականացվում է հենց կենտրոնում։ «Փայտե ձի»-ն ակտիվորեն համագործակցում է Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի հիպոթերապիայի բաժնի հետ, և ամեն տարի այնտեղից մասնագետներ են ժամանում՝ փորձի փոխանակման։
Կենտրոնում ներգրավված է մոտ 40 կամավոր։ Նրանք ներգրավվում են խիստ ընտրության միջոցով, անցնում են օնլայն դասընթացներ, քննություն հանձնում և միայն գերազանց միավորների դեպքում դառնում կամավորներ։ «Երեխաների անվտանգության հարցն առաջնային է, և կամավորները մեծ պատասխանատվություն են կրում», - նշում է Նորիկ Բեգլարյան։
Կամավորները տարբեր մասնագիտությունների և տարիքային խմբերի մարդիկ են՝ մեծամասնությունը աշխատող, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ ժամանակ են տրամադրում կենտրոնին։
Լուսինե Ավետիսյանը, որն աշխատում է Փրկարար ծառայությունում, արդեն երեք տարի է, ինչ կամավոր է այստեղ, իսկ Ռոբերտ Ղազարյանը պատմում է, որ կենտրոնի մասին իմացել է պատահաբար, երբ ընկերների նկարները տեսել է ձիերի հետ և որոշել է ինքն էլ միանալ։ Մեկ տարի է, ինչ նա ակտիվորեն մասնակցում է կենտրոնի աշխատանքներին։
Լարիսա Թովմասյանը, որը մասնագիտությամբ հոգեբան է, սկզբում կենտրոն է եկել պրակտիկայի համար, սակայն այժմ չի պատկերացնում իր շաբաթն առանց «Փայտե ձի» գալու։ «Այստեղ ստացած զգացողությունները շատ ավելի մեծ են, քան այն, ինչ դու տալիս ես երեխաներին», - ասում է նա։
Կենտրոնի ամենաերիտասարդ կամավորներից է Էլենա Ավետիսյանը՝ 17 տարեկան։ Նախքան կամավոր դառնալը նա երկու տարի հիպոթերապիայի կուրսեր է անցել այստեղ, իսկ հետո միացել է թիմին։ «Երբ ես թերապիայի էի գալիս, անհամբեր սպասում էի կենտրոն վերադառնալուն։ Այստեղ ես ինձ երջանիկ եմ զգում», - պատմում է Էլենան։
Կենտրոնի բոլոր ծառայություններն անվճար են, իսկ եկամուտը գոյանում է ձիավարության և լուսանկարչության ծառայություններից, ինչպես նաև՝ անձնական միջոցներից։
Նորիկ Բեգլարյանի խոսքով՝ հիպոթերապիայի հաջողության գաղտնիքը համբերությունն ու ամենօրյա աշխատանքն են։ «Ոչինչ պարզապես սովորելով չի տրվում. պետք է այնքան լավ պատկերացնես գործը, որ ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվես»,- ասում է նա։
Կամավորները ոչ միայն աշխատում են երեխաների հետ, այլև վարժեցնում են ձիերին հատուկ մեթոդներով։ Եթե սովորական ձիավարության դեպքում ձին պետք է վստահի ու ենթարկվի միայն իր տիրոջը, ապա հիպոթերապիայի դեպքում տարբեր է։ Երբ ձիու վրա նստած է հաշմանդամություն ունեցող երեխա, նա պետք է լիարժեք վստահ լինի մարզչի հրահանգներին՝ անկախ երեխայի անկանխատեսելի շարժումներից։
Թերապիայի ամբողջ ընթացքում մարզիչ-կամավորները երեխային ուղեկցում են, իսկ օգնականը կողքից քայլում է՝ ապահովելով անվտանգությունը։ Երբեմն երեխաները կարող են անել կտրուկ շարժումներ, որոնք ձին կարող է ընկալել որպես առաջ շարժվելու ազդանշան։ Սակայն ճիշտ վարժեցման արդյունքում ձին արձագանքում է միայն մարզչի հրահանգներին։
Հիպոթերապիա իրականացնող ձիերը նախքան «բժիշկ» դառնալը վարժեցման փուլ են անցնում, որը տևում է մոտ մեկ տարի։ «Ձիերը պետք է այնպիսի վիճակում լինեն, որ հաշմանդամություն ունեցող երեխայի հետ շփվելիս ենթարկվեն մարզչին և ճիշտ արձագանքեն իրավիճակներին», - հավելում է նա։
Կենտրոնը պարբերաբար նոր կամավորների կարիք է ունենում, նախատեսում են մոտ ապագայում գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, ինչը թույլ կտա ընդլայնել գործունեությունը և ավելի մեծ թվով երեխաների օգնել:
««Փայտե ձի»-ն կամավորների բարեգործության արդյունքն է, որտեղ ձևավորվել է ոչ միայն աշխատանքային թիմ, այլև ընտանիք»,- ասում է Նորիկ Բեգլարյանը։
Անահիտ Դիվանյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի
Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի
Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել