
Հայաստանում կկայանա ամենամեծ BioML հաքաթոնը
Նոյեմբերի 2-ին Հայաստանում կկայանա ամենամեծ BioML հաքաթոնը: Նախաձեռնությունը իրականացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակեան բնագիտության և ճարտարագիտության քոլեջի և Optic Inc. կազմակերպության շնորհիվ։ Հաքաթոնը կմիավորի մեքենայական ուսուցման մոդելներով հետաքրքրված անձանց, ովքեր կաշխատեն ոլորտի առաջատար ներկայացուցիչների՝ այդ թվում, Denovo Sciences, Amaros AI, Optic Inc., and BostonGene-ի մասնագետների անմիջական մենթորությամբ:
Մեքենայական ուսուցումը հիվանդությունների դեմ պայքարի և մարդու առողջության բարելավման նոր ուղիների հզոր գործիք է: Հաքաթոնը նպատակաուղղված է առաջ բերելու կենսաբժշկության ոլորտում առկա կարևորագույն մարտահրավերը՝ դեղամիջոցներում սրտանոթային թունավորման վտանգի կանխարգելումը: Դեղամիջոցների բացահայտումը բարդ ընթացք է՝ հաշվի առնելով, որ գրանցած արդյունքները ներազդում են միայն կենդանիների մոդելների վրա՝ արդյունքում գրանցելով 11% վստահության ցուցանիշ դեղագործության ոլորտ մտնելու համար: Ցածր ցուցանիշի ետևում թունավորման վտանգն է, որն առաջանում է այն պարագայում, երբ փոքր մոլեկուլները արգելակում են առանցքային սպիտակուցը, որը պատասխանատու է մարդու սրտի աշխատանքի կարգավորման համար:
Հաքաթոնի առաջադրանքը կլինի ստեղծել մեքենայական ուսուցման այնպիսի մոդել, որը կկանխատեսի՝ արդյոք դեղամիջոցի բաղադրությունը ազդում է առանցքային սպիտակուցի վրա:
Կարևորելով այս նախաձեռնության դերը՝ ՀԱՀ Ակեան բնագիտության և ճարտարագիտության քոլեջի Տվյալագիտություն ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանը նշում է.
«Այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք հասկանալ BioML-ի նկատմամբ հետաքրքրվածության չափը Հայաստանում՝ երիտասարդ և կայացած մասնագետների կողմից։ Հաքաթոնը հիանալի առիթ կլինի նոր ծանոթությունների և կապերի հաստատման, ինչու չէ, նաև հնարավոր գործատու գտնելու հարցում։ Մյուս կողմից, ՀԱՀ Տվյալագիտության ծրագիրը մշտապես փնտրում է տվյալագիտության բիո ոլորտի մասնագետներ՝ համագործակցության համար»։
Նախաձեռնության հովանավոր Optic Inc.-ի շնորհիվ հաքաթոնի մրցանակային ֆոնդը կկազմի 2000 ԱՄՆ դոլար: Առաջատար երեք լուծումներին կտրվեն խրախուսական նվերներ, որոնք կբաշխվեն հետևյալ կերպով` 1-ին կարգ` 1000 ԱՄՆ դոլարին, 2-րդ կարգ՝ 600 ԱՄՆ դոլարին, և 3-րդ կարգ՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք Ամազոն նվեր քարտեր:
Մասնակցության համար պարտադիր պայման է ունենալ փորձ՝ մեքենայական ուսուցման ոլորտում և Python-ի բազային գիտելիքներ, սակայն կենսաինֆորմատիկայի ոլորտում գիտելիքների առկայությունը պարտադիր չէ: Մասնակցել կարող են անհատապես կամ թիմով (մինչև 3 հոգի): Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է: Գրանցման համար պետք է անցնել հետևյալ հղումով:
Մեկնաբանել