HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քիչ անց պայքարը կսկսի Հայաստանի առաջին պատվիրակ, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը

Երեկ Լոնդոնում պաշտոնապես բացվեցին 30-րդ ամառային օլիմպիական խաղերը: Պաշտոնապես, որովհետեւ դեռ հուլիսի 25-ին սկսվել էր ֆուտբոլի մրցաշարը, իսկ մինչ բացման արարողությունը պայքարի մեջ էին մտել նետաձիգները:

Բացման արարողությունը սկսվեց թատերական բեմականացմամբ: «Օլիմպիական» ստադիոնում հավաքվածներին եւ միլիարդավոր հեռուստադիտողներին ներկայացվեցին բրիտանական պատմության հիշարժան դրվագները` կապիտալիստական հեղափոխությունից մինչեւ մեր օրերը: Այնուհետեւ տեղի ունեցավ մասնակից 204 երկրների հավաքականների եւ անկախ մասնակիցների պատվիրակության շքերթը: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը թաեքվոնդոյիստ, երեւանցի Արման Երեմյանն էր: Հիշեցնենք, որ մեր թիմը բաղկացած է 25 մարզիկ-մարզուհիներից, սակայն ոչ բոլորն են այս պահին Լոնդոնում:

Բացման խոսքով հանդես եկավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգը, իսկ խաղերի բացման պատիվը տրվեց թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Օլիմպիական դրոշի բարձրացումից հետո մարզիկների, մրցավարների ու մարզիչների անունից հնչեցին երդման խոսքեր` խաղերի ոգուն, կանոններին հավատարիմ մնալու վերաբերյալ: Օլիմպիական ջահը բրիտանացի լեգենդար թիավարող, խաղերի 6-ակի չեմպիոն Սթիվ Ռեդգրեյվը հանձնեց երիտասարդ 7 ատլետներին, որոնք էլ վառեցին 30-րդ խաղերի կրակը:

Բացման արարողությունը տեւեց 3 ժամից ավելի:

Այսօր` հուլիսի 28-ին, մի շարք մարզաձեւերում սկսվել է կամ կսկսվի պայքարը: Հենց այս պահին ուժերն են փորձում կին հրաձիգները, բադմինտոնի կին խաղացողներն ու խառը զույգերը: 

Հայաստանի ներկայացուցիչներից ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ) ժամը 12:44-ին 1/32-րդում կմրցի գերմանացի Թոբիաս Էնգլմայերի հետ: 17:28-ին կսկսվեն մխիթարական գոտեմարտերը եւ բրոնզե մեդալի մրցությունները, իսկ եզրափակիչը կկայանա 19:10-ին:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը ժամը 15:00-ին 10 մ օդամուղ ատրճանակի մրցությունում կմասնակցի որակավորմանը: Եզրափակիչը տեղի կունենա 18:30-ին: 

75 կգ քաշային բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանն էլ 01:15-ին 1/16-րդում կհանդիպի ամերիկացի Տերել Գաուշային: Այսօր տեղի կունենա նաեւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանի որակավորումը: 

Լուս.` london2012.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter