HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դիվիզիոնի շտաբի պետի խոսքով՝ շրջափակման մեջ հայտնված զինվորներին տարհանելն իր կանոնագրային պարտականությունը չէր

Փաստաբան Գոռ Գևորգյանը նախատրամադրվածությամբ էր ներկայացել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող մայոր Գևորգ Գևորգյանի գործով մարտի 25–ի դատական նիստին։ Սկզբում նրան զայրացրեց իմ լուսանկարելը, այնուհետև՝ դատավոր Արտուշ Գաբրելյանի «ռազմական գիտելիքներ չունենալը», որի համար ինքնաբացարկ հայտնեց դատավորին։ 

Ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով երկու նոր փաստաբաններ ներկայացան դատարան, և ես լուսանկարեցի նրանց։ Փաստաբան Գոռ Գևորգյանը, որը վաղուց է իրականացնում Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանի պաշտպանությունը, ասաց, որ լուսանկարելու իրավունք չունեմ։ Ես էլ հիշեցրի, որ 2022թ սեպտեմբերից լուսաբանում եմ այս դատական գործը, դատարանի թույլտվությամբ լուսանկարել եմ բոլոր նիստերի ժամանակ, և դատարանը որոշումը կայացրել է կողմերի համաձայնությամբ։ 

Փաստաբանը պնդեց, որ համաձայնել են՝ իրեն ու իր պաշտպանյալին չլուսանկարելու պայմանով։ Իսկ ինչո՞ւ հենց երեկ նա հիշեց այդ մասին։ Գուցե այն պատճառով, որ իր պաշտպանյալը երկու արցախցի փաստաբա՞ն ներգրավեց գործում, թե՞ դատարան ներկայացած վկան էր նրա դյուրագրգիռության պատճառը։ Երեկվա նիստում վկայություն էր տալիս Ցորի զորամասի հրետանու պետի սպառազինության գծով տեղակալ Նորիկ Առուշանյանը։

Ն Առուշանյանը 2020թ–ի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ դիվիզոնի հետ եղել էր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում։ Նա պատմեց հոկտեմբերի 12-ին դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու և այդ իրավիճակում հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանի վարքագծի մասին։ 

Հիշեցնենք, որ Դ-20 հրետանային դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու դեպքով մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել զինվորների ինքնապաշտպանությունը, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Նորիկ Առուշանյանը հայտնեց, որ 2020թ մայիսի 1–ից տեղափոխվել է Ցորի զորամաս և նշանակվել հրետանու գծով ծառայության պետի տեղակալ։ Պատերազմի ժամանակ հրետանային դիվիզիոնի հետ է եղել, քանի որ Դ–20 մարտկոցը մեծ էր և իր պարտականությունը միայն այդ մարտկոցին զինամթերքով ապահովելն էր։ Նկարագրեց, թե ինչ հեռավորության վրա են գտնվել դիվիզիոնի 1–ին և 2–րդ մարտկոցները, իսկ դիտակետը, որտեղ գտնվում էին դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանն ու զորամասի հրետանու պետ Նորիկ Հայրապետյանը, իրենցից մոտ 1 կամ 1,5 կմ հեռավորության վրա էր։  Իր հիշելով, ցերեկվա ժամը 12–ի մոտերքը Հայկ Թովմասյանը կապ է տվել և հրամայել, որ անձնակազմին դուրս բերեն։ Անձնակազմը պատրաստվում էր դուրս գալ կրակակետից, բայց մի քանի րոպեից հետո ասել են՝ «թողնել»։

Երկրորդ անգամ դիվիզիոնի հրամանատարը հրամայեց՝ «երեխեքին վերցրեք՝ դուրս եկեք»։ Այդ ժամանակ նկատել է, որ թշնամին կրակում է 1–ին մարտկոցի ուղղությամբ։ «Ես 2–րդ մարտկոցի մոտ էի և զենքով կրակում էի, իսկ 2–րդ մարտկոցի անձնակազմը ավտոմեքենաներով դուրս էր գալիս։ 1–ին մարտկոցից առաջինը կառավարման դասակի «Սատկո» մեքենան դուրս եկավ՝ մեջը Գևորգ Գևորգյանն էր, վարորդը, ևս երեքը թափքում էին։ Ավտոմեքենաները որ գալիս էին, ես ձեռքով էի անում, որ՝ քշեն, չկանգնեն։ Արագ էին գնում, ինձ գցեցի մի կողմ, որ մեքենաներն անցնեն»,– հայտնեց վկան։ 

Հանրային մեղադրող Հայկ Ռափյանի հարցին՝ «հրամանից հետո Դուք ինչո՞ւ դուրս չեք եկել», հայտնեց, որ թշնամու ուղղությամբ մարտ էր վարում, որպեսզի անձնակազմը դուրս գար։ «Հետո պտտվեցի և տեսա, որ 2–րդ մարտկոցի զինվորներից մեկն էլ է կրակում։ «Ասացի՝ տղա ջան, դուրս արի այստեղից, պետք չէ, և նա մեքենայով դուրս եկավ»,– հայտնեց վկան։ 

Ն Առուշանյանը դատարանին հայտնեց, որ կառավարման դասակի դուրս գալու վերաբերյալ գրեթե ոչինչ չգիտի, բացի այն, որ զինվորներից մեկը մնացել է այնտեղ, հետո է դուրս եկել։ Մեղադրողի հարցին՝ 1–ին և 2–րդ մարտկոցի սպաները իրենց պարտականությունները պատշաճ կատարե՞լ են։ Ասաց՝ այո, 2–րդ մարտկոցի սպաները՝ Արթուր Մինասյանն ու Մարզպետ Հայրապետյանը, ձայն էին տալիս տղաներին, որ արագացնեն, դուրս գան։ Չի տեսել, որ Գևորգ Գևորգյանը որևէ գործողություն իրականացներ։ 

Իր գտնվելու վայրից տեսել է նաև դիտակետում գտնվող անձնակազմին։ «Բոլորին տեսա, այնտեղ Հայկ Թովմասյանն էր, Նորիկ Հայրապետյանը, Մհեր Առաքելյանը, Բադալյանը և երկու ժամկետային զինծառայող։ Այն ժամանակ, երբ դիտակետից կրակում էին իմ ուղղությամբ, արդեն անձնակազմից մարդ չէր երևում, նրանք ուրիշ ճանապարհով էին դուրս եկել։ 2–րդ մարտկոցն էլ էր դուրս եկել, «Ուրալը» մոտեցավ, ես նույնպես դուրս եկա»,– հայտնեց վկան։

Ցորի զորամասի հրետանու պետի սպառազինության գծով տեղակալը նույնպես համոզված էր, որ առաջին՝ «դուրս գալ» հրամանից հետո ողջ անձնակազմը դուրս կգար, կհասցնեին հրանոթներն էլ կապել մեքենաներին ու տանել։ Սակայն երկրորդ, իր ասելով՝ սխալ հրամանը տվեցին՝ «մերոնք են, չկրակեք»։  1–ին մարտկոցի անձնակազմը դրանից հետո չի կարողացել դուրս գալ։

«Եթե Գ Գևորգյանը մնար ու կրակեր՝ կօգնե՞ր, որ տղաներն ավելի հեշտ դուրս գային,– հարցրին վկային։

«Չեմ կարող ասել՝ կարող է օգներ, կարող է՝ չօգներ։ Տվյալ պահին իրավիճակին չէի տիրապետում, որովհետև ես 2–րդ մարտկոցի մոտ էի գտնվում»,– հայտնեց Ն Առուշանյանը։ Հավելեց, որ իր պատկերացումով՝ իբրև դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգ Գևորգյանի պարտականությունն էր կրակային կետից անձնակազմին տարհանելը։ 

Փաստաբան Գոռ Գևորգյանը կրկին բորբոքվեց «Եթե վկան իր պարտականության մասին Նորիկ Հայրապետյանից է հարցրել, որտեղի՞ց պետք է իմանար, որ շտաբի պետի պարտականությունը տարհանում կազմակերպելն էր։ Առհասարակ, «տարհանում կազմակերպել» զինվորական տերմին չունենք»։ 

Ամբաստանյալ Գ Գևորգյանը վկային հարցեր էր ուղղում Արցախի ՊԲ հրամաններից ու կանոնագրքից՝ նրա ռազմական գիտելիքները ստուգելու նպատակով։ Վկան հայտնեց, որ զինվորական կրթություն չունի, իր պարտականությունը հրետանային մարտկոցները զինամթերքով ապահովելն էր։ «Ես հրետանու սպա եմ, դրանք չգիտեմ, չեմ տիրապետում։ Իմ ռազմական հմտությունները ծառայության ժամանակ եմ ձեռք բերել»,– պատասխանեց Ն Առուշանյանը։  

«Եթե չեք տիրապետում, ինչպե՞ս եք ասում, որ Գևորգյանը պետք է գոյություն չունեցող հրամանի տեսակով տարհանում կազմակերպեր»,– հակադարձեց փաստաբան Գոռ Գևորգյանը։ Այնուհետև ավելացրեց՝ երբ ասում եք, որ Գևորգյանը պետք է մնար և կազմակերպեր տարհանումը, գործնականում պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է կազմակերպեր տարհանումը։ «Ոչ»,– եղավ պատասխանը։

Այս վեճը շատ ավելի կերկարեր, եթե դատավորը չմիջամտեր։ «Երբ մանկապարտեզում  հրդեհ է լինում կամ որևէ այլ պատահար, բոլորս գիտենք, որ տնօրենն է կազմակերպում տարհանումը։ Այս դեպքում, հասկանում ենք, որ շտաբի պետը պետք է կազմակերպի»,– ասաց Արտուշ Գաբրիելյանը։

Փաստաբան Գոռ Գևորգյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ հայտարարելով, որ նա չի կարող օբյեկտիվորեն քննել այս քրեական գործը, քանի որ չի հանդիսանում այն դատարանը, որը սույն հանցակազմի մասին ունի բավարար գիտելիքներ։ 

«Կարծում էի, որ երկու տարվա դատաքննության ժամանակ այդ առումով մանրակրկիտ կուսումնասիրեք ու կտիրապետեք, թե մենք ինչի հետ գործ ունենք, բայց մինչև հիմա անգամ չգիտեք, թե որն է շտաբի պետի պարտականությունը։ Մի հատ էլ համակարծիք եք վկայի հետ։ Ստացվում է, որ դատաքննության փուլում դեռևս չեք տիրապետում այս ոլորտին»,– հայտարարեց փաստաբան Գևորգյանը։ 

Դատավորը մերժեց ինքնաբացարակի միջնորդությունը։ 

Դատաքննությունը շարունակվեց վկայի հարցաքննությամբ։ Նորիկ Առուշանյանը, կողմերի հարցերին պատասխանելով, ամբողջացրեց, թե ինչ է տեղի ոնեցել տարածքից դուրս գալուց հետո։ Պատմեց, որ «Ջուվառլու» տեղամասից տարհանված անձնակազմը հավաքվել էր Տող գյուղի խաչմերուկում։ Այդտեղ գտնվող 2–րդ մարտկոցի զինվորներն իրեն ասել են՝ ապրես, դու կրակել ես, որ մենք դուրս գանք, իսկ 1–ին մարտկոցի անձնակազմը մնացել է կրակակետում։ Այնտեղ հանդիպել է նաև Գևորգ Գևորգյանին։

«Հետո գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես տեղը ցույց տալ։ Ասացի՝ այո, ասեց՝ դե գնացինք։ Գևորգ Գևորգյանն էլ ցանկացավ միանալ մեզ, նաև՝ մյուս սպաները՝ Արթուր Մինասյանը և Մարզպետ Հայրապետյանը։ Մենք «Նիվայով» գնացինք «Ջուվառլու», արդեն մութն ընկել էր, ոտքով բավականին գնացինք, մտածում էինք, որ թուրքերն առաջ եկած կլինեն, կրկին վերադարձանք Տողի խաչմերուկ։ Ճանապարհին երկու հոգու հանդիպեցինք, որից մեկը վիրավոր էր, մեզ հետ բերեցինք ու հասցրինք հոսպիտալ»,– պատմեց վկան։  

Ապա շարունակեց. «Հաջորդ առավոտյան Հայկ Թովմասյանը զանգեց, որ 5 հոգով դուրս են եկել տարածքից, «Սատկո» մեքենայով գնացինք և նրանց բերեցինք Տողի խաչմերուկ։ Նորից կապ տվեցին, որ անձնակազմից ևս 5 հոգի դուրս է եկել, և նրանց մեջ վիրավորներ կան։ Ես քշեցի շտապօգնության մեքենան ու բժշկի հետ գնացինք նրանց հետևից՝ Ջուվառլու, թուրքերն արդեն երևում էին։ 1–ին մարտկոցի հրամանատար Արիկ Գոքորյանին ու մյուսներին բերեցի։ Նրանցից երեքը վիրավոր էին, ասացին, որ սողալով են դուրս եկել տարածքից»։  

Հայտնեց, որ վերադարձին հանդիպել են Ցորի տանկային գումարտակի զինվորներին, որոնց մեջ բազմաթիվ վիրավորներ կային։ Նրանց շտապօգնության մեքենայով տեղափոխել են Կարմիր շուկայի հոսպիտալ, որը դպրոցում էր տեղակայված։ Թողել են այնտեղ ու գնացել մյուս վիրավորների հետևից։

Հիշեցնենք, որ 2020թ հոկտեմբերի 12–ին շրջափակման մեջ գտնվելու հետևանքով «Ջուվառլու» կոչվող տարածքում 1–ին մարտկոցից զոհվել է 20 զինվոր, այդ օրվանից Ցորի զորամասի հրետանու պետ Նորիկ Հայրապետյանն անհայտ կորած է համարվում։

«Նորիկ Հայրապետյանին տեսել եմ դիտակետից իջնելիս, երբ կապ է տվել, որ մեքենա ուղարկեմ, դրանից հետո չեմ տեսել։ Տողի խաչմերուկում տեսել եմ շտապօգնության վարորդին, հարցրել եմ՝ բա ո՞ւր է Նորիկը, վարորդը հայտնել է, որ մեքենայի վրա կրակել են, չի կարողացել մոտենալ նրան»,– հայնեց Ն Առուշանյանը։

Գևորգ Գևորգյանի պաշտպանները ձգտում էին ոչ արժանահավատ ներկայացնել Նորիկ Առուշանյանի վկայությունը և հատկապես նրա այն համոզմունքը, որ շտաբի պետի պարտականությունն էր բոլոր մարտկոցների տարհանումը կրակակետից։ Միգուցե նրանց հաճո չէ՞ր լսել, որ միայն հրանոթները նորոգելու համար Դ–20 հրետանային դիվիզիոնին կցված սպան միայնակ պաշտպանություն է իրականացրել, որպեսզի 2–րդ մարտկոցի անձնակազմը կարողանա դուրս գալ կրակակետից, ինքնակամ վիրավորներ է տեղափոխել և այլն։ Մինչդեռ, իրենց պաշտպանյալը կանոնագրային նորմեր է մեջբերում տարածքից առաջինը հեռանալու և զինվորներին միայնակ թողնելն արդարացնելու համար։ 

Գլխավոր լուսանկարում՝ փաստաբանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter