HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Սառնաղբյուրի ողբերգության հետքերով․ պատմում են ականատեսները

2023-ի սեպտեմբերի 22-ին Սառնաղբյուրի գյուղապետի տանը թաքնված Գայանեն ոտքից վիրավոր էր, Ջեմման 3 օր ինսուլին չէր ստացել, իսկ Լիանան նրանց էր խնամում։ Գիտեին, որ իրենցից մոտ 100 մետր հեռու՝ ծառի տակ, իրենց համագյուղացիների դիակներն էին, կարծում էին, թե Ջեմմայի որդին՝ Լիպարիտը, նույնպես մահացած ընկած է այնտեղ։

Գայանեն ձայներ լսեց։ Մտածեց՝ ամուսինն է եկել, իրենց կհանի գյուղից։ Դուրս եկավ թաքստոցից ու տեսավ, որ ադրբեջանցի զինվորականները ոչխարների էին քշում։

Ադրբեջանցիները գերեվարեցին Սառնաղբյուր գյուղի բնակիչներ Գայանե Գաբրիելյանին, Լիանա Ավանեսովային, Ջեմմա Մարաբյանին ու նաև նրա տղային՝ Լիպարիտ Մարաբյանին, որ երեք օր վիրավոր պառկած էր դիակների կողքին։

Ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով 76 բնակիչ ունեցող Սառնաղբյուրում զոհվեց քաղաքացիական 5 անձ, 3-ը՝ անչափահաս, վիրավորվեց՝ 15, գերեվարվեց 4 մարդ։

Ի՞նչ կատարվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուրում

Դեպքերի հաջորդականությունն ու մանրամասները վերականգնելու համար հանդիպել ենք այդ օրը Սառնաղբյուրում եղած շատերի հետ։ Մեզ հետ չցանկացան խոսել գերեվարված Լիանա Ավանեսովան և գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը։

Սառնաղբյուրն Արցախի Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղերից է։ Սեպտեմբերի 19-ին բնակիչների մեծ մասը գյուղում չէր։ 2022-ի դեկտեմբերից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ հաճախ էին սնունդ կամ աշխատավարձ ստանալու համար բեռնատար մեքենայով 10-15 հոգով գնում Ստեփանակերտ կամ Ասկերան։ Այս ուղևորություններից միայն փոքրերն էին ոգևորվում։

Գյուղի դպրոցը 6 աշակերտ ուներ։ Այստեղ սովորում էին մինչև 4-րդ դասարան, հետո գնում էին հարևան Նախիջևանիկի դպրոց։ Շրջափակման ընթացքում դասերը դարձել էին հեռավար։ Սեպտեմբերի 19-ին երեխաների մեծ մասը գյուղում էր։

«Երեխաները էդ օրը վազելով եկան մոտս, ասեցին՝ ընկեր Գաբրիելյան, ճամփան բացել են, մամաները գնացել են շոկոլադ բերելու։ Որ բերեն, Ձեզ էլ կտանք»,— պատմում էր Սառնաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Ժաննա Գաբրիելյանը։

Գյուղի՝ դիրքերին մոտ տներում առավոտյան 11-ին կրակոցներ լսվեցին։ Ժաննա Գաբրիելյանը դպրոցում էր, ամուսնուց իմացավ, որ կրակում են, զանգեց գյուղապետին, նա էլ ասաց, որ խուճապի մատնվելու կարիք չկա։

«Երեխաներին տուն ուղարկեցի, զգուշացրի՝ տնից դուրս չգաք։ Որ չվախենային, ասի՝ դրսում ցուրտ է, կմրսեք, կհիվանդանաք։ Գյուղում դեղ չկա, որ բուժենք։ Հետո ես էլ գնացի տուն»,— պատմում է Ժաննա Գաբրիելյանը:

Գայանե Գաբրիելյանը զինծառայող որդու՝ Մխիթարի համար պայուսակ էր հավաքում, որ հացի մեքենայի հետ դիրքեր ուղարկի։ Հենց կրակոցների ձայները լսել է, կանչել է հարևան Գոհարին, որ գնան գյուղապետի տուն։ Գոհար Սահակյանը՝ չորս անչափահաս երեխաների հետ, այդ պահին տանն էր։

Սառնաղբյուր գյուղի քարտեզն է ըստ ականատեսների պատմածի։ Նշված են այն տեղերը, որոնց մասին խոսում ենք նյութում։

Բնակիչները ներքին պայմանավորվածություն ունեին․ քանի որ գյուղում ապաստարան չկար, ռազմական գործողությունների ժամանակ պետք է հավաքվեին գյուղապետի տան ընկուզենիների մոտ։ Այդ հատվածը բարձր էր, դիմացից էլ բլուրն էր պաշտպանում։

Ժամը 13-ի մոտ, երբ գյուղացիները պատսպարված էին ծառերի տակ, հերթական արկը պայթեց հենց ընկուզենիների մոտ։ Այդ պայթյունից զոհվեցին Նվեր և Միքայել Ղազարյանները՝ 8 և 10 տարեկան, 84-ամյա Ալեքսանդր Ալեքսանյանը՝ գյուղապետի հայրը, և 54-ամյա Գոհար Գրիգորյանը՝ գյուղապետի զոքանչը։ Մյուսներն ստացան տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ։

Պայթյունների ձայներ լսելով՝ Ժաննա Գաբրիելյանն ամուսնու, սկեսրոջ և դստեր հետ շտապում էր համագյուղացիների մոտ, երբ մի արկ էլ պայթեց նրանց ճանապարհին։ Վիրավորվեցին Ժաննայի ամուսինը՝ Արսեն Գաբրիելյանը, և նրանց միացած համագյուղացին՝ Սիմոն Առուշանյանը։

Վիրավորներին օգնության հասան համագյուղացիներից Արգեն Գրիգորյանը։ Արգենը Ժաննայի և Սիմոնի ընտանիքներին տեղափոխել է գյուղի մոտակայքում գտնվող ռուսական խաղաղապահների հենակետ, որտեղ խաղաղապահները նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերում։

«Ես ռուսներին ասում էի, որ գյուղում մարդիկ են մնացել, խնդրում-աղաչում էի, որ օգնեն, բայց ինձ ասում էին, թե հրաման չունեն ռազմական գործողություններին միջամտելու»,— պատմում է Ժաննան։

Ըստ Սիմոն Առուշանյանի մոր՝ Ծովիկ Առուշանյանի, Արգենը ցանկացել է վերադառնալ՝ գյուղում մնացածներին դուրս բերելու։ Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել. ասել են՝ վտանգավոր է։

Այդ ընթացքում ընկուզենիների մոտ

Ջեմմա Մարաբյանը որդուց է տեղեկացել հարձակման մասին։ Նրանք էլ մյուսների պես շտապել են ծառերի մոտ։

«Էդ օրը, որ սկսեցին կրակել, գյուղապետին չէի կարողանում զանգել, գնացի տեսա, ասեց՝ սպասեք, կարող ա էլի անասուն ընկած լինի միների վրա։

Դրանից մի 40 րոպե հետո արդեն գյուղի վրա էին կրակում։ Գյուղապետը տարավ մեզ էդ ծառի տակ, երկու անգամ էլ խփեցին։ Հենց էդտեղ զոհվեցին գյուղապետի զոքանչը, հայրը, մեր հարևանի 2 երեխեքը․ մենք էլ վիրավորվեցինք»,— պատմում է Ջեմմա Մարաբյանի որդին՝ Լիպարիտը։

Գոհար Սահակյանը, չորս երեխաները արկի պայթյունից բեկորային վնասվածքներ են ստացել։ Նրա խոսքով՝ գյուղից դուրս են եկել գյուղապետին հատկացված մեքենայով։

«Գյուղապետն իր տղային, որ գլխից վիրավոր էր, բեռնախցիկը դրեց։ Հետևում իմ 4 երեխաներն էին, Էմմայի 2 երեխան, գյուղապետի աղջիկը, Լիանայի երկու երեխաները, ես էլ նստել էի իր կնոջ գոգին։ Երկուսս էլ վիրավոր էինք»,— պատմում է Գոհարը։

Գյուղում ՈՒԱԶ մակնիշի մի մեքենա էլ կար, որը երեխաներին Նախիջևանիկի դպրոց էր տանում։ Գայանեն ու Գոհարը պատմում են, որ գյուղապետին հորդորել են այդ մեքենան վերցնել, որ ավելի շատ մարդ տեղափոխեն, բայց գյուղապետն անտեսել է իրենց հորդորները․ կարծում են՝ հոր մահից և որդու վիրավորվելուց հետո շփոթված է եղել, չի հասկացել՝ ինչ է անում։

«Համարյա բոլոր վիրավորներին նստեցրեց իր ծառայողական մեքենան, ինձ էլ կողքին էր ուզում տեղավորել, բայց չկարողացա նստել, արդեն արնահոսում էի։ Իրենք գնացին, մնացինք ես, Ջեմմա տատին ու Լիանան»,— պատմում էր Գայանեն։

Սառնաղբյուրի գյուղապետը՝ Գարիկ Ալեքսանյանը, բնակիչներին հասցրել է ռուսական խաղաղապահ զորախմբի զորակետ, Գոհարն ու երեխաները մնացել են այնտեղ, բուժօգնություն ստացել, հետո տեղափոխվել են Ստեփանակերտի օդանավակայան։

Գյուղապետը որդուն՝ Դավիթին, տարել է Ասկերանի հիվանդանոց, որտեղ նա, վիրահատությունից հետո գիտակցության չգալով, մահացել է։

Ասկերանի վարչակազմի ղեկավարի պատմածը

Գյուղապետ Գարիկ Ալեքսանյանը հրաժարվեց խոսել մեզ հետ։ Ընտանիքի հետ կատարվածի մասին մանրամասներ իմացանք նրա կնոջ՝ Աքսանա Ալեքսանյանի հարցազրույցից։ Նրա պատմածները չէին համընկնում գյուղացիների պատմածների հետ։

Աքսանա Ալեքսանյանի խոսքով՝ ամուսինը առաջին պայթյուններից հետո կապվել է Ասկերանի վարչակազմի հետ, բայց ասել են՝ խուճապի մի՛ մատնվեք։ Հետո բնակիչներին տարել է դեպի անտառ (կարծում ենք՝ նկատի ունի ընկուզենիները — հեղ.) և փորձել տարհանման պլան մշակել։ Երբ արկի պայթյունից որդին վիրավորել է, նա այդտեղ չի եղել։ Եկել է, կրկին կապվել վարչակազմի հետ և խնդրել շտապօգնություն ուղարկել։ Վարչակազմից չեն օգնել, ռուսներն էլ ասել են՝ օգնելու հրաման չունեն, պատմել է կինը։

Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը մեզ ասաց, որ ինքն անձամբ գյուղապետի հետ առավոտյան չի խոսել, հետևաբար, չի էլ հորդորել խուճապի չմատնվել։ Չգիտի անգամ, թե վարչակազմից ում հետ է խոսել Սառնաղբյուրի գյուղապետը։ Առաջին կրակոցներից հետո Համլետ Ապրեսյանը կարգադրել է կապ հաստատել սահմանամերձ բոլոր գյուղերի ղեկավարների հետ, բայց կապի բոլոր միջոցները խափանված են եղել։

«Ես իմ աշխատասենյակում լսեցի առաջին կրակոցը։ Հանձնարարեցի, որ կապվեն համայնքի 12 գյուղերի հետ, որոնք, Սառնաղբյուրի նման, համարյա շրջափակման մեջ էին։ Մենք տարհանման համար արդեն ավտոբուսները նախապատրաստել էինք, բայց ոչ մի գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց․ առաջին կրակոցները խափանել էին կապի միջոցները։ Սառնաղբյուրի գյուղապետը ինձ հետ կապ է հաստատել հարձակումից երևի 2-3 ժամ հետո։ Կապը լավը չէր, կցկտուր լսեցինք «զոհեր», «վիրավորներ», «շտապ օգնություն»։ Եզրակացրինք, որ օգնության կարիք կար։ Ինքը ճանապարհից էր խոսում»։

Համլետ Ապրեսյանի կարծիքով՝ գյուղապետը կարողացել է վարչակազմի հետ կապ հաստատել այն ժամանակ, երբ արդեն իր մեքենայով Ասկերանի մոտակայքում է եղել։

«Զանգը ստանալուց անմիջապես հետո շտապ օգնության մեքենան ուղարկեցինք, որը հասավ մինչև Սառնաղբյուրի մոտ տեղակայված ռուսական ռազմաբազա։ Այնտեղից ճանապարհն արդեն փակ էր»,— նշեց վարչակազմի ղեկավարը։

Համլետ Ապրեսյանի խոսքով՝ ռուսները պնդել են, որ ադրբեջանական զորքն արդեն գյուղում է, և անվտանգության նկատառումներով թույլ չեն տվել մեքենան գյուղ մտնի։ Խաղաղապահների հենակետում հավաքված մարդկանց Ասկերանից գնացած հենց այս մեքենան է տեղափոխել Ստեփանակերտ։ Ռուսներն էլ գնացել են գյուղում մնացածներին փնտրելու։

«Գնացին–եկան, ասին՝ շրջել ենք ամբողջ գյուղով, կանչել ենք, մարդ չի պատահել, միայն ադրբեջանցիներ էին։ Գյուղապետից և մի քաղաքացուց ճշտեցինք կոորդինատները, որտեղ իրենք թողել էին վիրավորներին, ռուս խաղաղապահներին համոզեցինք, որ կրկին խումբ ուղարկեն։ Սեպտեմբերի 19-ին էր, երեկոյան ժամը 10-ից հետո։ Խաղաղապահները վերադարձան ու էլի ասեցին, որ էնտեղ ոչ մեկ չկա»,— պատմեց Համլետ Ապրեսյանը։

Գյուղում մնացածները․ սեպտեմբերի 19-ից 22-ը

Ռուս խաղաղապահները Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանին վստահեցրել են, որ սեպտեմբերի 19-ին գոնե երկու անգամ իրենք եղել են գյուղում, գոռգոռացել, փնտրել են հայերի, բայց Սառնաղբյուրում միայն ադրբեջանցիներ են եղել: Գերեվարված սառնաղբյուրցիները պատմում են, որ իրենք 3 օր գյուղում են եղել։

Լիպարիտ Մարաբյանի խոսքով ինքը երեք օր պառկած է եղել դիակների կողքին․ վնասվածքների պատճառով չի կարողացել շարժվել՝ մարմինը պարալիզացվել է։ Երբ ուժ է հավաքել, փորձել է գոռալ, օգնության կանչել, բայց գիտակցությունը կրկին կորցրել է։

Գայանե Գաբրիելյանը պատմում է, որ առաջին օրը հայ զինվորներ են գյուղ եկել: Ուզել են իրենց գյուղից հանել, բայց մեքենան փչացել է։ Առաջարկել են ոտքով գնալ ռուսական ռազմաբազա, բայց վիրավոր գյուղացիները քայլել չեն կարողացել։

Ջեմմա Մարաբյանը այդ 3 օրերի ընթացքում ինսուլին չի ստացել և տեղի ունեցածը կցկտուր է հիշում։

«Ես լավ էի, չէի վիրավորվել, բայց շաքար ունեմ, ինսուլին չէի ստանում, ու համարյա անգիտակից էի։ Հայ զինվորներ եկան, մեքենան փչացավ, մեզ չկարողացան տանել։ Գնացին, որ հետ գան։

Անընդհատ մտածում էի՝ տղես էն ծառի տակ պառկած գելերի բաժին դառավ։ Որ թուրքերը մտել են գյուղ, սկզբից իրան են վերցրել, դրել մեքենան, հետո եկել են մեզ մոտ»։

Ինչպես գյուղացիները գերի ընկան

Ադրբեջանական բանակը գյուղ մտել է հարձակումից 2 օր հետո՝ սեպտեմբերի 21-ին։ Գյուղում մնացած երեք կանայք ձայներ են լսել։ Գայանեն մտածել է, որ ամուսինն է եկել։ Ուրախացել են, մտածել են, որ արդեն փրկված են, բայց դուրս են եկել և տեսել ադրբեջանցիներին։

«Սպեցնազի շորերով ու ավտոմատներով էին, վախենում էի, որ մեզ մի բան կանեն։ Կեսը՝ ռուսերեն, կեսը՝ հայերեն ասի, որ մենք խաղաղ բնակիչներ ենք։ Սկսեցին ամբողջ գյուղով պտտվել ու տները մտնել, որտեղից ինչ գտնում՝ վերցնում էին. գյուղապետի տնից 3 շիշ կոնյակ հանեցին, մեր տնից՝ տղայիս համար պատրաստած պայուսակը»,— պատմում է Գայանեն։

Մինչ կանանց գտնելը ադրբեջանցիներն արդեն գտել ու գերեվարել էին Լիպարիտին․

«Եկան, ջուր տվեցին, դեղ քսեցին վերքերիս, արնաքամ էի լինում արդեն։ Հետո մեր բանակի Ուրալով տարան մեզ Աղդամ։ Մեքենայի մեջ 4-ով էինք»,— պատմում է Լիպարիտը։

Ադրբեջանցիները գերիներին Աղդամ տարել են հայ զինվորների թողած Ուրալով։ Գայանեի խոսքով՝ մեքենայի վառելիքն էլ գյուղապետի տնից են վերցրել։ Նրա կարծիքով՝ դա վարչակազմի տրամադրած վառելիքն էր, որը պետք է օգտագործվեր տարհանման ժամանակ: Ճանապարհին կանանց հարցաքննել են, ստուգել նրանց փաստաթղթերը: Ներկայացրել են Ադրբեջանի նախագահի հրամանը՝ խաղաղ բնակչությանը ձեռք չտալու վերաբերյալ։ Ակնայում գերիներին տարել են բուժկետ։ Գայանեի վերքն են վիրակապել, Ջեմմային ինսուլին ներարկել (նրա հիվանդության մասին ադրբեջանցիներին Լիանան է ասել)։

«Տարան Աղդամ, չայ էին տալիս, էս հագիս խալաթն էլ են իրանք տվել, տարան, լողացրին ինձ: 7 տղամարդ էր, կին չկար մեջները։ Մենակ թուրքերեն էին խոսում, ես չէի հասկանում, ինչ ասում էին, ասում էի՝ հա։ Բժիշկը ռուսերեն էր խոսում, մեկ-մեկ էլ՝ հայերեն։ Նա 2 անգամ խփել ա երեսիս, նվագում էին, ասում էին՝ ձեռքերդ բարձրացրու, պարի»,— պատմում է Ջեմմա Մարաբյանը։

Բժիշկը նաև Գայանեին է հարվածել։ Երբ հարցրել է՝ ինչո՞ւ են խփում, Խոջալուն է հիշեցրել։ Իսկ Լիպարիտին զինվորականներն են ծեծել։

«Կարծել են՝ զինծառայող եմ, ծեծել են ինձ։ Հետո մեր հարևանն էլ ասեց, որ ծառայող չեմ, ստուգեցին, հանգիստ թողին։ 5 րոպեն մեկ գալիս, ասում էին՝ դու ավտոմատ տեսե՞լ ես ասում էի՝ չէ։ Ոտքիցս ասկոլկեքի կեսը իրանք են հանել։ Նկարում էին, ստիպում էին, որ ասենք՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ․ 1-2 հոգի չէին, որ կռիվ անեի հետները, ստիպված համաձայնում էի»,— պատմում է Լիպարիտը։

Հետո գերիների մոտ ադրբեջանական լրատվամիջոցներ են եկել, նկարել են նրանց և տեսանյութը տեղադրել համացանցում։ Այս տեսանյութից են հարազատներն իմացել, որ նրանք ողջ են։

Աղդամից գերիներին տեղափոխել են Շուշի, այնտեղից էլ Կարմիր խաչի, հետո, խաղաղապահների միջնորդությամբ՝ Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից Գայանեին ուղղաթիռով տեղափոխել են նախ Գորիսի հիվանդանոց, ապա Երեւան՝ Շենգավիթ բժշկական կենտրոն։ Լիպարիտը և Ջեմման Հայաստան են եկել Արցախ ուղարկված վերջին ավտոբուսներով։ Այժմ նրանք բնակվում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Ինչպես է Հայաստան եկել Լիանան՝ պարզել չհաջողվեց․ նա չցանկացավ խոսել մեզ հետ։ Լիանան ընտանիքի հետ բնակվում է Շիրակի մարզում։

Գյուղի պատմությունը

Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1875-ին։ Այն գտնվում է գյուղի արևմտյան եզրին` թեքադիր լանջի վրա։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը եղել է մարտական թեժ գործողությունների կիզակետում։ Հրետակոծությունների և գնդակոծությունների հետևանքով վնասվել են գյուղի բնակելի շինությունները և պատմամշակութային կոթողները։ Փլուզվել է եկեղեցու թաղածածկը, իսկ պատերին առաջացել են խոռոչներ և ճաքեր։

1992-ի մայիսի 10-ին ադրբեջանական բանակը գրավել է գյուղը, ու մինչև օգոստոսի 10-ը այն եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանք փոխել են գյուղի անունը՝ Աղբուլաղ։ Ազատագրումից հետո նորից դարձել է Սառնաղբյուր։

Բացի սբ. Գևորգ եկեղեցուց, գյուղում հաշվառված է եղել 3 հուշարձան՝ 16-19 դդ. գերեզմանոց, ջրաղաց (19-րդ դար), քարանձավ-սրբատեղի։ Գյուղում գործում էին գյուղապետարանը, մշակույթի տունը, բուժկետը և Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի Սառնաղբյուրի մասնաճյուղը՝ տարրական դպրոցը։

Գյուղի նյութական կորուստները

Սառնաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գյուլվարդ Բալասանյանի տվյալներով՝ 2023–ի սեպտեմբերի 19-ի դրությամբ գյուղում եղել է 34 գլուխ խոշոր եղջրավոր անասուն, 48 գլուխ խոզ, 87 գլուխ ոչխար, 110 մեղվի փեթակ։ Նաև՝ 5 տրակտոր, 5 գութան, 4 շարքացան, 9 մարդատար մեքենա, 1 բեռնատար ՈՒԱԶ։

Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Սառնաղբյուրում զոհված հինգ և գերեվարված չորս քաղաքացիական անձինք որպես տուժող ներգրավված են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթում։ Գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում։

Գլխավոր լուսանկարում՝ ականատեսներից Լիպարիտ Մարաբյանը։

Հեղինակներ

Սյուզաննա Օհանյան, Միլենա Գևորգյան, Մարգարիտա Շալջյան, Գոհար Սարգսյան

Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter