![](/static/articles/16/47/44/l-J4QoM1pey8.jpg)
Կառավարական օդանավն սկսել է շահագործել Սուքիասյանների ավիաընկերությունը
Կառավարական ինքնաթիռը, որն սպասարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, նախորդ տարվա սեպտեմբերից շահագործում է հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը:
Այս ընկերության 29 %-ը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին. ընդ որում՝ 20 %-ի տերը Սուքիասյանի կրտսեր եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը, իսկ 9 %-ի փայատերը փաստացի Սուքիասյաններին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն է (փաստաթղթերով ՍՊԸ-ի սեփականատերն այլ անձ է, սակայն խորհրդի նախագահը Էդուարդ Սուքիասյանն է): «Ֆլայուան Արմենիայի» մյուս սեփականատերերի մասին կարող եք կարդալ այստեղ: Միայն ասենք, որ դրա 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը:
Ովքե՞ր են նախկինում շահագործել թիվ 1 բորտը
Թիվ 1 բորտը կամ կառավարական (նախկինում՝ նախագահական) օդանավը ՀՀ-ն ձեռք է բերել 2007 թ.: 1998 թ. արտադրության «Airbus A319 ACJ» ինքնաթիռը մեր երկիր էր ներմուծել ՊՆ-ն: 2007-ի դեկտեմբերի 6-ին Կառավարությունը որոշել էր օդանավն ամրացնել ՀՀ նախագահի աշխատակազմին: Բայց քանի որ Հայաստանում չկա երկրի ղեկավարությանը սպասարկող առանձին ավիաջոկատ, պետական այս ինքնաթիռը շահագործման նպատակով հանձնվել էր այն ժամանակ ազգային ավիափոխադրող «Արմավիային»: Բնականաբար, դրա համար ավիաընկերությունը վճարվում էր պետբյուջեից:
Մինչեւ այս ինքնաթիռի ձեռքբերումը նախագահին սպասարկում էր «Տու-134-Ա3» տիպի ինքնաթիռ: Դրա շահագործողը եւս «Արմավիան» էր: 2007-ի դեկտեմբերի 20-ին Կառավարությունը որոշեց «Տու-134»-ը օգտագործման պայմանագրով հանձնել «Արմավիային», որը պետք է իր հաշվին կատարեր օդանավի ու շարժիչների հետագա վերանորոգման, շահագործման եւ ապահովագրական ընկերությունների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը: «Արմավիան» այս «Տու-134»-ով պետք է սպասարկեր արտերկիր մեկնող պետական պատվիրակություններին (նախագահի աշխատակազմից, ԱԺ-ից, Կառավարությունից): Ավիաընկերությունը «Տու-134»-ը այդպես շահագործեց մինչեւ 2010 թ.: Այս բորտի հետագա ճակատագրի մասին գրել ենք:
15.05.2005, վայրէջք Վարշավայում, հեղ.՝ Պավել Գուրայ
Ինչ վերաբերում է «Airbus A319 ACJ»-ին, ապա «Արմավիան» այն շահագործել է մինչեւ 2013 թ. գարուն, երբ դադարեցրեց իր թռիչքային գործունեությունը: Այդ ընթացքում նախագահական բորտի թռիչքները համարակալվում էին ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից «Արմավիային» տրված կոդով՝ RNV-ով: Երկրի ղեկավարին սպասարկող թռիչքները կրում էին RNV4001 կոդը (մինչեւ 2007 թ. նախագահին տեղափոխող «Տու-134»-ի թռիչքները եւս այս կոդով էին):
05.06.2012, Սերժ Սարգսյանը ժամանել է Տոկիո, չվերթի համարը՝ RNV4001
2013-2014 թթ. նախագահական օդանավը շահագործել է մեկ այլ մասնավոր ընկերություն՝ «Էյր Արմենիան», որն այդ տարիներին քիչ թե շատ բավարար ռեսուրսներ ունեցող միակ ուղեւորափոխադրող ավիաընկերությունն էր Հայաստանում եւ ձգտում էր լրացնել «Արմավիայից» հետո առաջացած բացը: Սրա օրոք էլ ՀՀ նախագահի թռիչքները համարակալվում էին որպես ARR4001, որտեղ ARR-ն «Էյր Արմենիայի»՝ ICAO-ից ստացած կոդն էր:
06.03.2014, վայրէջք Դուբլինում, թռիչքի համարը՝ ARR4001, հեղ.՝ Ջոնաթան ՄաքԴոնել
«Էյր Արմենիան» իր թռիչքները դադարեցրեց 2014-ին, եւ խնդիրն այն էր, որ այդ պայմաններում նախագահական օդանավը սպասարկող հայկական ավիաընկերություն չկար, քանի որ 2014-2016 թթ. հայկական երկնքում տեղական ուղեւորափոխադրողներ պարզապես գոյություն չունեին: Ի՞նչ տեղի ունեցավ:
2014-ին թիվ 1 բորտը շահագործման հանձնվեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին, որը ուսումնական հաստատություն է: Սակայն ԱՈւԿ-ը ICAO-ից կոդ ստացավ՝ ARY, եւ նախագահին տեղափոխող թռիչքներն սկսեցին համարակալվել ARY4001: Օդանավն սպասարկում էր նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ վարչապետին, որի թռիչքները համարակալվում էին իբրեւ ARY4002:
19.03.2015, Սերժ Սարգսյանը ժամանել է Բրյուսել, թռիչքի համարը՝ ARY4001, հեղ.՝ Ստյուրատ Մարշալ
2018-ի մարտին նախագահ Սերժ Սարգսյանը, որը շուտով պետք է դառնար վարչապետ, կարգադրել էր թիվ 1 բորտը հանել նախագահի աշխատակազմի հաշվեկշռից, եւ նույն ամսում Կառավարությունը որոշեց գույքն ամրացնել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը:
Այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ խորհրդարանական երկիր եւ երկրի ղեկավարի լիազորություններն անցան վարչապետին, ARY4001 կոդով սկսեցին համարակալվել վարչապետին սպասարկող չվերթերը, իսկ նախագահի թռիչքները՝ ARY4002-ով: Այլ բարձրաստիճան պաշտոնյաների (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար) չվերթերն էլ համարակալվում էին ARY4003:
Սեպտեմբերից կառավարական ինքնաթիռը շահագործում է «Ֆլայուան Արմենիան»
Թռիչքներին առցանց հետեւող կայքերում 2023-ի դեկտեմբերից վարչապետ Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի արտասահմանյան թռիչքների համարակալումները (FIE4001 եւ FIE4002) ցույց են տալիս, որ թիվ 1 բորտը սկսել է շահագործել «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն, որի 29 %-ը, ինչպես ասվեց վերեւում, Սուքիասյան ընտանիքին է պատկանում: FIE-ն այս ավիաընկերության՝ ICAO-ից ստացած կոդն է:
Ու չնայած վերոնշյալ կայքերում կառավարական բորտի թռիչքներն սկսել են FIE-ով համարակալվել դեկտեմբերից, Քաղավիացիայի կոմիտեից «Հետքը» տեղեկացել է, որ «Ֆլայուան Արմենիան» պետական օդանավի շահագործող է դարձել ավելի շուտ՝ 2023 թ. սեպտեմբերի 8-ից:
Ներկայացնում ենք կառավարական օդանավի թռիչքները, որոնք նախորդ տարվա դեկտեմբերից flightaware.com կայքում նշվում են FIE կոդով:
FIE4001 (Ն. Փաշինյանի ուղեւորությունները)
25.12.2023 – Երեւան-Սանկտ Պետերբուրգ
26.12.2023 – Սանկտ Պետերբուրգ-Երեւան
26.01.2024 – Երեւան-Թբիլիսի
27.01.2024 – Թբիլիսի-Երեւան
02.02.2024 – Երեւան-Ալմաթի
02.02.2024 – Ալմաթի-Երեւան
16.02.2024 – Երեւան-Մյունխեն
18.02.2024 – Մյունխեն-Երեւան
21.02.2024 – Երեւան-Փարիզ
22.02.2024 – Փարիզ-Երեւան
27.02.2024 – Երեւան-Աթենք
27.02.2024 – Աթենք-Երեւան
05.03.2024 – Երեւան-Կահիրե
27.02.2024, վարչապետին տեղափոխող Աթենք-Երեւան չվերթը
FIE4002 (Վ. Խաչատուրյանի ուղեւորությունները)
05.02.2024 – Երեւան-Բուդապեշտ
07.02.2024 – Բուդապեշտ-Երեւան
26.02.2024 – Երեւան-Բաղդադ
26.02.2024 – Բաղդադ-Երեւան (օդանավն առանց նախագահի է վերադարձել)
29.02.2024 – Երեւան-Բաղդադ (օդանավը մեկնել է նախագահի հետեւից)
29.02.2024 – Բաղդադ-Էրբիլ
29.02.2024 – Էրբիլ-Երեւան
05.02.2024, նախագահին տեղափոխող Երեւան-Բուդապեշտ չվերթը
Նկատենք, որ Հայաստանում 9 ավիաընկերություն կա, որոնք ուղեւորափոխադրումներ են կատարում: Դրանցից 7-ը ինքնաթիռ է շահագործում, սակայն ներկա իշխանության ընտրությունը, փաստորեն, կանգ է առել «Ֆլայուան Արմենիայի» վրա:
Տեղական մյուս ուղեւորափոխադրողներն են՝
«Արմենիա Էյրվեյզ» - իրանական կապիտալով ընկերություն է
«Էյր Դիլիջանս» - հայ-վրացական ընկերություն է՝ վրացական կապիտալով
«ՆովԷյր» - ամբողջությամբ հայկական ընկերություն է
«Շիրակ Ավիա» - ամբողջությամբ հայկական ընկերություն է
«Ֆլայ Արնա» - պետական մասնակցությամբ հայ-արաբական ընկերություն է, 2024 թ. հունվարից թռիչքներ չի իրականացնում
«Հայկական ավիաուղիներ» - սեփականատերերը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են՝ հայեր, բուլղարացի, թուրք, որոնք առնչություն ունեն ռուսական բիզնեսի հետ, որի հիմնադիրը թուրք է:
Կոլաժը՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել