«Ձեր նետած մեկ հատիկ պլաստիկը կարող է կյանք պարգևել երեխային»
Մեծամորում աղբահանություն իրականացնող ընկերությանը հաջողվել է մոտիվացնել բնակչությանը
«Մաքրություն» ՍՊԸ-ն Մեծամոր քաղաքում տեսակավորված աղբի վաճառքից ստացված առաջին 80 000 դրամը երկու օր առաջ փոխանցեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ մարդկանց աջակցելու համար։ Ընկերությունը երեք ամիս առաջ Մեծամոր քաղաքում աղբի տեսակավորման 60 հատ նոր թափոնաման է տեղադրել՝ «Տեսակավորված աղբի հասույթը փոխանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը» իրազեկման ցուցանակով։
«Այս հայտարարությունը բնակչությանը և՛ պարտավորեցնում է, և՛ մոտիվացնում։ Մտածում են, որ իրենց նետած մեկ հատիկ պլաստիկը կարող է կյանք պարգևել երեխային՝ չեն զլանում և աղբն առանձնացնում են թափոնամաններում»,– ասում է «Մաքրություն» ՍՊԸ-ի հիմնադիր Արտակ Այվազյանը։
Աղբահանություն և սանմաքրման աշխատանքներ իրականացնող այս ընկերությունը 2021թ․–ից ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Մեծամոր, Արմավիր, Արաքս եւ Փարաքար համայնքներում։ Նշված համայնքներում միավորված 63 գյուղերում, Մեծամոր քաղաքում և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում 2021թ.–ից աղբը տեսակավորող թափոնամաններ է տեղադրել, որոնցում առանձնացվում է թուղթը, պլաստիկն ու ապակին։ Գյուղական բնակավայրերում տեսակավորման թափոնամանները սակավաթիվ են՝ միայն դպրոցների ու մանկապարտեզների մոտակայքում։
Արտակ Այվազյանը աղբի տեսակավորման ծրագիրը հաջողված է համարում Մեծամոր քաղաքում: Ընկերությունը վերջին ամիսներին տեսակավորման հարցում աննախադեպ աճ է նկատել։ Հոկտեմբերին մոտ 800 կգ պլաստիկ է հավաքվել, թուղթն ու ապակին ավելի քիչ է եղել։ Նրա հաշվարկներով, եթե 10 000 բնակչություն ունեցող քաղաքում մեկ ամսում այդքան հավաքվել է, նշանակում է՝ շատ քիչ քանակությամբ պլաստիկ է տեղափոխվել աղբավայր։ Համոզվելու համար մի քանի անգամ հավաքած ամբողջ աղբը առանձին են կուտակել ու տեսակավորել։ «Հասկացանք, որ մոտ 60%-ը տեսակավորվում է»,– ասում է երիտասարդ գործարարը։
Դա նշանակում է, որ թափոնամաններին փակցված մյուս կարգախոսը՝ «Տեսակավորելով աղբը՝ պահպանում ենք բնությունը», նույնպես ազդեցություն է ունեցել։ Թափոնները հանձնել են վերամշակող արտադրամասերին, «Սիթի օֆ Սմայլ»-ի հետ պայմանավորվել են, որ այսուհետ տեսակավորված աղբի վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցելու են հիմնադրամին։
«Մաքրություն» ընկերությունը հիմնվել է 2018թ.-ին և ծառայություններ է մատուցում աղբահանության և սանմաքրման ոլորտում։ Ընկերության հիմնադիր Արտակ Այվազյանը 2015թ․-ից աշխատել է Երևանում աղբահանում իրականացնող «Սանիթեք» ընկերությունում, որոշ փորձ է ձեռք բերել այնտեղ։ Այս ոլորտում բիզնես գործունեությունն սկսել է 2018թ.-ից, երբ իշխանափոխությունից հետո տարաձայնություններ ծագեցին մայրաքաղաքի ղեկավարության և «Սանիթեք» ընկերության միջև և վերջինիս գործունեությունը դադարեցվեց։
Արտակն ասում է, որ Երեւանի քաղաքապետարանն այդ ժամանակ բավարար ռեսուրս չուներ շենքերի աղբամուղերով զբաղվելու համար։ «Մտածեցինք տեխնիկա ձեռք բերել և կատարել այդ աշխատանքը։ Քաղաքապետարանը մայրաքաղաքի երեք վարչական շրջաններում աղբամուղերի սպասարկումը պատվիրակեց մեզ, սպասարկումն իրականացրել ենք մինչեւ 2021 թվականը՝ մինչև աղբամուղերը կոնսերվացնելը»,- պատմում է ընկերության ղեկավարը։
Մարզերում համայնքները, սովորաբար, իրենց հիմնած ՀՈԱԿ-ներով են աղբահանության ու սանմաքրման աշխատանքներ իրականացնում։ Արմավիրի մարզի չորս համայնքները և Եղեգնաձորը խոշորացվելուց հետո այդ ծառայությունը պատվիրակել են մասնավոր ընկերությանը։ Հասկանալի է, որ միավորվելուց հետո մեծ թվով բնակավայրերը սպասարկելու համար տեխնիկա է անհրաժեշտ, աշխատանքները կազմակերպելու հմտություններ, որը համայնքները չունեն։
Ընկերությունը գյուղերում աղբամաններ է տեղադրել, բացի դրանից՝ շրջիկ մեքենայով են հավաքում, եթե աղբամաններ դնելու տեղ չկա և մեծ աղբատարը չի կարող մոտենալ աղբամանին։ Շաբաթական երկու անգամ կամ երեք օրը մեկ մեքենան աղբը հավաքում է տներից։
Արմավիրի մարզի չորս համայնքների և Եղեգնաձոր համայնքի մեջ մտնող գյուղերն իրենց աղբանոցներն ունեին, որտեղ երկար տարիներ կուտակել են հավաքած աղբը։ Աղբահանության ծառայությունն ստանձնելուց հետո ընկերությունը կոնսերվացրել է այդ աղբանոցները։ «2022թ.-ից արդեն գյուղերում աղբանոցներ չկան, Արմավիրի մարզի 63 գյուղերից հավաքված աղբը տեղափոխում ենք Արմավիր քաղաքի աղբավայր, որը բնակավայրերից հեռու է։ Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում նույնպես 2022թ․-ից աղբանոցները փակել են և մի աղբավայրում են կուտակում»,- տեղեկացրեց ընկերության տնօրենը։
Ա․ Այվազյանը հայտնեց, որ հեռանկարում ուզում են յուրաքանչյուր մարզում մեկ աղբավայր կառուցել, որը տեսակավորման կայան կունենա։ Աղբը կկարողանան ամբողջությամբ տեսակավորել և հանձնել վերամշակողներին, իսկ ինչը ենթակա չէ տեսակավորման, դրանից բիոգազ կարտադրեն։ Ընկերության տնօրենն ասում է, որ թույլտվության դեպքում պատրաստ են տեսակավորման կայան կառուցել իրենց միջոցներով։
«Մաքրություն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ խոսքով՝ ընկերությունը 30 անուն տեխնիկա ունի և մոտ 110 աշխատող։ Աղբատար մեքենաները եվրոպական և չինական արտադրության են, փոշեկուլներ ունեն և՛ մայթերի, և՛ ճանապարհների համար, բազմապրոֆիլ ջրցան եւ աղբատար մեքենաներ և այլն։ Հավելեց, որ ընկերությունն ազատ տեխնիկա ունի և ավելի մեծ թվով համայնքների կարող է աղբահանության ծառայություն մատուցել։
Մեկնաբանել