HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Արդյոք քննարկման ենթակա չէ՞, թե ինչու ենք ամենաբարձր աշխատավարձ ունեցող ճյուղին ֆինանսական աջակցություն ցույց տալիս»

«Հետք»-ի զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Սկիզբը

Վերջին երկու տարիներին Հայաստան են հոսում աննախադեպ ծավալի փողեր։ Խոսքը, մասնավորապես, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է: ԿԲ-ի տվյալներով՝ 2023-ին ներհոսել է մոտ 5.7 մլրդ ԱՄՆ դոլար: Ի՞նչ նշանակություն ունեն այս գումարները մեր տնտեսության համար։ 

Դրամական փոխանցումները հիմա ավելի քիչ նշանակություն ունեն, քան 2000-ականներին։ Այդ ժամանակ նավթի գները բարձրացան, Ռուսաստանի տնտեսական աճն արագացավ, և Հայաստանից մեծ աշխատուժ գնաց Ռուսաստան։ Այնտեղ նրանք ստանում էին անհամեմատ ավելի բարձր վարձատրություն, քան նույն աշխատանքի դիմաց կստանային Հայաստանում։ Այդ գումարը փոխանցում էին Հայաստան, և տնտեսության մեջ դրանք էական դեր ունեին։

Հիմա, օրինակ, շինարարության ոլորտի աշխատուժի աշխատավարձերի տարբերությունը՝ գների տեսակետից, Հայաստանում և Ռուսաստանում նվազել է։

Ունեմ կանխավարկած, որ գնալով պակասում են գործոնային եկամուտները, այսինքն՝ այն գումարները, որոնք արտագնա աշխատանքի մեկնողները ուղարկում են իրենց ընտանիքներին։ Դրա փոխարեն ավելանում են տրանսֆերտները՝ գումարները, որոնք ուղարկում են հարազատներին ու բարեկամներին, կա, այլ երկրների ռեզիդենտները՝ իրենց հետագա տնօրինման համար, ուզում են հաշիվներ ունենալ Հայաստանում։ 

Ռուսաստանցիները գումարները ուղարկում են այստեղ, քանի որ հայկական բանկերը հնարավորություն են տալիս ավելի մեծ ծավալով միջազգային գործառնություններ իրականացնել։ Ենթադրենք՝ ռուսաստանցին ուզում է  «Ամազոն»-ից ինչ-որ բան գնել, որը կառաքվի Ռուսաստան, Վրաստան կամ Բուլղարիա։ Ռուսական քարտով դա չի կարող գնել։ Հայկական քարտով կարող է։ (Նմանատիպ խնդիրներ կարող են լինել նաև այլ տեղերում, օրինակ՝ դա կարող է վերաբերել  նաև լիբանանցիներին։ Լիբանանում բանկային ճգնաժամ է։ Մարդիկ ունեն փողեր բանկերում, որոնք իրենց հասանելի չեն։) Հաճախ, որպեսզի միջազգային սպասարկման խնդիրներ չունենան, օտարերկրյա քաղաքացիները որոշակի գումարներ ուղարկում են Հայաստան։ Դա ծառայությունների մատուցում է հայկական բանկերի կողմից, որը որևէ կերպ արգելված չէ։ Որևէ մեկը չի ասում, որ հայկական բանկը իրավունք չունի սպասարկել Ռուսաստանի հայազգի քաղաքացուն, ով, օրինակ, ունի ասֆալտի բիզնես Վորոնեժի մարզում և որևէ կապ չունի ռուսական ռազմական արտադրության և արևմտյան սանկցիաների հետ։

Այսինքն՝ այս գումարները, որոնք գալիս են վերջին երկու տարիներին, ամենայն հավանականությամբ, ոչ թե առավելապես արտագնա աշխատանքի մեկնողների կամ Հայաստանում հարազատներ ունեցողների գումարներն են մեծ մասամբ, այլ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք զրկված են իրենց երկրում գործող բանկային համակարգի միջոցով մի շարք գործառնություններ իրականացնելու հնարավորություններից ։ 

2023-ին Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահոսքի աշխարհագրությունում նոր խոշոր ուղղություններ են հայտնվել Ռուսաստանի կողքին, ինչպես՝ Մոնակոն, Սինգապուրը, ԱՄԷ-ն։ Ի՞նչ վարկածներ կարող են լինել արտահոսքի վերաբերյալ։  

Արտահոսքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապված գործառնություններն են։ Այն գումարների մի մասը, որոնք գալիս են Ռուսաստանից, հայկական բանկերի միջոցով փոխանցվում են Սինգապուր, ԱՄԷ, այլ երկրներ, կատարվում են գործառնություններ։ 

Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ինչպես Մոնակոն է, այստեղ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա։ Թեև Մոնակո ասելով՝ առաջին հերթին պատկերացնում ենք խաղատները, այստեղ շատ զարգացած են ֆինանսական (բանկային և ապահովագրական) ծառայությունները, անշարժ գույքի ծառայությունները, չի բացառվում, որ  այստեղ ոչ թե խաղատների գործոնն է դեր խաղում, այլ, օրինակ, այն ընկերությունների, որոնք իրավաբանական և ֆինանսական ծառայություններ են մատուցում ռուսաստանցիներին։ Քանի որ նրանք այդ գումարները իրենց չեն կարող անմիջապես իրենց երկրից փոխանցել նշված ուղղություններով, որովհետև իրենց սպասարկող շատ ռուսաստանյան բանկեր պատժամիջոցների տակ են, դա անում են հայաստանյան բանկերի միջոցով։ Կրկին, խոսքս ամբողջովին լեգալ գործունեության մասին է։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը տեղափոխվում է մեկ այլ երկիր։ Նրանց շարքում շատ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Ըստ Ձեզ ինչու՞ են գնում։  

Նրանք առաջին հերթին բողոքում են Հայաստանի կենսապայմաններից։ Բնակարանների գներից և վարձի մակարդակից են դժգոհում, գների (ոչ գնաճի) ընդհանուր մակարդակից՝ սնունդ, ծառայություններ և այլն։ Առաջին հերթին դժվար են գտնում բնակարաններ, որոնք խելամիտ գնով կբավարարեն իրենց պահանջները, դրանց կարելի է ավելացնել նաև առողջապահությունը, արտասահմանցիների համար նախատեսված մանկապարտեզներն ու դպրոցները։ Նրանց համար գները սկսել են զգայուն դառնալ ռուբլու նկատմամբ դրամի արժևորման պարագայում։ Կարելի է իհարկե, ավելի մանրամասն քննարկել ինչպիսի որակավորմամբ մասնագետներն են լքում, ինչպիսիք են մնում, սակայն դրա վերաբերյալ խորն ուսումնասիրություններ առանձնապես շատ չկան։

ՏՏ ոլորտին Հայաստանի կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տալիս։ Բայց ոլորտի ներկայացուցիչներից հաճախ ենք լսում, որ ավելին է պետք անել արտերկրից եկած մասնագետների չգնալու համար։ 

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այսօր շուրջ 270 հազար դրամ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այն շատ ավելի բարձր է, պաշտոնական տվյալներով՝ գերազանցում է 1.1 մլն դրամը։ 

ՏՏ ոլորտի հիմնական ծախսը աշխատավարձն է։ 

Արդյոք քննարկման ենթակա չէ՞, թե ինչու ենք ամենաբարձր աշխատավարձ ունեցող ճյուղին արտոնություններ տալիս։ Այն էլ՝ ուղիղ ֆինանսական աջակցություն։ 

Ընդ որում՝ աջակցություն են ստանում այնպիսի ընկերություններ, որոնց մայր ընկերությունները դրսում բավականին մեծ կապիտալ ու շահույթ ունեն։ Օրինակ՝ «Էնվիդիա Արմենիա»-ն, որը համաշխարհային խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի մասնաճյուղն է Հայաստանում, ստանում է պետական աջակցություն։ NVIDIA-ն այսօր աշխարհում աշխատում է գերեկամտաբեր կերպով, ընդհանուր կապիտալը գերազանցում է երկու տրիլիոն դոլարը։ Մենք աջակցում ենք NVIDIA-ին՝ վստահ չլինելով, որ NVIDIA-ն անգամ գիտի, որ Հայաստանում իրեն 90 մլն դրամ կամ 235 հազար դոլար փող են տվել։ 

Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ բոլոր այն բարձր որակավորման մասնագետները, որոնք գալիս են Հայաստան, շարունակեն մնալ։ Սակայն, ընկերություններին աջակցելու տարբեր եղանակներ կան, քան ուղղակի ֆինանսավորումը։ Օրինակ՝ կադրեր պատրաստելը, արտահանման աջակցելը, և այլն։ 

Այսօր ունենք հայրենական արտադրողներ (թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղատնտեսական), որոնք արտահանման լուրջ խնդիրներ ունեն։ Փոքր չափով, բայց արտահանում են նաև Եվրոպա։ Ինչու՞ նրանց ևս այդքան ուշադրություն չի դարձվում։

Մեկնաբանություններ (1)

Gevorg IT Accounting
1. Армения НЕ является "центром прибыли" для большинства ИТ компаний, у которых есть офис в Армении. Проекты генерят выручку или в США, или на Кипре, или в ОАЭ, где есть льготный налоговый режим для налогообложения прибыль. Целесообразно, введение льготной ставки НАЛОГ НА ПРИБЫЛИ, чтобы ИТ компании переводили выручку и прибыль в Армению. Т.е. для инновационного развития отрасли, нужно снизить ставку налога на прибыль. Налог на прибыль, наверное, платят только онлайн казино - Диджитайн и СофтКонстракт. 2. В Армении ИТ компании платят только подоходный налог за сотрудников и выручку получают по межгрупповым договорам из-за границы. Государство предлагает отменить и подоходный налог. Возможно и какие-то льготы можно дать и подоходному налогу на сотрудников (например снизить ставку до 10%), но снижение ставки налога на прибыль может сыграть значительно большую позитивную роль.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter