
Գործարաններն այս տարի խոստացել են մթերել խաղողի ամբողջ բերքը
Շուտով կսկսվի խաղողի մթերման գործընթացը, սակայն որոշ խաղողագործներ դեռ չեն ստացել նախորդ տարի հանձնածի գումարները: 2023թ. մթերված խաղողի դիմաց երեք կազմակերպություն 252 մլն դրամի չափով պարտքեր ունի խաղողագործներին: Էկոնոմիկայի նախարարությունը գիտի, սակայն չի հայտնում, թե որ կազմակերպությունները չեն վճարել 2023թ. խաղողագործներից մթերած խաղողի դիմաց: Նշենք, որ նախարար Վահան Քերոբյանի պաշտոնավարման ժամանակ այդ տեղեկատվությունը «Հետք»-ին մի քանի անգամ տրամադրվել է: Նոր նախարար Գևորգ Պապոյանի ղեկավարած գերատեսչությունն այդ տեղեկատվությունն արդեն չի տրամադրում:
Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցում են, որ թեև տվյալներն ունեն, սակայն պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը պարտավոր չեն փոխանցել: Իսկ թե որ նախարարությունը պիտի փոխանցի, եթե ոչ Էկոնոմիկայի նախարարությունը, որը համակարգում է նաև գյուղոլորտը, չեն հայտնում:
«Պարտավորություն ունեցող կազմակերպությունների տրամադրած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ խաղողագործների նկատմամբ պարտավորությունները կկատարվեն մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը»,- «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:
Այս տարի կանխատեսվում է ավելի շատ բերք: Ըստ նախարարության՝ եթե 2023թ. խաղողի համախառն բերքը կազմել է 213.4 հազար տոննա, ապա այս տարի ակնկալվում է ստանալ շուրջ 228 հազ. տոննա, որից 174.2 հազ. տոննան լինելու է տեխնիկական սորտի խաղող: Միայն Վայոց ձորի մարզում է կանխատեսվում խաղողի համախառն բերքի նվազում:
«Նախարարության կողմից ընթացիկ տարվա խաղողի մթերման կանխատեսվող ծավալների մոնիթորինգի իրականացման շրջանակներում խաղող մթերող կազմակերպությունների տրամադրած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ վերջիններս պատրաստակամություն են հայտնել մթերելու շուրջ 237 հազ. տոննա խաղող»,- հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հավելելով, որ մթերվելու է խաղողագործների կողմից 2024թ. աճեցված խաղողի տեխնիկական սորտերի ամբողջ բերքը:
Նշենք, որ նախարարության կողմից շարունակվում է իրականացվել գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու ցանկություն ունեցող կազմակերպությունները խաղողագործների հետ մթերման պայմանագրեր պետք է կնքեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը:
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի փոխանցմամբ՝ նշված պահանջի հիման վրա, ծրագրի շրջանակներում վարկեր ներգրավելու ցանկություն ունեցող կազմակերպությունները նախարարությանը հայտնել են, որ կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը նախատեսում են մթերել նվազագույնը 120 դրամով, իսկ գինու արտադրության համար նախատեսված խաղողը՝ 150 դրամով:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծրագրից չօգտվող խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների կողմից նախարարությանը խաղողի մթերման կանխատեսվող գների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշում է Հ. Նասիբյանը:
Մեկնաբանել