
Արդեն մի քանի ամիս է, ինչ չի գործում Մասիս-Այնթափ երթուղին
Մասիս -Այնթափ երթուղին արդեն տևական ժամանակ է` չի գործում։ Երթուղին հիմնականում սպասարկում էր Մասիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Այնթափ և Նոր Խարբերդ բնակավայրերի բնակիչներին:
Ներկայում այդ գյուղերում ապրող բնակիչների համար շրջկենտրոն հասնելը դարձել է լրացուցիչ բեռ. կա՛մ պետք է մի քանի տրանսպորտ փոխեն, կա՛մ օգտվեն տաքսի ծառայություններից։ Բնակիչները բողոքում են՝ երթուղու բացակայությունը ավելացրել է տրանսպորտի ծախսը, եւ ավելի ժամանակ են ծախսում տեղ հասնելու համար:
Նախկինում Մասիս-Այնթափ երթուղին սպասարկում էր «Լիգա» ՍՊԸ-ն, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուծվածքների նախարարությունը արգելել է հին և ստանդարտներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով երթուղային գծի սպասարկումը։ Առաջարկվել է, որ ընկերությունը թարմացնի մեքենաները։ «Լիգա» ՍՊԸ-ն երթուղու համար նոր մեքենաներ գիծ դուրս չի բերել, ինչից հետո այլևս երթուղին չի գործում։ Պատճառները փորձեցինք ճշտել ընկերությունից։ Ընկերության ներկայացուցչի պնդմամբ՝ իրենք ո՛չ նոր մեքենա ունեն, ո՛չ էլ աշխատակիցներ դրա համար։ «Լիգա» ընկերությունը 2013թ․-ից մինչ այս տարվա գարունը սպասարկումն իրականացնում էր միկրոավտոբուսներով, որոնք պատկանում էին հենց այդ գծի վրա աշխատող վարորդներին։ «Լիգա» ՍՊԸ-ի շահագործման բաժնի պետ Կարապետյան Խաչիկի պնդմամբ՝ ընկերությանը ձեռնտու չի լինի ներդրումներ կատարել և նոր տրանսպորտային միջոցներ բերել Այնթափ-Մասիս երթուղու համար, քանի որ վստահ չեն, որ դա անելուց հետո հենց իրենց ընկերությունը կսպասարկի երթուղին երկար ժամանակով։ Պետք է անցկացվի նոր մրցույթ ամբողջ մարզի միասնական երթուղիները սպասարկելու համար: «Մենք մեքենա կարող ենք բերել, բայց բերենք ի՞նչ անենք, եթե մրցույթը, ենթադրենք, եղավ, շահեց ուրիշ ընկերություն, մենք այդ մեքենաները հետո ի՞նչ ենք անելու»,- ասում է ընկերության աշխատակիցը։
Արարատի մարզպետարանից տեղեկացրին, որ իրենք ժամանակին որոշ տրանսպորտային գծերի նկատմամբ ունեցել են լիազորություններ, սակայն համայնքների խոշորացումից հետո դրանք անցել են համայնքապետարաններին, և Մասիսի համայնքապետարանը պետք է երթուղու համար մրցույթ հայտարարի։
Մասիսի համայնքապետարանից արձագանքեցին, որ իրենց հայտարարած մրցույթներին մասնակիցներ չեն լինում։ Խոսեցինք Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի հետ: «Արդեն մենք ենք ընգել սրան նրան խնդրում, որ գոնե մասնակցեն»։ Նա դժվարացավ մատնանշել պատճառներ, թե ինչու իրենց հայտարարած 4 մրցույթին և ոչ մի մասնակից չի եղել։ Չբացառեց, որ պատճառը կարող է լինել դատական պրոցեսը՝ կապված Արարատի մարզում միասնական երթուղու սպասարկման հետ։ «Դա արդեն մենք չենք արել, Տարածքային կառավարման նախարարությունն էր էդ մրցույթը հայտարարել, որը հետո ընկավ դատական պրոցեսի մեջ, և ձգվեց արդեն քանի տարի»,- ասում է Սուրեն Ամիրջանյանը։
Այնթափ բնակավայրի ներկայացուցիչ Գեղամ Հովհաննիսյանը կարճ մեկնաբանեց. «Ահավոր վիճակ է, էս ժողովուրդն էլ մեղք է»:
Ասում է՝ առավոտյան Մասիս գնալիս ինքն էլ տեսնում է իր համայնքի բնակիչներին Հյուսիս- հարավ մայրուղում տաքսի սպասելիս։ Գեղամ Հովհաննիսյանն ասում է, որ փորձում են գտնել ընկերություն կամ անհատ, որը կհամաձայնվի սպասարկել Մասիս-Այնթափ երթուղին, սակայն չեն գտնում: «Մրցույթին մասնակցելու համար կան չափորոշիչներ՝ նախարարության կողմից դրված` ընկերությունը կամ անհատը, որը ցանկանում է սպասարկելու իրավունքը ստանալ, պետք է ունենա նվազագույնը երեք փոխադրամիջոց: Դրանք պետք է լինեն ստանդարտներին համապատասխան՝ չլինեն շատ հին արտադրության մեքենաներ։ Կարող է նաև դա լինել պատճառը, որ մրցույթներին մասնակից չի լինում»,- ասում է Գեղամ Հովհաննիսյանը։
Մեր հարցմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանեցին, որ ներհամայնքային տրանսպորտային սպասարկումը համայնքապետարանի լիազորությունների և պարտավորությունների սահմանում է, և որ Մասիսի համայնքապետարանը պետք է հայտարարի մրցույթ՝ երթուղու սպասարկման իրավունքի համար։
Ինչու՞ երթուղուց հանված հին միկրոավտոբուսներին փոխարինող չկա
Արարատի մարզում միասնական երթուղային ցանցի մրցույթից հետո ընթանում է դատական գործընթաց, քանի որ նախորդ մրցույթի արդյունքները վիճարկվում են դատական կարգով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձել են այս ընթացքում ժամանակավոր սպասարկման հանձնել մարզի որոշ բնակավայրեր, այդ նպատակով հայտարարվել են մրցույթներ, սակայն հիմնական մրցույթները չեն կայացել, որոշների դեպքում՝ չի եղել ցանկացող, իսկ այլ դեպքերում՝ հայտերում թերի լրացումներ են եղել։ Այսպես է իրավիճակը մեկնաբանում ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Տաթևիկ Անտոնյանը։
«Բայց մենք էլի ենք նախատեսում հայտարարել ժամանակավոր մրցույթներ, մինչև դատական գործընթացի ավարտը, դատական գործընթացի ավարտից հետո նոր մարզում կդրվի միասնական երթուղային ցանցը, ըստ որի՝ ոչ մի բնակավայր և գյուղ առանց տրանսպորտային սպասարկում չի մնում, հանձնվում է մեկ փոխադրող կազմակերպության, որը սպասարկում է ամբողջ մարզը»,- ասում է Տաթևիկ Անտոնյանը։
Ամենօրյա երթուղուց զրկված բնակիչները սպասում են, թե երբ կավարտվեն այդ քաշքշուկները և առաջվա պես կօգտվեն երթուղուց։
Արմեն Խեչումյան
Մեկնաբանել