HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետն ու Կադաստրի ստորաբաժանման ղեկավարը կեղծ փաստաթղթերի հիման վրա հողը սեփականաշնորհել են

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի համայնքապետը կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքապատկան և մինչև 2031թ. վարձակալության հանձնված մոտ 1 հա հողատարածքը սեփականաշնորհել են համայնքի հետ որևէ կապ չունեցող անձի՝ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, և Մկրտչյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ կեղծ գործարքն իր անունով կատարվել է Ռադիկ Վանունցի ցուցումով: Վանունցը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, գործարար է, Հայաստանում ունի մի քանի ընկերություններ: Նա եղել է նաև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ պետական սեփականությունը դարձած «Մարս» ձեռնարկության տնօրենը:

Արևադաշտ գյուղի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանը պատմեց, որ 1996թ․-ից սկսել են մշակել համայնքին պատկանող 0.5 հա անմշակ հողատարածքը: Այն մաքրել են քարերից և ընդլայնել՝ հասցնելով 1.5 հա-ի: Համայնքի այդ ժամանակվա ղեկավար Վաչիկ Ասատրյանը տարածքի մի մասը վարձակալության է հանձնել համագյուղացի Արտաշես Վարդանյանին, ինչին իրենք դեմ չեն եղել: Դրանից հետո իրենց մնացել է 0.8 հա տարածք: Արևադաշտ համայնքի ավագանու որոշումով 2005թ. Գեղեցիկի ամուսնու՝ Գառնիկ Թադևոսյանի և համայնքի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր:

0,8 հա հողատարածքի 0.4 հա-ի վրա հիմնել են խաղողի այգի, իսկ մնացած մասում՝ դեղձի և ծիրանի այգիներ:

Մինչև 2006թ. այդ տարածքի համար վարձակալության պայմանագիր են կնքել մեկ տարի ժամկետով, իսկ 2006-ից՝ 25 տարի ժամկետով: Տարեկան վճարել են 9000 դրամ՝ որպես վարձավճարի գումար:

Գեղեցիկ Բարսեղյանի խոսքով՝ 2023թ․ գարնանն իրենց հողատարածք է այցելել Սերգեյ անունով մի տղամարդ՝ որպես հողի սեփականատիրոջ ներկայացուցիչ: Նա պահանջել է ազատել հողատարածքի մեծ մասը, քանի որ սեփականատերն այդ հողատարածքի հետ կապված ծրագրեր ունի:

Անծանոթ մարդու այցն ընտանիքին անակնկալի է բերել, քանի որ մինչև 2031թ. համայնքապետարանի հետ ունեցել են հողատարածքի վարձակալության պայմանագիր, և այն չի լուծվել կողմերի նախաձեռնությամբ: Հետևաբար չէր կարող հայտնվել հողի նոր սեփականատեր և պահանջել ազատել տարածքը:

Տրակտորով քանդված խաղողի այգին

Նոր սեփականատերն իր ներկայացուցչի միջոցով տարածքն ազատելու պահանջից հետո որոշել է քանդել Գառնիկ Թադևոսյանի խաղողի այգին:

Գ. Թադևոսյանը պատմեց, որ 2023թ. հոկտեմբերին տրակտորով քանդել են իր այգու մի քանի շարք խաղողի վազերը՝ իրեն պատճառելով զգալի վնաս: Նա հոկտեմբերի 19-ին դիմել է Գլխավոր դատախազին: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը և կից փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազին: Գառնիկ Թադեւոսյանը դեռ պատասախան չի ստացել:

Անմիջապես դիմել են գյուղի վարչական ղեկավար Հովսեփ Օհանյանին: Վերջինս մինչև համայնքների խոշորացումը՝ 2021թ. դեկտեմբերի 5-ը, զբաղեցրել է Արևադաշտ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով նախկին համայնքապետ Վաչիկ Ասատրյանին: Հ. Օհանյանն ասել է, թե տեղյակ չէ օտարման մասին, առաջին անգամ է նման բան լսում:

Գեղեցիկ Բարսեղյանի ամուսինը՝ Գառնիկ Թադևոսյանը, դիմել է Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե իրականում ով է իրենց վարձակալած հողի սեփականատերը: Պարզվել է՝ Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը 2021թ.  մայիսի 19-ին քաղվածք է տրամադրել, ըստ որի՝ իբր Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 1991թ. ապրիլի 1-ին մասնակցել է գյուղի հողատարածքների սեփականաշնորհման գործընթացին և որոշմամբ նրան հատկացվել  է 1 հա հողատարածք: Այդ հողատարածքից 0.8 հա-ն խաղողի այգի է, իսկ 0.2 հա-ն՝ վարելահող: Հենց Հովսեփ Օհանյանի քաղվածքի հիման վրա էլ իրականացվել է գույքի պետական գրանցումը, և Գ. Մկրտչյանին տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական: Մեկ տարի անց նա այդ հողատարածքն օտարել է Ռադիկ Վանունցին:

Գ. Թադևոսյանի պտղատու այգին

Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի անվամբ տրված քաղվածքի բացահայտումից հետո Գ. Բարսեղյանը վստահ է եղել, որ այն կեղծ է: Գևորգ Մկրտչյանը, ամուսինների ասելով, երբեք գյուղում չի ապրել, նա երևանցի է, հետևաբար չէր կարող մասնակցել Արեւադաշտում հողի սեփականաշնորհմանը և սեփականատեր դառնալ:

2023թ. ապրիլի 10-ին Գառնիկ Թադևոսյանն ու կինը՝ Գեղեցիկ Բարսեղյանը, հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Նրանց է միացել նաև հարևան հողատարածքի վարձակալ Արտաշես Վարդանյանը, քանի որ նրա օգտագործած հողատարածքը նույնպես նույն եղանակով սեփականաշնորհվել ու օտարվել է:

Հաղորդմամբ հայտնած փաստի առթիվ 2023թ. ապրիլին նախաձեռնվել է քրեական վարույթ: Իսկ մայիսին նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախաքննության ընթացքում Ազգային արխիվի Արմավիրի տարածքային ներկայացուցչությունից ստացվել են Արևադաշտ համայնքի արխիվացված փաստաթղթերը: Պարզվել է, որ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանին հողերի բարեփոխման և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից սեփականության իրավունքով հողատարածք չի հանձնվել:

Արևադաշտի համայնքապետ Հովսեփ Օհանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում: Հայտնել է, որ իր տրամադրած և կադաստրային գործում առկա քաղվածքը, հավանաբար, հատկացվել է իր համագյուղացի Գևորգ Սամվելի Մկրտչյանին։ Ըստ Հովսեփյանի՝ Կադաստրի կոմիտեի աշխատակիցների կամ այլ անձանց կողմից համագյուղացուն տրված քաղվածքն օգտագործվել է երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի անվամբ անշարժ գույքը գրանցելու համար:

Նշենք, որ արևադաշտցի Գևորգ Սամվելի Մկրտչյանի և վարձակալած հողերի սեփականատեր դարձած երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի հայրանունները տարբեր են, հետևաբար հնարավոր չէր շփոթել:

Հովսեփ Օհանյանը մինչև համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելը  զբաղեցրել է համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի տեղակալի պաշտոնը: Օհանյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ համայնքի նախկին ղեկավար Վաչիկ Ասատրյանը տառերը չի ճանաչել, փաստաթղթերը կազմել է ինքը, բայց դրանց վրա դրվել են համայնքապետի ստորագրությունն ու կնիքը:

Հովսեփ Օհանյանը չի բացառել, որ այդ ժամանակ համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի պահանջով կազմած լինի տեղեկանք, թե իբր Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը հողերի սեփականաշնորհման ժամանակ ստացել է մեկ բաժին հողատարածք: Սակայն, այդ տարածքը չեն կարողացել գրանցել նրա անվամբ և հետագայում, երբ արդեն ինքն է եղել համայնքի ղեկավարը, իրեն են դիմել Կադաստրի աշխատակիցները, այդ թվում՝ գրասենյակի ղեկավարը և խնդրել են թարմացնել Վաչիկ Ասատրյանի տված քաղվածքը: Ինքն էլ, չկասկածելով, որ քաղվածում նշված տեղեկությունները կեղծ են, թարմացրել է: Իսկ հողատարածքի՝ սահմանափակումների գոտում չգտնվելու տեղեկանքը տրամադրել է Կադաստրի աշխատակիցների պահանջով:

Նշենք, որ Հովսեփ Օհանյանը Արևադաշտ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2011թ. հունվարի 9-ին: ամայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանը մահացել է, ու Օհանյանն արտահերթ ընտրությունների արդյունքով զբաղեցրել է նրա տեղը:

Նախաքննության ընթացքում Կադաստրի կոմիտեից առգրավվել են վիճարկվող հողատարածքի և Հովսեփ Օհանյանի մատնանշած համագյուղացի Գևորգ Սամվելի Մկրտչյանի անվամբ առկա անշարժ գույքի վերաբերյալ կազմված կադաստրային գործերը: Պարզվել է, որ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանի հայտնած տեղեկություններն արժանահավատ չեն: 

Արձանագրվել է, որ երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 2011թ. դիմել է անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վարդգես Մելքոնյանին և խնդրել է իրականացնել 1.2215 հա խաղողի այգու նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Դիմումին կից ներկայացրել է անձնագրի պատճենը և Արևադաշտի գյուղապետարանի 1991թ. ապրիլի 1-ի որոշումից քաղվածք, ըստ որի՝ 1991թ.-ին իր անունով, սեփականության իրավունքով, հատկացվել է 1 հա հողատարածք:

Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը նախաքննական մարմնում ցուցմունք է տվել, որ աշխատել է «Լաթար» ԲԲԸ-ում որպես ֆինանսիստ: Ընկերության սեփականատերը եղել է Ռադիկ Վանունցը: Գևորգ Մկրտչյանի ցուցմունքով՝ Վանունցի հորդորով է գնացել Կադաստրի Բաղրամյանի գրասենյակ, որպեսզի իր անունով գրանցվի վիճարկվող հողատարածքը, մինչև Վանունցը ժամանի Հայաստան ու հողատարածքն անվանափոխի իր անունով:

Գ. Մկրտչյանը երկրորդ հարկում հանդիպել է գրասենյակի ղեկավար Վ. Մելքոնյանին: Վերջինիս է հանձնել իր անձնագիրը, իսկ որոշ ժամանակ անց իջել է առաջին հարկ, փաստաթուղթ է ստորագրել ու գնացել է: Օրեր անց ստացել է մոտ 1 հա հողատարածքի վերաբերյալ սեփականության իրավունքի վկայական: Դրանից մեկ տարի անց, ըստ Գևորգ Մկրտչյանի, իր և Վանունցի լիազորված անձի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որով իբր ինքն այդ հողատարածքը վաճառել է Ռադիկ Վանունցին: Վանունցն էլ իր հերթին այդ և այլ հողատարածքներ վաճառել է այլ անձի:

Գևորգ Մկրտչյանը նախաքննական մարմնին հայտնել է նաև, որ ինքն Արևադաշտ համայնքի ղեկավարից որևէ տեղեկանք կամ քաղվածք չի ստացել, հետևաբար չի ներկայացրել Կադաստր: Չի ճանաչել Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանին: Բացի այդ, չի բնակվել Արևադաշտ համայնքում, այդ համայնքի հետ որևէ առնչություն չի ունեցել և հողատարածք չի ստացել: Սրանով ևս հիմնավորվել է, որ Կադաստր ներկայացված քաղվածքն ու տեղեկանքը կեղծ են եղել:

Կադաստրի գրասենյակի պետ Վարդգես Մելքոնյանը չի հիշել, թե ինչ հանգամանքներում է կատարվել Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցումը:

Վարույթի քննության ընթացքում Հովսեփ Օհանյանը նախաքննական մարմնին դիմում է ներկայացրել, որ չի վիճարկում իրեն առերևույթ մեղսագրված արարքները կատարած չլինելու հանգամանքը: Այսինքն՝ ընդունում է, որ փաստաթուղթ է կեղծել: Սակայն, հաշվի առնելով, որ արարքի կատարման պահից անցել են վաղեմության ժամկետները, խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Նույնաբովանդակ դիմում գրել է նաև Վարդգես Մելքոնյանը: Նա հայտնել է, թե ինքն է խնդրել Հովսեփ Օհանյանին իրեն տրամադրել համապատասխան քաղվածքն ու տեղեկանքը, ինչի հիման վրա էլ Գևորգ Մկրտչյանի անվամբ գրանցվել է իրականում համայնքին պատկանող 1 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հովսեփ Օհանյանի արարքի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 4 մլն 570 հազ․ դրամի գույքային վնաս, որը 2011թ. մայիս ամսվա դրությամբ հողի կադաստրային արժեքն է:

Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ս. Մարգարյանը 2023թ. նոյեմբերի 27-ին որոշել է բավարարել Արևադաշտի նախկին համայնքապետ Հովսեփ Օհանյանի և  անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի ստորաբաժանման նախկին ղեկավար Վարդգես Մելքոնյանի միջնորդությունները և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Համայնքին պատճառվել է 4 մլն 570 հազ. դրամի վնաս: Մեծ վնասներ են կրել նաև այդ հողատարածքի վրա խաղողի ու պտղատու այգիներ հիմնած վարձակալ Գառնիկ Թադևոսյանը և նրա համագյուղացի Արտաշես Վարդանյանը:

Թեև փաստերով պարզվել է, որ պաշտոնատար անձինք կեղծիք են թույլ տվել, սակայն ո՛չ համայնքին պատճառված վնասն է վերականգնվում, ո՛չ էլ հողատարածքն օրինական վարձակալությամբ օգտագործող և այդ տարածքի վրա ներդրումներ կատարած անձանց վնասները:

Վանունցին հարցաքննել չի հաջողվել: Նա 2020թ. փետրվարին հատել է Հայաստանի սահմանը և չի վերադարձել:

Հողատարածքի ձեռքբերման հետագիծը

Կադաստրի կոմիտեից «Հետք»-ին հայտնեցին, որ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2011թ. մայիսի 24-ին՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշման քաղվածքի հիման վրա:

Դրանից մոտ մեկ տարի անց՝ 2012թ. հունիսի 11-ին, ըստ Կադաստրի կոմիտեի՝ «գրանցվել է Ռադիկ Վանունց Վանիկովիչի սեփականության իրավունքը», որի համար հիմք է հանդիսացել նույն տարվա հունիսի 5-ի առքուվաճառքի պայմանագիրը:

Պարզվում է, Վանունցն իր հերթին հողատարածքն օտարել է մեկ այլ մարդու՝ Դավիթ Լավրենտի Թովմասյանին: Տարաժամկետ վճարմամբ առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2022թ. օգոստոսի 1-ին:

Դավիթ Թովմասյանը 2019թ. հունվարի 30-ից մինչև 2023թ. հոկտեմբերի 4-ը եղել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենը:

Ո՞վ է Ռադիկ Վանունցը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզեցինք, որ 2005թ. ստեղծված «Լաթար» ԲԲԸ–ի իրական շահառուները Ռադիկ Վանունցն ու որդին են՝ Վանիկ Վանունցը: Նրանցից յուրաքանչյուրն ունի 50% մասնակցություն:

Ռադիկ Վանունցն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, բիզնեսով է զբաղվում:

2002թ. մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություն՝ «Մարս» գործարանը, «Հրազդանի» ջէկը և նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած 3 գիտահետազոտական ինստիտուտները: Ռադիկ Վանունցը 2004թ. մայիսից մինչև 2005թ. հոկտեմբեր ամիսը եղել է «Մարս» գործարանի տնօրենը:

Նա Հայաստանում ևս ընկերություններ ունի:

Անօրինական կարգով հողի սեփականատեր դարձած Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 2018թ․-ից «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը, ըստ հարկային մարմնում առկա տեղեկատվության, զբաղվում է «էլեկտրական սարքավորանքի արտադրությամբ»:

2017-2022թթ. «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն Պաշտպանության նախարարության հետ 2 մլրդ դրամից ավել պետական գնումների պայմանագրեր է կնքել: Նախարարությունը ձեռք է բերել վարժասարքեր, ընկերությանը պատվիրել է դրանց վերանորոգումը:

«Լաթար» ԲԲԸ-ն, որտեղ Ռադիկ Վանունցն ու որդին՝ Վանիկ Վանունցը, նշված են որպես ընկերության իրական շահառուներ, ևս մասնակցել է պետական գնումներին: «Լաթար» ԲԲԸ-ն 2016-2021թթ. Ազգային ժողովին, Արտաքին գործերի նախարարությանը, Քննչական կոմիտեին մատուցել է հանրային սննդի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայություններ: Այս ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը, ըստ «armeps»  տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների, համեմատաբար ավելի փոքր է՝ մոտ 5 մլն դրամ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ Ռադիկ Վանունցին պատկանում է 1998թ. հիմնված «Սևաբերդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է գույք վարձակալության հանձնելով: 2005թ․-ի հոկտեմբերից Ռադիկ Վանունցն ու որդին՝ Վանիկ Վանունցը, հավասար բաժիններով ընկերության սեփականատերերն են:

Ռ. Վանունցին են պատկանում 2003թ. ստեղծված «Դեպի էրգիր» եւ 2008-ին հիմնված «Ռադֆին» ՍՊԸ-ները: Այս ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: 

Ռադիկ Վանունցի հետ կապ հաստատել չհաջողվեց: Զանգահարեցինք քրեական վարույթի նյութերում առկա միակ հեռախոսահամարին, որը քննիչին փոխանցել է Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը, որպես Ռ. Վանունցի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի հեռախոսահամար: Սակայն հեռախոսազանգին պատասխանողն ասաց, որ ինքն Արթուր Գրիգորյանը չէ, և որևէ կապ չունի այս հարցի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաև Ռ. Վանունցի դիրքորոշումը:

Հեռախոսային խոսակցություն ունեցանք նաև Ռադիկ Վանունցի հողերի մշակության հարցով զբաղվող մարդու հետ՝ Ռուբիկ անունով: Վերջինս ասաց, որ, իր իմանալով, Ռադիկ Վանունցը Հայաստանում չէ, իսկ ինքը նրանց հետ որևէ կապ չի ունեցել: Հողերի մշակությամբ զբաղվել է «Լաթար» ընկերության տնօրենի ցուցումներով, որն էլ աշխատանքից ազատվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter