HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակենտրոնացման ճամբարների քանոնահարը. Արա Սևանյան (Արշավիր Ֆերջուլյան) մաս 1

Գնչուհին

2011 թ. Հունվար 4-ին, Քալիֆոռնիայի Միշըն Հիլզ 15105 հասցեում գտնվող Արարատ Տանը, մահացավ բացառիկ քանոնահար և կոմպոզիտոր Արա Սևանյանը: Նրա Alter ego-ն՝ Արշավիր Ֆերջուլյան անունով,  վաղուց մահացել էր գերմանական համակենտրոնացման ճամբարներում:

Երբ երեխա էր, Երևանը հաճախ լցվում էր գնչուներով: Մի օր, նրանցից մեկը  մտավ Չելյունսկինցիների փողոցում գտնվող իրենց տուն: Մայրը խնդրեց նախ իր ապագան նայել, հետո էլ՝ ավագ որդունը: Գնչուհին ասաց՝ միշտ կհաղթես մրցույթներում: Պատերազմ եմ տեսնում, կհայտնվես տնիցդ հեռու մութ բանտի պես տեղում: Երկու անգամ կամուսնանաս, կանանցիցդ մեկը կլինի թխահեր, մյուսը՝ շիկահեր: Կապրես 60 տարի: Երբեք Հայրենիք չես վերադառնա:

Գնչուհու գուշակությունը բացառությամբ մեկ կետի, իրականացավ: Սխալվել էր մահվան տարիքի հարցում: Արշավիր-Արա Ֆերջուլյան-Սևանյանը  60-ի փոխարեն ապրեց գրեթե 96 տարի: 96 տարի՝ անհավանական թվացող շրջադարձերով լի մի կյանք:

Ինչպես գերի ընկավ

Երբ սկսվեց 2-րդ աշխարհամարտը, տարան ռազմաճակատ, հրացան տվեցին, առանց սովորեցնելու ձգանը քաշելու «արվեստը» եւ մի փամփուշտ՝ գերի ընկնելու դեպքում սեփական քունքին պարպելու համար: Սամբեկ գյուղի մոտ շրջափակման մեջ ընկավ, չհասցրեց ոչինչ անել: Ոտքով, գերեվարված մյուս զինվորների հետ, քշեցին դեպի Մարիուպոլ՝ Ուկրաինա:  Ցուրտ էր, նախորդ օրերին եկած հորդ անձրևից ամենուրեք ցեխ էր, որ դժվարացնում էր քայլքը: Սովը, բայց հատկապես  ծարավը անտանելի էր: Արշավիրը առանձնացավ  շարքից՝ ջրափոսից ցեխաջուր խմելու համար: Զգաց, թե ինչպես գնդակը սուրաց քթի մոտով:  Այլևս շարքից չառանձնացավ: Մարիուպոլը իր առաջին ճամբարն էր: Խանձած ցորենով ինչ-որ ջրիկ մի բան տվեցին ուտելու: Փոքրամարմին, տկար երաժիշտ էր: Առավոտները գերմանացիները մեռածներին և կիսամեռներին տանում, լցնում էին փոսը: Մի առավոտ էլ իրեն վերցրին տանելու: Մի գերի բղավեց՝ «Նա Ռուսաստանի լավագույն երաժիշտներից է»:

 Արամ Խաչատրյանի բողոքը Ստալինին 

Ռուսաստան ասելով, անշուշտ նկատի էր ունեցել Խորհրդային Միությունը, որի Կարմիր դրոշի շքանշանը՝ անձամբ Ստալինի հրամանով, զարդարել էր կուրծքը: Ընդամենը 15 տարեկան էր, երբ Թիֆլիսում կայացած Անդրկովկասյան երաժշտական մրցույթում քանոնի իր անզուգական  կատարումներով առաջին տեղը վերցրեց: Համերգը Թիֆլիսի Օպերային թատրոնում էր: Օթյակում Լավրենտի Բերիան էր: 1930 թվականն էր, կարծես: Արան հիշում է, որ, իր կատարումից հետո, Բերիան եկավ ետնաբեմ և խնդրեց հպվել գործիքին: Նա նրբորեն սահեցրեց մատները քանոնի փայտի վրայով ՝ «Ինչ գեղեցիկ է...» ասելով:

Մյուս մեծ հաջողութունը անմիջապես 2-րդ աշխարհամարտից առաջ էր: Մոսկվա՝ Մեծ թատրոն: Իր իմպրովիզացիաներով «Հեջազ»-ը նոր մեծ հաղթանակ բերեց: Ստալինը ներկա էր համերգին:  Շատ էր հավանել, և իր անունից Արշավիրին  հրավիրեցին Կրեմլ: Ստալինի  կողքին Արամ Խաչատրյանն էր` հիացած Արշավիրի կատարումով և դժգոհ, որ երիտասարդ տաղանդներին սովետական երկիրը  չի քաջալերում ինչպես հարկն է: Խաչատրյանի բողոքից հետո Արշավիրի ստացած մրցանակի հարգը, Ստալինի կարգադրությամբ, բարձրացվում է Կարմիր դրոշի շքանշանի:    

Արշավիր-Արան միշտ երախտապարտ մնաց Արամ Խաչատրյանին իր արվեստը գնահատելու և աջակցելու համար: Կոմպոզիտորների միությունում  ծանոթացրել էր Պրոկոֆևի և Շոստակովիչի հետ: Լսել տվել իր նվագը: Առաջարկել էր Արշավիրին մնալ Մոսկվայում, խոստացել բացել նրա առջև բոլոր դռները: Այսպես՝ Արամ Խաչատրյանի բարձր գնահատանքին արժանացած, իր քանոնի լարերով Բերիայի և Ստալինի «հոգիներին» դիպած այս տղան փրկվեց մեռելների փոսում հայտնվելու անպատեհությունից և  շարունակեց որպես ռազմագերի  դեգերել համակենտրոնացման տարբեր ճամբարներում:  

Քանոնը

Փոքր երեխա էր, երբ արդեն Երևանում  հմուտ դերձակի համբավ ձեռք բերած հայրը՝ Օհաննես Ֆերջուլյանը, քանոն պատվիրեց Պոլսից: Ասեղ-թելով կտորի վրա իր haute couture խաղերը տալուց զատ հրաշալի տիրապետում էր նաև նվագարանի «թելեր»-ով արվեստ հրամցնելու  գաղտնիքներին: Եվ որպեսզի փոքրիկ Արշավիրը,  որ զմայլված էր քանոնով և ուզում էր անվերջ մատիկները սահեցնել վրայով, լարից չգցի այն, ննջարանի դուռը միշտ բանալիով փակ պահեցին: Բայց ուշիմ երեխան գիտեր, թաքցված բանալիի տեղը... Ի վերջո, ուսուցիչ գտան նրա համար. Գարեգին  Խանիկյանն էր: Իր հասակի համեմատ, քանոնի հսկա պատյանը շալակած, նա շտապեց դասի: Հետո մտավ կոնսերվատորիա՝ Անուշավան Տեր Ղևոնդյանի դասարան: Հասցրեց սիրահարվել ուսուցչի աղջկան, հայտնել այդ մասին Տեր Ղևոնդյանին և արժանանալ խրախուսանքի: Ուսուցիչը ուրախ էր, որ իր աշակերտը սիրահարված է: Դա բարեբեր կլիներ նրա արվեստի համար:«Առանց  սիրահարված լինելու չես կարող ստեղծագործել»,-պնդում էր նա: Պրոֆեսորը գուցե չէր էլ անդրադարձել, որ խոսքը իր աղջկա մասին էր:

Անանուն աղջիկը

Մարիուպոլի ճամբարում ապուրի հերթի մեջ, լսեց հայերենով մի կնոջ ձայն՝ «Հա՞յ ես»:  Այս անծանոթ աղջիկը ինչ-որ թղթեր լրացրեց, իբր քույրն է, և իրավունք ստացավ հոգ տանելու «եղբոր» մասին: Այդպես ձմեռը հանեց: Իր պահապան հրեշտակն էր: Անանուն: Տարած հոգեկան և մարմնական ցնցումների մեջ Արշավիրը չէր կարողացել մտապահել նրա անունը: Եվ կոչում էր ուղղակի ՝ Հրեշտակ: Ստալինգրադից հետո գերմանացիները գերիներին տեղափոխեցին դեպի  արևմուտք՝ Լեհաստան: Մինչ Վարշավա  հասնելը նրանց բերեցին Կելցեի համակենտրոնացման ճամբար: Սա Արշավիրի անցած բոլոր ճամբարներից  ամենասոսկալին էր:  Իրականում իր հուշերում խառնված է շատ բան, ժամանակագրությունից մինչև համակենտրանացման ճամբարների անունները: Բայց անցկացրած դաժան օրերից շատ հստակ դրվագներ կային՝ մեխված ուղեղում.  Ինչպես, մռայլ եղանակից հետո արև տեսած գերիներին, որ դուրս էին եկել բարաքներից և վայելում էին օդի ջերմությունը, գնդահակարեցին  գրազի համար, թե  ով ավելի արագ կքաշի ձգանը: Երբ գերմանացի վերակացուները իր աչքի առաջ հսկա հացի մեջ դրված ճարպ էին խժռում, իսկ վերջում՝ չկարողանալով ամբողջը ուտել, իրենց թերմացքը շպրտեցին իրեն: Ինքն էլ վերցրեց գետնից և կերավ արքայական այդ պատառը: Այդ օրվանից մի մեծ երազանք պահեց. Եթե ողջ մնա մի մեծ բոքոնի մեջ լիքը կարագ է քսելու և ճաշակելու է, որպես աշխարհի ամենից համեղ ուտելիք..: Շատ-շատ տարիներ հետո Ամերիկայում, երբ բուրգեր սկսեց վաճառել, արդյոք ենթագիտակցության մեջ այն թերմացքի հիշողոթյո՞ւնն էր: Շատ պատկերավոր հիշում էր նաև այն օրը, երբ  ճամբարներից մեկում  շերեփի պես մի բան էին տվել ձեռքը և խցանված արտաքնոցը մաքրելու հրաման արձակել: Հետո՝ կարգադրել գործը շարունակել մերկ  ձեռքերով, որոնք սովոր էին միայն կախարդական հնչյուններ «կորզելու» քանոնի լարերից:  

Հայեր ՍՍ-ի շարքերում

Մեկ այլ աներևակայելի ընթացք ստացավ Արշավիրի կյանքը Վարշավայում: Այս ճամբարի ադմինիստրացիայում Արշավիրը հայերի հանդիպեց: Արտաշես Աբեղյանի կողմից ղեկավարվող  Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեի անդամները   ճամբարներով մեկ փնտրում էին հայերի՝ փոխադարձ համաձայնություն ունենալով ՍՍ-ի հետ: Որպես կանոն, նրանք ցեղասպանությունից հետո Գերմանիայում հայտնված գաղթական հայերի զավակներն էին, որոնք արդեն ծնվել էին այս երկրում  եւ բոլշևիկների կողմից Հայաստանի Հանրապետության բռնազավթումից հետո տարագրված գործիչները: Համագործակցության նպատակը՝ Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր, հայ ռազմագերիների փրկությունը: Գերմանացիների համար կային  նաև շատ հստակ առօրեական հարցեր՝ փնտրում էին մասնագետների, պատերազմից  ավերվող Գերմանիան ոտքի կանգնեցնելու համար: Եվ արհեստավարժ ճարտարագետների, բժիշկների, շինարարների, արհեստավորների  փնտրում էին, նախ, գուցե հենց, հայ գերիների մեջ:    

-Զբաղմո՞ւնքդ:

-Երաժիշտ:

-Անո՞ւնդ:

-Արշավիր Ֆերջուլյան:

-Ֆերջուլյա՞ն: Հա՞յ ես: Ես էլ եմ հայ:

-Մորեղբայրս Լեհաստանում է ապրում:

-Անունը գիտե՞ս:

-Արամ Դաբաղյան:

-Արամ Դաբաղյա՞ն: Իմ լավ ընկերն է:

Իր հայ լինելը, երաժիշտ լինելը, գերիներին հաշվառող ոմն Թորոսյանը և Ֆրենթզելը, որի մասին Արշավիրն ասում էր, թե հայ է և իրական ազգանունը Կորգանյան, կյանքում երբևէ չտեսած քեռի Արամ Դաբաղյանի զարմիկ լինելը արդեն որերորդ անգամ շրջեցին Արշավիրի կյանքի ընթացքը:

Դաբաղյաններով հպարտ մայրը

Մայրը միշտ հպարտությամբ ասում էր, որ իր ազգականները սփռված են աշխարհով մեկ. «Որ երկիր գնաս այնտեղ Դաբաղյանների կհանդիպես»:  Մինչև 1915թ. ապրում էին Վանում: Արշավիրը դեռ չէր ծնված, բայց ճանապարհին էր: Երբ օրհասական դարձավ վիճակը, նրա հայրը հղի կնոջը, փոքրիկ աղջկան և կնոջ եղբորն առավ և սարերով, ձորերով, տանջանքներով հասավ Էջմիածին: Վանքի բակը լեցուն էր գաղթականներով՝ հիվանդ, անոթի...: Հայրը  ընտանիքը տեղափոխեց Երևան: Շուտով քույրը և մորեղբայրը մահացան: 1915-ի նոյեմբերի 21-ին ծնվեց Արշավիրը: Նրանից  հետո լույս աշխարհ եկան  Ժիրայրը, Հրայրը և Նորայրը: Չորս երաժշտական եղբայրներ. քանոն, թառ, դաշնամուր և հոբոյ: Փոքր եղբայրը, որ նվագախումբ էր մտել իր հոբոյով,  շուտ մահացավ: Որովհետև խմում էր: Վարշավայում ապրող քեռի Արամը գորգի վաճառական էր: Օնասիսի պես իր սեփական նավն ուներ: 2-րդ աշխարհամարտի  ժամանակ հոգ էր տանում Կելցեի համակենտրոնացման ճամբարում գտնվող հայ գերիներին՝ ուտելիք և հագնելիք մատակարարելով : Եվ օգնությունը գլուխ բերելու համար հարաբերություններ էր հաստատել գերմանացիների հետ: Երբ լսեց զարմիկի՝ Վարշավայում գտնվելու լուրը, բեռանատարներով օգնություն ուղարկեց այնտեղ:

 ՆԿՎԴ-ն

Արամից բացի, Արշավիրը մեկ ուրիշ քեռի էլ ուներ՝ Տիգրանը: Նա Ամերիկայում էր հայտնվել  դեռ շատ վաղուց՝ մինչև ցեղասպանությունը: Առաջին պատերազմի վետերան էր՝ կռվել էր ամերիկյան զորքերում: Մորեղբայր Տիգրանի մահից հետո Ֆերջուլյանների ընտանիքը նամակ ստացավ իրավաբան Լիի Չեմբերլենից, այն մասին որ Տիգրան Դաբաղյանը սեփականություն հանդիսացող իր անշարժ գույքը կտակել է Վանից Երևան տեղափոխված քրոջը: Չեմբերլենի գրասենյակը, համաձայն կտակի, սկսեց ամսական դրամ ուղարկել Երևան: Մինչև որ ՆԿՎԴ-ն մտավ իրենց տուն, ավերեց ամեն բան, բռնագրավեց ունեցվածքը, անգամ դաշնամուրը և բռնագանձեց ամերիկյան օգնությունը, որ հայրը ապահովության համար դրամատուն չէր տարել, այլ պահում էր տանը: Մատնիչը իրենց տան ռուս սպասուհին էր՝ համատեղությամբ գործակալ: Հորն աքսորեցին Սիբիր մի ամբողջ 20 տարով: Արշավիրը այլևս նրան չտեսավ:

Գլխավոր նկարում՝ Ֆերջուլյանների ընտանիքը. կանգնած՝ աջից առաջինը Արշավիր Ֆերջուլյան

 շարունակություն

Մեկնաբանություններ (2)

Կարապետ Հակոբյան
Հետաքրքիր հուշեր էին:
Ծովինար Հովհաննիսյան
Շատ լավ է, որ Ֆերջուլյանի կյանքի կարևոր դրվագներից տեղեկացա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter