HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղահանման մարտահրավերները. զրույց վերաբնակեցման մասին

Փետրվարի 22-ին Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի դահլիճում տեղի ունեցավ «Զրույցներ վերաբնակեցման մասին» խորագրով հանդիպում-քննարկումը` նվիրված Արցախից տեղահանվածների բնակարանային, սոցիալ-մշակութային խնդիրների լուծմանը։ Այն կազմակերպել էր «Ուրբանիստա» հարթակը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Եվրոպական Միության աջակցությամբ։ 

Քննարկման առիթը թեեւ 2023-ին Արցախից տեղահանությունն էր, սակայն զրույցը ծավալվեց XX դարի կեսերից մինչև այսօր տեղի ունեցած տարբեր տեղահանությունների շուրջ, այդ թվում ՝ներքին՝ ընդգծելով այս թեմայի սոցիալական, պատմական և քաղաքաշինական կողմերը։

Քննարկման մասնակիցները շոշափեցին ոչ միայն տեղահանվածների ֆիզիկական անվտանգության ապահովման, այլև հոգեբանական ու սոցիալական կարիքների բավարարման անհրաժեշտության հարցը, քաղաքի դերը տեղահանված անձանց ինտեգրման գործում, եւ թե ինչպես կարելի է ստեղծել կայուն, արժանապատիվ և անվտանգ միջավայր նրանց համար։

Անվտանգություն, արժանապատվություն և կայունություն՝ տեղահանվածների համար 

Չորս փորձագետներ ներկայացրին 20-րոպեանոց զեկույցներ՝ անդրադառնալով տեղահանման, ինտեգրման և բնակարանային լուծումների տարբեր մոդելներին։

Գրականագետ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի համահիմնադիր Տիգրան Ամիրյանը և ճարտարապետ Արսեն Աբրահամյանը ներկայացրին «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» հետազոտական նախագիծը։ Ուսումնասիրությունը նվիրված է Վայոց ձորում Կեչուտի ջրամբարի կառուցման հետևանքով տեղի ունեցած հարկադիր տեղահանությանը, համայնքային հիշողության կորստին և վերաբնակեցման խնդրահարույց ընթացքին։
Այս օրինակը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է էկոմիգրացիայի պատմական փորձառությունը, այլև ընդգրկում է տարածաշրջանի միգրացիոն անցյալն ու արցախյան հակամարտության հետևանքով տեղի ունեցած տեղահանությունների հիշողությունը։

Ազգագրագետ, մարդաբան և հետազոտող Հրանուշ Խառատյանը, որը մասնագիտացած է ազգամիջյան հարաբերությունների, միգրացիայի և փախստականների հարցերում, ներկայացրեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի բնակարանային ապահովման դժվարությունները։ Նա անդրադարձավ նաև արցախցի փախստականների ներկա իրավիճակին և նրանց ապագայի հեռանկարներին։

Հրանուշ Խառատյանի խոսքով, նոր բնակավայրերում սոցիալական կապերի պահպանման շնորհիվ տեղահանված համայնքների անդամները կարող են պահպանել իրենց մշակութային ինքնությունը՝ հիմնվելով նախկին բնակավայրերի սոցիալական ու մշակութային կապերի վրա։ Ըստ նրա ուսումնասիրությունների, «վերարտադրվում են» նախկին բնակավայրերի սրբազան տարածքները՝ ինչպես Չարդախլուի «Կաղնի խաչը» կամ Գետաշենի «Պանդի սուրբը», որոնք հիշողություններ են արթնացնում տեղահանվածների մոտ և օգնում համայնքային կապերի վերականգնմանը։

Խառատյանը նաև հավելեց, որ այս երևույթը կարևոր է ոչ միայն սոցիալական կառույցների հզորացման, այլև հոգեբանական վերականգնման տեսանկյունից։ Նրա աշխատանքը, որը հաճախ առնչվում է տեղահանված համայնքների ինտեգրացիոն մարտահրավերներին, ընդգծում է մշակութային ինքնության կարևորությունը։

Սոցիոլոգ Հարություն Վերմիշյանը խոսեց այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են Արցախից տեղահանվածները Երևանում՝ քաղաքային պլանավորման, բնակարանային հասանելիության և սոցիալական ինտեգրման տեսանկյուններից։ Նա ներկայացրեց, թե ինչպես է Երևանի քաղաքային միջավայրը ձևավորում ներգաղթյալների կյանքի պայմանները՝ ընդգծելով ներառման և բացառման միջև գտնվող բնակարանային քաղաքականության հակասությունները։

Շեշտեց, որ քաղաքը պետք է ոչ միայն հյուրընկալի տեղահանվածներին, այլև ինտեգրի նրանց՝ ապահովելով ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական աջակցություն։ Վերմիշյանի խոսքով, քաղաքը, որը միայն պատսպարում է, բայց չի ներառում, հանդիսանում է բացառման տարածք, որն իր բնակիչներին չի տալիս լիարժեք քաղաքացիություն և ապրելու իրավունք։ Քաղաքային պլանավորումը պետք է ներառի այնպիսի լուծումներ, որոնք միավորում են հասարակության տարբեր խմբերին, ոչ թե բաժանում։

Նա հավելեց, որ տեղահանված մարդիկ նախ պետք է ունենան տարրական անվտանգություն, արժանապատվություն և կայունություն, նախքան կարողանան հավակնել քաղաքի նկատմամբ իրավունքին։ Խոսեց նաեւ այն բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ տեղահանվածների հետ համախմբման ճանապարհին՝ սոցիալական անհավասարությունից մինչև տարբեր մշակութային տարբերություններ։ Միայն այդ քայլերի միջոցով հնարավոր կլինի ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը քաղաքային միջավայրում։

Ճարտարապետ և ուրբանիստ Հեղինե Փիլոսյանը, որը մասնագիտանում է բնակարանային հարցերի, քաղաքաշինության և քաղաքային զարգացման սոցիալ-տնտեսական ոլորտներում, ներկայացրեց սոցիալական բնակարանների ներառական քաղաքականության հնարավորությունները Հայաստանում։

Նա ընդգծեց, որ տեղահանմանն առերեսված երկրներում հիմնական մարտահրավերներից մեկը կարճաժամկետ և երկարաժամկետ բնակարանային ապահովումն է, ինչը պահանջում է պետական համակարգված մոտեցում։

Հեղինե Փիլոսյանը ներկայացրեց սոցիալական բնակարանների զարգացման հնարավոր մոդելները, որոնք թույլ կտան մեղմել բնակարանային շուկայի ճնշումները և խուսափել գերգոյացման երևույթից։ 

Նրա խոսքով՝ մի քանի համայնքներում արդեն իրականացվում են պիլոտային վերակառուցման նախագծեր, որոնք ներառում են ռազմավարության մշակում և համապատասխան օրենսդրական փոփոխություններ։

Տեղահանվածների խնդիրները՝ որպես ազգային օրակարգի մաս

Թեև Հայաստանը բազմիցս բախվել է զանգվածային տեղահանությունների՝ խորհրդային տարիներից մինչև արցախյան վերջին պատերազմը, սակայն ամբողջական և երկարաժամկետ լուծումներ, ըստ քննարկման բանախոսների, դեռևս չեն մշակվել։

Խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն որպես սոցիալական մարտահրավեր, այլև քաղաքական և տնտեսական օրակարգի կարևոր բաղադրիչ։ Արծարծվեցին հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի տեղահանված անձանց առաջարկվեն կայուն բնակարանային լուծումներ։
  • Ինչպե՞ս կարող է պետությունը խթանել սոցիալական բնակարանների կառուցումը և վարձակալական աջակցությունը։
  • Ի՞նչ քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի քաղաքային միջավայրն ավելի ներառական լինի տեղահանվածների համար։

Քննարկման ընթացքում բանախոսներն ընդգծեցին, որ տեղահանվածների խնդիրները պահանջում են համակարգված մոտեցում, որը պետք է ներառի քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական բաղադրիչներ։ Նրանց կարծիքով, պետական և միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերը կարող են ապահովել ավելի արդյունավետ լուծումներ։

Էլեն Մինասյան

Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի

Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի

Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter