HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ֆրանսիական «նոր ալիքի» ֆիլմերը Երևանում

«Կինոն պատկերում է ժամանակի անկրկնելի վազքը․ այն ցուցադրում է մահը աշխատանքի մեջ». կինոյի մասին այսպիսի ձևակերպում է արել Ժան Լյուկ Գոդարը՝ ֆրանսիական կինոյի «նոր ալիք» շարժման խորհրդանիշերից մեկը։

50-ականների վերջին հետպատերազմյան ֆրանսիայում փոխվել էին հասարակական տրամադրությունները, փոխվեց նաև կինոն, ֆիլմերի թեմատիկան, նկարահանման տեխնիկան։ Այդ ժամանակ կինեմատոգրաֆի մասին խոսելիս ֆրանսիական «նոր ալիք» արտահայտությունը դեռևս չէր կիրառվում։ Հետագայում «նոր ալիք» շարժման անդամ էին համարում  այն ռեժիսորներին, որոնք մուտք գործեցին կինոաշխարհ 1958-1962  թվականներին: Այդ տարիներին աննախադեպ  թվով երիտասարդ ռեժիսորներ հանդես եկան իրենց դեբյուտով։ Ֆրանսիական կինոյում տիրում էր երիտասարդ ռեժիսորների նորաձևությունը, որոնք դեմ էին ֆրանսիական ավանդական «պապական կինոյին»:  

«Նոր ալիքի» ռեժիսորներից շատերը, օրինակ՝ Ժան-Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Կլոդ Շաբրոլը, Էրիկ Ռոմերը և Ժակ Ռիվետը կինոսերներ էին, որոնք մասնագիտական կրթություն չունեին և ստուդիաներում երբևէ չէին աշխատել։ Նրանց բոլորին միավորում էր Cahiers du cinemma ամսագիրը, որտեղ հրապարակում էին իրնց կինոքննադատությունները։

«Նոր ալիքի» աղմկահարույց ֆիլմերի բոլոր հերոսներն այն մարդիկ են, որոնք հայտնվում են հասարակության հետ բախման մեջ: Համաշխարհային կինոյում ի հայտ եկավ մի շարժում, որը ոչ միայն հերոսին հակադրում էր հասարակությանը, այլև չէր ցանկանում, որ հերոսը հաշտվի հասարակության հետ: Սա շարժման ռեժիսորների հիմնական ընդհանրությունն էր, քանի որ ըստ էության կինոյի քերականության ու շարահյուսության առումով նրանք շատ տարբեր էին:

Ժան Լյուկ Գոդարը չուներ ֆիլմ նկարելու փորձ, բայց նա գիտեր, թե ինչպես պետք չէ նկարահանել, իր դեբյուտային «Վերջին շնչում» ֆիլմում նա խախտեց մոնտաժի գոյություն ունեցող բոլոր գրավոր և չգրված օրենքները, երկխոսությունների դրվածքները, դերասանների հետ աշխատանքը: Երբեմն նկարահանումները ընթանում էին   իմպրովիզացիոն եղանակով. Գոդարը դադարեցնում էր նկարահանումը, հետո սրճարանի սեղանի վրա գրում երկխոսությունները և հանձնում դրանք դերասաններին: Կադրում գլխավոր հերոսների շուրջ փարիզյան առօրյա կյանքն է: Օպերատորական սայլակ չկա – օպերատորին նստեցնում են հաշմանդամի սայլակին, և նա ձեռքի կինոխցիկով նկարահանում է կերպարների շարժումները: Գոդարը հավելում է դրան աբսուրդի հասնող կտրուկ մոնտաժ։ Ժան Լյուկ Գոդարն իր նորամուտով թողեց կինոյի պատմության մեջ իր անջնջելի հետքը, իսկ ֆրանսիական «նոր ալիք» շարժման ալիքները մինչ օրս ունեն իրենց ազդեցությունները ժամանակակից կինոյում։

Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը մարտի 12-ին կցուցադրվի Երևանում։

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

2024-ին Սինե-ակումբը գրեթե ամբողջության նվիրված է լինելու ֆրանսիական նոր ալիքին՝ կինոուղղությանը, որ հեղափոխեց համաշխարհային կինոն և մեզ ընծայեց պատմության լավագույն ֆիլմերից մի քանիսը։ Ահա առաջին ցուցադրությունը․․․

Մարտի 12 – 19:00 – Մուտքն ազատ է

Ազգային գրադարանի Մեծ Դահլիճ՝ Տերյան 72, Երևան

Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով

ՇՆՉԱՀԵՂՁ

Ռեժ․՝ Ժան Լյուկ Գոդար (1960 թ․, 89 րոպե)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter