
Մարինա Ռազբեժկինա. «Ֆելինին հիանալի էր, բայց մեզ պետք չէ երկրորդ Ֆելինի»
Ռուս ռեժիսոր, սցենարիստ Մարինա Ռազբեժկինան, ով ունի մի քանի տասնյակ ֆիլմեր, իր առաջին ֆիլմը նկարահանել է միայն 40 տարեկանում: Մասնագիտությամբ բանասեր ռեժիսորը կարծում է, որ լեզուն և ֆիլմը նույն ձևով են կառուցվում. երկու խոսքն իրար է միանում այնպես, ինչպես երկու կադրը:
Դպրոց, որտեղ դասագիրք չեն կարդում
Նա երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել ֆիլմ նկարահանել. ԽՍՀՄ տարիներին համապատասխան կրթության չունեցող մարդկանց դա արգելվում էր: Արդեն վերակառուցման տարիներին վիճակը մեղմանում է, Մարինան սկսում է վավերագրական ֆիլմ նկարահանել, այն հայտնվում է միջազգային կինոփառատոնում, սակայն շուտով նրան հեռացանում են Կազանի կինոստուդիայից, որտեղ չէին հասկանում ֆիլմի այդ լեզուն: Մարինան սկսում է բողոքել, ընդդիմանալ, բայց շուտով նրան հրավիրում են Մոսկվա: Այդ ժամանակվանից նա այնտեղ է:
«Իմաստ ունի պայքարել: Եթե դուք շատ հնազանդ եք, եթե դուք բոլորին դուր եք գալիս, ուրեմն դուք մի բան այն չեք անում: Երիտասարդներին պետք են շատ ինքնուրույնություն և ըմբոստություն»,- համոզված է ռեժիսորը:
Պատահական չէ, որ իր վավերագրական կինոյի դպրոցում հաճախ ընդունում են երիտասարդների, որոնք տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչներ են և ունեն միանգամայն այլ չափանիշեր: Այդպես էլ չստանալով մասնագիտական դիպլոմ՝ Մարինան բացել է իր դպրոցը (14-ամսյա), որտեղ գործում են իրենց ներքին կանոնները: Նա համոզված է, որ մի քանի տարի սովորելը պարզապես ժամանակի վատնում է, պետք է սովորել 1-2 տարի, իսկ դրանից հետո նկարել, նկարել ու նկարել:
Նրա ուսանողուհիներից է ռուս ռեժիսոր Վալերիա Գայ-Գերմանիկան, ով, Մարինայի խոսքերով, կրթված չէր, որ բայց շատ տաղանդավոր է և ոչ մի շրջանակներում չի տեղավորվում:
Նրա ուսանողներից է նաև Մադինա Մուստաֆինան, ով այդ դպրոցում սովորելու ժամանակ, լինելով 23 տարեկան, երբևէ ոչ մի գիրք չէր կարդացել և չէր կարդում սկզբունքորեն, չնայած լավ գրում է: Մարինայի խոսքերով` իր մոտ գալիս են մարդիկ, որոնք կրթված են, կարդացել են բազմաթիվ գրքեր, բայց վավերագրող չեն կարող լինել:
Լավ վավերագրողը կյանքի դժվարին պահերը ոչ միայն ապրում և զգում է, այլև կարողանում է իրեն նայել կողքից. «Վավերագրողը գոյություն ունի տարածության մեջ»:
Մարինայի դպրոցում արգելված է կարդալ դասագրքեր: Նա կարծում է, որ դրանք այն տեսքով, որ գոյություն ունեն հիմա, միայն չարիք են, մարդուն դաստիարակում են մի ուղղությամբ և սահմանափակում:
Յուրաքանչյուր մարդու մեջ գոյություն ունի մի տեղ, որից այն կողմ նա արգելում է իրեն մոտենալ, Մարինան դա անվանում է օձի տարածք (зона змеи): Շատ կարևոր է, որ վավերագրողը կարողանա մտնել այդ տարածքից ներս: Այդ ժամանակ ռեժիսորը կարծես թե դառնում է անտեսանելի, նա այնտեղ է, նկարահանում է, բայց հերոսները նրան այլևս չեն նկատում, ապրում են իրենց սովորական կյանքով, իսկ այդ ամենը տեսախցիկը ֆիքսում է: Բայց և արգելված է թաքնված տեսախցիկը: Մարինային հոգեհարազատ է այն ֆիլմը, որում ռեժիսորը շատ մոտ է կանգնած իր հերոսին:
Մարինա Ռազբեժկինայի 5 արգելքը
Մարինայի կինոդպրոցում, որտեղ ուսանողները հիմնականում մենակ են նկարահանում ֆիլմը` միաժամանակ լինելով ռեժիսորը, սցենարիստը, օպերատորը և մոնտաժողը, գործում է 5 հիմնական կանոն` ինչ չի կարելի անել ուսանողին վավերագրական ֆիլմ նկարահանելիս:
1. Օգտագործել շտատիվ: Տեսախցիկը պետք է լինի ռեժիսորի ձեռքին և դառնա այդ ձեռքի շարունակությունը: Երբ զբաղվում ես շտատիվի և կամերայի դիրքով, ժամանակ ես կորցնում` այդ ընթացքում կորցնելով նաև հերոսին:
2. zoom, որը ահավոր չէ, բայց ահավոր է դառնում, երբ այն սխալ են օգտագործում, ինչը պատահում է հեռուստաընկերություններում: Իր ուսանողներին նա խորհուրդ է տալիս մոտենալ հերոսին: Բացի դրանից`պետք է տարածք թողնել հեռուստադիտողին երևակայության համար:
3. ուղիղ սինքրոններ՝ որպես նկարհանման միջոց: Դա ինֆորմացիա ստանալու լավագույն միջոցն է, բայց ամենվատը` վավերագրական ֆիլմի դեպքում: Պատասխանելով հարցին, հերոսը ենթագիտակցորեն տալիս է այն պատասխանը, որն իրենից անկնկալում են:
4. ֆոնային երաժշտություն, որը ոչնչացնում է կադրի ռիթմը: Խոսում է երաժշտությունը, որն ուրիշի գործն է, և լռում է կադրը, որն արել է ռեժիսորը:
5 հետկադրային տեքստ, որը ճնշում է գործադրում:
Վավերագրողի կարծիքով` երբ իր ուսանողները կարողանան աշխատել առանց այս տարրերի, կարող են դրանք օգտագործել, բայց արդեն ճիշտ ձևով:
Կոնտակտ, որը դառնում է ֆիլմ
Մ. Ռազբեժկինան սիրում է կրկնել. «Մենք նկարահանում ենք ֆիլմ այստեղի մասին և այս պահին: Մենք ֆիլմ չենք նկարահանում երեկվա մասին, նկարահանում ենք ֆիլմ հիմա ապրողների մասին»: Միաժամանակ պետք է վերանա վախը մեծերի` հայտնի ռեժիսորների նկատմամբ, երբ երիտասարդները մտածում են, որ իրենք շատ փոքր են և չեն կարող նրանց համապատասխանել: «Դա կեղծ վախ է»:
«Ֆելինին հիանալի էր, բայց մեզ պետք չէ երկրորդ Ֆելինի: Մեզ պետք է Վովա Իվանովը, որը գուցե չնկարահանի այնպիսի ուժեղ ֆիլմ, որ նկարահանել է Ֆելինին, բայց նա գիտի մի բան, որ չգիտի Ֆելինին: Դու չպետք է որևէ մեկին ձգտես, դա շատ վտանգավոր է: Դու պետք է լինես լիովին ազատ»,- ասում է վավերագրողը:
Վավերագրական ֆիլմի դեպքում շատ կարևոր է վավերագրողի և հերոսի փոխադարձ կոնտակտը, «որը դառնում է ֆիլմ»: Հենց Մ. Ռազբեժկինայի ներկայացրած սկզբունքերի հիման վրա է նկարահանվել «Ոսկե ծիրանի» շրջանակներից դուրս Մարինան Ռազբեժկինայի ներկայացրած «Միլանա» ֆիլմը, որը նկարահանել է Մ. Մուստաֆան: Ֆիլմը Միլանայի` 7-ամյա անօթևան աղջկա մասին է, ով իր մոր, նրա սիրեկանի և այլ անօթևանների հետ ապրում է անտառում: Խելացի, կյանքով լի, զվարթ երեխայի շրջապատում են անօթևան մեծահասակներն ու կենդանիները, որոնց հետ էլ ինքը խաղում է ամբողջ օրը, բայց և զերծ չի մնում կռիվներից, ծեծից ու հարբածների սարքած տեսարաններից: Տեսախցիկը պարզապես ֆիքսում է այն, ինչ տեղի է ունենում, և կադրերը ամեն ինչից բարձր են խոսում:
Լուս.՝ kino-teatr.ru կայքից
Մեկնաբանել