
Քսաներորդ դարու ֆաքիրը... Եղիա Տեմիրճիպաշեան (մաս 2)
Հոբի պես՝ փորձությունների միջով
Եղիան տեղափոխվեց Խասգյուղի մեծ պարտեզով իրենց տոհմական երկհարկանի տանն ապրելու: Բայց նա լուսավոր և կահավորված սենյակների փոխարեն նախընտրեց մի գետնահարկ խուց, որտեղ թափանցում էր լույսի միայն մեկ շիթ: Պատերի մեջ փորված կիսակամարների խորություններում դասավորեց գրքերը, աչքի դիմաց փակցրեց մորենական քահանա մեծ հոր նկարը: Սեղանին դրեց Բայրոնի հատորը, իսկ բազմոցին՝ Աստվածաշունչը՝ «Հոբի գրքի»էջը մշտապես բաց: Պատուհանի գոգին տեղավորեց մետաղե խաչը: Պատի 2 չգործող ժամացույցները չփորձեց անգամ լարել: Եվ սկսեց ապրել: Այստեղ ստեղծեց իր ամենահրաշալի բանաստեղծությունները և շատ բեղմնավոր աշխատակցեց ու թղթակցեց տարբեր պարբերականների ու հանդեսների: Միակ բանը, որ նրան նեղում էր այս տանը՝ տեսարանի պակասն էր: «Մօտայի ընդարձակ տեսարանը կը պակսի»,- ասում էր նա: Իրար ետևից մահացել էին նրա գրեթե բոլոր ազգականները: Պապենական տունը դատարկ էր: «Անկողինները մէկիկ մէկիկ ծրարեցան, պնակները մէկիկ մէկիկ վերացան, ու ձայները մէկիկ մէկիկ մարեցան ու տունը հիմայ մէկ անկողնով, ու սեղանը հիմայ մէկ պնակով ու բնաւ կենդանի ձայնի մ’արձագանք»: Եղիան մնաց մենակ:
Մայրը՝ «այդ խունկի պէս» կինը, Գատըգյուղի տանն էր մահացել՝ խոր վշտի մեջ ձգելով որդուն: Մ. Չերազը հիշում է տիկին Հռիփսիմեին,կամ Սըրմային,ինչպես սովորաբար կոչում էին նրան, միշտ «սև լաչակով»: Քահանայի աղջիկ էր: Եղիան պատմում էր. «Կը սքանչանային իր վրայ. Քոյրս կը կարծէին զայն ոմանք, իսկ օտարականք՝ աղջիկս»:
Մոր մահից հետո, Եղիան շատ երկար ժամանակ չէր շտկում նրա մահճակալը, բարձը չէր թոթվում, որի վրա հանգչել էր մայրը, որպեսզի սավանի վրա մնացած նրա մարմնի թողած ձևերը՝ ծալքերը, չխաթարվեն՝ թեկուզ խաթարվի իր հոգեկան աշխարհը:
Մութի տիրակալը, որ երազում էր կնոջ մարմինը օծել օպոպոնաքսով
Ինչևէ, հիմա արդեն Խասգյուղում էր կամ Հասգյուղում: Այդ սառը մթնոլորտի մեջ, ամբողջությամբ սևազգեստ՝ գեղեցիկ մուճակները ոտքերին, միտքը ինքնավերլուծությամբ ծանրաբեռնած, երևակայական հայացքը հառած իր կացարանից չերևացող Մոտայի հրվանդանին, նա գնում էր ցնորքի առավել խոր հանգրվանին ընդառաջ: Խասգյուղում նա 2 հասցե ուներ՝ գիշերները հիմնականում անց էր կացնում գերեզմանատանը՝ ազգականների շիրիմների մոտ, ցերեկները՝ գերեզմանանման գետնափոր իր կացարանում, որտեղ ցնորքից սթափություն և հակառակ ուղղությամբ կատարվող ուղեղային մորմոքների պահերին, ի թիվս հրաշալի այլ բանստեղծությունների, գրեց իր 2 բացառիկները՝ «Խօսք ընդ Աստծոյ»-ն և «Հրայրք մութին»-ը:
Ծածկըւելու տենչ մ՚ախտագին
Զիս ատեցող ըրաւ արփւոյն.
Բռնաւոր պէտք, սէր կաթոգին
Կը զգայ սիրտն իմ առ մո՜ւթ, լո՜ւռ բոյն։
Մութն իր ընկերն էր, ինչպես ընկերն է գողի: Ինքն էլ մի տեսակ գող էր: Ինքն իրենից գողացող գող: Գողունն էլ կյանքի լույսն էր, որին այդպես էլ չկարողացավ համակերպվել: Ո՞վ էր այս մարդը: Արտաքին աշխարհի համար նա մեծ մանկավարժ էր, որի դասերն ավարտվում էին աշակերտների ծափահարություններով, հրաշալի հրապարակախոս էր, համարձակ հրատարակիչ, ընտիր ոճի բանաստեղծ և փառահեղ գեղագագետ, «ֆիլօզօֆօս», ինչպես համարում էին նրան Գատըգյուղի հունական թաղի իր դրացիները, անգամ Պոլսի Պեշիկթաշ թաղից ընտրված երեսփոխան։ Բայց ո՞վ էր ինքն ի՛ր համար: Երևակայական կյանքով ապրող, բայց միանգամայն իրական մահ փնտրող մեկը, ով ինքն իրեն բնութագրել է մեկ նախադասությամբ. «Հոգիս կազմված է սատանի մէզէ եւ հրեշտակի մեղրէ » … , ապա խոստովանել է իր ցանկությունը և մատնել իր հոգեկան խնդրի պատճառներից մեկը թերևս. «Ու մեծագոյն հաճոյքս է մինչեւ առաւօտ սուլթանուհւոյ մը մարմինը օծել օբօբօնաքսով» (քաղցրաբույր դեղաբույսի խեժ է):
Մեծ հիւանդը...
«Ի՛նչ տկար է մարդ էակը և որքա՛ն տխմար են անոնք որոնք իրենց մտային կարողութիւններովը կ՛գոռոզանան: Վարագույր մը կ՛իջնէ, և ահա ամեն փայլուն իմացականութիւնը կ՛խաւարի յաւիտեան»: Այսպես է գրում Մինաս Չերազը՝ առերեսվելով իր լավագույն բարեկամի այլափոխված աշխարհին:
Հիվանդությունը, որ աղճատել էր Եղիա Տեմիրճիպաշյանի կյանքը, նկարագրված էր այն ժամանակների ջլախտաբանություն մեջ. հիվանդության նախադրյալները հայտնվում են ծնված օրվանից և ի հայտ են գալիս առիթի դեպքում: Սրան հակված են մռայլ, հոռետես, անվստահ, կասկածամիտ, գոռոզ մարդիկ: Հիվանդությունը ավելի հաճախ սկսվում է մտքի անհանգստությամբ, բարոյական սեւամաղձությամբ, հիվանդագին դյուրագրգռությամբ: Հիվանդությամբ տառապողը ընկնում է մտատանջության մեջ, քննում է ինքն իրեն, զգում է իր մեջ կատարվող հարաճուն փոփոխությունները, բայց դրանց պատճառը փնտրում է իրենից դուրս: Բոլորը դառնում են կասկածի առարկա: Հիվանդին թվում է, թե շրջապատը զբաղված է միայն իր նկատմամբ դավեր նյութելով: Նա համոզված է, որ իրեն հետապնդում և հալածում են և շուտով հալածվողից վերափոխվում է հալածողի: Այսպես, հիվանդը կարող է մարդասպանություն գործել կամ այլ վտանգավոր արաք կատարել ենթադրյալ մեղավորի նկատմամբ: Եվ վերջապես անձնասպան լինել:
Եղիան անցավ նկարագրված գրեթե բոլոր փուլերով: Եվ մինչ վերջնագծին հասնելը, հասցրեց կասկածել և ատել: «Հէք բարեկամս վարակուած էր այն ախտով զոր բժիշկները հալածանքի մենամոլութիւն կ՛անուանեն»,-գրում է Մ.Չերազը: Եղիայի թվում էր, կամ նա «վստահ էր», որ իրեն հետապնդում են իր չսիրած 2 տարրերը՝ թուրքերը և հնչակյանները: Հարևանի կազմակերպած ճաշկերույթին մասնակցելուց հետո, նամակ է ուղարկում նրան, թե. «Սիրելի Մարգարեան, դուն զիս կծաղրե՞ս, ես Հասգիւղ եկայ իմ հարազատներուս գերեզմաններուն համար եւ դուն ինձի սեղաններ կպատրաստե՞ս, դուն իմ վիշտս կհեգնե՞ս, ի՞նչ ըրի քեզ՝ ասոր արժանի ըլլալու համար»: Կամ՝ «Աբիկ էֆենդի Ունճեան, Աստոծմէ չե՞ս վախնար դուն: Գատըգիւղէն փախայ եւ մարդ կը հասցնես ետեւէս զիս չարչարելու»: Իսկ հետո, երբ կլինի Վիեննայում, նամակ կգրի կայսեր Ֆրանց Յոզեքին՝ խնդրելով փրկել իրեն ինչ-որ մի պանդոկապանի հալածանքներից: Մարդիկ չէին նեղանում նրանից, քանի որ գիտեին ինչն ինչոց է:
Արուեստին թագաւորութիւնն յաւիտենական է...
Սրանում խորապես համոզված էր Եղիան: Նա սիրում էր Բեթհովեն լսել, կերպարվեստը ուսումնասիրել, բանավիճել գրականության և թատրոնի մասին: Շեքսպիրին համար ասում էր՝ «...Շեքսբիր կը պաշտեմ, Շեքսբիրէ կը զարհուրիմ... Մարդը չեմ տեսներ այդ հսկա թատերգակին մէջ, այլ մարդկութիւնը»: Պետորս Ադամյանին մեծարում էր, տպավորված էր հատկապես նրա Օթելլոյով և գիտեր, որ այն երկրում, որտեղ ապրում էր, հայերի ներդրումը անուրանալի էր.««Թուրք թատրօն» անուամբ հաստատութիւն մը գոյութիւն չունէր: ... Բուն իսկ թատրօնն՝ Հայք հաստատած են ի Թուրքս․․․ Իբր պատմաբան ճշմարտախօս, պարտիմ ըսել թէ՝ Հայ արուեստաւոր դերասաններով՝ Թուրք քնարերգական թատրօնն հաստատած լինելու պատիւն՝ ամբողջապէս կը պատկանի Հայ երաժշտապետ ու Իտալական դպրոցին աշակերտ Չուհաճեանի»։ Եղիան այլ մտավորականների հետ սիրում էր լինել Գրիգոր Օտյանի Բերա թաղի տանը, իր խոսքերով տաճարում, որտեղ ընթանում էին հետաքրքիր զրույցներ արվեստների մասին: Բայց Օտյանը հեռացավ Պոլսից և Եղիային թվաց թե «թափո՜ւր է Բերան»:
Ոճի ոսկերիչը և Աշխարհաբարի Նարեկացին
Սկսեց ավելի քիչ կարդալ և դա մեկնաբանեց այսպես՝ «որովհետեւ յոռետես եղայ: … Ինչ որ կ’երազեի… այո՛, երազ մնաց»: Պատրանքային աշխարհում նա կառուցում էր աննյութական, շինծու իրականություն: Իսկ երբ ուժերը սպառվում էին, երևակայության թռիչքը կանգնում, անմիջապես հայտնվում էր իրականության մեջ, որտեղ արդեն գրեթե ոչինչ ծանոթ և հարազատ էր իրեն: Նա իրեն մենակ էր զգում, մենակ և դատարկ: Բայց այդ հոգեվիճակը կամա թե ակամա դարձավ արվեստագետի իր աղը: Իր լավագույն գործերը գրվեցին հոգեկան ծայրահեղ լարման պահերին: Դրանք թե գրական գործեր էին, թե փիլիսոփայական աշխատություններ, թե բառարաններ: Նման ապրումների արդյունքում նա գրականություն բերեց մի ընտիր ձեռագիր: Գրիգոր Օտյանը, Մխիթարյան հայրերը, Գրիգոր Զոհրապը, Տիգրան Կամսարականը, Ռեթեոս Պերպերյանը և ուրիշներ Եղիա Տեմիրճիպաշյանին համարել են ՈՃԻ ՈՍԿԵՐԻՉ: Նրա բառային համադրությունները ոչ միայն իմաստային, այլև երաժշտական և պատկերային են: Նրա բառը կարծես նոտա լինի: Ինքը գրաբարյան ձևերի օգնությամբ և զարմանալի նուրբ զգացողությամբ նոր բառեր կերտելու վարպետ էր: Դրանց մասին գրել են՝ «ձայնի կաթիլներ կը նմանին», կամ «սուրի պէս ծիծաղ մը մերթ ընդ մերթ դուրս կցայտէ»: Զոհրապը նրան կոչեց «աշխարհաբարի այս Նարեկացին», Իսկ Զարդարյանը՝ «գրականութեան Սուրբ»: «Ես բանաստեղծ մըն եմ, ուստի եւ իմս է Գեղեցիկը, որպէս եւ բոլոր բանաստեղծներունը»-, ասում էր Եղիան:
Եղիայի «ճշմարտազանցութեան աստուածացումը»
Ըստ նրա, գեղեցիկի զարգացման ընթացքում կարող է ծագել նաև «տգեղի գեղեցկագիտական» հարցը: Դա իր փիլիսոփայությունն էր: Եղիան իր կարծիքն ուներ բնականաբար նաև գրականության մասին: Համոզված էր, որ գրականությունը բարքերի վրա այն չափով չի ազդում, որքան բարքերը գրականության վրա: «Անկեղծ գրականութիւնն այն է, որ չունի վարդապետութիւն, որ նշանաբան մ՛ունի ……արուեստ վասն արուեստի»: Իր էության և հոգու արտասովոր վիճակը կամ, ինչպես ինքն է ասում, «ճշմարտազանցութեան աստուածացումը», մեկնաբանում էր իբրև բարձրագույն տաղանդի առհավատչյա: Իր հիվանդությունը առաջադիմություն և բարեշրջություն էր համարում: Նա ոչ թե արդարացնում էր իր արվեստի արտառոց տեսակը՝ մեղքը գցելով խենթության վրա, այլ հակառակը՝ ընկալում էր իր խենթությունը, որպես շնորհ, որպես յուրահատուկ արվեստի կերտման գրավական:
Ուսուցիչը
Դասավանդում էր փիլիսոփայություն, գրականություն, գրականության պատմություն, հոգեբանություն, մանկավարժություն, իսկ «Գեղեցկագիտութիւն» առարկան իր շնորհիվ մտավ կրթական ծրագիր: Համոզված էր, որ օգտակարից վեր միշտ գեղեցիկը կա և ուղիղ գծի գեղեցկությունից վեր կոր գծի գեղեցկությունը կա: Ընդ որում դասախոսում էր ազատ, ավելի ճիշտ, դրանք ոչ թե դասեր էին, այլ զրույցներ աշակերտների հետ: Իբրև մանկավարժ նրա համբավն այնքնա մեծ էր, ո’չ միայն Պոլսում, այլև Արևմտահայաստանի գավառներում, որ Եղիա անունը շուտով դարձավ ամենանախընտրելին նորածին տղաների համար: Դասերի ժամանակ կամ գրասեղանի առջև նա ազատ էր, չկար ոչինչ իրեն կաշկանդող, նրա զգայարնները գերլարված էին, նյարդերը և միտքը բաց: Աշակերտներին դուր էին գալիս աշխարհի ճանաչման Տեմիրճիպաշյանի զգայական մոտեցումը, ինքն իրեն վերլուծելու և քննելու, ԵՍ-ի զարգացման և ներդաշնակության մասին նրա դիտարկումները: Հաճախ նա անում էր բաներ, որ չէին հասկացվում հանրության կողմից: Ոմանք համոզված էին, որ դրանք հատուկ էին արվում ՝ ուշադրություն գրավելու համար: «Տիեզերքն իմ եսին ընդմէջէն կը տեսնեմ...»՝ իրականում սա էր բացատրությունը, ի՛ր ճշմարտությունից դուրս, ոչինչ տեսնելու համառությունը:
Արշակ Չոպանյանը համոզված էր. «Եղիա Տէմիրճիպաշեան, ամէնէն եզական ու կնճռոտ դէմքը մեր գրականութեան, որուն համար գրագիտութեան պատմութեան մէջ զատ գլուխ պէտք է բանալ, որովհետեւ ոչ նախորդ ունի ոչ յաջորդ, ոչ հին է ոչ նոր, զուտ գեղեցկագիտական եւ փիլիսոփայական զգացումը կը մշակէ, մեկուսանալով իր գաղափարներուն բաւիղին մէջ»: Վահան Թեքեյանն էլ իր նուրբ զգացողությամբ այսպես է գնահատել Եղիային. «Չկայ հայ գրող մը որուն անձնական յիշատակը այնքան յուզէ և այնքան թանկագին ըլլայ ինծի՝ որքան Եղիա Տէմիրճիպաշեանը: ...ան սէր և յարգանք պարտադրելու էր ամէնուն՝ որոնք հայ գրակաւնութիւնը կը սիրեն և կը յարգեն սրտանց, ո՛չ շրթունքի ծայրով միայն... »:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել