HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է կայացվել Երևանում ծառերի փոխարինման որոշումը

Հիմնականը՝ հակիրճ

  • Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման լայնամասշտաբ ծրագրի մասին կարծիք ստանալու համար չի դիմել պետական փորձագիտական կառույցներին
  • Ո՛չ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, ո՛չ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել ծրագրի մասին և, հետևաբար, չեն տրամադրել փորձագիտական կարծիք քաղաքապետարանի ծրագրի վերաբերյալ
  • Ծառերի փոխարինման ծրագիրը պատրաստել է «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, որոշումը կայացվել է նույն ՀՈԱԿ-ի կազմակերպած գիտական աշխատաժողովի արդյունքում, իսկ ծրագրի կարևոր հարցերը քննարկել է նույն ՀՈԱԿ-ի տնօրենին կից գիտատեխնիկական խորհուրդը

Վերջին օրերին Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն իրականացնում է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։ 

Նախատեսվում է ծառերի հատում և փոխարինում մի շարք փողոցներում, մասնավորապես՝ Մոսկովյան, Թամանյան, Մելիք Ադամյան, Սայաթ-Նովա պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան Խաչմերուկ, Ամիրյան, Ալեք Մանուկյան, Արամի, Ուլնեցու, Կիևյան Հալաբյան, Բագրատունյաց, Նժդեհի և Միկոյան փողոցների որոշ հատվածներում։

Անցած տարի այս ծրագրի շրջանակներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հատել էր Կասկադի մոտակայքի՝ Մոսկովյան փողոցի ծառերը, ինչը երևանցիների շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։

Այդ աղմուկից հետո քաղաքապետարանը Կասկադի տարածքում ծառերը ճապոնական սակուրաներով փոխարինելու որոշումից հետ կանգնեց, սակայն արդեն այս տարվա մարտի 22-ին հատվել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի ծառերը, իսկ մարտի 24-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի ծառերը։

Հաշվի առնելով ծրագրի մասշտաբները և հնարավոր ազդեցությունը տասնյակ հազարավոր երևանցիների առողջության, առօրյայի, բիզնեսի, ինչպես նաև՝ քաղաքի տեսքի և ինքնության վրա, հարց է ծագում՝ արդյոք այն չպետք է ունենար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, չպե՞տք է անցկացվեին հանրային լսումներ։ 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հերիքնազ Մկրտչյանին հարցրեցինք՝ արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել են իրենց ծառերի փոխարինման ծրագրի նախագծի ՇՄԱԳ իրականացնելու համար։ 

ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ասաց, որ ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ ՀՈԱԿ-ից դիմում չեն ստացել։

 «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ ծրագիրը չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ ՀՈԱԿ-ից մեզ ներկայացրեցին երկու հիմնավորում։ 

Նախ, «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագրի շրջանակներում նախատեսված կանաչ գոտիների վերաձևավորման կամ փոփոխության աշխատանքներն իրականացվում են 2009-ին ընդունված՝ Երևանի ավագանու 36-Ն որոշման հիման վրա, որով նախատեսված գործողությունների իրականացումը չի պահանջում ՇՄԱԳ-ի անցկացում։

Սակայն, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն, ռազմավարական գնահատման և փորձաքննության ենթակա են հիմնադրութային փաստաթղթերը, որը ներառում է նաև շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթերի (քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծը։ Ըստ այս դրույթի, ՀՈԱԿ-ի ծրագիրը պետք է անցներ ՇՄԱԳ։

ՀՈԱԿ-ում չեն համարում, որ «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը ծրագիր է ըստ օրենքի սահմանման։ Ըստ կառույցի, այն ուղղակի ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքն է, որն անվանել են ծրագիր։

Նշենք, որ քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի փաստաթղթերում ծառերի փոխարինումը նշված է որպես ծրագիր, այն հաստատվել է որպես ծրագիր, կրում է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» անվանումը։ Փաստաթուղթը՝ ստորև։

Մեր պնդմանը, որ բոլոր փաստաթղթերում ծառերի փոխարինումը նշված է որպես ծրագիր, ՀՈԱԿ-ի փորձագետը պատասխանեց. «Սա ուղղակի մեր աշխատանքի, գործունեության անվանումն է։ Ծրագիրը լինում է այն դեպքում, երբ մենք տալիս ենք հայտարարություն, մրցույթի ենք մասնակցում, գտնում ենք մեզ համար դոնոր, ներդրող, որը գումար է տալիս և ասում է՝ այս ծրագիրը կատարի։ Խնդրում եմ մի փոքր ընդլայնեք ծրագիր հասկացությունը, ծրագիրը այս դեպքում մեր գործունեության մասին է»։

Հակադարձմանը, որ ծառերի փոխարինման համար նույնպես մեծ գումարներ են հատկացվում, փորձագետը պնդեց՝ ծրագիրը ունենում է ներդրում, իսկ ծախսվելիք գումարը հատկացված է ծառերը թարմացնելու համար։

Հանրային նշանակության որոշում՝ առանց ինստիտուցիոնալ կարծիքի 

Խնդրի կարևորությունը ևս մեկ հարց է առաջացնում. ՀՈԱԿ-ը կամ Երևանի քաղաքապետարանը չպե՞տք է դիմեին այլ պետական մասնագիտական կառույցների՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին ընդգրկուն և ամբողջական կարծիք կազմելու համար։ 

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման ծրագրի մասին կարծիք ստանալու համար իրենց չի դիմել։ 

«Եթե (քաղաքապետարանից-խմբ.) մեզ դիմեին, ես այս հարցը կդնեի գիտական խորհրդի քննարկմանը, ծրագիրը կուսումնասիրվեր և կքննարկվեր գիտխորհրդում, և մեր ինստիտուտի կարծիքը կներկայացվեր և հասանելի կլիներ»,-ասում է Գասպարյանը։ 

Ինչպես է ընդունվել ծրագիրը

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գորիկ Ավետիսյանի ստորագրած և 2023-ի հունվարի 9-ին հաստատված ծրագրի համաձայն, 2022-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մոտ անցկացվել են մասնագիտական քննարկումներ ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ։ 

Այս քննարկումների արդյունքում ՀՈԱԿ-ի ղեկավարությունը հաստատել է Երևանի այն փողոցների ցանկը, որտեղ ծառերը փոխելու կարիք կա, ինչպես նաև՝ նոր ծառերի տեսակները։

Աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար որոշվել է անցկացնել գիտաժողով, որը տեղի է ունեցել 2023-ի փետրվարի 23-ին։ Ըստ արձանագրության, քննարկվել է երկու հարց՝ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումն ու ինվազիվ ծառերի հեռացումը։ Գիտաժողովի մասնակիցների ցանկը՝ ստորև։

Զեկույցով հանդես է եկել երեք անձ, երեքն էլ՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցներ՝ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Ա. Գրիգորյանը և ՀՈԱԿ-ի երկու փորձագետներ Հ. Խուրշուդյանը և Ա. Տեր-Գրիգորյանը։

Գիտական աշխատաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել նաև Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետարանը գիտաժողովի մասին պատրաստել է տեսանյութ։ 

Ըստ արձանագրության, աշխատաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է իրականացնել կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման և ինվազիվ ծառերի հեռացման կամ փոխարինման ծրագիրը։

Այս գործընթացից հետո անցած տարի արդեն գործնականում մեկնարկեց և այս տարի շարունակվեց ծրագիրը։

Արձագանքելով վերը նշված գիտական աշխատաժողովի մասին տեղեկատվությանը՝ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն ասաց. «Աշխատաժողով ամեն հարցով էլ կարելի է անել, քննարկել ինչ-որ հարցեր, լսել մի քանի գիտնականի կարծիքներ, դա լավ բան է….բայց մի քանի գիտնականի կարծիքով կարելի՞ է ամբողջ քաղաքով գործողություն իրականացնել։ Այդ դեպքում մասնագիտական կառույցներն ինչի՞ համար են։ Եթե մասնագիտական կառույցից կարծիք հարցնելու կարիք չկա, ակադեմիական ինստիտուտը չի կարող պարտադրել որևէ բան, մեզ կարող են դիմել, կարող են չդիմել, մենք չենք կարող իրենց փոխարեն որոշում կայացնել»։ 

Ինստիտուտի տնօրենը հավելեց, որ ծառերի փոխարինման ծրագրի ազդեցությունը միջդիսցիպլինար հարց է, որը պետք է ներառի տարբեր ոլորտների կառույցներ, հասարակական խմբեր և փորձագիտական համայնքներ։

Ինչպես նշել ենք, 2023-ի գարնանը ծառերի փոխարինման աշխատանքները մեծ հանրային բողոքի առիթ տվեցին։ Երևանցիների բողոքներին ի պատասխան՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Բեգոյանի հրամանով 2023-ի հունիսին ստեղծվեց տնօրենին կից գիտատեխնիկական խորհուրդ, որն առնվազն երեք ամիսը մեկ պետք է քննարկեր Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի արդիական և առաջնահերթ խնդիրները, այդ թվում՝ ծառերի փոխարինման և հեռացման հարցերը։ Այս տարվա մարտի 1-ին կայացել էր խորհրդի երրորդ նիստը։

 

Խորհրդի նախագահը Ժիրայր Վարդանյանն է, փոխնախագահը՝ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Ա. Գրիգորյանը, իսկ քարտուղարը՝ ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Ա. Խալաթյանը։ Նշենք, որ երեքն էլ իրենց հանրային ելույթներում ծրագրի իրականացման օգտին են հանդես եկել։

Խորհրդի նախագահությունը ակտիվ ներգրավված է ծառերի փոխարինման ծրագրի հանրայնացման գործում։ 

Նախագահ Ժիրայր Վարդանյանը և փոխնախագահ Արծվի Գրիգորյանը քաղաքապետ Ավինյանի հետ այս տարվա մարտի 7-ին շրջել են Երևանի փողոցներով, նրանք քաղաքապետին բացատրել են, թե ինչու պետք է ՀՈԱԿ-ի ընտրած փողոցներում փոխարինվեն ծառերը։

Արդյոք տնօրինության, վերը նշված աշխատաժողովի մասնակիցների և գիտատեխնիկական խորհրդի քննարկումները բավարար էին հազարավոր մարդկանց կյանքի վրա ազդող նման որոշում ընդունելու համար, արդյոք այս գործընթացում ներգրավված անհատները կարող էին նման որոշում կայացնել։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանի խոսքով, նման որոշումների համար անհատ գիտնականների կամ ՀՈԱԿ-ի մասնագետների կարծիքները բավարար չեն։

«Տարբեր գիտնականներ պետական կառույցներից չեն կարող որոշում կայացնել։ Քաղաքապետարանը ինստիտուտ է և պետք է ունենար և խնդրեր պաշտոնական կարծիքներ մնացած ինստիտուտներից»,-ասում է նա։

2023-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանում ծառերի փոխարինման ծրագրի շուրջ հանրային քննարկմանը  Քրիստինե Վարդանյանը զեկույց էր ներկայացրել։

«Հրավերներ էինք ուղարկել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, որոնք որ փոխկապակցված են այս խնդրի հետ՝ բնապահպանության վարչության պետին, ՀՈԱԿ-ի ղեկավարությանը, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանին։ Նրանցից ոչ ոք չեկավ, ներկա էր միայն իշխող կուսակցությունից Կիմա Աբրահամյանը»,-ասում է Վարդանյանը։ 

Հատկանշական է, որ ծառերի փոխարինման ծրագրի մասին խոսելիս քաղաքային իշխանության ներկայացուցիչները և ծրագիրն իրականացնող ՀՈԱԿ-ի մասնագետները անընդհատ հղում են անում վերը նշված աշխատաժողովին և գիտատեխնիկական խորհրդին, իսկ քննադատությանը հակադարձում, թե գիտնականները հավաքվել, քննարկել և որոշել են ծրագիրն իրականացնել։

Սակայն իրականում ծրագրի քննարկումներին չեն մասնակցել փորձագիտական պետական կառույցները, ծրագիրը չունի ՇՄԱԳ։ Բացի մի քանի ընտրված գիտնականներից՝ որոշումն ընդունելիս հաշվի չի առնվել առողջապահական, բնապահպանական ոլորտի մասնագետների, ուրբանիստական մասնագիտական համայնքի կարծիքը։

Մեկնաբանություններ (2)

Екатерина
Эти решения принимались врагами народа. Это самый настоящий геноцид. И не только геноцид деревьев, но и людей. Чем люди дышать будут? Что будет с их здоровьем, со здоровьем их детей? В Ереване есть полно мест, куда они могут посадить те сухие маленькие веточки, которые они закупили и называют деревьями. Неужели для отмывания денег надо обязательно лишать город зелени и уродовать его? Нет, не обязательно. А значит – ВРАГИ НАРОДА!
Vache Asatryan
This is reason enough to leave this city. A city without adult trees shoukd concern everyone.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter