
Համակարգչային հանցագործությունների թիվն աճել է. ըստ մասնագետի՝ պատճառը կրիպտոարժույթների տարածումն է
2024 թվականին Հայաստանում համակարգչային հանցագործություններն աճել են 20%-ով։ Այս աճի հիմնական գործոններից մեկը, ըստ ՀՀ ՆԳՆ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի, կրիպտոարժույթների ավելի լայն տարածումն է Հայաստանում, ինչն էլ խարդախներին ավելի մեծ հնարավորություններ է տալիս։
Կրիպտոարժույթները վերջին տարիներին մեծ տարածում են գտել՝ ստեղծելով ինչպես ներդրումային հնարավորություններ, այնպես էլ՝ խարդախությունների նոր ձևեր։ Հայաստանում նույնպես այս շուկան հայտնվել է կիբերանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում։
Մասնագետները կրիպտոարժույթները դիտարկում են երկու հիմնական տեսանկյունից՝ որպես ֆինանսական միջոց կամ սեփականության ձև։ Սակայն հանրության շրջանում հաճախ այն ասոցացվում է խարդախությունների հետ, ինչը պայմանավորված է սակավ տեղեկացվածությամբ և հանցագործությունների համար դրա օգտագործմամբ։ Չնայած այս ամենին, շատ երկրներ՝ Վրաստանը, Գերմանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ի որոշ նահանգներ, արդեն իսկ կարգավորում են այս ոլորտը՝ ճանաչելով դրա օրինական կիրառությունները։
«Մինչև վերջերս հանցագործները գումար շորթելու համար պահանջում էին բանկային փոխանցումներ կամ կանխիկ գումար, սակայն այսօր նմանատիպ դեպքերի 80-100%-ում նրանք պահանջում են վճարել կրիպտոարժույթներով, քանի որ դրանց հետագծելիությունը բարդ է»,- ասում է Հայկ Մկրտչյանը։
Ըստ Կիբերանվտանգության վարչության՝ Հայաստանի Հանրապետությունում ամենատարածված խարդախություններն են՝
Կեղծ ներդրումային առաջարկներ – քաղաքացիներին առաջարկվում է ներդնել փոքր գումարներ` արդեն հայտնի տարբեր ծրագրերի կամ կազմակերպությունների անունները օգտագործելով, խոստանալով արագ ու բարձր շահույթ, սակայն արդյունքում մարդիկ կորցնում են իրենց ֆինանսական միջոցները։
Օնլայն առևտրային խարդախություններ – հայտարարությունների կայքերում, օրինակ` list.am-ում, ինչ-որ մեկը կապվում է որևէ ապրանք վաճառող անձի հետ և ասում, թե մարզից է և չի կարող անձամբ վերցնել իրը, առաջարկում է առաքել գնված իրը, իսկ իրենք գումարը կփոխանցեն։ Հանցագործը հղում է ուղարկում, օրինակ՝ «Հայփոստի» կայքի հղման տեսքով ու ասում, որ մուտք գործելուց հետո քարտի թվերը հավաքի և գումարը կստանա, արդյունքում հանցագործը մուտք է ունենում քաղաքացու թվային դրամապանակին և տիրանում առկա գումարին։
Կեղծ բանկային հաղորդագրություններ – խաբեբաները ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ, ստանում են քաղաքացիների տվյալները և մուտք գործում նրանց հաշվեհամարներ։
Հայաստանում գրանցված խոշորագույն կրիպտոխարդախության դեպքում կիբերհանցագործները քաղաքացու թվային դրամապանակից հափշտակել են 1.5 միլիոն դոլար։
«Գումարի վերադարձման ինստիտուտն ամբողջ աշխարհում մեծ խնդիր է, քանի որ այստեղ կա ոչ միայն իրավական, այլև տեխնիկական խնդիր։ Նախ և առաջ պետք է պարզել՝ արդյոք տվյալ ֆինանսական միջոցը սառեցման ենթակա է, թե ոչ, որովհետև կան համակարգեր, որում առկա կրիպտոբալանսը հնարավոր չէ սառեցնել․ դրա իրականացումը ենթադրում է հետագայում գումարը տուժողին փոխանցել։ Կրիպտոարժույթների վերականգնման բարդությունը պայմանավորված է դրանց տեխնիկական առանձնահատկություններով, ինչը պահանջում է բազմակողմանի քննություն և միջազգային համագործակցություն»,- ասում է Հայկ Մկրտչյանը։
Չնայած տարածված կարծիքին, որ կրիպտոարժույթներն ամբողջությամբ անանուն են, հնարավոր է որոշակի հետագծելիություն ապահովել։ Կիբերհանցագործությունների բացահայտման դեպքում մասնագետները կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձանց, նույնիսկ եթե նրանք օգտվում են գաղտնիության մեխանիզմներից։
Ըստ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ խարդախություններից հնարավորինս զերծ մնալու համար անհրաժեշտ է՝
- Լինել զգոն՝ չհավատալ հեշտ շահույթի խոստումներին։
- Չփոխանցել անձնական տվյալներ, նույնիսկ եթե զանգահարողը ներկայանում է որպես բանկի աշխատակից։
- Ուսումնասիրել աղբյուրները՝ ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ հարթակը վստահելի է։
- Օգտագործել երկաստիճան նույնականացում՝ թվային դրամապանակների անվտանգությունն ուժեղացնելու համար։
Անահիտ Դիվանյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի
Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի
Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Գլխավոր նկարը ստեղծվել է Leonardo արհեստական բանականությամբ
Մեկնաբանել