Արհեստական բանականության քաղաք. ըստ Դավիթ Յանի՝ Հայաստանում կարող է ստեղծվել տեղական Սիլիկոնյան հովիտ
ABBYY տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ արհեստական բանականության ոլորտի համաշխարհային առաջատար՝ ստեղծելով «ԱԲ քաղաք», որտեղ կհավաքվեն հազարավոր գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Այս գաղափարը նա ներկայացրել է Երևանում այս օրերին ընթացող Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային 28-րդ համաժողովի՝ WCIT2024-ի ընթացքում։
«Ոչ մի երկիր աշխարհում չի ունենա նման բազմամոդալ տվյալների բանկ, և գիտնականները կպայքարեն, կմրցեն այդ քաղաքում լինելու համար»,- նշում է Յանը։
Յանը պատկերացնում է քաղաք, որտեղ գիտնականները կկիսվեն իրենց անձնական տվյալներով, և այդ տվյալների հիման վրա կզարգանան նոր հայտնագործություններ ու տեխնոլոգիաներ: Ըստ նրա ծրագրի՝ ԱԲ քաղաքում շուրջ 75 հազար մարդ կապրի, որոնց կյանքի, առօրյայի վերաբերյալ բոլոր տվյալները հենց իրենք կօգտագործեն հետազոտություններում։
Յանը իր տեսլականը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի ու այլ երկրների տարբեր նախարարների, ազդեցիկ անձանց։ Ասում է՝ արձագանքը դրական է եղել, սակայն նախաձեռնության իրականացումը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում:
«Եթե այս քաղաքը երբևէ իրականություն դառնա, պետք է ֆինանսավորվի երկրների կողմից։ Երկրները միլիարդավոր դոլարներ կներդնեն՝ այս միջազգային գիտական նախագծի մաս դառնալու համար»,- կարծում է Յանը՝ շեշտելով, որ ծրագիրը ֆինանսավորելու դեպքում միայն պետությունները կկարողանան գիտնականներ ուղարկել, հակառակ դեպքում խաղից դուրս կմնան։
Գաղափարի հեղինակն ասում է՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ ու պայծառ ուղեղները շատ են, սակայն ԱԲ քաղաքը կյանքի կոչելու համար ավելին է անհրաժեշտ։
«Մեզ հարկավոր է բազմամշակութային միջավայր։ Սիլիկոնյան հովիտը հաջողեց, քանի որ երկու միլիոն տեխնոլոգիական ներգաղթյալներ միացան։ Նրանք միավորվեցին, և այդ եռացող միջավայրը հանգեցրեց այնպիսի մեծ առաջընթացների, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Twitter-ը և այլն։ Հայաստանը պետք է ներգրավի ուղեղներ աշխարհի բոլոր ծայրերից։ Այդպես այն կդառնա տեղական Սիլիկոնյան հովիտ»,- ասում է Դավիթ Յանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել