HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ցույց տուր ատամ տագնապին

Մենք ցանկանում ենք դեմ առ դեմ հանդիպել այն ամենին, ինչ անհանգստացնում է մեզ ներսից։ Վերլուծել ինքներս մեզ, գտնել տագնապների պատճառները և երկխոսել, հաշտվել կամ պայքարել։ 

Այս ապրումները արվեստագետների մոտ հաճախ նյութ են դառնում ստեղծագործելու։ Նման փորձի արդյունք է Սիրին Անուշի «Ապակառուցման երևակումը» ցուցահանդեսը։

«Տագնապային մի քանի օրեր էի ունեցել, մի քանի գիշեր չէի քնել։ Հետո ասեցի՝ պետք է փոխադրեմ այն արվեստի մեջ. ատամ ցույց տալու ֆրազն առաջինը մտքիս եկավ, ու պատկերման ձևն արդեն պարզ էր»,- պատմում է Անուշը, որը տարբեր տեխնիկաներով արտահայտել է բացասական ապրումների, տագնապների հետ հարաբերման իր փորձը, փուլերը։ Ցուցանմուշների առանցքում  տագնապներին ատամ ցույց տալու մոտիվն է՝ հեղինակի ատամները։

Առաջին փուլում տագնապները խլացնելու փորձերն են. Հակադեպրեսանտների դատարկ տուփեր։

Հետո գալիս է հաջորդ փուլը. հեղինակը փախչելու փոխարեն ընդառաջ է գնում իրեն անհանգստացնող ուժերին՝ դրանք հասկանալու համար։

«Երկրորդ լուծումը ոչ թե խլացնելն է, այլ՝ վերլուծելը։ Էստեղ ընթացքն է պատկերված, ու թե ինչպես են աստիճանաբար տագնապները ֆորմա ձեռք բերում։ Որոշեցի կտրատել իրենց, դեկոնստրուկցիայի ենթարկել։ Իրենք մանր են, բայց անկանոն են, քաոտիկ են, որոհետև ես իրանց չեմ տիրապետում»,- պատմում է բացասական զգացողությունները քարտեզգրած Անուշը։

Վերլուծելուց հետո գալիս է անհանգստությունների, բացասական էմոցիաների հետ հարաբերվելու փուլը։ Այստեղ հեղինակը ներմուծում է «Անուշներին»։ Դրանք մի ծնկի վրա կռացած, ձեռքը պարզած առաջ ընթացող կերպարներ են, որոնք հայտնվում են տարբեր իրավիճակներում։ Այն որսորդի պես հետազոտում է իր տագնապները. մեկ հանդիպում է պատնեշի, մեկ ընկնում է անդունդը, մեկ էլ կրկնապատկվում է՝ կարծես դիմակայելու իրենից մեծ ուժերի։ Լուսանկարչության ու գեղանկարչության խառնումն այստեղ կարծես փաստականի ու երևակայականի խորհրդանիշը լինի։

«Հոգեբանների հետ շփվելով, տեսություն ուսումնասիրելով՝ հասկացա, որ էմոցիաները անկախ նրանից բացասական են թե դրական, պետք է ապրել, այդ դեպքում ոչ թե մենք զոհն ենք այլ որս անողն ենք։ Փակված, կաղապարված, չապրված լինելու դեպքում ինչ-որ իքս պահի էմոցիոնալ կծիկը պայթում է»,-պատկերավոր ցույց է տալիս Անուշը:

Ցուցահանդեսի ուղեկցող տեքստի հեղինակ Մարինե Խաչատրյանը տալիս է հետևյալ ձևակերպումը՝  «մարտնչող ոգու ոչ այնքան հաճելի արկածները», որը օգնում է առերեսվել սեփական բացասական հույզերի հետ՝ Սիրին Անուշը այդպիսի ապրումների հետ ներքին աշխատանքի մի ամբողջ սխեմատիկ արվեստային քրոնոլոգիա-ժամանակագրություն է կազմել։ 

Շրջափուլերի վերջում հեղինակը տանում է Լաբիրինթոսի մեջ ման եկող Անուշի մոտ, որը դեռ փնտրում է։

Մարտի 11-15-ը Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Սիրին Անուշի առաջին անհատական ցուցահանդեսը։ Անուշը միջոլորտային արվեստագետ է, որը փնտրում է ինքնաբացահայտման տարբեր ուղիներ: Մասնագիտական կրթություն է ստացել Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում և Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում, այնուհետև ուսումնասիրել է բեմանկարչություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 

Սիրանուշ Մխիթարյանը իր Սիրին Անուշ կեղծանվան ընտրությունը կապում է դիցաբանական Սիրին թռչունի հետ, որը տխուր երգեր ու գույժ է հաղորդում, այս դեպքում՝ վիզուալացնում։

Ցուցահանդեսը համադրել է Օֆելյա Ազիզյանը, էքսպոզիցիայի հեղինակ՝ Վարդան Կիլիչյանը։ Այն իրականացվել է Artbox-ի և Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։

Լուսանկարները՝ Հետքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter