HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ» օդանավակայանի ուղեւորահոսքն աճել է 95 %-ով, բայց 100 հազարի էլ չի հասել

Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», նախորդ տարի սպասարկել է 94.768 ուղեւորի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է «Շիրակի» ու «Զվարթնոցի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Նկատենք, որ 2022 թ. «Շիրակից» օգտվել էր 48.492 մարդ, այսինքն՝ աճը կազմել է 95 %: Սակայն այստեղ առանձնապես ուրախանալու առիթ չկա, քանի որ 2023-ի ցուցանիշը ամենեւին էլ բարձր չէ, առավել եւս՝ աննախադեպ չէ, ինչպես որ անցած տարի գրանցվել է «Զվարթնոցի» պարագայում:

Եթե դիտարկենք վերջին 10 տարիները՝ 2014-2023 թթ., ապա 2023-ի ցուցանիշը 5-րդն է եւ զիջում է 2017-2019 եւ 2021 թթ. թվերին: Նկատենք, որ «Շիրակի» համար առանձնահատուկ է եղել 2018 թ., երբ օդանավակայանը սպասարկել էր 165.946 հոգու:

Նշենք նաեւ, որ նախորդ տարվա ցուցանիշի մեջ մի փոքր ավելի շատ են մեկնողները՝ 47.848 մարդ կամ 50,5 %, իսկ ժամանողները՝ 46.920 մարդ կամ 49,5 %:

Shirak: Passengers (2014-2023)
Infogram

Եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա, ի տարբերություն «Զվարթնոցի», «Շիրակում» չկա որեւէ օրինաչափություն: Եթե «Զվարթնոցում» ավանդաբար ամենաակտիվ ամիսը օգոստոսն է, իսկ ամենապասիվը՝ փետրվարը, ապա «Շիրակում» ամսական կորերը տարբեր տարիների տարբեր տեսք ունեն: Օրինակ՝ նախորդ տարի Գյումրու օդանավակայանում ամենաշատ ուղեւորները գրանցվել են հոկտեմբեր-նոյեմբերին, երբ ամսական սպասարկվել է 10 հազարից ավելի ուղեւոր: Կարելի է նաեւ առանձնացնել ամռան ամիսները, որոնց ընթացքում վերջին 6-7 տարիներին ուղեւորահոսքի որոշակի աճ է նկատվում:

Passengers: LWN (2014-2023)
Infogram

Նախորդ հոդվածում անդրադառնալով «Զվարթնոցի» վերաբերյալ կոնսեցիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ցուցանիշների եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից շահագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տվյալների տարբերությանը («ԱՄՕ»-ի ներկայացրած ուղեւորների քանակը 276 հազարով ավելի է)՝ գրել էինք, որ պատճառն, ըստ էության, Երեւանի օդանավակայանի տարանցիկ (տրանզիտ) ուղեւորներն են, որոնք ՀՀ պետական սահմանը չեն հատում, տրամաբանորեն՝ ՍԷԿՏ համակարգում չեն երեւում, բայց ահա հաշվվում են օդանավակայանի կոնցեսիոներ կազմակերպության կողմից:

«Շիրակի» պարագայում, որից, ի դեպ, տրանզիտ ուղեւորներ չեն օգտվում, հակառակն է: Եթե «ԱՄՕ»-ն 2023-ի համար նշել է 94.768 ուղեւոր, ապա Վիճակագրական կոմիտեն, հիմնվելով ՍԷԿՏ համակարգի թվերի վրա, հայտարարել է 95.107 մարդ, այսինքն՝ 339 հոգով ավելի: 

Երբ 2022 թ. ՔԱԿ-ից եւ ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե որն է տարբերության պատճառը, այդպես էլ սպառիչ պատասխան չէինք ստացել: ՔԱԿ-ից հայտնել էին, որ կոնցեսիոները հիմնվում է ավիաընկերությունների եւ օդանավակայանի ծառայությունների ու բաժինների տեղեկատվության վրա, իսկ վիճկոմիտեն տվյալները ձեռք է բերում ՍԷԿՏ համակարգից, եւ հաշվարկների մեթոդաբանությունները տարբեր են, ինչի արդյունքում էլ առկա են շեղումներ: Թե մեթոդաբանական ինչ տարբերությունների մասին է խոսքը, պարզ չէ: Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ տարբերություն ստեղծողը կամ նման գործոններից մեկը օդանավերի անձնակազմերն են, որոնք ուղեւոր չեն եւ, ըստ էության, չեն մտցվում ուղեւորափոխադրումների ծավալի մեջ, իսկ ահա ՍԷԿՏ համակարգը գրանցում է ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերն ու ելքերը, ինչպիսիք կատարում են նաեւ օդանավերի անձնակազմերը:

Վերադառնանք «Շիրակի» արտադրական ցուցանիշներին:

2023 թ. Գյումրու օդանավակայանը ճանապարհել է 292 թռիչք եւ ընդունել 296 վայրէջք, ընդհանուր՝ 588 հատ: Համեմատության համար ասենք, որ «Զվարթնոցն» իր ամենապասիվ ամսում՝ փետրվարին, ճանապարհել եւ ընդունել է 2727 թռիչք ու վայրէջք: Այսպիսին է Հայաստանի երկու միջազգային օդանավակայանների տարբերությունը:

«Շիրակում» թռիչքների ու վայրէջքների առումով 2023-ին համեմատաբար ակտիվ են եղել հուլիս-օգոստոս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները:

LWN Flights: 2023
Infogram

Այդուհանդերձ, Գյումրու օդանավակայանի ամենամեծ ու առաջնային խնդիրը գործընկեր ավիաընկերություններն են: «Շիրակի» «հավատարիմ հաճախորդը» եղել ու մնում է ռուսական «Պոբեդան», որը 2016-ի դեկտեմբերից իրականացնում է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով թռիչքներ: Այս ընթացքում թե՛ «Պոբեդայի», թե՛ հայկական ու արտասահմանյան այլ ավիաընկերությունների կողմից եղել են Գյումրու ուղղությամբ նաեւ այլ չվերթեր, սակայն կարող ենք ասել, որ «Շիրակի» ուղեւորահոսքի առյուծի բաժինը ավանդաբար ապահովում է հենց «Պոբեդայի» Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղին:

Այսպիսով՝ նույն օտարերկրացի զբոսաշրջիկների կամ ավիաընկերությունների համար Գյումրին որպես ուղիղ թռիչքի հասցեակետ գրավիչ դարձնելը, ինչի մասին պարբերաբար խոսվել ու խոսվում է, մինչ օրս մնում է բարի ցանկություն, իսկ ժամանակ առ ժամանակ գրանցվող այլ չվերթերը («Պոբեդայի» նշված ուղղությունից բացի) խիստ ժամանակավոր բնույթ են կրում:  

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ «Շիրակ» օդանավակայանի ժամանման սրահը («Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter