HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԳՆ-ն ՀՀ դեսպանության համար ֆրանսիացի գործարարից 19-20-րդ դարերի շենք-շինություններ է գնում

Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Կառավարությունը պատրաստվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության համար նոր շենք ձեռք բերել:

Դեսպանության ներկա շենքը տրամադրել է Ֆրանսիայի թեմի եկեղեցական խորհուրդը

Կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտնել է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թ., որն ավարտվում է 2025 թ.:

Խոսքը Փարիզի 17-րդ թաղամասի Վիետ 9 հասցեի շենքի մասին է: ԱԳՆ-ից «Հետքին» հայտնել են, որ մեր դեսպանությունն այս շենքն անհատույց օգտագործման իրավունքով ստացել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի եկեղեցական խորհրդի կողմից 1995-ին: Ընդ որում՝ դեսպանությանը տրամադրվել է ամբողջ շենքը:

ՀՀ դեսպանության նոր հասցեն՝ Բենյուվիլ 9

Բացի նրանից, որ եկող տարի ավարտվելու է 1995-ին 30 տարով կնքված պայմանագրի ժամկետը՝ փոխնախարար Սաֆարյանը Կառավարության նիստում հայտնել էր նաեւ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ պատճառով դեսպանությունը հանձն է առել շենքային նոր պայմաններ գտնել Փարիզում:

Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ երեք տասնյակ տարբերակներ են քննարկվել, եւ դեսպանությունը կանգ է առել այն տարբերակի վրա, որը ներկայացվել է Կառավարությանը:

Նկատենք, որ նոր շենքի հասցեն չի բարձրաձայնվել, սակայն ըստ գործադիրի հիմնավորման՝ առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենին (Valéry Giscard d’Estaing): Վերջինս Ֆրանսիայի նախագահն էր 1974-1981 թթ.:

Այդուհանդերձ, «Հետքը» գտել է այն շենքը, որը ձեռք բերելու գործընթաց է սկսել ՀՀ կառավարությունը: Դա Փարիզի 16-րդ թաղամասի Բենյուվիլ 9 հասցեն է:

Ավելին՝ տունը ունի 3 մուտք, որոնք իրար հաջորդող հասցեներով են՝ Բենյուվիլ 7, 9, 11: Բենյուվիլ 11 հասցեի մուտքի պատին ցուցանակ է փակցված՝ նշումով, որ այդտեղ 1956-2020 թթ. ապրել է նախագահ Ժիսկար դ’Էստենը (ահա 1981 թվականի մի տեսանյութ, երբ պաշտոնաթող նախագահը Ելիսեյան պալատից տեղափոխվում է իր տուն):

Ո՞վ է վաճառում շենքը

Նախագահի այրին՝ Անն Էյմոն Ժիսկար դ’Էստենը, որն ազնվական ծագում ունի, «Դրուո» աճուրդի տան պարբերականին 2022 թ. հայտնել էր, որ ամուսնու մահից հետո Բենյուվիլի տունը շատ մեծ էր այնտեղ միայնակ ապրելու համար: Նախկին առաջին տիկինը, որը տեղափոխվել է նոր բնակարան, պատմել է, որ ինքն ու իր երեխաները Բենյուվիլի տնից վերցրել են այն կահույքն ու գեղանկարները, որոնք ցանկացել են պահել, իսկ մնացած իրերը՝ առնվազն 181 լոտ, վաճառքի է հանվել «Դրուո» աճուրդի տանը եւ իրացվել ավելի քան 1,3 մլն եվրոյով:

Տեր եւ տիկին Ժիսկար դ’Էստեններ

ԱԳՆ-ն իր հերթին «Հետքին» հայտնել է, որ նախագահ Ժիսկար դ’Էստենի տունը վաճառում է անշարժ գույքի առք-վաճառքով զբաղվող «Pavillon de Lamballe» ֆրանսիական ընկերությունը, որն էլ գույքը ձեռք է բերել նախագահի այրուց: Ըստ ֆրանսիական մամուլի՝ տիկին Ժիսկար դ’Էստենը 2022 թ. սեպտեմբերին տունը վաճառել է 19 մլն եվրոյով, ինչը համեստ գին է:

«Pavillon de Lamballe»-ի տերը ֆրանսիացի գործարար Շառլ Բեգբեդեն է: Փաստացի, հենց նա է Հայաստանին վաճառում նախագահ Ժիսկար դ’Էստենի նախկին տունը:

Ըստ Կառավարության՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատեւ բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է անշարժ գույքն օտարել 23 մլն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատմամբ՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: «Հետքի» հարցին, թե որքան է գնահատված իրական արժեքը, ԱԳՆ-ից նշել են, որ շենքը նախապես վաճառքի էր հանվել 30 մլն եվրոյով, իսկ մի շարք գնահատող կազմակերպություններ այն գնահատել են 25-26 մլն եվրո:  

Ընդհանուր ծախսերը՝ 24,7 մլն եվրո. դեսպանությունը դիմել է՝ արտոնություն ստանալու

Հայկական կողմն ու վաճառողը պայմանավորվել են, որ ՀՀ-ն պետք է 10 % կանխավճար մուծի՝ 2,3 մլն եվրո, իսկ վերջնական պայմանագիրը կնքելուց 8 օր առաջ փոխանցի մնացած գումարը: Հենց այս կանխավճարը մուծելու համար էլ Կառավարությունը փետրվարի 15-ին իր պահուստային ֆոնդից 2,3 մլն եվրոյին համարժեք դրամ է հատկացրել ԱԳՆ-ին:

Գործադիրի որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ անհրաժեշտ է կատարել նաեւ պետական վճարումներ՝ գույքի արժեքի 6,4 %-ի չափով պետտուրք (1.472.000 եվրո) շենքի հանդեպ ՀՀ իրավունքը գրանցելու համար եւ 1,1 %-ի չափով նոտարական ծառայությունների վճար (253.000 եվրո): Այսինքն՝ սրանք եւ բուն գումարը (23 մլն եվրո) միասին կազմելու են 24.725.000 եվրո:

Արդյոք սա ամբողջական ծախսն է, թե՞ վճարվելու են նաեւ հարկեր եւ/կամ միջնորդ գործակալների միջնորդավճար: Մեր այս հարցին ԱԳՆ-ից արձագանքել են, որ Ֆրանսիայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն օգտվում են հարկային արտոնություններից եւ տվյալ դեպքում կարող են դիմել Ֆրանսիայի պատկան մարմիններին՝ իրավունքի գրանցման պետտուրքից ազատվելու համար: ՀՀ դեսպանությունն արդեն իսկ սկսել է այդ գործընթացը: Այսինքն՝ հայկական կողմը կարող է ազատվել 6,4 %-ի չափով տուրքը (1.472.000 եվրո) մուծելուց:

ԱԳՆ-ին հարցրել էինք նաեւ՝ կա՞ հաշվարկ, թե որքան է կազմելու գնվող գույքի տարեկան սպասարկման եւ պահպանության մոտավոր գումարը: Նախարարությունը պատասխանել է, որ այս պահին նման հաշվարկներ առկա չեն, շենքի սպասարկման վճարները կհստակեցվեն այն ձեռք բերելուց հետո:    

Հայաստանը ձեռք է բերում 19-20-րդ դարերի պատմական շենք-շինություններ

Փաստորեն, ըստ Կառավարության, գնվող շենքն ունի պատմական արժեք, քանի որ այդտեղ է ապրել Ֆրանսիայի նախագահներից մեկը: «Հետքն» ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք դա նշանակում է, որ գույքն ունի պատմամշակութային գրանցում Ֆրանսիայի կողմից: Եթե այո, ապա արդյոք այդ կարգավիճակը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում ՀՀ-ի համար այն գնելիս կամ պահպանության առումով: Գրանցման մասին ԱԳՆ-ն մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ պատմական արժեք ունենալու հանգամանքը որեւէ ձեւով ՀՀ-ի համար լրացուցիչ ծախսեր չի ենթադրում:

Այդուհանդերձ, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում շենքի պատմական արժեքը պետք է պայմանավորել ոչ այնքան նախագահ Ժիսկար դ’Էստենին պատկանելով կամ վերջինիս՝ այնտեղ ապրելով, որքան նրանով, որ Բենյուվիլ 7, 9 եւ 11 հասցեների շինությունները կառուցվել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, իսկ հեղինակները ֆրանսիացի հայտնի ճարտարապետներ են:

Այսպես՝ «Google Street View» գործիքի միջոցով կարելի է տեսնել, որ Բենյուվիլ 7 հասցեի մուտք-շինության վրա նշված են հեղինակները, որոնք 20-րդ դարի ֆրանսիացի ճարտարապետներ են՝ Էմիլ Մոլինիեն (Émile Molinié) եւ Շառլ Նիկոն (Charles Nicod): Բենյուվիլ 11 հասցեի մուտք-շինության վրա էլ նշված է դրա կառուցման տարեթիվը՝ 1921 թ., եւ հեղինակը՝ Ժակ Դեբա-Պոնսան (Jacques Debat-Ponsan): Վերջինս ֆրանսիացի նկարիչ Էդուար Դեբա-Պոնսանի որդին է եւ նախագահ դը Գոլի օրոք՝ 1959-1962 թթ., վարչապետ աշխատած Միշել Դեբրեի մորեղբայրը: Իսկ ահա կենտրոնական շենքը (Բենյուվիլ 9) կառուցվել է 1885 թ., ճարտարապետը Ա. Բերարն է (A. Bérard):      

2008 թ. հրատարակված «Մեր նախագահների փողերը: Դը Գոլ, Պոմպիդու, Ժիսկար դ’Էստեն, Միտերան, Շիրակ, Սարկոզի» գրքում նշվել է, որ Ժիսկար դ’Էստենի առանձնատան մակերեսը 660 քմ է, որը ներառում է 400 քմ մակերեսով այգին (այգին շենքի հետնաբակում է եւ փողոցի կողմից չի երեւում): Ըստ այդմ՝ անշարժ գույքը Ժիսկար դ’Էստեն ընտանիքը գնել է 1984 թ. 6,5 մլն ֆրանկով, որը 2023 թ. դրությամբ հավասար էր 2,03 մլն եվրոյի (այսինքն՝ ԱԳՆ-ի տեղեկությունը, թե տունը 1956-ից պատկանել է նախագահ Ժիսկար դ’Էստենին, ճիշտ չէ, քանի որ վերջինս այդ թվականից ապրել է այստեղ, բայց սեփականատեր է դարձել ավելի ուշ):

ՀՀ դեսպանությունը կդառնա Մալայզիայի դեսպանատան հարեւանը

Կառավարության փետրվարի 15-ի նիստում ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ընտրված շենքն ունի առավելություններ՝ լոգիստիկ առումով եւ անվտանգության տեսանկյունից:

«Հետքը» ԱԳՆ-ին խնդրել էր մանրամասնել, թե ի վերջո ինչու է երեք տասնյակ տարբերակների մեջ ՀՀ ընտրությունը կանգ առել հենց այս շենքի վրա, եւ ինչպես են արտահայտվում Մ. Սաֆարյանի նշած լոգիստիկ եւ անվտանգային առավելությունները:

«Շենքը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, որը համարվում է Փարիզի ամենաբարվոք, ապահով եւ շքեղ թաղամասերից մեկը: Լոգիստիկ առումով շենքի տեղակայումը դյուրին հասանելիություն է ապահովում Ֆրանսիայի առանցքային պետական մարմիններին, ինչպես նաեւ Փարիզը շրջանցող ավտոմայրուղուն՝ կրճատելով տեղաշարժերի ժամանակը,- հայտնել են ԱԳՆ-ից ու հավելել,- վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ այս թաղամասում է տեղակայված շուրջ 100 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն, որոնց թվում՝ 70-ից ավելի դեսպանություններ»:

Մեր կողմից հավելենք, որ Բենյուվիլ փողոցի երկարությունը շուրջ 100 մ է, բայց այստեղ ՀՀ դեսպանությունը դիվանագիտական հարեւան կունենա. դիմացի մայթին՝ Բենյուվիլ 2 հասցեում է տեղակայված Մալայզիայի դեսպանատունը:

Այստեղից բավականին մոտ են նաեւ Գվինեայի, Պորտուգալիայի, Լիբիայի, Ջիբութիի, Չադի, Նիգերի ու Մավրիտանիայի դեսպանությունները:  

ԱԳՆ. ՀՀ նոր դեսպանատունը ելք չունի դեպի ՌԴ ներկայացուցչություն

«Google Street View» գործիքով ուսումնասիրելով Բենյուվիլ 7, 9 եւ 11 հասցեները՝ «Հետքը» պարզել է, որ ՀՀ ապագա դեսպանատունը «կամրջակով» կապված է հարեւան շենքին, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցչությունը Ֆրանսիայում (հասցեն՝ Ֆեյզանդերի 49): Այս «կամրջակը» ՌԴ շենքի բաղկացուցիչն է, եւ «Google Street View»-ով կարելի է տեսնել, որ այդտեղից աստիճաններով ելք կա դեպի ՌԴ առեւտրային ներկայացուցչության բակ:

ԱԳՆ-ին հարցրել էինք, թե արդյոք այս հանգամանքը եւս ՀՀ-ի կողմից դիտվում է որպես դեսպանության նոր շենքին առավելություն տվող անվտանգային գործոն:

Նախարարությունը պատասխանել է, որ ՀՀ-ի կողմից ձեռք բերվող շենքը ելք չունի դեպի հարեւան շինություն: «Նշված ելքը դեռեւս նախորդ դարի առաջին կեսին, երբ այնտեղ դեռ նույնիսկ տեղակայված չէր որեւէ երկրի ներկայացուցչություն, արգելափակվել է եւ զմռսվել բետոնային խառնվածքով: Նկարում պատկերված կառույցը գոյություն է ունեցել նաեւ այն տարիներին, երբ Բենյուվիլ 9 հասցեում ապրել եւ աշխատել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը՝ դրանից բխող ողջ զգայունությամբ»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Տես նաեւ՝

Մեկնաբանություններ (4)

Lorna
"elevated our cause to the world stage" ? What cause is there after the worst political/military/governance defeat in recent Armenian history?
Ari
A great location for a great country like Armenia. Congratulations! The street camera also shows a nearby building with an American flag which further validates the location’s desirability. $23 million Euros is nothing for a remarkable building that will serve as the Armenian embassy for generations to come.
hovhannes
What France may or may not provide Armenia in terms of "defensive" military capabilities is purely conjecture now. Did France or India, that also has provided some military equipment, do anything to stop Azerbaijan either in 2020 or in September 2023 when it recaptured Artsakh? Armenian officials merely argue that the current embassy is "inadequate" without providing specifics. Effective diplomacy is more than just polishing your country's image by moving into a landmark building in a chic Paris neighborhood. Is Armenia's diplomatic corps up to the task of moving in and actually using the new premises effectively and efficiently? This remains to be seen.
Varoujan
$23 million is a small investment considering the amount of support, encouragement and military assistance that France is providing Armenia not only in the last year, but going forward. They have elevated our cause to the world stage. No, our problems are not resolved and we are not out of danger but we need strong allies like France and unlike the other Ally that stabbed us in the back recently.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter