HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարությունը 3-րդ անգամ է փորձում օդի որակի դիտակայան ձեռք բերել․ 2 մրցույթում հաղթող չի եղել

Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար մարտի 18-ին մթնոլորտային օդի որակի դիտակայանի ձեռքբերման երրորդ բաց մրցույթն է հայտարարվել։ Նախորդ երկու մրցույթների արդյունքում ընտրված մասնակից չի եղել։

Մթնոլորտային օդի որակի երկու դիտակայանի համար նախարարությունը 300 մլն դրամ նախնական գին էր առաջարկել։ Այս գումարը 2024 թվականի պետբյուջեից հատկացվել է դիտացանցի արդիակնացման համար: 

Ստացիոնար դիտակայանը, ըստ տեխնիկական բնութագրի, պետք է ապահովված լինի սարքավորումներով, որոնք մթնոլորտային օդում անընդհատ կչափեն SO₂ (ծծմբի երկօքսիդ), CO (շմոլ գազ), CO₂ (ածխաթթու գազ), NOx (ազոտի օքսիդներ), O(օզոն) գազերի և PM (2.5,10) տարանջատված մասնիկների խտությունները: 

Նոր դիտակայաններում ավտոմատ նմուշառումը հնարավորություն կտա որոշելու աղտոտվածության՝ տվյալ պահի մակարդակը՝ նաև թույլ տալով կանխատեսումներ անել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, սարքերի բացակայության պատճառով, հիմա օդի ավտոմատ նմուշառում չի իրականացնում։ 

Առկա ենթակառուցվածքներով կենտրոնը Երևանի 5 անշարժ դիտակայաններում որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի (SO2), ազոտի երկօքսիդի (NO2) և գետնամերձ օզոնի (O3) պարունակությունն օդի մեջ, ցուցանիշներն էլ շաբաթական մեկ անգամ են ամփոփվում։ 

Առաջին մրցույթը 2023-ի դեկտեմբերի 21-ին էր հայտարարվել, մասնակից չէր եղել։ Երկրորդին մի հայտ էր ստացվել, սակայն մասնակիցը նախնական գնից 90 մլն դրամ ավելի էր առաջարկել։ Երկու մրցույթներն էլ չկայացած էին ճանաչվել։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասում է` մատակարարներին անծանոթ է սարքավորումը, առաջին անգամ պիտի Հայաստան բերեն, դրա համար է գործընթացը դանդաղում։ 

«Մեր վրացի գործընկերների հետ քննարկում էինք, իրենց դեպքում էլ է սկիզբը բարդ եղել, բայց արդեն 15 նման դիտակայան ունեն։ Առաջին երկուսը գնենք, հետո հեշտ կլինի»,- ասում է Շահնազարյանը։

Մեր հարևան բոլոր երկրները, Շահնազարյանի խոսքով, արդեն անցում են կատարել ավտոմատ սարքավորումներով մոնիթորինգի իրականացմանը, ու աղտոտվածության՝ տվյալ պահի մակարդակն են կարողանում տեսնել, ավելի շատ թվով աղտոտիչների խտությունն են որոշում։ Օրինակ՝ փոշու մասնիկների խտությունը (PM2.5), ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի, բոլոր երկրները պետք է չափեն։ Հայաստանում պետական մոնիթորինգի մեթոդներով այս ցուցանիշը չի որոշվում։ 

«Միջազգային պահանջն էլ է դա, որ մենք պարտադիր ունենանք այդ ավտոմատ դիտակայանները, որ կարողանանք դրանք միացնել միջազգային հարթակներին ևս։ Այսօր մեր իրականացրած պետական մոնիթորինգի ոչ մի կայան միացված չէ դրանց»,- նախորդ տարի Հետք Մեդիա Գործարանին հայտնել էր Գայանե Շահնազարյանը։

Շահնազարյանն ասում է՝ այս անգամ հետաքրքրվածություն նկատել են, նախորդ մրցույթների դեպքում այն չի եղել։ Նրա խոսքով՝ եթե հաղթող ընկերություն չլինի, նախարարությունը մեկ անձից գնում պիտի անի, բայց ուզում են մրցութային կարգով հաղթողին ընտրել։ 

Կարդացե՛ք նաև․

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter