
Փոքրիկ քայլերի արվեստը «Երկու ճանապարհ» ֆիլմում
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի վավերագրական մասում ներկայացված է Վահե Յանի «Երկու ճանապարհ» ֆիլմը (2011 թ., 26 րոպե):
17-ամյա Գոհարիկ Առաքելյանը նկարչուհի է, իսկ 28-ամյա Հայկ Հոբոսյանը` պարող: Երկու առանձին ճակատագրեր և պատմություններ, որոնց միավորում է մի բան. նրանք երկուսն էլ խուլ ու համր են: Նրանք վաղուց արդեն համակերպվել են այդ փաստի հետ, չլսելը նրանց համար սովորական է, բայց նրանք շատ են սիրում թե իրենց կյանքը, թե այն, ինչով զբաղվում են:
Հայկը նաև հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծում. բոլորին զարմացնում է այն հանգամանքը, որ երաժշտությունը չլսող մարդը կարող է այդպես պարել: Իսկ Գոհարիկը ցանկանում է նկարչություն դասավանդել խուլ ու համր երեխաների դպրոցում, շատ նկարներ ստեղծել և ճանապարհորդել:
Երկու հերոսների կյանքին զուգահեռ ներկայցված են նաև նրանց մայրերը: Նրանք երբևէ նման մարդկանց հետ չէին առնչվել, և նրանց համար պակաս դժվար չի եղել ընդունել, որ իրանց երեխաները խուլ են, ժամանակ է պահանջվել նաև նրանց համար հասկանալու իրենց երեխաներին և նրանց հետ միասին հաղթահարել բախումը նման խնդիր ունեցող երեխայի և հասարակության միջև:
Ինչպես ֆիլմում է ասվում, խուլը խնդիր չունի, խնդիր ունի լսողը:
«Ես հասկացա, որ միայն Գոհարիկը չի, և դա ինձ ուժ տվեց»,- ասում է Գոհարիկի մայրը:
Ֆիլմում բարձրացվում են նաև ստույգ խնդիրներ, որոնք ունեն խուլ ու համր մարդիկ և որոնք դեռևս լուծում չեն ստացել մասնավորապես Հայաստանում: Նախ՝ նման մարդիկ իրենց կյանքի ընթացքում պարբերաբար փորձում են հասարկությանն ապացուցել, որ իրենք ևս մյուսների նման հավասար իրավունքների տեր են: Դա նրանցից շատ ժամանակ և էներգիա է խլում, որը նրանք կարող էին օգտագործել՝ իրենց երազանքներն իրականացնելու համար:
Այնուհետև առաջ է գալիս նրանց կրթության և աշխատանքի հարցը. նույնիսկ լսող մարդուն աշխատանք չեն տալիս, ինչպե՞ս այն կտան չլսողին:
Հայկը skype-ի միջոցով խոսում է արտասահմանցի իր ընկերների հետ, որոնք նույնպես իր կարգավաիճակում են: Եվ որքան մեծ է նրանց զարմանքը, երբ իմանում են, որ Հայաստանում նման մարդիկ չեն կարող բարձրագույն կրթության ստանալ:
Ռեժիսոր Վահե Յանը իր հերոսներին խուլ ու համր չի համարում. նրանք չեն լսում, բայց «խոսում» են:
«Մարդիկ արտահայտվում են, մենք` տգետներս, չգիտենք այդ լեզուն»,- ասում է նա:
Նա համամիտ է ֆիլմում հնչեցված այն կարիծքի հետ, որ իրականում մյուս մարդիկ կոմպլեքսավորվում են խուլ ու համր մարդկանց հետ շփումից, սովորություն ունեն մարդկանց պիտակավորել արտաքին չափանիշներով, տեսնելով սահմանափակ կարողություններով մարդկանց` խուսափում ես նրանից` չփորձելով բացահայտել նրանց ներքին աշխարհը, որն իրականում այնքան լուսավոր է:
Ռեժիսորը խոստովանում է, որ ֆիլմի վերջում իր ակնկալածից անգամ ավելին է ստացել, դա նրա համար մեծ փորձ էր և հաճելի անակնկալ:
«Ես չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան լույս ստանալ մարդկանցից, որոնք չեն լսում հնչյուններ ու ձայներ»,- խոստովանում է ռեժիսորը:
Ֆիլմի նկարհանման սկզբում որոշակի վախ կար նաև ռեժիսորի մոտ, ով դեռևս չգիտեր, թե ինչպես է այն նկարահանելու, ինչ է ուզում ստանալ և ինչպես պետք է շփվի նրանց հետ: Սակայն նրանց հետ ծանոթանալուց կարճ ժամանակ անց արդեն նրանք շփվում էին առանց թարգմանչի: Վահեի խոսքերով` ինքը ֆիլմի նկարահանման ժամանակ հասկացավ, որ ամեն ինչ խոսքերով չի որոշվում:
«Նրանց աչքերում ես տեսա մի աշխարհ, որը իզոլացված է մեզնից, փակված, ու մենք ինքերս ենք փակել այդ դուռը», - ասում է ռեժիսորը: Նա հույս ունի, որ իր ֆիլմը կլինի գոնե մի փոքր բանալի, որ կբացի այդ դուռը:
Իսկ նկարահանումներից առաջ ռեժիսորն անգամ փորձ է արել. բամբակ է դրել իր ականջների մեջ և մի ամբողջ օր փորձել ապրել որպես խուլ: Այդ ժամանակ է նա հասկանում Գոհարիկի խոսքերը. «Ես լավ եմ զգում, որ խուլ եմ, աղմուկն ինձ խանգարում է»:
Ֆիլմի ընթացքում ներկայացված է նաև Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Աղոթքը», որը ռեժիսորի համար ոչ միայն ֆիլմի տեսարանները կարելու հրաշալի միջոց է, այլև ամբողջությամբ համապատասխանում է իր ֆիլմի ասելիքին:
«Տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին… Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը»:
Հ.Գ. Ֆիլմի նկարահանումից հետո Գոհարիկն ամուսնացել է, նրա ամուսինը նույնպես խուլ ու համր է, և այժմ նրանք սպասում են իրենց առաջնեկին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել